HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հայացք ներսից դեպի դուրս՝ «Wilburys»-ի կախարդական հայելու միջով

Ջորջ Հարիսոն, Բոբ Դիլըն, Ռոյ Օրբիսոն, Ջեֆ Լին և Թոմ Փեթի. Ահա «ճանապարհորդների» լեգենդար խումբը, որը կազմավորվեց 1988թ ապրիլին, ընդամենը մեկ երգի ձայնագրման արդյունքում։ «Handle with Care». այսպես էր կոչվում այդ երգը, որին և խմբի ստեղծման պատմությանը նախորդ նյությում անդրադարձանք։ Այսօր, մենք ևս շարունակելով մեր «ճանապարհորդությունը», կհիշենք և խմբի պատմությունից առանձնացնելով՝ կներկայացնենք նրանց երգերից մեկ-երկուսը։

Բայց նախ՝ պիտի նշեմ, որ և՛ խմբի անդամները, և՛ պրոդյուսերական կողմը «Traveling Wilburys»-ի ամենամեծ յուրահատկությունը, գուցե նաև հաջողության բանալին,  համարում էին Օրբիսոնի ներկայությունը խմբում։ Թոմ Փեթին և Ջեֆ Լինը տարբեր առիթներով պատմում են, որ երբ « Warner Bros. Records»-ի կողմից ամբողջական ալբոմ թողարկելու առաջարկն արվեց, Հարիսոնն անմիջապես անցավ իր վաղեմի մտադրության իրագործմանը՝ նոր բենդ կազմելուն։ Բոբ Դիլընի համաձայնությունը ևս անմիջապես ստանալուց հետո, նրան մնում էր լսել Օրբիսոնի պատասխանը։ Նույն օրը երեկոյան, Հարիսոնն ու Լինը, Թոմ Փեթիի հետ միասին մեկնեցին Անհեյմ քաղաք, որտեղ համերգ ուներ Օրբիսոնը։ Լինը հիշում է, որ Ջորջը խմբին միանալու առաջարկն անում է՝ հազիվ   բռնացնելով նրան հարդասենյակում՝ բեմ դուրս գալուց վայրկյաններ առաջ։ Ի պատասխան այս հևասպառ առաջարկին՝ մեծն Օրբիսոնը հանդարտորեն ասում է՝ «Մի րոպե մտածեմ․․․ այո՛, համաձայն եմ»։

Փեթիի նկարագրությամբ՝ «Օրբիսոնն այդ երեկո փայլեց իր աներևակայելի համերգով, որի ողջ ընթացքում մենք կսմթում էինք միմյանց՝ ասելով «Նա էլ է մեր խմբում լինելու․․․ բոլորս այնքան ինքնաբավ էինք»։

The Traveling Wilburys Vol. 1

Բրիտանոամերիկյան այս սուպերխմբի առաջին ալբոմը լույս տեսավ նույն տարվա հոկտեմբերին։ Երգերը ստեղծվեցին, ձայնագրություններն էլ ամբողջությամբ արվեցին ընդամենը 10 օրվա ընթացքում։ Սիրված և հանրությանը վաղուց արդեն հայտնի երաժիշտները ալբոմում ներկայացան նոր անուններով՝ Ուիլբըրի մականվամբ Նելսոն (Ջ Հարիսոն), Օտիս (Ջ Լին), Լեֆթի (Ռ Օրբիսոն), Չարլի Թ կրտսեր (Թ Փեթի) և Լաքի (Բ Դիլըն) Ուիլբըրիներ։ Դեբյուտային «The Traveling Wilburys Vol. 1»-ը միանգամից հաջողություններ նվաճեց թե՛ կոմերցիոն, թե՛ երաժշտական քննադատների միջավայրում։ 1989թ ալբոմը «Գրեմի» մրցանակ շահեց, իսկ մեկ տարի անց` արժանացավ «American Music Award»: Այն վաճառվեց միլիոնավոր օրինակներով ընդամենը վեց ամսվա ընթացքում։ Ալբոմը մի քանի անգամ պլատինե է ճանաչվել ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից։ «Handle with Care»-ը նշանավոր հիթ էր բրիտանական, ավստրալիական, ամերիկյան չարտերում։

End of Line.

