HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Խաղամոլության դեմ պայքարի նախագծից կարող է օգտվել խոշոր բուքմեյքերը

Խորհրդարանում շրջանառվող՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը բարենպաստ պայմաններ է ստեղծում «Վիվառո» ընկերության համար: Խոսքը բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելուն ուղղված օրենքի նախագծի մասին է:

Վերջին երկու տարվա ընթացքում խորհրդարանում շրջանառվել են օրենսդրական մի քանի նախագծեր, որոնց հիմնական նպատակը խաղամոլության նկատմամբ հակումը նվազեցնելն է: Մի նախագիծ հեղինակել էր նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, մեկը` գործող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, իսկ մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ֆարմանյանն իր նախագիծը քվեարկությունից առաջ հանեց օրակարգից, քանի որ որևէ քաղաքական ուժ չաջակցեց իրեն: Հրաչյա Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի նախագծերը այս պահին շրջանառության մեջ են: Հակոբյանն առաջարկում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գովազդը, որի վերաբերյալ կառավարությունը դեռ եզրակացություն չի տվել: Մենք այժմ կանդրադառնանք ԱԺ փոխխոսնակի նախագծին, քանի որ դրանով փորձ է արվում խնդրին համալիր լուծում տալ:

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու Ալեն Սիմոնյանի նախագծին միացել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սիփան Փաշինյանը: Նախագիծն այն տեսքով, որով դրված է շրջանառության մեջ, ընդունվելու դեպքում կունենանք հետևյալ պատկերը՝

  • Բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում:
  • Նշված տարածքներում տեղակայվելիք գրասենյակներ մուտք գործելիս քաղաքացիների ինքնությունը կստուգվի:
  • Խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները (որոնք հաճախ հանդիպում ենք գազալցակայաններում) Հայաստանի տարածքում չեն լինի:
  • Բուքմեյքերական ընկերությունները պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ գումար պետք է ունենան:
  • Մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ընկերությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից:
  • Կարգելվի «am» և «hay» դոմեյններով օտարերկրյա բուքմեյքերականների գովազդը:

Մինչև այս նախագծի տնտեսական էֆեկտին անդրադառնալը, հասկանանք, թե շուկայում ինչ դիրք են զբաղեցնում բուքմեյքերական ընկերությունները: Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները 5-ն են՝ «Վիվառո»-ն, «Տոտո»-ն, «Աջարաբեթ»-ը, «Գուդվին-Բետ»-ը և «Եվրոֆուտբոլ»-ը: Վերջինս լիցենզիա չունի, սակայն անխոչընդոտ գործունեություն է ծավալում առցանց տիրույթում: «Վիվառոն»-ն շահագործում են «Վիվառո բեթինգ» և «Վիվառո գրուպ» ընկերությունները, «Տոտո»-ն՝ «Դիջիթեյն» և «Դիջիգեյմ» ընկերությունները, «Աջարաբեթ»-ը՝ «Սաբարկո» և իրեն փոխկապակցված «Կաբարկո» ընկերությունները, ««Գուդվին-Բետ»-ը ու «Եվրոֆուտբոլ»-ը` նույնանուն ընկերությունները:

Համադրելով 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նրանց վճարած հարկերի մասին տվյալները՝ պարզ է դառնում, թե յուրաքանչյուրը շուկայում ինչ տեղ է զբաղեցնում:

Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ վիճակագրություն չկա

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որին կառավարությունը դրական եզրակացություն է տվել, վիճակագրություն չի պարունակում: Այսինքն՝ նախագծի հիմնավորման մեջ տեղեկություն չկա, թե բուքմեյքերական ընկերություններում որքան մարդ է խաղադրույք կատարում, նախագծի ընդունման արդյունքում ինչ չափելի արդյունք կունենանք և այլն:

Մինչդեռ նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը որոշակի վիճակագրության տիրապետում է: «Իմ ունեցած տեղեկություններով, որը որ տրամադրել են բուքմեյքերները, ՀՀ-ում խաղում է մոտ 63 հազար մարդ, որից 3 հազարը մոլի խաղացողներ են: Մնացածը մոլի խաղացող չեն համարվում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ թիվն աճելու միտում ունի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ եթե ինչ-որ խնդրի պետք է լուծում տրվի, ապա դրա տակ պետք է լինի նաև հիմնավորում, թե դրա արդյունքում այդ խնդիրը որքանով է լուծվում:

«Եթե մենք ուզում ենք Հայաստանում խաղամոլությունը կրճատենք, ապա մենք պետք է իմանանք ոչ միայն, թե խաղամոլության ծավալները որքան են, այլ նաև օրենքի ընդունման հետևանքով ինչքան են դառնալու, ինչպես նաև՝ թե այդ օրենքի ընդունումը ինչ ազդեցություն է ունենալու բյուջեի վրա, զբաղվածության վրա, և այդ ամենը հավասարակշռելու արդյունքում հասկանալ՝ արժե՞ գնալ դրան, թե ոչ»,- նշում է Բաբկեն Թունյանը:

Բացի այդ, նախագծի հիմնավորման մեջ տեղեկություններ չկան, թե ընդհանրապես միջազգային փորձն այս ոլորտի կարգավորման հարցում ինչպիսին է: Զարգացած տնտեսություն ունեցող երկրներն ի՞նչ լուծումներ են գտել խաղամոլության դեմ պայքարի և տնտեսական գործունեության մրցակցային դաշտի ապահովման առումով:

Բուքմեյքերական ընկերություններից մեկը բարենպաստ դիրքում է հայտնվում

Ինչպես արդեն ներկայացրինք ինֆոգրաֆիկայում, Հայաստանում այսօր և՛ առցանց, և՛ բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ընկերություններից ամենախոշորը «Վիվառո»-ն է: Եթե բուքմեյքերական գրասենյակներն ուղղորդվում են Երևանից հեռու գտնվող 4 քաղաք, խաղադրույք կատարող սարքավորումները վերանում են և մնում է միայն առցանց խաղադրույք կատարելու գործառույթը, ապա ակնհայտ է, որ այդ շուկայում խոշոր խաղացողի դիրքներն է´լ ավելի են ամրապնդվում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զերծ մնաց այս փուլում գնահատականներ տալուց:

«Չնայած կառավարությունը դրական եզրակացություն է տվել, սակայն քննարկելու շատ բաներ կան: Մենք հարցումներ ենք ուղարկել պատկան գերատեսչություններ, որպեսզի շուկայի վիճակը հասկանանք, հասկանանք նաև այս օրենսդրական փոփոխության տնտեսական հետևանքները»,- տեղեկացրեց Բաբկեն Թունյանը:

Բուքմեյքերական գործունեություն ծավալող ընկերություները նույնպես ցանկություն են հայտնել մասնակցել տնտեսական հանձնաժողովում նախատեսվող քննարկումներին: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նույն խնդրի վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան՝ նկատում է, որ «Վիվառո»-ն մեծ դիրք է զբաղեցնում առցանց շուկայում և գրասենյակներում, և եթե մեկ ուրիշ կազմակերպություն կորցնում է, օրինակ, 5 գրասենյակ, «Վիվառո»-ն կորցնում է 50 գրասենյակ:

«Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել և այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել և ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»,- հակադարձեց ԱԺ փոխխոսնակը:

Ալեն Սիմոնյանը ճանաչում է և՛ «Վիվառո»-ի, և՛ «Տոտո»-ի սեփականատերերին: Դիտարկմանը՝ մարդիկ «Վիվառո»-ի ականջներն են տեսնում այս նախագծի հետևում, Սիմոնյանն արձագանքեց. «Թող տեսնեն: Երբ ես պայքարում էի Բաղրամյան փողոցում կարկանդակի խանութի դեմ, այն ժամանակ էլ ասում էին, որ ես այնտեղ տարածք ունեմ, հիմա անընդհատ մի բան պետք է ասեն»:

Ստվերային շուկայի ձևավորման ռիսկը և տնտեսական հետևանքը

Հայտնի իրողություն է, որ եթե մի բան արգելվում է, ապա դրա նկատմամբ հակում ունեցող մարդիկ զարտուղի ճանապարհներով փորձում են հասնել դրան՝ ճանապարհին կատարելով նաև հանրորեն վտանգավոր արարքներ: Ստվերային շուկան քրեածին դրսևորումներ է ունենում:

Նախագծի հեղինակին հարցրինք՝ բացառո՞ւմ է, որ իր նախաձեռնությունը կյանքի կոչվելու արդյունքում խաղամոլության հակում ունեցող մարդիկ բանավոր խաղադրույքներ չեն կատարի և այլն: Ալեն Սիմոնյանն այդ հեռանկարն անտրամաբանական է համարում: Կարծում է, որ բջջային հեռախոսով շատ հեշտ կկարողանան խաղադրույք կատարել և անհրաժեշտություն էլ չի լինի բանավոր մոլախաղի մասնակցել:

Բուքմեյքերական գրասենյակների տեղափոխումը զբոսաշրջային քաղաքներ միանշանակ դրական չի կարելի գնահատել, քանի որ այդ տարածքներում նույնպես ՀՀ քաղաքացիներ են ապրում: Ինչո՞ւ պետք է երևանաբնակ քաղաքացուց հեռացնել բուքմեյքերական կետը և մոտեցնել, օրինակ, Ջերմուկում բնակվող քաղաքացուն: Բացի դա, հեռու չեն այն ժամանակները, երբ խաղատները Երևանից նախ հանվեցին և տեղափոխվեցին երևանամերձ համայնքներ, ապա՝ զբոսաշրջային քաղաքներ: Արդյունքում մեկ ընկերություն կարողացավ նույնքան մեծ գումարներ վճարել և Երևանին մոտ՝ Առինջ գյուղի տարածքում, խաղատուն բացել:

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պետք է նախ քննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո սահմանված կարգով ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում, այնուհետև պարզ կդառնա՝ այն կընդունվի այսօրվա տեսքով, փոփոխությունների կենթարկվի, թե՞ ընդհանրապես չի ընդունվի:

Մեկնաբանություններ (2)

Լուսինե
Մեկնաբանությունը մասնագետի կողմից է տրված, ներկայացնում եմ ստորև. Համամիտ եմ հոդվածի հետ, սակայն կցանկանամ մի քանի նկատառում անել: Այո, ճիշտ է, կան մարդիկ, ովքեր սիրում են խաղադրույք կատարել, ինչպես նաև կոնյակ խմել կամ պարել։ Պետք է, խաղադրույքների մասին խոսելիս, փորձենք դա հասարակությանը մատուցել որպես ժամանց։ Գրազը, որպես երևույթ շատերիս ծանոթ է տարբեր ֆորմատներով, օրինակ դասարանում կամ ընկերական շրջապատում ինչ-որ բան անել կամ չանել, ինչի համար նախօրոք պայմաններ էինք սահմանում և մրցում միմյանց հետ: Ինչպես ասում են․ «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ», ինչպես օրինակ խմիչքի օգտագործումը․ մարդիկ ընտրում են ռեստորան և գնում են ընկերների հետ ծնունդ նշելու, օգտագործում են ալկոհոլ և դա լավ է մինչ այն պահը, երբ չեն չարաշահել։ Պետք է հարգել նաև այն մարդկանց, ովքեր ուզում են գնալ որևէ տեղ, որտեղ կկարողանան ֆուտբոլ նայել, կատարել խաղադրույքներ և դիտարկել սա որպես ժամանց։ Չէ՞ որ գնալով ռեստորան՝ հաջորդ օրը չենք ասում․ «Երեկ ռեստորանում 18,000 դրամի օղի խմեցի», կամ չենք բղավում․ «Գիտե՞ք, Հայաստանում բնակիչների 10%-ը գնում է ռեստորան և կորցնում իր ամսական բյուջեի 15%-ը»։ Մենք պետք է փորձենք պետական մակարդակով հստակ կանոնակարգել ոլորտն այնպես, որ հասարակությունն իրոք սկսի ընդունել խաղադրույքների ընդունման գրասենյակները, որպես ժամանցի վայր, որը նաև կսահմանափակի խաղամոլության սպառնալիքը: Նույն որորտը փորձել են սահմանափակել Ասիայից մինչև Ամերիկա, բայց հասկացել են, որ պետք է կանոնակարգել և լիցենզավորել, որպես ծառայության մի տեսակ: Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում ոլորտը հստակ կանոնակարգված է։ Արդյո՞ք նույն Ալեն Սիմոնյանին լուրեր չեն հասել, թե քանի խաղադրույքի կենտրոն կա Լոնդոնում կամ Փարիզում: Եվրոպական բոլոր երկրներում առկա են BetShop-եր, որոնք բոլորն էլ համարվում են ժամանցի վայր: Նյութում խոսվում է այն մասին, որ այս սահմանափակումից օգտվում է Վիվարոն, եթե կուզենաք դրանում համոզվել, ապա դիմեք ինտերնետ օպերատորներին, Ռոստելեկում կամ Յուքոմ և կհամոզվեք, որ մինչև օրենքի ընդունումը, Վիվարո ընկերությունն արդեն փակում է իր սպասարկման կենտրոնները, այլ կերպ ասած՝ մինչև օրենքի ընդունումը, օրենքը կիրառության մեջ է դնում։ ? Ես գիտեմ, թե քանի սպասարկման կետ ունի ՏոտոԳեյմինգը․ դրանք 130-ն են, որտեղ աշխատում են ավելի քան 400 աշխատակից։ Կարելի է ասել 400 հոգի ընտանիք են պահում․ նրանց զրկում ենք աշխատանքից, զրկում ենք պետությանը նրանց համար վճարվող հարկերից, տարածքների տերերին՝ իրենց վարձավճարներից, և կրկին պետությանը՝ դրանցից գոյացող հարկերից։ Այս տարածքները ապահովված են էլեկտրաէներգիայով, ինտերնետով, որի արդյունքում ևս տնտեսվարողները զրկվում են շուրջ 130 տարածքի իրենց սպառողներից: Օրենքը ընդունելուց հետո տուժում են նաև քաղաքապետարանները և համայնքապետարանները, քանի որ վճարվում են տուրքեր 00:00-ից հետո գործունեություն ծավալելու համար․ օրինակ Երևանում ամեն տարածքի համար վճարվում է 450,000 դրամ՝ 00:00-ից հետո աշխատելու համար: Քանի որ սպասարկման կենտրոնները հանդիսանում են նաև գովազդակիրներ, օրինագիծը կսահմանափակի վիճակախաղերի սեփականատերերին գովազդ տեղադրելու հնարավորությունից, որի համար, ի դեպ, վճարվում են տուրքեր քաղաքապետարաններին։
վախթանգ սիրադեղյան
Խաղատունը և վիճակախաղի կազմակերպման գրասենյակը համարյա նույն հաստատություններն են, և դրանք պետք է կարգավորվեն նույն օրենքով և նույն դրույթներով, և նույնը նաև նրանց էլեկտրոնային տարբերակների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter