HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

ԵԿՄ-ի ռեինկարնացիան. իմա՞ստը…

Թե կոնկրետ ի՞նչ գործառույթներ են վերապահված Երկրապահ կամավորականների միությանը, և ո՞րն է այդ կազմակերպության վերակենդանացման իմաստը, չհստակեցվեց ապրիլի 7-ին տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ համագումարին: Իր ներկայությամբ ու ելույթով ԵԿՄ-ն կարևորող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդ թեմայով ոչինչ չասաց:

Միաձայն ԵԿՄ նախագահ ընտրված ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նկատեց, թե «Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին և վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում: …Դա է ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ»: Եվ որ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած շրջանում, ըստ նրա, օրվա իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ:

Դա ճշմարտություն է. ԵԿՄ-ն միշտ քաղաքական գործիք է եղել օրվա իշխանության ձեռքին:

Բայց ի՞նչ երաշխիք, որ ԵԿՄ-ն դարձյալ չի կարող գործիք լինել «կեղտոտ քաղաքական խարդավանքներում»: Գուցե երաշխիքը Սասուն Միքայելյանի երդու՞մն էր՝ ծառայել հայ ժողովրդին: Բայց անցած տարվա հունիսի 7-ին նույն Սասուն Միքայելյանը գրեթե երդվել էր. «Որ խնդրեն էլ, աղաչեն էլ, չեմ դառնալում ԵԿՄ նախագահ»։ Հետևաբար, ոչ մի երաշխիք:

Հատկապես որ, ԵԿՄ համագումարն անցավ նույն բարի ավանդույթներով՝ միաձայն քվեարկություններով, դիֆերամբներով նորընտիր նախագահի հասցեին, երկարատև, բուռն ծափահարությունների մթնոլորտում: Չկա՞ր Սասուն Միքայելյանին այլընտրանք, դե, որպեսզի ազատամարտիկները գոնե ընտրության հնարավորություն ունենային:  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը պնդում է, որ ազատամարտիկների մի խումբ էլ իրեն էր առաջադրել՝ որպես ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, սակայն ինքը և իր համախոհները դուրս են մնացել մանդատների վերաբաշխումից։

Ինչու՞ է ԵԿՄ ղեկավար, որպես կանոն, դառնում օրվա իշխանության ներկայացուցիչը կամ նրան ծառայող մեկը: Ժամանակին Վազգեն Սարգսյանն էր, հետո՝ Մանվել Գրիգորյանը, հիմա էլ՝ Սասուն Միքայելյանը: Ի՞նչ գործառույթ է ստանձնում ԵԿՄ-ն այսօր, հատկապես որ, միայնակ չէ. ունի «Պատանի երկրապահ» կառույցներ:

2015-ին բյուջեից 65 միլիոն դրամ էր հատկացվել «Պատանի երկրապահ» կառույցներին: Եվ ԵԿՄ լրատվական ծառայությունից հստակեցրել էին, թե ինչպես են տնօրինվելու այդ գումարները. «Պատանի երկրապահ կառույցները մասնակցում են երկրապահական ուխտագնացություններին, լինում են սահմանամերձ բնակավայրերում, հայրենաճանաչություն, հայրենասիրություն, մարտարվեստ են սովորում:Լ Գումարը հիմնականում այդ ուղղությամբ է ծախսվում. բանակի տոն, հետո՝ մայիսի 8-ը, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդը՝ մարտի 5-ին, և այլն»:

Եվ երբ այն ժամանակ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բարձրացրել էր ֆինանսները նման ձևով տնօրինելու աննպատակահարմարության հարցը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, որն, ի դեպ, ԵԿՄ 12-րդ համագումարին ընտրվեց վարչության անդամ, այսպես արձագանքեց. «Ի վերջո, դուք կո՞ղմ եք հաղթանակներին, թե՞ չէ»:

Ազատամարտիկների և, առհասարակ, յուրաքանչյուր զինվորին տրվող արտոնությունը, պետբյուջեից յուրաքանչյուր հատկացում հասարակությունն անվերապահ ողջունում է: Բայց և ազատամարտիկների ու պատերազմից վերադարձած զինվորներից էլ քաղաքացիներն ունեն որոշակի բարոյական ակնկալիքներ:

Հայաստանում 20.000-ից ավելի ազատամարտիկ կա: 1994-ի զինադադարից այս կողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի, Սուրիկ Խաչատրյանի հետ: Այն դեպքում, երբ ազատամարտիկների ներկայությունը խաղաղ կյանքում կարող էր շատ ազդեցիկ և անգամ որոշիչ լինել կեղծված յուրաքանչյուր ընտրությունից հետո, Մարտի մեկից հետո: Բայց նրանք նախընտրել են համերաշխ լռությունը:

ԵԿՄ-ն, ըստ նորընտիր ղեկավար Սասուն Միքայելյանի, պետք է վերականգնի իր բարի համբավը: Իսկ համբավն, իրոք, ամենևին բարի չէր: Ասել, որ ազատամարտիկներն առանձնապես պատվախնդիր են, չափազանցություն կլինի: Երբ 2014-ին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին ծեծել էին անճանաչելի դարձնելու աստիճան, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն անգամ չթաքցրեց, որ ծեծի կազմակերպիչն ինքն է. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Ազատամարտիկները կուլ տվեցին նվաստացուցիչ այս արտահայտությունը:

Ի՞նչն է ստիպում նրանց դարձյալ միավորվել մի կառույցի մեջ, ի՞նչ ակնկալիքներ ունեն: Հասկանալի է բարոյական կողմը՝ նրանք ընդհանուր հիշողություններ ունեն, միասին իրենց ուժեղ ու պաշտպանված են զգում: Որպես ի՞նչ են հանդես գալիս ԵԿՄ-ն՝ պատերազմի վետերանների ակու՞մբ է, ՀԿ, արհմիությու՞ն, ռազմական առանձին միավորու՞մ:

Ավելի կենսունակ է տեսակետը, որ ԵԿՄ-ի վերակենդանացումն ունի քաղաքական նպատակներ՝ հակառակ դեպքում «միաձայն» քվերակությունների մոդելը չէր պահպանվի, ԵԿՄ նախագահ չէր ընտրվի իշխանությունը մարմնավորող Սասուն Միքայելյանը, կհնչեին համոզիչ հիմնավորումներ՝ ինչու՞ է ԵԿՄ-ի գոյությունն անհրաժեշտություն:

Պնդումը, թե պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ԵԿՄ-ն զինվորների, առաջնագիծ մեկնողների լրացուցիչ ռեսուրս է, այնքան էլ հիմնավոր չէ: Այդ դեպքում, ինչու՞ նման միավորում չստեղծվեց Ապրիլյան պատերազմից հետո. քաղաքացիական կյանք վերադարձած զինվորները նման մի կառույց ստեղծելու անհրաժեշտություն չտեսան:

Առհասարակ, ԵԿՄ-ն ու նման տիպի կառույցներն անախրոնիկ են և, եթե կուզեք, իշխանությունների հանդեպ անվստահության լրացուցիչ ճակատ են: Հատկապես, երբ համագումարի մասնակիցների մեջ երևում են օլիգարխներ, որոնք, պարզվում է, անուրանալի ավանդ են ունեցել Արցախյան պատերազմում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter