HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտավորականը

2001թ.-ին 72 տարեկանում վախճանված Ալեքսանդր Մանուչարյանն այսօր՝ փետրվարի 19-ին, կդառնար 90 տարեկան։

Երբ 1980 թվականի մայիսին Մանկավարժական համալսարանի (այն ժամանակ՝ ինստիտուտի) ուսանողների կողմից սիրված դասախոս, արվեստաբան Ալեքսանդր Մանուչարյանին կալանավորեցին նա 51 տարեկան էր։ Դատապարտվեց 4 տարվա ազատազրկման եւ 2 տարի աքսորի։ Ազատ արձակվեց 1986-ին, երբ խորհրդային երկիրն արդեն սկսում էր երերալ։ Նոր էր սկսում երերալ, ու ոչ ոք դեռ չգիտեր, թե ինչ է լինելու եւ ինչի է հանգեցնելու այդ երերոցը։ Դասախոսել չէր կարող։ Արգելված էր։ Գտնվում էր պետանվտանգության կոմիտեի մշտական հսկողության տակ։ Ընտանեկան հոգսերը հոգալու համար ստիպված թարգմանություններ էր անում։ Միայն 1988-ին, երբ խորհրդային երկիրն այլեւս այն չէր, նրան դասախոսական աշխատանքի վերադառնալու հնարավորություն ընձեռնվեց։ Պարտադրված պարապուրդի տարիներին գրած դոկտորականը պաշտպանեց, ընտրվեց Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պատգամավորի գործն իր սրտով չէր, իրեն բուհական ոլորտում էր շատ ավելի լավ պատկերացնում՝ դասախոսելիս, բայց այդ դժվար շրջանում՝ 1990-ականների սկզբում, փորձում էր առավելագույնն անել։ Մարդու իրավունքների հանձնաժողովում էր, իսկ մարդու իրավունքներ հասկացությունն այդ տարիներին դեռ նոր էր մեր կյանք մուտք գործում։ Չկային այսքան շատ իրավապաշտպաններ ու հասարակական գործիչներ, իսկ աշխարհի մասին պատկերացումներն էլ դեռ խիստ խորհրդային էին։ Ասենք, դրանք այսօր էլ, ցավոք, շատ չեն փոխվել։

Նրա մենագրություններից են 1976 թ. հրատարակված «IV-XI դարերի սկզբնաղբյուրները հայկական ճարտարապետության մասին», 1999 թ. հրատարակված «Համաշխարհային կերպարվեստի պատմություն» աշխատության առաջին հատորը` վերնագրված    «Նախնադարյան մշակույթ» եւ, արդեն հետմահու, 2014-ին հրատարակված երկրորդ հատորը՝ «Համաշխարհային կերպարվեստի պատմություն․ Միջագետք-Եգիպտոս»:

Ալեքսանդր Մանուչարյանի հետ ես եւ իմ ընկերները զուգահեռ գործերով ենք կալանավորվել, նույն՝ 1980թ մայիս ամսվա ընթացքում։ Նույն մեղադրանքով՝ հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա։ Օրերի տարբերությամբ ընթացել են մեր դատավարությունները, ապա միասին՝ Երեւանի բանտից դեպի Ուրալում գտնվող քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրեր նույն գնացքի նույն կուպեում էտապ ենք գնացել։ Էտապ է կոչվում կալանավորի կալանավայրից կալանավայր տեղափոխման գործընթացը։

12 տարեկանից ծխել սկսած Մանուչարյանի ուսապարկը բերնեբերան լցված էր առանց ֆիլտր (ֆիլտրով սիգարետ չէր կարելի) «Պրիմա» կոչվող սիգարետի տուփերով։ Որեւէ մեկս պատկերացնել անգամ չէր կարող, որ մեր էտապ կոչվող ճանապարհորդությունը երկար կձգվի։ Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այն երկարեց՝ մի երեք ամիս տեւեց եւ մեծ դժվարություններով էր ուղեկցվում։ Երբ նրա ծխախոտն ավարտվեց, անմիջապես հայտարարեց, որ թողնում է ծխելը։  

«Ծխելը միշտ էլ իմ ամենասիրելի գործն է եղել։ Միշտ դրանից աներեւակայելի բավականություն եմ ստացել, բայց չեմ կարող սրանից - նրանից սիգարետ մուրալ»։

Հայտարարեց ու թողեց։ Այդպես էլ այլեւս դրան չվերադարձավ։ Այս օրինակը հիշատակում եմ ոչ թե որպես նրա կամքի ուժի, այլ որպես սեփական արժանապատվության գնահատման վկայություն։ Նա չէր կարող սրանից – նրանից սիգարետ խնդրել։ Իրեն նվաստացած կզգար։

«Ափսոս, կիսատ մնաց ու, արդեն հաստատ է, որ էլ չեմ կարողանալու շարունակել ու ավարտին հասցնել երազանքս՝ «Համաշխարհային մշակույթի պատմությունը»-ը»,- ժամանակ առ ժամանակ կրկնում էր նա։

Մեծ ծրագիր ուներ։ 1970-ականների երկրորդ կեսերից սկսել էր աշխատել ապագա եռահատորյակի վրա։ Այն պետք է ներառեր, որքան այսօր ես կարողանում եմ հիշել, համաշխարհային մշակույթի պատմությունը՝ սկսած նախնադարյան շրջանից մինչեւ 20-րդ դար։ Կալանքը խանգարեց։ ՊԱԿ-ը առգրավել էր ձեռագրերը եւ պարզ էր, որ դրանք կորած են մեկընդմիշտ։

«Իմ դասախոսություններին,- գնացքի ճոճքին համընթաց հպարտորեն ասում էր նա,- գալիս էին հարեւան ֆակուլտետների ուսանողներ, անգամ այլ բուհերից, անգամ՝ դրսից մարդիկ»։

Եւ նա ուներ հպարտանալու այդ իրավունքը։ Ճարտարապետության, արվեստի, վիմագրության, մշակույթի պատմության մասին նրա դասախոսությունները իրոք ժամանակին հետաքրքիր են եղել, եղել են տպավորիչ ու մշտապես լիքը լսարան են ապահովել։ Այնքան տպավորիչ, որ 1970-ականներին տեղի ունեցած այդ դասախոսություններից 45-50 տարի անց, արդեն մեր օրերում՝ բոլորովին վերջերս, մեր նկարիչներից մեկն ինձ հետ զրուցելիս երանության ժպիտը դեմքին հանկարծ ասաց. «Գիտե՞ս, ձեր ընկերներից մեկը՝ Ալեքսանդր Մանուչարյանը, մեզ դաս էր տալիս։ Ու էդ դասը դաս չէր, ամեն դասախոսությունը մի երեւույթ էր։ Երբեք չեմ մոռանա»։

Փոքրամարմին ու կատակասեր Ալեքսանդր Մանուչարյանը խորհրդային տարիների մեր մտավորականության երեսը պարզեցրած քչաթիվներից մեկն է։ Շատ չեն եղել նրանք, բայց եղել են․ Էդմոնդ Ավետյան, Ռաֆայել Պապայան, Ռաֆայել Իշխանյան, Լեւոն Ներսիսյան եւ, իհարկե, Ալեքսանդր Մանուչարյան։ Կանցնեն տարիներ, կգան նոր ժամանակներ, արդեն գալիս են այդ ժամանակները, եւ խորհրդային շրջանից խոսելիս կամ այդ բարբարոսական շրջանը ներկայացնելիս հպարտորեն կշեշտվեն այս իսկական մտավորականների անունները։ Մտավորականներ, որոնք իրենց կոչմանը հավատարիմ չլռեցին, չընդունեցին սուսուփուս ապրելու, հոմոսովետիկուս կոչվող անդեմ զանգվածի անդեմ անդամ լինելու պահանջը։ Յուրաքանչյուրն իր չափով ընդվզեց եւ յուրաքանչյուրն իր չափով իր ընդվզման համար հատուցեց։ Լեւոն Ներսիսյանը եւ Ռաֆայել Իշխանյանը հալածվեցին, Էդմոնդ Ավետյանը, Ռաֆայել Պապայանը, Ալեքսանդր Մանուչարյանը դատապարտվեցին։ 1970-80 թվականներին այս մարդկանց հալածումն ու դատապարտումը վաղը մեզ հպարտանալու հնարավորություն է տալու։ Մենք կարողանալու ենք հպարտորեն ասել, որ, այո, հայ մտավորականություն եղել է։ Եւ կթվարկենք այս անունները։ Իհարկե, էլի կան անուններ, բայց 1970-80-ականների մասին խոսելիս այս անուններն են առանձնանում։ Այս մարդկանց զոհաբերումը բոլորին է ազատում հոմոսովետիկուսի ամոթից, սովետական հոտի չբողոքող ու չխոսկան մասնիկ լինելու խարանից։ Ողջ խորհրդային երկրում էր այսպես՝ լռում էին, համակերպվում էին, ծափահարում էին, ապրում էին այնպես, որ ավելորդ ուշադրություն չգրավեն ու հանգիստ ապրեն իրենց կյանքը՝  բավարարված ռեժիմի տված փշրանքներով, ռեժիմի շնորհած պատիվներից ու գուրգուրանքներից շոյված, բայց՝ համր ու խոնարհ։ Ու մեկ էլ այդ համատարած գորշ ու խոնարհ զանգվածից առանձնանում էր մեկը կամ մեկ-երկուսը եւ ասում՝ ես կամ, ես դեմ եմ, ես չեմ համաձայնում, ես այս համատարած գորշության մեջ ծվարածներից մեկը չեմ ուզում լինել ու չեմ։

Խորհրդային տարիներին ամենամեծ չարիք նա համարում էր ռուսական շովինիզմը։ Անգամ կոմունիստական մարդատյաց գաղափարախոսությունն էր այդ շովինիզմի համեմատ քիչ վտանգավոր համարում։ Վտանգված էր մեր լեզուն, մեր ինքնությունը։ Ռուսաֆիկացման արագացող տեմպերը նրան սարսափեցնում էին։ Նա իր ողջ էությամբ էր զգում այդ վտանգը։ Բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով պետք է այդ երեւույթի դեմն առնվի, սա էր նրա գլխավոր կարգախոսը։

«Փոքրաթիվ ժողովուրդ ենք, մեզ համար այն առավել վտանգավոր է»,- կրկնում ու կրկնում էր։

Երբ մի առիթով ասացի, որ ֆուտբոլասեր չեմ, հակադարձեց․ «Խորհրդային երկրում ֆուտբոլը ազգային զգացմունքները արտահայտելու եւ ազգային յուրահատկությունն ի ցույց դնելու միակ թույլատրելի միջոցն է։ Այս երկրում չի կարելի ֆուտբոլասեր չլինել»։

1970-ականներին խիստ սահմանափակ թվով մարդիկ գիտեին, որ նա իր գիտական գործունեությանը եւ դասախոսելուն զուգահեռ գաղտնի գործունեություն է ծավալում։ Միայն ուսանողներից բաղկացած մի գաղտնի խմբակի մեկ-երկու անդամ եւ, իհարկե, 1970-ականներին ընդհատակում գործող մի քանի այլախոհներ։ Բացահայտվելու վտանգից խուսափելու համար ընդհատակում գործող այլախոհների հետ կապը (հատկապես նրանց հետ, ովքեր բացահայտված էին, այսինքն՝ իրենց ծավալած գործունեության համար արդեն դատապարտվել ու իրենց պատիժը կրելուց հետո ազատ արձակվել ու Հայաստան էին վերադարձել) մեկ մարդու միջոցով էր պահպանում։ Մանուչարյանը գրում էր իր հոդվածներն ու այդ մեկ վստահելի կապավորի միջոցով փոխանցում էր նրանց, ովքեր այն ժամանակվա խիստ սահմանափակ հնարավորություններով՝ գրամեքենայով կամ ինքնաշեն տպագրական հաստոցների օգնությամբ, տպագրում էին։ Հենց սա էլ կոչվում էր ինքնահրատ մամուլ։ Նաեւ ուսանողական խմբակն էր նրա գրվածքները տպագրել։ Մեր օրերի մարդը, հատկապես երիտասարդը, որ իր ձեռքի տակ ունի տարատեսակ էլեկտրոնային հարմարանքներ՝ համակարգիչներ, տպիչներ, պատճենահանող, լուսանկարող ու բազմացնող սարքեր չի էլ կարող պատկերացնել, թե որքան դժվար է եղել սրանից ընդամենը մի 30-40 տարի առաջ մեկ էջ տպագրելը, բազմացնելը եւ տարածելը։ Որքան դժվար ու որքան վտանգավոր է եղել։

1970-ականների երկրորդ կեսերին՝ 1976-77 թթ․, նա «Վինար» ստորագրությամբ գրեց այդ տարիների համար չափազանց արդիական, իր երկու կարեւոր գործերը՝ «Ազգապատում» եւ «Империализм» (ռուսերեն) վերնագրերով։ Սրանք էլ հետագայում նրա դատապարտման առիթը հանդիսացան։ Այս երկու գործերն էլ այդ տարիներին ինքնահրատ եղանակով, որպես առանձին գրքույկներ, հրապարակվեցին ու տարածվեցին։ «Ազգապատում»-ի վերջին հատվածը կոչվում էր «Ազգային իրավունք», որն էլ իր հերթին 1979-ին առանձին գրքույկով հրապարակվեց։ Այս աշխատություններում մեր ժողովրդի ապագայով պայմանավորված նրա մտահոգություններն էին, ռուսական շովինիզմի դեմն առնելու անհրաժեշտության ու ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու ճանապարհների փնտրտուքն էր, ինչպես նաեւ այդ տարիներին անքննելի դոգմա հանդիսացող կոմունիստական գաղափարախոսության կեղծ, անմարդկային ու սնանկ լինելու մասին էր։

«Վինար» կեղծանունը պետական անվտանգության կոմիտեում ոչ մի կերպ վերծանել չէին կարողանում։ Միայն նախաքննության ավարտական փուլում, երբ գործն արդեն ավարտված էր եւ դատարան պետք է ուղարկվեր, ինքը՝ Մանուչարյանն էր համաձայնել տալ կեղծանվան վերծանումը։ Պարզվել էր, որ «Վինար» բառը կազմված է նրա մասնագիտությունների սկզնատառերից՝ վիմագրություն, նկարչություն, արվեստ։ Իր մասնագիտություններին սիրահարված մասնագետը այլ կեղծանուն երեւի չէր էլ ընտրի։

Կալանավայրում եւ աքսորում ապրեց այնպիսի կեցվածքով, սեփական արժանապատվության այնպիսի զգացումով, այնպես հպարտ, ինչպես վայել է իսկական մտավորականին, իր գինն ու իր կարեւորությունը գիտակցող իսկական մարդուն։

Մեկնաբանություններ (1)

Արմեն Քեշիշյան
Շնորհակալություն այս հոդվածի համար: Շատ օգտակար կլիներ նաև իմանալ, արդյո՞ք Մանուչարյանի աշխատությունները (բոլորը) հնարավոր է ձեռք բերել, և եթե այո, ապա՝ որտե՞ղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter