HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Երբ 8 տարի անց ստանում ես նամակ մեկից, ով քեզ սպասում էր իր դասասենյակում

8 տարի առաջ

2011 թվականին Էջմիածնում մի քանի ամիս ապրելու որոշում կայացրի։ Ընկերներիցս մեկը քաղաքի կենտրոնում վարձակալել էր մի բնակարան, որը շենքի կառուցման առաջին իսկ օրվանից փոփոխության չէր ենթարկվել։ Առաջին մի քանի օրը բնակարանի պատուհանները ծածկելու համար «second hand»-ից կտորներ գնեցինք, հետո փայտե ձողեր, որոնք ներկեցինք, լաքապատեցինք։ Առաջին հարկի այդ բնակարանը, որ ներս էր քաշում փողոցի աղմուկն ու անցորդներին, փակեցինք «երկրորդ ձեռքի» գունավոր կտորներով ու ինքնաշեն վարագուրաձողերով։

Բացահայտելու օրերին էին․ պատից կախել էի աշխատանքային կոնկրետ պլան, որով առաջնորդվելու էի 2011-ի այդ ամիսներին։ Աշխատանքային այդ պլանում առանձնահատուկ տեղ էին գրավում Արմավիրի մարզի երեխաները․ որոշել էի, որ սեպտեմբերի առաջին իսկ օրվանից պտտվելու եմ Էջմիածնի եւ հարակից գյուղերի դպրոցներում՝ այն ժամանակ անգամ չմտածելով, որ բացահայտված պատմությունը կրկնության ուժ ունի եւ երբեւէ չի ավարտվելու։

Եղա Առատաշենի, Գայի, Նորակերտի, Հայկաշենի, Ապագայի, Փարաքարի, ինչպես նաեւ Էջմիածնի մի քանի դպրոցներում։ Լուսանկարում էի դպրոցականներին, իրենց հետ խոսում երազանքների, նպատակների, կրթվելու իրենց ցանկության, գյուղական կյանքի դժվարությունների ու առօրյայի մասին։

Անկախության 20-րդ տարեդարձի նախօրյակին Նորակերտի միջնակարգ դպրոցում էի։ Այդ նույն օրն առավոտյան որոշել էի՝ դպրոցականներից մեկի հետ առանձին զրույց պիտի ունենամ։ Միջանցքում կանգնած ուսուցիչներից մեկի հետ ծանոթացա, ասացի՝ լրագրող եմ, ուզում եմ երեխաներից մեկի հետ զրուցել․․․ Այնպիսի մեկի, ում անունն առաջինը կտա․

  • Մեր Մկրտիչը․․․ Առաքելյան Մկրտիչը։

Տասնամյա Մկրտիչին հանդիպեցի իր դասասենյակում։ Անհնարին է մոռանալ դեմքի լուրջ արտահայտությունը․ լուրն ինձնից շուտ էր «հասել» դասասենյակ․ ինքն արդեն գիտեր՝ մի լրագրող կա, ով ուզում է հետը զրուցել։ Բարեւեցի, ծանոթացանք, ասաց, որ հիմա ազատ դասասենյակ կգտնի, որտեղ կկարողանանք հանգիստ զրուցել։ Եվ քանի որ անկախության նախօրյակն էր, զգուշորեն ուղղում էի հարցեր, որոնք առնչվելու էին նաեւ այդ թեմային․․․ Մկրտիչի հետ ունեցած զրույցի վերջնարդյունքը ամրագրվեց մեդիատեքստով։ 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ ուղիղ 8 տարի առաջ լույս տեսավ «Հայաստանը տասը տարեկան էր, երբ ես ծնվեցի» վերնագրով Մկրտիչի հետ ունեցած զրույցը։

8 տարի անց

Սեպտեմբերի 5-ին՝ կեսգիշերին մոտ, սովորության համաձայն ստուգում էի Ֆեյսբուքի հաշվիս «Massage Requests» պատուհանը, որտեղ հայտնվում են այն նամակները, որոնք Ֆեյսբուքը դասակարգում է՝ ըստ  «ընկեր» եւ «ոչ ընկեր» ալգորիթմի։

Նամակներից մեկը Մկրտիչ Առաքելյանից էր․․․

Ութ տարի անց՝ արդեն 18-ամյա Մկրտիչ Առաքելյան անունով «ֆեյսբուքյան օգտատերը» գրում է․ «Կներեք անհանգստացնելու համար, ուղղակի մի հարց․ այս հոդվածի հեղինակը դուք եք, չէ՞»․․․  Ու նամակին կցում է իր հետ ունեցած զրույցի ութ տարվա վաղեմության հղումը։

Բացում եմ Մկրտիչի ֆեյսբուքյան էջը․ հստակ դիմագծերը, արտահայտիչ աչքերը տեղում են․․․ Փոխվե՜լ է, բայց ճանաչելի  է․ իր դասասենյակում նստած տասնամյա տղան նույն ուժեղ տպավորությունն է թողնում։ Հուզվում եմ։

«Հոդվածի հեղինակը դուք եք, չէ՞» հարցադրումը ականջիս մեջ մի անգամ հնչեց հենց այն տղայի ձայնով, ում հանդիպել էի 8 տարի առաջ,  ում մասին այլեւս ոչ մի նորություն չունեի, ում հետ ունեցած զրույցը «արխիվացրել» էի, ու, ինչպես պատահում է, արխիվին վերադառնալու հնարավորությունները սղվել էին ժամանակի ու զբաղվածության պատճառով։

«Հոդվածի հեղինակը դուք եք, չէ՞» արտահայտությունը այդ ութ տարին արագացված ֆիլմի պես պտտեց աչքիս առաջ, ու միակ բանը, որ կարողացա գրել Մկրտիչին, եղավ ոչ տրամաբանական հարցս․

  • Միայն չասեք, թե հենց այդ Մկրտիչն եք։
  • Եթե չեք ուզում, չեմ ասի ))

Սկսվեցին հարցերս՝ ինչով է զբաղված, այդքան բաղձալի երազանքը, որ պիտի զինվորական դառնա, իրականացավ, թե ոչ, համառությունն ու կամքը տեղում է, թե ոչ, երազանքները հո չի մոռացել, ինչ է սովորել, ինչ է բաց թողել, ինչպես է իրեն զգում Հայաստանում, ինչ է ուզում անել մոտ ապագայում․․․

Հիմա Մկրտիչը սովորում է պետական համալսարանի Ինֆորմատիայի եւ կիրառական մաթեմատիկայի «Տեղեկատվական անվտանգություն» բաժնում, ասում է, որ ինֆորմացիան կարեւորագույն զենք է համարում։ Զինվորական չդարձավ չէ՛, բայց զինվորի կարգապահական հոգեբանությանը գումարվեց ֆիզիկոս պապի ազդեցությունը։ Ասում է՝ ժամանակի ընթացքում հասկացավ, որ ճշգրիտ գիտությունն ամենամեծ պաշտպանությունն է․․․

Անհավանական է թվում․․․ Ութ տարի անցավ։

Ես չզգացի ժամանակը, որովհետեւ անընդհատ մտածում էի ու վազում երազանքների հետեւից։

Այն ժամանակ հաստատակամ էիր, որ զինվորական ես դառնալու։ Այդ ի՞նչ ոգեւորվածություն էր, ինչու՞ էիր այդպես ուզում եւ ինչու՞ մտափոխվեցիր։

Կծիծաղես հիմա, բայց այն ժամանակ ուզում էի աշխարհը նվաճել, իսկ մանկական պատկերացումս այն էր, որ դրա համար բառիս բուն իմաստով զինվոր պիտի լինես։ Այսինքն ուզում էի հերոսանալ ու այդ ժամանակ հերոսացումը կապում էի Հայաստանի հետ։ Իհարկե դժվար է ասել, որ գիտակցում էի, բայց հիշողությունս պինդ է պահել ութ տարվա առաջվա այդ մտածողությունը։

Ամեն դեպքում ֆիզիկոս պապիկդ իր ազդեցությունն ունեցավ։ Ընտրեցիր ճշգրիտ գիտությունը։

Բարդություններ եղան․ այդ «աշխարհակալ» Մկրտիչը, որ մտածում էր զինվորական կդառնա ու «կնվաճի» աշխարհը, վերածվեց ծրագրավորողի (ծիծաղում է)։

15 տարեկան էի, երբ մասնագիտության վերջնական ընտրություն կատարեցի․ այդ հարցում մեծ գործոն եղավ ԹՈՒՄՈ-ն, որը դարձավ ոչ միայն կրթությանս հիմքը, այլ մինչեւ վերջերս նաեւ հարազատ աշխատավայրս։

Բայց մի քանի օր առաջ, երբ զրուցում էինք, ասացիր, որ «զինվոր» մնացիր, որովհետեւ այդ բառն ուրիշ իմաստներ ձեռք բերեց, ոչ թե անհետացավ։

Մասնագիտությանս ընտրությունը չազդեց նվիրական երազանքի նախնականության վրա։ Հենց մասնագիտական ոլորտում սկսեցի փնտրել ճանապարհներ, որոնք կապված են նույն երկրի, նույն իմ երազանքների հետ։ Այդ երազանքներն այսօր կապ ունեն ինչպես իմ ծննդավայրի՝ Նորակերտ գյուղի, այնպես էլ դրանից դուրս գտնվող ամեն տան խոհանոցի զրույցի, ամեն քաղաքի ու գյուղի անկյան  հետ։

Երկիրն սկսվում է, բայց չի ավարտվում այն ժամանակ, երբ տվյալ երկրի քաղաքացին, ներկայացուցիչը ենթագիտակցության մեջ կենդանի է պահում պիտանի լինելու գաղափարը․․․ Գիտակցությունն արդեն գործի է դնում ենթագիտակցության մեջ պահպանված այդ կարեւոր միտքը։

Այսինքն գործողությունդ, որ մասնագիտական է, արդեն կարեւոր է, բայց պիտի անընդհատ հաշվի նստես այն զգացողությունների հետ, որոնք գլուխ են բարձրացնում հարազատ գյուղիդ, հարազատ անկյուններիդ, երկրիդ անունը լսելիս։  Այդպես, եթե ունես ներքին կապը, պատասխանատու ես եւ քո, եւ երկրի առաջ, եթե զգում ես, որ այդ երկրի մասնիկն ու քաղաքացին ես, շարունակում ես «զինվոր» լինել՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ընտրեցիր, ինչով ես զբաղված․․․

Մի քանի օր առաջ խոսում էինք նաեւ այն մասին, որ «այս» Մկրտիչը տասնամյա Մկրտիչից չի տարբերվում այնքանով, որ նույն համառն է ու նույն նպատակաուղղվածությունն ունի։

Ասում էիր, եթե նախկինում դպրոցում չէիր կարող հանդուրժել ոչ արդարացի վերաբերմունքը, խտրականությունը, անազատությունը, այսօր դրանք արդեն կոդավորված ու կոնկրետ ենայսօր չես հանդուրժի անհարկի պարտադրանքը, անարդար վերաբերմունքը, խտրականությունը՝ շատ լավ պատկերացնելով ու շոշափելով դրանք։

Ազատության քո սահմանու՞մն ունես։

Գիտակցված քայլերի հաջորդականությունն է, որոնց համար պատասխանատու եմ։

Ազատությունն ու նման բացարձակ կատարյալ այլ հասկացությունները չունեն ընդհանրացված մոդելներ, սահմանումներ, որոնցով կարելի է տալ վերջնական մի պատասխան, եւ, որը միաժամանակ ընդունելի կլինի բոլորի համար։ Եթե հնարավոր լիներ բացարձակին այդպես վերաբերել, մեծ հեղափոխության առիթ կստեղծվեր մարդկության պատմության մեջ։

Եթե անկախությունը դիտարկենք որպես մաթեմատիկական տերմին, ապա այն կապված է նաեւ լրիվության գաղափարի հետ։ Եթե աքսիոմաների համակարգը լրիվ է՝ նրան ավելացնելով նրանցից անկախ մեկ այլ աքսիոմա, ստացվում է հակասական համակարգ։

Երբ մաթեմատիկա էի սովորում պապիս օգնությամբ, մի շատ կարեւոր բան ասաց, որն ինձ համար ցանկացած բացարձակ ճշմարտությունից ավելի ուժեղ է․ «Մտքով պիտի անկախ լինես, որ քո բնագավառում լավագույնը դառնաս»․․․

Ճշգրիտ գիտությունը բացահայտեց եւ շարունակում է բացահայտել անկախության կառուցվածքը։

Օրինակը շատ պարզ է․ եթե քեզ տրված վարժությունը կամ հավասարումը դժվարանում ես լուծել, մաթեմատիկան «առաջարկում» է մեկից ավելի տաբերակներ, «չի բռնում» ձեռքդ ու չի պարտադրում եղանակները։

Ձեւափոխի՜ր, ինչքան կուզես, փնտրի՜ր տարբերակեր, ինչքան կուզես․ արդյունքում լուծման եղանակից ու տարբերակներից չէ, որ կախված է հավասարման ճիշտ պատասխանը։ Այդպես 4+146 արտահայտությունը կարող ես պարզեցնել ու դարձնել 1+1+1+1+146 կամ 4+100+46․․․ Բոլոր դեպքերում ճշգրիտ պատասխանը մեկն է։

Դրա համար հիմնական կարգախոսը, որ բոլոր դեպքերի համար որդեգրել եմ, հենց մաթեմատիկականն է․ «ձեւափոխի՛ր արտահայտությունը, ստացի՛ր ֆորմուլան»։

Ութ տարի առաջ մեր ունեցած զրույցից այնքան էր տպավորվել «երկիրն արդեն տասը տարեկան էր, երբ ես ծնվեցի» արտահայտությունը, որ հենց դա էլ դարձավ այն ժամանակվա հրապարակման վերնագիրը։

Հիմա կարեւորու՞մ ես այս արտահայտությունը, ինչպե՞ս ես քեզ զգում Հայաստանում, ի՞նչ կապերով եք կապված։

Ալան Թյուրինգը, երբ ստեղծեց իր «Քրիստոֆեր» մեքենան, չարեց հայրենասիրությունից դրդված․․․ Արեց, քանի որ ուզում էր իր ոլորտում որպես մեծագույն հետք թողած մեկի անունը վաստակի։ Ես կարեւորում եմ Թյուրինգի ստեղծել կարողանալու հնարավորությունը, իսկ երկրորդ մասն ինքըստինքյան կլինի։

Քեզ հետ ունեցած զրույցը պարբերաբար եմ կարդում ու շատ լավ եմ հիշում այն երեք գործոնները, որոնք նշել էի, երբ դու ինձ հարցրեցիր ի՞նչ է պետք լավ երկիր ունենալու համար․․․

Հա՜․․․Ութ տարի առաջ ասում էիր՝ «հավատարիմ ծառաներ, կամավոր զինվորներ» են պետք, պետք են նաեւ մարդիկ, ովքեր մեծ իդեաներ ունեն, ու մարդիկ, ովքեր հավատում են, որ պիտանի են երկրին։

Հա․․․ Հենց այդ երեքը մնացին անփոփոխ, նորերն ավելացան այդ թվարկմանը։

Եթե ժամանակին կրթվում էի այնպես, որ պատկերացումներս սահմանափակվում էին, թե անձնազոհությունը միայն մարտի դաշտում է, ապա այսօր գիտեմ, որ այդ ներքին պահվածքը ամեն տեղ է՝ փողոցում, երթուղայինում,  աշխատանքի վայրում․․․ Այդպես է, որ ստեղծվելու է առողջ օրգանիզմը, այդպես է, որ ոչ մի օրգան դուրս չի մնալու ուշադրությունից, ոչ մի բան չի խանգարելու մեխանիզմին աշխատել այնպես, ինչպես հարկն է․․․ Ճիշտ մարդու օրգանիզմի պես։

Տասը տարեկանում կիրառում էիր նաեւ «թշնամի» եզրույթը, պատրաստ էիր կռիվ տալ այդ «թշնամիների» դեմ։

Հիմա փոխվել է եզրույթի վերաբերյալ պատկերացումը, բառն անփոփոխ է։ Եզրույթն իհարկե ավելի քիչ եմ հիմա կիրառում, որովհեետեւ չես կարող այդ որակումը հեշտ ու հանգիստ արտաբերել, բայց «ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու» հայտնի արտահայտության փոխարեն կարող եմ հանգիստ ասել՝ «ասա՝ ով է թշնամիդ, ասեմ՝ով ես դու»․․․ Բառի տարողությունը հիմա շատ ու շատ մեծ է ու բազմաշերտ։

Հիշում ես՝ ասում էիր նաեւ, որ ապրելու ես Նորակերտում, չես գնա գյուղից․․․

Կրթություն ստանալուն զուգահեռ այդ միտքն անընդհատ ձեւափոխվում է․ եթե ութ տարի էլ անցնի, ու նորից խոսենք, գուցե այս հարցին այլ պատասխան ունենամ․․․ Հիմա դեռ որ մտածում եմ այսպես՝ վերջնական հանգրվան կգտնեմ Նորակերտում, երբ ինքս ինձ համար սահմանած առաքելությունը համարեմ ավարտված (ժպտում է)։

Այդ ի՞նչ առաքելություն է։

Սեփական ես-իս ճանաչողությունն է։ Այսպես ասած՝ ինքնաճանաչման առաքելություն․․․

Կարծում ես՝ այդ ընթացքը մի օր կավարտվի․․․

Ընթացքը չի ավարտվի, բայց կգա ամփոփման պահը․․․ Հենց այն ժամանակ, երբ հասկանամ, որ զարգացման որոշակի փուլեր արդեն ամբողջացել են, մնացածն արդեն գործարկելու ժամանակն է, այդ պահին գուցե նորից գյուղում ապրելու մասին մտածեմ․․․

Չնայած, գիտե՞ս, կարծում եմ՝ տասնամյա «աշխարհ նվաճող» Մկրտիչը հենց հիմա չի համաձայնում հետս եւ «ավարտ» բառն էլ իր համար ընդունելի չէ։ Ուրեմն այս հարցիդ պատասխանը թողնենք մյուս զրույցին, որը կարող ենք եւս ութ տարի անց անել։

Ամեն դեպքում ամփոփման համար երկու Մկրտիչներին  դիտարկելու պահն է հասունացել։

Հիշու՞մ ես՝ ութ տարի առաջ վերջին հարցդ երջանկության մասին էր։

Պարբերաբար, երբ կարդում եմ այդ զրույցը, այս հարցը նորից ու նորից եմ տալիս ինձ։ Հիմա գիտեմ, որ պիտի հստակեցնեմ երազանքներս, ցանկություններս, դիտարկեմ ինձ արտաքին միջավայրի գործոններից դուրս եւ նաեւ այդ գործոնների առկայության պայմաններում․․․

Աշխարհը պարտադրում է, չէ՞, ասում է՝ սա է «մոդան», սա է ճիշտը, սա է ամենալավը․․․ Այն եւ այս Մկրտիչը մի բան հաստատ գիտեն՝ այնպիսի ուղղություն պիտի վերցնեն, որ «հագածը» ցանկություն լինի, ոչ թե պարտադրանք։

Երկու Մկրտիչների դեպքում էլ մի բան հաստատուն է․ մտածելու եւ ստեղծելու կարողությունը երբեւէ սահման ու արտաքին գործոն պիտի չճանաչի․․․ Հակառակը՝ ինքն իրեն ճանաչելով՝ այդ սահմանները պիտի ընդլայնի այս մի Մկրտիչը, որ շատ չի տարբերվում այն տղայից, ում հանդիպեցիր Նորակերտի դպրոցում՝ քեզ սպասելիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter