HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Քանի դեռ ճանապարհը չի հասցրել սահմանագծին

Ջորջ Հարիսոնի ստեղծագործական կյանքում մի կարճատև, բայց շատ գեղեցիկ, միևնույն ժամանակ՝ խորհրդանշական էջ կա։ Այն մարդկային կյանքում ամենաարժեքավոր ձեռքբերումների մասին է, որորոնց գինը շատերս հասկանում ենք այն ժամանակ, երբ ճանապարհը տարել ու հասցրել է արդեն հեռավոր սահմանագծին։

«The Traveling Wilburys». 1988թ․ ստեղծված երաժշտական այս սուպերխումբը պարզապես լեգենդար անուններ ընդգրկող նախագիծ չէր։ Նրա անդամները տարբեր մտածողությամբ, տարբեր փիլիսոփայությամբ և ոճային տարբեր նախասիրություններով հանդես եկող անվանի երաժիշտներ էին՝ վաղուց արդեն կայացած ու հանրային մեծ հեղինակություն վայելող։ Նրանց միավորել էր ընդհանուր դավանանքը՝ երաժշտությունը և այդ աշխարհի հետ, միաժամանակ այն իրենց կյանքի փիլիսոփայությունը դարձրած մարդկանց հանդեպ ունեցած ներդաշնակության պակասը։ Մի բան, որն 80-ականներից հետո ավելի ու ավելի պիտի իր տեղը զիջեր «քանակ՝ որակի դեմ» հարմարավետությանը։ Սա նաև պատմություն է մարդկային հարաբերությունների, ընկերության, միմյանց  հանդեպ փոխադարձ հարգանքի ու անկեղծ մեծարման մասին։

Ամերիկացի հեղինակավոր պրոդյուսեր Մո Օսթինը «The Traveling Wilburys»-ի ծնունդն անվանում է երջանիկ պատահար։

1987թ․ Ջորջ Հարիսոնն աշխատում էր իր ստուդիական 11-րդ՝ «Cloud Nine»  ալբոմի համար։ Հնգամյա ստեղծագործական դադարից հետո երաժիշտը որոշել էր ներկայանալ ոչ միայն նոր ստեղծագործություններով, այլև՝ նոր մոտեցմամբ։ Այս ալբոմի գաղափարը կյանքի կոչելու համար նա խնդրեց իր ընկերներից մեկին՝ «Electic Light Orchestra»-ի հիմնադիր, երգահան, երգիչ և պրոդյուսեր Ջեֆ Լինին միանալ իրեն՝ նաև որպես համապրոդյուսեր։ Այս ալբոմի ձայնագրություններին մասնակցեցին նաև Ռինգո Սթարը, Էրիկ Քլեփթոնը, ամերիկացի հայտնի թմբկահար Ջիմ Քելտները, Գարի Ռայթը և Էլթըն Ջոնը։ «Cloud Nine» -ի համար սինգլներից մեկը հետագայում ընտրվեց  «This is love» երգը, բայց քանի որ դրանք թողարկվում էին երկկողմանի՝ A և B երեսներով, ձայնագրությունը թողարկող ընկերությունը խնդրեց Հարիսոն-Լին ստեղծագործական թիմին B երեսի համար նոր երգ գրել։ Այն ժամանակ այս մեթոդը՝ բոլորովին նոր, ալբոմում չընդգրկված երգով սինգլ ունենալու գաղափարը, նպատակ ուներ անմիջական ազդեցություն ունենալ վաճառքի խթանման վրա։

Պատմության հաջորդ մասն արդեն այլ պատմության սկիզբը դարձավ։

 

«Handle with Care». Ահա այս երգն էր, որ պիտի ընդգրկվեր նախատեսված սինգլի, այսպես ասած,  ստվերում։ Ջեֆ Լինն այդ ժամանակ որպես պրոդյուսեր աշխատում էր նաև Ռոյ Օրբիսոնի նոր ալբոմի համար, սակայն պետք է նշեմ, որ նա այս արտիստի մեծագույն երկրպագուներից մեկն էր, և Օրբիսոնը նրա երկար տարիների երաժիշտ-հերոսն էր։ Մի երեկո Լինը, Հարիսոնն ու Օրբիսոնը միասին ընթրում էին, երբ վերջինիս առաջարկվեց մասնակցել երգի ստեղծմանն ու նաև ձայնագրությանը։ Իսկ հետո պատահականությամբ, թե նախապես մշակված սցենարով՝ Հարիսոն-Օրբիսոն-Լին նորակազմ եռյակը նախընտրեց մտահղացումն իրականացնել հին ընկերոջ՝ Բոբ Դիլընի անձնական  ստուդիայում։ Հին ընկերներն անմիջապես գործի անցան։ Քիչ անց խմբին միացավ նաև Թոմ Փեթին։ Ջորջ Հարիսոնը հետագայում պատմում է, որ Փեթիի մասնակցությունը բոլորովին պատահական է ստացվել․ նա իր կիթառը Փեթիի տանն էր թողել, և գնալով կիթառի հետևից՝ վերադառնում է ապագա խմբի հինգերորդ անդամի հետ միասին։

«Handle with Care»-ը գրվեց, հետո կատարվեց ամբողջապես այս հինգ երաժիշտների կողմից։ Այն ստեղծվեց բացարձակ ներդաշնակությամբ շնչող մի մթնոլորտում, որտեղ ամեն մեկը տարված էր երաժշտության ու բառի հաճույքն իրապես վերապրելու, վայելելու զգացումով։ Կյանքի փորձառությունների միջով անցած, ստեղծման ու կատարման վարպետության բովով հղկված, հին ընկերները նվագում ու վայելում էին այդ րոպեներն՝ առանց ժամանակի ու տարածության զգացումի։

«Մի քանի օր անց՝ Ջորջն իմ օֆիս եկավ՝ ներկայացնելու նոր երգը՝ «B-երեսը»,- հիշում է «Warner Bros. Records»-ի այն ժամանակ պատվավոր նախագահ Մո Օսթինը,- մենք գնացինք տնօրենի՝ Լենի  Ուորոնքերի սենյակ, որպեսզի միասին լսենք։ Ջորջը միացրեց «Handle with Care»-ը… այն ուղեկցվեց մեր անմիջական արձագանքով։ Մենք հասկացանք, որ դա մի երգ էր, որը պետք է չլիներ ինչ-որ B-երեսի տեղադրվելու համար։ Ռոյ Օրբիսոնի վոկալն ուժեղ էր, ազդեցիկ։ Ես իսկապես շատ էի հավանել Ջորջի նվագած կիթառի բաժինը։ Տղերքն իրոք որ խփել էին ճիշտ կետին։ Լենին և ես, իրար հերթ չտալով, հարցնում էինք՝ «Իսկ հնարավոր չէ՞ ինչ-որ ձևով սա ալբոմի վերածել»»։

Մո Օսթինը ավելացնում է նաև, որ ինքը կանխազգացում ուներ, որ Ջորջն իսկապես նոր խոսքի ծարավ ուներ ու, թերևս, նոր բենդի շուրջ մտմտում էլ էր։ Իսկ Լենի Ուորոնքերը այն բացառիկներից էր, ով մշտապես հավատարիմ մնաց իր սկզբունքին՝ ոչ թե փողը, այլ՝ երաժշտությունն է դեռ թիվ մեկը մնում։

1988թ ապրիլին, այս հանդիպումից գրեթե մի քանի օր անց ստեղծվեց «The Traveling Wilburys»-ը։ Երաժիշտներին այնքան էր դուր եկել միասին նվագելն ու ստեղծագործելը, որ այն շարունակելու գաղափարը բոլորն էլ աներկբա ընդունեցին․ անկախ նրանից, թե ով այդ պահին ստեղծագործական ու աշխատանքային ինչ փուլում էր։ Բոբ Դիլընը, օրինակ, պատրաստվում էր համերգային շրջագայության, Ռոյ Օրբիսոնը նոր ալբոմի վրա էր աշխատում։ Այս օրերին անդրադառնալիս, Ջեֆ Լինը, ով նույնպես ներգրավված էր մի քանի այլ նախագծերում, ասում է «Ինձ համար ամենաթանկ հիշողությունը Ռոյ Օրբիսոնն էր՝ երգելիս․․․ Գտնվել նրա հետ ստուդիայում ուղղակի մոգական ազդեցություն ուներ ինձ վրա։ «Wilburys»-ի շրջանակներում նրա հետ աշխատելուց բացի, ես այն ժամանակ Օրբիսոնի ալբոմի (Mystery Girl) համար նախատեսված ևս 3 գործի վրա էի աշխատում։ Ընդամենը արտադրական մասով՝ պրոդյուսինգն էի անում, և դրանցով ես հասցնում էի զբաղվել միայն խմբի ձայնագրությունների արանքում։ Ու եթե անգամ օրվա մեջ մի քանի ժամ էր ազատ ժամանակ մնում, ես նախընտրում էի ետ վերադառնալ և շարունակել աշխատել այդ երգերի վրա։ Ինձ համար մեծ պատիվ էր նրան ձայնագրելը, և այդ ձայնը երբևէ եղած մեծագույն  երևույթներից մեկն էր»։

Ալբոմը ձայնագրվեց մոտ 10 օրվա ընթացքում․ չէ՞ որ խմբում պատահական երաժիշտներ չէին։ Բացի այդ՝ ինչպես վերը նշեցի, Դիլընը պատրաստվում էր մեծ շրջագայության (դա սկիզբն էր հետագայում հայտնի «Never Ending Tour»-ի

«Իմ տեսանկյունից՝ ես պարզապես փորձեցի պահպանել մեր հարաբերությունները,- ասել է Ջորջ Հարիսոնը,-Ուղղակի պահպանել մեր ընկերությունը- դա էր այս միավորման ենթատեքստում»։    

Հոկտեմբերին արդեն լույս տեսավ առաջին ալբոմը՝  «Traveling Wilburys Vol.» անվամբ։ Երաժիշտները որոշել էին ներկայանալ այլ անուններով՝ Ուիլբըրի մականվամբ Նելսոն (Ջ․ Հարիսոն), Օտիս (Ջ․ Լին), Լեֆթի (Ռ․ Օրբիսոն), Չարլի Թ․ կրտսեր (Թ․ Փեթի) և Լաքի (Բ․ Դիլըն) Ուիլբըրիներ։ Այն մեծ հաջողություն ունեցավ թե՛ մասնագիտական, թե՛ կոմերցիոն բնագավառում։ Միաժամանակ վերականգնեց այդ տարիներին հաջողության առումով իրենց դիրքերը զիջած Դիլընի, Օրբիսոնի և Թոմ Փեթիի կարգավիճակը։ Բայց ամենակարևորը այն մթնոլորտն էր, որը նրանք փոխանցում էին։

«Դուք կարող եք լսել Ջորջի համեստության ու խաղաղ բնավորության արտացոլումը Ուիլբըրիների և նրանց երաժշտության մեջ,- ասում է Մո Օսթինը,-Իմ կարծիքով՝ դա կատարյալ միություն էր։ Նրանք բոլորը հին ընկերներ էին՝ մեկը մյուսի հանդեպ փոխադարձ հարգանքով ու հիացմունքով։ Ռոյ Օրբիսոնը բոլորի համար կուռքի էր նման։ Անշուշտ, նրանք մեծարում էին նաև Դիլընին, բայց քանի որ վերջինիս հետ ժամանակակից ընկեր էին, Օրբիսոնն էր նրանց համար այդ նախագծը յուրահատուկ համն ու հոտը՝ իր վաղ ռոքնռոլյան կերպարով»։

Շարունակելի...

Լուսանկարները վերցված են խմբի պաշտոնական՝ travelingwilburys.com և rollingstone.com ամսագրի կայքերից

Մեկնաբանություններ (1)

Հովիկ
Շնորհակալություն, հոյակապ էր: Միայն խնդրում եմ ուղղեք առաջին նկարի գրությունը, պետք է լինի՝ Բոբ Դիլըն,, Ջեֆ Լին, Թոմ Փեթի, Ջորջ Հարիսոն և Ռոյ Օրբիսոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter