
Հայաստանը տասը տարեկան էր, երբ ես ծնվեցի
Արմավիրում ապրելուս առաջին իսկ օրվանից որոշում կայացրի, որ անկախ նյութի տեսակից եւ հանդիպումներից, երեխաների հետ ավելի հաճախ եմ շփվելու:
Դա նաեւ պայամանավորված էր այս մարզում կատարածս աշխատանքի բնույթով: Եղա Առատաշենի, Գայի, Նորակերտի, Հայկաշենի, Ապագայի, Փարաքարի եւ Էջմիածնի մի քանի դպրոցներում: Գրեցի աշակերտների, նրանց ցանկությունների, դպրոցական առօրյայի մասին: Բայց այս անգամ պատմությունն ամբողջովին այլ էր:
Նորակերտի միջնակարգ դպրոցում հանդիպեցի տասնամյա Մկրտիչ Առաքելյանին: Սկզբում նա ընկերների հետ էր: Ակնհայտ երեւում էր, որ կարողանում է ուղղորդել նրանց: Երկու ձեռքը ծնկներին սեղմած` մտածողի պես կիտել էր հոնքերը: Երբ նրան խնդրեցի զրուցել հետս, նախ հարմար դասասենյակ գտավ, հետո ընկերներից մեկը բերեց նրա պայուսակը:
Զրույցի ընթացում պարզվեց, որ Մկրտիչի հայրը ֆիզիկայի դասախոս է, իսկ պապը` մաթեմատիկայի ուսուցիչ:
- Երեւի դու էլ այդ ուղղությամբ շարունակես, հա՞:
- Չէ, ես ուզում եմ զինվոր դառնալ, եթե այլ ցանկություններ չլինեն:
Սկսեցի զրուցել նրա հետ, ինչպես իմ հասակակցի:
- Ի՞նչ է պետք լավ երկիր ունենալու համար:
- Երեք բան. հավատարիմ ծառաներ, կամավոր զինվորներ լինեն , որոնք մինչեւ վերջին շունչը կկռվեն, եւ մարդիկ, որոնք մեծ իդեաներ պետք է ունենան` երկրի հետ կապված: Ամեն հայ պետք է հավատա, որ երկրին պիտանի է: Եթե երկիրը կիսատ կառուցված մնա, թշնամիներին կհաջովի նվաճել այն: Թերություններ կան, բայց մենք կառուցվում ենք: Հայաստանը տասը տարեկան էր, երբ ես ծնվեցի: Հիմա ես եմ այդքան:
- Քո առաջադիմության մասին իմացա ուսուցիչներից: Գիտեմ, որ գերազանց ես սովորում: Ուսուցիչներդ հիացած են քեզնով: Իսկ ինչու՞ ես որոշել հենց զինվոր դառալ: Պապիկի ու հայրիկի մասնագիտությունը չի՞ հետաքրքրում քեզ:
- Զինվորին առաջին հերթին խելք է պետք, որ կարողանա թշնամուց պաշտպանվել, ճիշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի թշնամուն իր թակարդը գցի... Եւ դրանից հետո` ֆիզիկական ուժ:
- Թշնամիներ... Ովքե՞ր են նրանք:
- Չար երկրներ չկան: Ամեն մեկը կռվում է իր շահի համար: Համենայնդեպս, մեր թշնամիները երկու կողքի պետություններն են: Թշնամի են, քանի որ կատարել են Հայոց ցեղասպանությունը, Մուսա լեռան վրա մենք մնացինք քառասուն օր մինչեւ եկան ֆրանսիացիները: Իսկ Ադրբեջանը նրանց հպատակ երկիր է. նույն հավատով, նույն լեզվով: Նրանք ծառայում են Թուրքիային: Երբ մեր սեւ օրերն էին, եւ իմ ասած կամավոր զինվորները որսորդական հրացաններով էին կռվում, նրանք հարձակվեցին, բայց մենք հաղթեցինք:
-Լավ տեղյակ ես պատմությունից: Հիմա գիտե՞ս ինչ է կատարվում:
-Նրանք խախտում են հրադադարի ռեժիմը:
-Վերադառնանք գյուղի ապրելակերպին, առօրյային: Ի՞նչ է պետք գյուղին, ի՞նչ է պետք քո ընկերներին:
- Պետք է աշխատավայրեր շատ լինեն, որ երեխաները պարտավոր չլինեն աշխատել ծնողների փոխարեն... Ու վերջ: Իսկ ընկերներիս լավ ընտանիքներ են պետք, լավ կրթություն:
- Հասակակիցներդ հնարավոր է կարդան այս հարցազրույցը...
-Ուզում եմ նրանք պիտանի լինեն երկրին, լավ սովորեն: Պաշտպանեն երկիրը, ինչպես իրենց ծնողներին:
- Բարձրագույն կրթություն ստանալուց հետո գյուղու՞մ ես ապրելու:
-Անպայման:
-Ի՞նչն է քեզ ամենից շատ կապում գյուղին:
-Բնությունը:
Երկար զրուցեցինք Մկրտիչի հետ:
Նրա յուրաքանչյուր պատասխան հնչում էր մաքուր հայերենով, կտրուկ եւ հպարտ: Զրույցի վերջում նրան հարցրի երջանկության մասին.
-Ամեն մարդ ունի իր մտածելակերպը երջանկության մասին եւ մարդիկ չեն կարողանում հաճախ իմանալ` ինչից է երջանկանում դիմացի մարդը: Պետք է դրա մասին մտածել,- լուրջ տոնով պատասխանեց տասնամյա զրուցակիցս:
Մեկնաբանել