«The Traveling Wilburys Vol. 1» ալբոմում ընդգրկված այս երգը ևս շատ արագ սիրելի դարձավ։ Այն վերջին թրեքն էր ալբոմում, ինչպես նաև երկրորդ սինգլը, որը լույս տեսավ 1989թ․ հունվարին։ Երգն առանձնահատուկ էր իր պատմությամբ․ նախ՝ ձայնագրությանը չկարողացավ մասնակցել Բոբ Դիլընը։ Ապա՝ հաջորդեց Օրբիսոնի անակնկալ մահը սրտի կաթվածից։ Այս սինգլն ու նրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը թողարկվեցին 1989թ․ հունվարին, Ռոյ Օրբիսոնի մահվանից հետո (1988թ․, դեկտեմբերի 6)։ Տեսահոլովակում արդեն ներկա է Դիլընը։ Եվ երգի այն հատվածում, երբ հնչում է Օրբիսոնի ձայնը, պատկերում ճոճվող աթոռն է՝ վրան կիթառը՝ որպես բացակա ներկայության խորհրդանիշ։ Ապա՝ նրա լուսանկարը, որին ուղղվում են երբեմն երաժիշտների հայացքներըը՝ որպես հարգանքի նշան իրենց պաշտելի երաժշտի հիշատակին։

1990թ «BBC Radio-2»-ի հետ ունեցած հարցազրույցում Ջորջ Հարիսոնը մոտավորապես այսպես պատմում է «Չեմ հիշում՝ Բոբը, թե Թոմն էր, որ սկսեց՝ «Պատուհանիցդ դուրս նայիր, խոտը կանաչ չէ․․․», իսկ ես ասացի «Այն կարծես դեղին է․․․»։ Հետո ինչ-որ մեկն ասաց «Հասկանու՞մ ես, թե ինչ եմ ասում»։ Այսպես շարունակելով անցանք հաջորդ մասին «Ծխնելույզից վերև նայիր, երկինքը կապույտ չէ, այն կարծես դեղին գույն ունի․․․»։ Ամեն անգամ, երրորդ տողին հասնելիս, կատակի տալու նման կրկնում էինք «դեղինը»։ Իսկապես ծիծաղելի էր, որովհետև վերջում բառերն այսպիսին էին « Նայիր դեպի ապագան՝ քո կախարդական հայելու միջով, տես արդյոք այն դեղին չէ՞․․․ տես արդյո՞ք այն գոյություն ունի» »։

Այսպես է ծնվել «Wilburys»-ի երկրորդ ալբոմի առաջին և ամենահայտնի երգերից մեկը՝ «Inside Out»-ը»։ Ալբոմը կես կատակ, կես լուրջ՝ անվանվեց «Vol. 3» և թողարկվեց 1990թ․։ Ուիլբըրիներն արդեն չորսն էին, հինգի փոխարեն՝ առանց Ռոյ Օրբիսոնի։ Ինչպես նախորդների դեպքում՝ այս երգի հեղինակային իրավունքները ևս վերագրվեցին խմբի բոլոր անդամներին, անկախ նրանից՝ ով ինչ չափով էր մասնակցություն ունեցել այն գրելիս։ Ընկերների, և իրապես ստեղծագործ անհատների միջև հարաբերությունը (որն ավելի կարևոր է) միայն ստեղծագործական էր՝ փոխադարձ հարգանքի, միմյանց տարբերությունների հանդեպ գնահատող ու ջերմ մթնոլորտի, երաժշտական արվեստն իրենց կյանքում վայրկյան առ վայրկյան որպես կենսականորեն անհրաժեշտ երևույթի ընկալման ուղեկցությամբ։

«Inside Out»-ի երաժշտությունը, Հարիսոնի նկարագրությամբ, գրվեց ընդամենը մեկ ժամում․․․ և նայելով ընկերներին, ովքեր հանկարծակի սկսված կատակ-հորինվածքը ոգևորությամբ ու շատ սահուն փոխակերպեցին լուրջ երգի, իսկույն որսաց պահի էությունը։ Այն է, թե՝ բենդը պատրաստ է կրկին, ժամանակն էր արդեն նոր ալբոմը սկսելու՝ չնայած Օրբիսոնի ցավալի բացակայությանը։

Երգի ենթատեքստում և տրամադրության մեջ իրականում թաքնված լուրջ հաղորդագրություն կար, և այն ուղղված էր շրջակա միջավայրի, բնապահպանական աղետալի իրականությանը։

Եվս մեկ երգ առանձնացնենք դարձյալ 2-րդ ալբոմից`«Wilbury Twist»։

Այս մեկն արդեն թվով վերջին թրեքն է, որը, սակայն, 1991թ․ մարտին լույս տեսավ որպես երկրորդ սինգլ։ Երգը ռիթմիկ առումով առանձնանալուց բացի, տպավորվում է իր ֆիլմ-տեսահոլովակով։ Երաժշտասերներին քաջ ծանոթ ու սիրելի քառյակից բացի՝ այստեղ հանդիպում ենք ժամանակակից աստղերից մի քանիսին ևս․ անգլիացի դերասան-կատակերգու, սցենարիստ, երաժիշտ և երգահան Էրիկ Այդըլ,  ամերիկացի հայտնի դերասաններ Վուփի Գոլդբերգ, Ռիչարդ (Չիչ) Մարին, դերասան և դրամատուրգ Վուդի Հարելսոն և այլք։

Ընդհանրապես, ուիլբըրիների տեսահոլովակները՝ գունավոր, ուրախ ու չափազանց անմիջական բովանդակությամբ, երաժիշտների ներդաշնակ խաղով ու մատուցմամբ, փոքրիկ խաղարկային ֆիլմերի են նման։ Իսկ այս երգը՝ «Wilbury Twist»-ը, խմբի անդամներից Թոմ Փեթիի ամենասիրելիներից մեկն է։

«She’s My Baby», «Nobody’s Child», «Tweeter and the Monkey Man», «Dirty World», «Last Night» և այլն։ Սրանք հին ու նոր երգեր են՝ «Traveling Wilburys»-ի անկրկնելի կատարմամբ։

Խումբը կարճ կյանք ունեցավ, երկու ալբոմ, որոնք տարիներ անց որոշ պատճառներով հազիվ վերաթողարկվեցին։ Բայց այս անկրկնելի տպավորիչ գործունեության ընթացքում, իրենց թեկուզ կարճատև գոյությամբ նրանք կարողացան կարևոր ու շատ լուսավոր տեղ զբաղեցնել երաժշտության տարածքում։ Այս բացառիկ ներդաշնակության ու միասին ստեղծագործելու համերաշխ գոյության ամեն մի վայրկյանը իր լուսավոր տեղն է զբաղեցրել նաև երաժիշտներից յուրաքանչյուրի կյանքում։

«Ուիլբըրիների ամենագեղեցիկ առանձնահատկություններից մեկն էլ երկու բևեռների՝ Ռոյ Օրբիսոնի և Բոբ Դիլընի երևույթն էր,- հիշում է Ջեֆ Լինը,- ահա թե ինչն էր իմ կարծիքով հիանալին լավագույն երգիչն ու լավագույն պոետը, և երկուսն էլ ներկա էին միևնույն խմբում»։

Իր տարբեր հարցազրույցներում Թոմ Փեթին խմբի դերն այսպես է մեկնաբանում «Այդ շրջանն իմ կյանքի լավագույն օրերից էր, իրոք, և կարծում եմ՝ հավանաբար այդպես էր մեզանից յուրաքանչյուրի համար․․․մենք ցանկանում էինք ինչ-որ լավ բան ստեղծել մի աշխարհում, որը գնալով ավելի ու ավելի տգեղ էր թվում, ավելի ու ավելի չար, ժլատ։ Ես իրապես հպարտ եմ, որ նրանցից մեկն էի, որովհետև իմ կարծիքով խումբը լույսի փոքրիկ շողեր ուղարկեց աշխարհին»։

Եվ անշուշտ, չմոռանանք նույն Փեթիի կողմից հիշեցնելով ամփոփել՝ «Առանց նրա՝ դրանցից և ոչ մեկը չէր իրականանա։ Դա Ջորջի բենդն էր, այն միշտ էլ Ջորջի բենդն է եղել, և այն ունենալը երկար ժամանակ նրա երազանքն էր»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter