HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանի այն զորագնդին, որի գլուխը ինքն էր

Հրանտ Մաթևոսյան

Դաժանորեն պայծառ ու դաժանորեն սև մի ամբողջ հարյուրամյակի մեջ իր լրումն է առնում մարդկության ամենակատարյալ արարումներից մեզ բաժին ընկած եզակիի՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի հայտնության հարյուր տարին:

Ուզում ենք տարին ամբողջ նրա տիեզերքում լինել, կուզենայինք մեր բեկված, շաղված-շփոթված երթի գլխին իր դրոշը տեսնել՝ այդ խիզախի, ուզում ենք իր հետ մեր ազգակցությունը հայտնաբերել՝ այդ բարձր ու շիտակի, ուզում ենք՝ իր օրինակով՝ այս հոգեվարող ժամանակի առաջ պապանձված համր չլինել - Հայոց ժամանակներ ու տարածություններ բացել Հայոց մեր Բանի առջև, մեզ տեսնել մեր նախնիների և գալիք պարմանիների հավերժորեն մեկ և նույն երթի մեջ և հուսալ ու հավատալ մեր հավերժությանը:

Արժանի՞ է, կարո՞ղ ենք, այսօր ի՞նքն է արժանի:

Տարորեն՝ հենց ինքն է արժանի, տարորեն՝ այս մենք չենք անակնկալ վրա եկել իր ծանր պարտամուրհակին, տարորեն՝ ինքն ամեն պահի մեզ հետ ու մեր ժամանակինն է եղել, եթե անգամ իր աղարտված ու խաթարված ժամանակը և մեր աղարտված ժամանակը հակադիր են ու պատերազմի մեջ են՝ ինքը մեր ժամանակի առաջնորդն է, որովհետև ինքը ազատության ոգին ու ազատությունն ինքն է. հոգևոր ճորտությանն անընտել՝ նա չէր կարող կաղապարվել ու պատկանել ոչ անգամ որևէ շատ մեծ գաղափարի ու կուսակցության և ոչ անգամ միայն իր ժամանակին:

Գավառի ու գավառամտության թշնամի՝ նա կարողանալո՞ւ է մի ամբողջ տարի, գոնե մեկ տարի, պատկանել մեր ազգային հանրությանը. բռնության ու խեղճության թշնամի, մինչև ուղնուծուծը ինտերնացիոնալիստ, իր գործի էությամբ ազգային մեր էությունից անօտարելի՝ բզկտված իր զորագնդով նա չի՞ լքելու բռնացողների ու խեղճերի, եղծված ինտերնացիոնալի ու վտանգված նացիոնալի մեր ճամբարը, մենք կարողանալո՞ւ ենք նրա ողջ շքախումբը եթե ոչ մեծարել, ապա գոնե հանդուրժել մեզանում: Ուզում եմ կարողանանք և կարենալու ենք: Նրանք Չարենցինն են և Չարենցյան են - այդ Լենինը, այդ Մյասնիկյանը, այդ կոմունարները, Նաիրյան մեր խեղճության վրա այդ ողբանզովքը, ազգային այս նզովքից թոթափվելու այդ համառ ու տևական ճիգը, որպես թե դև Մհերը ջանում է քարից զատվել և չի զորում, չի զորում- այդ հիստերիկ քրքիջը կռապաշտության ու կործանվող կուռքերի վրա, այդ նոր ու նորովի կռապաշտությունը, մարդու աստվածային այդ չար զայրույթը և ստրկական այդ խեղճ հնազանդությունը, կործանումի և վերաշինումի այդ հավերժական հոլովույթը, մարդու և մարդկության այն ու այնպիսի ճանաչողությունը՝ որ ամեն ինչ և ամեն ոք կարող էր նշվել սիմվոլով, որ կարող էր ստույգ բարիկադներ կապել և յուրաքանչյուր հայեցողի սուրը ձեռքին զինվոր դարձնել,- այս ամենը Չարենցինն ու Չարենցյան են և պարտավոր են մերը լինել, մենք պարտավոր ենք մերը դարձնել:

Բոլոր ժամանակների ու բոլոր կողմերի վրա մենք կարող ենք մեր քայլը հաստատ դնել. Չարենց անուն խիզախ այդ ճանապարհորդը մեզանից առաջ եղել է ամենուր, և ոչ մի խավար խոռոչ մեզ համար կործանումն չի դարանում, այլ միայն հայտնագործության սարսուռ, անգամ կործանումի հայտնագործություն:

Երանի այն զորագնդին, որի հետախույզը ինքն է, երանի մերազնյա ու աշխարհի այդ ազատանուն. երանի մեզ՝ որ նրա ու նրանց ճամբար ենք մտնում - ելնելու ենք հարաշարժության խիզախությամբ համակված, ելնելու ենք մեր բոլոր կապանքները թոթափած:

«Գրական թերթ», 21.01.1997թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter