HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտի պետերի ոչ թափանցիկ ունեցվածքն ու բիզնես կապերը

2018-ի իշխանափոխությունից հետո 12 քրեակատարողական հիմնարկներից 11-ում նոր պետեր նշանակվեցին։ Նրանց մեծ մասը իրավապահ համակարգում նախկին պաշտոններ զբաղեցրած անձինք են։ Data.hetq.am-ի թիմն ուսումնասիրել է բոլոր քրեակատարողական հիմնարկների պետերի գույքի և եկամուտների հայտարարագրերը, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց բիզնես գործունեությունը։

Հիշեցում․ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև բանտի պետերը, աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, հետևապես ամեն տարի պարտավոր են հայտարարագրել իրենց ունեցվածքը։ Նպատակը պաշտոնյաներին հաշվետու դարձնելն է հարկատուների առաջ։ Ունեցվածքը հայտարարագրելու պահանջը վերաբերում է ոչ միայն պաշտոնյաներին, այլ նաև նրանց փոխկապակցված անձանց՝ ընտանիքի անդամներին։

Մինչ ՔԿՀ-ների պետերի ունեցվածքին անդրադառնալը, նախ վերլուծել ենք, թե որքանով են նրանց հայտարարագրերում առկա տվյալները համապարփակ, թափանցիկ և ամբողջական ներկայացված հանրությանը։ Այսպիսով, թափանցիկությունը չափելու համար կիրառել ենք հետևյալ բանաձևը. եկամուտ[1] /դրամական միջոց[2] X 100% = թափանցիկության ցուցիչ (%):

Այսպիսով՝ պարզ է դառնում, թե դրամական միջոցների քանի տոկոսն է գոյացել պաշտոնյայի հայտարարագրած եկամտից, իսկ քանիսի աղբյուրն է անհայտ։

Գնահատման արդյունքում պարզվեց, որ որքան մեծ են ՔԿՀ պետերի ֆինանսական միջոցները, այնքան ցածր է թափանցիկության ցուցիչը։ Օրինակ՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ Մուրադ Դավթյանը 2019թ-ին ունեցել է մոտ 40 մլն դրամ, այնինչ նրա եկամտի միակ աղբյուրը եղել է մոտ 2,5 մլն դրամ աշխատավարձը։ Այսինքն՝ նրա կուտակած ֆինանսների միայն 6 տոկոսի աղբյուրն է հայտնի հանրությանը, հետևապես նրա թափանցիկության ցուցիչը ցածր է։ Նույն տրամաբանությամբ, ամենաքիչ դրամական միջոց հայտարարագրած «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մաղաքյանի ֆինանսական միջոցները 2019թ-ին  կազմել են 2,3 մլն դրամ, իսկ աշխատավարձից գոյացած եկամուտը՝ մոտ 2,5 մլն դրամ։ Նրա ֆինանսական միջոցների 100-ից ավելի տոկոսի աղբյուրը հայտնի է հանրությանը, հետևապես նա  թափանցիկության բարձր ցուցիչ ունի։

Իհարկե, կան պաշտոնյաներ կամ նրանց փոխկապակցված անձինք, ովքեր լիարժեք կերպով չեն հայտարարագրում իրենց ունեցվածքը, բայց դրան կանդրադառնանք ներքևում՝ յուրաքանչյուր բանտի պետի ունեցվածքի մասին առանձին հատվածում։

prison_data_hetq_infographics.jpg (445 KB)

«Հետքը», հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկների պետերի մեծ մասը նորանշանակ է և նախորդ տարիներին հայտարարագրեր չեն լրացրել, պարզաբանման հնարավորություն տվեց նրանց՝ հույս ունենալով, որ հետհեղափոխական պաշտոնյաները կցանկանան լիովին բացահայտել իրենց ունեցվածքի աղբյուրը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջոցով ցածր թափանցիկության ցուցիչ ունեցող 7 բանտի պետերին ուղարկել էինք հարցումներ՝ նշելով նրանց հայտարարագրած դրամական միջոցների և եկամուտների անհամապատասխանության մասին և խնդրել պարզաբանել, թե ինչպես են գոյացել դրամական միջոցները՝ նման ցածր եկամտի պարագայում։

Հարցված 7 ՔԿՀ պետերից 4-ը պատասխանել են, որ հայտարարագրերի վերաբերյալ «նպատակահարմար չեն գտնում լրացուցիչ պարզաբանումներ տալ»։

letters.png (363 KB)

Նրանք բառացիորեն միմյանցից արտագրել են հարցման պատասխանը։ Հաշվետվողականությունից և թափանցիկությունից խուսափող այս պաշտոնյաները մինչ քրեակատարողական հիմնարկի պետ նշանակվելն աշխատել են իրավապահ համակարգում։ Մասնավորապես, «Նուբարաշեն ՔԿՀ» պետ Սամվել Մկրտչյանն աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, «Գորիս ՔԿՀ» պետ Արտակ Ղազարյանը՝ մի քանի այլ քրեակատարողական հիմնարկներում՝ որպես պետի տեղակալ, «Երևան-Կենտրոն ՔԿՀ» պետ Մուրադ Դավթյանը եղել է գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը, իսկ «Կոշ ՔԿՀ» պետի ժ/պ Մանուկ Պողոսյանը՝ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալը։

Նրանցից մեկը՝ «Վարդաշեն ՔԿՀ» պետ Հրաչյա Այվազյանը, որը նախկինում զբաղվել է բիզնես գործունեությամբ, ինչպես նաև «Վիրս-Նոր կյանք» սոցիալական ՀԿ-ի հիմնադիրն է, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի պատասխանել մեր հարցմանը։

Հերթականությամբ կներկայացնենք քրեակատարողական հիմնարկների պետերի և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրած ունեցվածքն ու բիզնես կապերը՝ սկսելով հարցմանը չպատասխանողներից։

Hrachya Ayvazyan.jpg (135 KB)
Հրաչյա Այվազյան, «Վարդաշեն ՔԿՀ»

Հրաչյա Այվազյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019-ի օգոստոսի 14-ին: Մինչ այդ՝ 2016-2017 թվականներին, եղել է Շիրակի կայազորի զինվորական դատախազը։

Այվազյանը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա (TOYOTA COROLLA 1.6 ), իսկ ֆինանսական միջոցները կազմել են 8 մլն դրամ և 12 հազար 500 ԱՄՆ դոլար։

Հրաչյա Այվազյանը հայտարարագրել է իր ֆինանսական միջոցների 70 տոկոսի աղբյուրը՝ նշելով, որ 3 մլն 256 հազար դրամը գոյացել է կենսաթոշակից, իսկ 6 մլն 475 հազարը՝ գույքը վաճառելուց։ Միևնույն ժամանակ, «Վարդաշեն» քրեակատարողականի պետը նախորդ տարիների իր հայտարարագրերում երբևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Մեր հարցը, թե ի՞նչ գույք է նա վաճառել 2019-ին, մնացել է անպատասխան։

Այվազյանը 2010թ.-ից հանդիսանում է «Իրավունք և արդարադատություն» ՍՊԸ-ի 34 տոկոս բաժնետերը։ Այդ ընկերությունը լուծարվել է 2017-ին՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը, սակայն, չի հայտարարագրել իր բաժնեմասը 2016 և 2017թթ.-ին ներկայացրած հայտարարագրերում։ Մեր հարցը, թե ինչու է վերջինս խուսափել բաժնեմասը հայտարարագրել, մնացել է անպատասխան։

Հրաչյա Այվազյանը նաև «Վիրս-Նոր կյանք» սոցիալական ՀԿ-ի հիմնադիրն է, բայց այս կազմակերպության մասին որևէ տվյալ կամ հաշվետվություն տեղադրված չէ ՀՀ պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում։ Մեր հարցը, թե ինչ գործունեություն է ծավալում այս կազմակերպությունը, և ինչու որևէ հաշվետվություն հրապարակված չէ, մնացել է անպատասխան։

Այվազյանն ամուսնացած է, ունի երկու անչափահաս զավակ։ Կինը՝ Աննա Թևոսյանը, 2016 թվականին հայտարարագրել է 15 հազար  ԱՄՆ դոլար, այնինչ ունեցել է միայն 728 հազար դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Murad Davtyan.jpg (202 KB)

Մուրադ Դավթյան, «Երևան-Կենտրոն ՔԿՀ»

Մուրադ Դավթյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ.-ի օգոստոսի 12-ին։ Մինչ այդ՝ 2016-2019թթ.-ին Դավթյանը զբաղեցրել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականի պաշտոնը։

Ըստ 2019 թ. պաշտոնը ստանձնելու տարեկան հայտարարագրի՝ Դավթյանին է պատկանում մեկ բնակարան, մեկ հողամաս և երկու մեքենա (TOYOTA LAND CRUISER 200 4.0 և TOYOTA COROLLA 1.6 )։ Դավթյանի դրամական միջոցները կազմել են 30 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Մուրադ Դավթյանն ամենաշատ ֆինանսական միջոցներ ունեցող ՔԿՀ պետն է, բայց նրա տիրապետած միջոցների միայն 6 տոկոսն է թափանցիկ։ Նա ստացել է 2 մլն 517 հազար 460 դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն։

«Հետքի» հարցին, թե ինչպես են գոյացել վերջինիս հայտարարագրած ֆինանսական միջոցները նման ցածր եկամտի պարագայում, Մուրադ Դավթյանը տվել է հայտնի պատասխանը․ «Նպատակահարմար չեմ գտնում լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել»։

Մուրադ Դավթյանի դուստրը՝ Սուսաննա Դավթյանը, 2016 թ․ սեպտեմբերի 28-ից աշխատում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, այժմ զբաղեցնում է Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատուի պաշտոնը։ Կինը՝ Նունե Գասպարյանը, բժշկուհի է։ Նրանք դեռևս չեն ներկայացրել 2019թ. տարեկան հայտարարագրերը։

Manuk Poghosyan.jpg (147 KB)

Մանուկ Պողոսյան, «Կոշ ՔԿՀ»

Մանուկ Պողոսյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին, Պողոսյանը նշանակվել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ։

Ըստ իր ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ նրա ֆինանսական միջոցները կազմել են մոտ 18 մլն դրամ (ներառում է նաև հայտարարագրած գումարը ԱՄՆ դոլարով և եվրոյով), այնինչ այդ տարվա նրա միակ եկամուտը եղել է 1 մլն 231 հազար դրամ աշխատավարձը։ Այսինքն՝ Մանուկ Պողոսյանի ֆինանսական միջոցների ընդամենը 7 տոկոսն է թափանցիկ հանրության համար։ Մանուկ Պողոսյանը նույնպես «նպատակահարմար չի գտել» պարզաբանում տալ իր ունեցվածքի մասին։

«Կոշ» ՔԿՀ-ի պետի կինը՝ Լիլիթ Ավետիսյանը, 2018-ին հայտարարագրել է 10 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար, այնինչ աշխատավարձից ստացած նրա տարեկան եկամուտը 383 հազար դրամ է։

Artak Ghazaryan.jpg (170 KB)

Արտակ Ղազարյան, «Գորիս ՔԿՀ»

Արտակ Ղազարյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետն է 2019 թվականի սեպտեմբերի 6-ից։

Ըստ 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ նրա ֆինանսական միջոցները կազմել են 13 մլն 220 հազար դրամ (ներառում է նաև հայտարարագրած գումարը ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով), իսկ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 3 մլն 847 հազար դրամ։ Այսպիսով, Ղազարյանի ունեցվածքի ծագման աղբյուրը 29 տոկոսով է թափանցիկ։

Մինչ «Գորիս ՔԿՀ» պետի պաշտոնը զբաղեցնելը՝ 2015-2018-ը, Արտակ Ղազարյանն աշխատել է մի քանի այլ քրեակատարողական հիմնարկներում՝ որպես պետի տեղակալ։

Եկամտի աղբյուրների վերաբերյալ «Հետքի» հարցման պատասխանում Ղազարյանը նշել էր, որ «նպատակահարմար չի գտնում» պարզաբանել, քանի որ հայտարարագիրը ներկայացրել է գործող իրավակարգավորումների պահանջների խստագույն պահպանմամբ։ Ցավոք, «Գորիս ՔԿՀ»-ի պետ Արտակ Ղազարյանը չի պահպանել իր նշած պահանջները, քանի որ 2015 և 2016թթ.-ին չի հայտարարագրել ունեցվածքը։ Առաջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին՝ որպես «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։

Ղազարյանի կինը՝ Լիլիյա Ղազարյանը, 2017 և 2018թթ.-ին հայտարարագրել է 70 հազար ռուսական ռուբլի և 700 հազար դրամ։ 2018-ին նրա եկամուտը կազմել է մոտ 2 մլն դրամ աշխատավարձը։

Samvel Mkrtchyan.jpg (328 KB)

Սամվել Մկրտչյան, «Նուբարաշեն ՔԿՀ»

Սամվել Մկրտչյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետն է։ Պաշտոնը ստանձնել է 2019թ. հուլիսի 25-ին։ Մինչ այդ՝ 2013թ.-ին, Մկրտչյանը կարճ ժամանակով զբաղեցրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի պաշտոնը։ Նույն տարում դուրս է եկել ոստիկանությունից՝ կենսաթոշակի անցնելու պատճառով։

Ըստ 2019  թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ Մկրտչյանին է պատկանում մեկ բնակարան և մեկ հողամաս։ «Նուբարաշենի» պետի դրամական միջոցներն այս տարի կազմել են 1 մլն դրամ և 3000 ԱՄՆ դոլար։ Եկամուտները գոյացել են կենսաթոշակից՝ 812 հազար դրամ և վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 595 հազար դրամ։

Սամվել Մկրտչյանի ունեցվածքը 58 տոկոսով թափանցիկ է․ նրա ֆինանսական միջոցների կեսը գոյացել է հայտարարագրված եկամուտներից, իսկ մյուսը կեսի ծագումն անհայտ է։ Մկրտչյանը նույնպես «նպատակահարմար չի գտնում» պարզաբանել։

Սամվել Մկրտչյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։ Կինը՝ Իզաբելլա Միհրանյանը, դեռ չի հայտարարագրել 2019-ի իր միջոցները։

Arman Melkonyan.jpg (147 KB)

Արման Մելքոնյան, «Արթիկ ՔԿՀ»

Արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թ. օգոստոսի 7-ից։ Մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնը։

2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մելքոնյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, 5 հողակտոր և մեկ մեկուսի ջրային օբյեկտ։

Որպես ֆինանսական միջոց «Արթիկ» քրեակատարողականի պետը հայտարարագրել է 34 մլն 520 հազար ՀՀ դրամ (ներառում է նաև հայտարարագրած գումարն այլ արժույթներով), այնինչ որպես միակ եկամուտ նշել է 1 մլն 49 հազար դրամ աշխատավարձը։ Այսինքն՝ Արման Մելքոնյանի ֆինանսական միջոցների ընդամենը 3 տոկոսի աղբյուրն է հայտնի հանրությանը, իսկ մնացած 97 տոկոսի, ինչպես նաև 8 միավոր անշարժ գույքի ծագման աղբյուրը՝ ոչ։

Ի տարբերություն վերոնշյալ ՔԿՀ պետերի՝ Արման Մելքոնյանը հանգամանալից պատասխանել է «Հետքի» հարցմանը՝ նշելով, որ 34,5 մլն ՀՀ դրամը որպես եկամուտ գոյացել է ձկնաբուծարանից և հողամասերից: «Այժմ ձկնաբուծարանը չի աշխատում՝ ջուր չլինելու պատճառով, իսկ հողամասերի վրա կառուցել եմ ջերմոցներ, զբաղվում եմ գյուղատնտեսությամբ։ Իմ սեփական գյուղմթերքը և բանջարեղենն արտահանում եմ այլ երկիր»,- պատասխանել է «Արթիկ ՔԿՀ»-ի պետը։

Արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանը 2006թ.-ից հանդիսացել է «Մուրադյանի լալա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։ Մինչ այդ ընկերությունը պատկանել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Ռաֆայել Մուրադյանին։

«Մուրադյանի լալա» ընկերությունը լուծարվել է․ 2015թ.-ին այս ընկերության նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ՝ բաժնետեր Արման Մելքոնյանից գումարի բռնագանձման պահանջով, ինչը, սակայն, վերաքննիչ դատարանը վերացրել է։       

Բանտի պետի բիզնես գործունեություն ծավալող կինը ոչինչ չի հայտարարագրել  

Արման Մելքոնյան կինը՝ Դիանա Մելքոնյանը, հրապարակել է 2018թ.-ի տարեկան հայտարարագիրը, որում, սակայն, ունեցվածքի և եկամտի վերաբերյալ տվյալները բացակայում են։

Ըստ ընկերությունների գրանցման էլեկտրոնային ռեգիստրի՝ Դիանա Մելքոնյանը «Գեղարդի ոսկե աքաղաղ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է։ «Գեղարդի ոսկե աքաղաղը» հյուրանոցային համալիր է Գեղարդում, որի նկատմամբ 2018թ.-ին կիրառվել են սահմանափակումներ, իսկ 2019թ.-ին ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Հյուրանոցային համալիրը, սակայն, շարունակում է գործունեություն ծավալել։

«Հետքի» հարցմանը, թե ինչու իր կինը չի հայտարարագրել բաժնեմասը, Արման Մելքոնյանը պատասխանել է․ «Կնոջս պատկանող «Գեղարդի ոսկե աքաղաղ» ՍՊԸ-ն վաղուց նվիրատվել է ազգականիս»։ Նվիրատվության մասին վկայող փաստաթղթեր չկան, քանի որ, ըստ Մելքոնյանի, սնանկության գործի պատճառով գործարք կատարել հնարավոր չէ։  

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի կինը, ըստ ընկերությունների գրանցման էլեկտրոնային ռեգիստրի, նաև «Թրի միրմեյդ բիչ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ըստ հարկային ծառայության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ այս ընկերությունը մատուցում է ռեստորանային ծառայություններ։ Մելքոնյանը, սակայն, վստահեցրեց, որ իր կինը վաղուց ազատված է այդ ընկերության տնօրենի պաշտոնից, քանի որ աշխատում է «մեկ այլ կառույցում»։

Gerasim Gevorgyan.jpg (156 KB)

Գերասիմ Գևորգյան, «Արմավիր ՔԿՀ»

Գերասիմ Գևորգյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ.-ի հուլիսի 25-ին։ 2005-2007 թվականներին զբաղեցրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ 2007-ին անձնական զեկուցագրի համաձայն ազատվել է քրեակատարողական ծառայությունից։

Ըստ պաշտոնը ստանձնելու 2019 թվականի հայտարարագրի՝ Գևորգյանին է պատկանում մեկ բնակարան, 2 մլն ՀՀ դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար։ «Արմավիր» քրեակատարողականի պետը հայտարարագրում որևէ եկամտի աղբյուր չի նշել։

Գերասիմ Գևորգյանը պաշտոնը ստանձնելուց առաջ՝ 2015-2018 թվականներին եղել է «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրենը։ Կոմբինատը պատկանում է գործարար, ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ): Ընկերության մյուս բաժնետերը «Դերժավա-Ս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ստանիսլավ Հովակիմյանն է։

Գերասիմ Գևորգյանի որդին՝ Կամո Գևորգյանը, «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է 2018թ.-ի հունիսից։ Հիշեցնենք, որ այդ ընկերության հիմնադիր-սեփականատերերից էր ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որն այժմ որևէ բաժնեմաս չունի ընկերությունում։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի որդին՝ Կամո Գևորգյանը, հանդիսանում է նաև «Ստրոյմաստեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Գերասիմ Գևորգյանին փոխկապակցված անձինք դեռևս չեն լրացրել տարեկան հայտարարագրեր։ Նրանց ունեցվածքն ու շահաբաժինները հանրությանը պարզ կդառնան տարվա վերջում։

Vahan Margaryan.jpg (148 KB)

Վահան Մարգարյան, «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ» 

Վահան Մարգարյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն է 2018թ.-ի հունվարից։ 2015-2018թթ.-ին Մարգարյանը զբաղեցրել է «Հրազդան» ՔԿՀ պետի պաշտոնը։ Այդ ընթացքում կալանավորները հասցրել են բողոքել Մարգարյանի դեմ՝ նշելով, որ ՔԿՀ պետն իրենց խոշտանգել է, ինչպես նաև ուղղորդել՝ կեղծ ցուցմունքներ տալու ՔԿՀ աշխատակիցների դեմ։ 

2017 թվականին, որպես «Հրազդան» ՔԿՀ պետ, Մարգարյանը հայտարարագրել է 5 մլն դրամ և 75 հազար ԱՄՆ դոլար։ Ըստ նույն հայտարարագրի՝ Մարգարյանի տարեկան եկամուտը կազմել է 4 մլն 394 հազար 890 դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ըստ 2018 թվականի հայտարարագրի՝ Մարգարյանը ձեռք է բերել 5 մլն դրամ արժողությամբ LEXUS LS 460 ավտոմեքենա։ Նրա այդ տարվա դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 75 հազար ԱՄՆ դոլար։ Տարեկան եկամուտը կրկին եղել է մոտ 4,5 մլն դրամ աշխատավարձը։

Վահան Մարգարյանի ունեցվածքի ընդամենը 12 տոկոսի աղբյուրն է թափանցիկ։ «Հետքի» հարցմանը, թե ինչպես է գոյացել ունեցվածքի մնացած 88 տոկոսը, «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը պատասխանել է․ «Հայտարարագրում նշված ֆինանսական միջոցները հանդիսանում են երկարամյա՝ շուրջ 39 տարվա աշխատանքային գործունեությանս (որից շուրջ 10 տարին պետական պաշտոնյա չեմ հանդիսացել), ինչպես նաև հանգուցյալ ծնողներիս (50 և ավել տարիների աշխատանքային ստաժ) կատարած խնայողությունների արդյունք, դրանք խնայվել են մինչև ՔԿՀ պետի պաշտոնը ստանձնելը»։

«Դատապարտյալների հիվանդանոցի» պետի որդին՝ Արսեն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ է։ Վերջինիս 2018 թվականի ֆինանսական միջոցները կազմել են 5 մլն 150 հազար դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար։ Նույն տարում դատախազը ստացել է մոտ 5 մլն դրամի աշխատավարձ, 312 հազար դրամի փոխառություն, ինչպես նաև 3 մլն դրամով վաճառել է MERCEDES-BENZ E 320 ավտոմեքենան՝ ձեռք բերելով 7 մլն 680 հազար դրամ արժողությամբ MERCEDES-BENZ ML 350 մեքենա։ 

Վահան Մարգարյանի կինը՝ Սոֆյա Դավթյանը, 2018թ.-ին գնել, այնուհետև վաճառել է 6 մլն դրամ արժողությամբ LEXUS GX 460։ Նա որևէ եկամուտ չի ստացել, բայց ունի 7 մլն դրամ ֆինանսական միջոց։

Armen Martirosyan.jpg (111 KB)

Արմեն Մարտիրոսյան, «Աբովյան ՔԿՀ»

Արմեն Մարտիրոսյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնում է 2019թ.-ի օգոստոսից։ Մինչ այդ՝ 2016-2019թթ-ին, եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Ըստ պաշտոնատար անձի 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ Մարտիրոսյանի ֆինանսական միջոցները կազմել են 4 մլն 200 հազար դրամ, իսկ այդ տարվա եկամուտը եղել է 3 մլն 906 հազար 250 դրամ աշխատավարձը։ Մարտիրոսյանի ունեցվածքի 93 տոկոսի աղբյուրը հայտնի է հանրությանը։

Արմեն Մարտիրոսյանի կինը՝ Անահիտ Մարկոսյանը, ավելի մեծ կարողություն ունի։ Նա 2017թ.-ին հայտարարագրել է 6 մլն 700 հազար դրամ, որից մոտ 1,5 մլն-ը աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, իսկ 3 մլն-ը՝ Mercedes Benz 200 E մեքենայի վաճառքից գոյացած գումարը։

Արտյոմ Մաղաքյան, «Վանաձոր ՔԿՀ»

Արտյոմ Մաղաքյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Մինչ այդ՝ 2018-2019թթ-ին, եղել է նույն հիմնարկի ծառայության գծով պետի տեղակալը։ Մաղաքյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ավտոտնակ և Toyota Land Cruiser Prado մակնիշի մեքենա։

2019թ.-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մաղաքյանը ներկայացրել է 2 մլն 300 հազար դրամ ֆինանսական միջոց և 500 հազար դրամ հանձնած փոխառություն։ Աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 2 մլն 588 հազար դրամը: 2018թ.-ին Արտյոմ Մաղաքյանի աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4,566,000 դրամ։ Արտյոմ Մաղաքյանի ունեցվածքի 100 տոկոսի աղբյուրը հայտնի է հանրությանը։

Մաղաքյանի կինը՝ Սյուզաննա Մալումյանը, Վանաձորի թիվ 27 դպրոցի փոխտնօրենն է։ Վերջինիս 2018թ.-ի եկամուտը կազմել է մոտ 1,5 մլն դրամ աշխատավարձը։

Արտյոմ Մաղաքյանի որդին՝ Արթուր Մաղաքյանը, 2018-ին հայտարարագրել է 1,7 մլն դրամ եկամուտ, իսկ դուստրը՝ Աննա Մաղաքյանը, 60 հազար դրամ եկամուտ։

Hovik Petrosyan.jpg (121 KB)

Հովիկ Պետրոսյան, «Հրազդան ՔԿՀ»

Հովիկ Պետրոսյանը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետն է 2019թ.-ի սեպտեմբերի 6-ից։ Մինչ այդ՝ 2002 թվականից, տարբեր պաշտոններ է զբաղեցրել մի շարք ՔԿՀ-ներում։

2013 թվականին սեփական նախաձեռնությամբ ազատվել է քրեակատարողական ծառայությունից և անցել ծառայության Պաշտպանության նախարարությունում՝ որպես ծառայության գծով զորամասի հրամանատարի տեղակալ։ Մի քանի տարի անց՝ 2016-ին, նորից անցել է ծառայության քրեակատարողական համակարգում։
Հովիկ Պետրոսյանն առաջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալն էր։

«Հրազդան ՔԿՀ» պետը 2018թ.-ին 13 մլն դրամով վաճառել է իր բնակարանը և 1 մլն դրամով՝ Mercedes Benz C200 մակնիշի մեքենան։ Նույն տարում 3 մլն դրամով ձեռք է բերել Mitsubishi Outlander մակնիշի մեքենա։ 2019թ.-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացրել է բնակարան, այգետնակ եւ Mitsubishi Outlander մակնիշի մեքենա։

Հովիկ Պետրոսյանը հանձնել է 6 մլն դրամի եւ 20 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն։ «Հետքի» հարցին, թե ինչպես է պաշտոնյան այդքան փոխառությամբ գումար կարողացել հանձնել այն դեպքում, երբ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 3 մլն 906 հազար դրամ, Պետրոսյանը պատասխանել է․ «Դրամական միջոցները գոյացել են դեռևս 1990թ.-ից իմ կողմից մինչ օրս աշխատանքային գործունեություն ծավալելու, մինչև 2013 թվականը մշտապես իմ հետ բնակված վաստակաշատ ծնողներիս դրամական խնայողությունների միջոցներից, ինչպես նաև իմ սեփականություն հանդիսացող բնակարանի վաճառքից»,- պատասխանել է «Հրազդան ՔԿՀ» պետը։  

Հովիկ Պետրոսյանի կինը՝ Անահիտ Պողոսյանը, որևէ եկամուտ չունի, բայց 2017 և 2018թթ.-ին հայտարարագրել է 2000 ԱՄՆ դոլար։ Ընտանիքի մյուս անդամները ոչինչ չեն հայտարարագրել։

Gevorg Hovhannisyan.jpg (173 KB)

Գևորգ Հովհաննիսյան, «Սեւան ՔԿՀ»

Գեւորգ Հովհաննիսյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետն է 2019թ.-ի օգոստոսի 6-ից։

Հովհաննիսյանն իր կարիերան սկսել է ոստիկանությունից, մինչև 2009 թվականը մի քանի պաշտոն է զբաղեցրել։

2015 թ.-ից աշխատել է քրեակատարողական ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, բայց առաջին անգամ հայտարարագիր է ներկայացրել այս տարի։

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա ներկայացրել է անհատական բնակելի տուն, 2 մեքենա՝ Chevrolet Lacetti եւ Opel Astra մակնիշների։ Հովհաննիսյանը հայտարարագրել է 15 մլն 208 հազար 800 դրամ (ներառում է նաև հայտարարագրած գումարը եվրոյով) ֆինանսական միջոց: Վերջինիս աշխատավարձը իր ֆինանսական միջոցների ընդամենը 10 տոկոսն է։ Նա հիշատակել է նաև իր ստացած 10 մլն 700 հազար դրամի վարկը։

Բացի ֆինանսական միջոցներից՝ «Հետքը» վերլուծել է նաև, թե ինչ անշարժ գույք ունեն քրեակատարողական հիմնարկների պետերը։ Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք ծանոթանալ, թե քանի միավոր անշարժ գույք են հայտարարագրել ՔԿՀ պետերը։

real estate1.jpg (512 KB)

 

[1] Եկամուտը ներառում է աշխատավարձը, ծառայությունների դիմաց ստացած գումարը, ինչպես նաև գույքի վաճառքից առաջացած միջոցները։

[2] Դրամական միջոցը ներառում է պաշտոնյայի տիրապետած գումարի չափը, ինչպես նաև նրա հանձնած փոխառություններն ու ավանդները։

Մեկնաբանություններ (2)

Հրաչյա Հովհաննիսյան
Հարգելի , Հետք . խմբագրություն , Ձեր կողմից կատարված ուսումնասիրությունները իրավապահ մարմինները պետք է ընդունեն , որպես հաղորդում կատարված հանցագործությունների մասին: Եթե պետ. պաշտոնյան թաքցնում է իր ունեցվածքի ծագման աղբյուրը նշանակում է , որ այն ձեռք է բերվել անօրինական ճանապարհով: Թվարկված բոլոր բանտի պետերը նխկին ռեժիմի ժամանակ կոռուպցիոն ցխեմաներում ներքաշված պաշտոններ ունեցող անձիք են և կլինեն ՀՀ քաղաքացիներ , որոնք տուժել են նրանց թույլ տված անօրինականություններից: Բանտի պետերի կողմից չհայտարարագրված և խորամանկորեն թաքցված այլ գույքերի մասին պատկերը պարզ կդառնա , եթե հայտնաբերվեն այն ՀՀ քաղաքացիները , որոնք տուժել են բանտի պետերի նախկին պաշտոններում կատարած անօրինականույուններից , իսկ այդպիսինները կան , մասնավորապես ԴԱՀԿ ծառայության կողմից տուժածները: Հակառակ դեպքում պետք է արձանագրել , որ կոռուպցիան անպարտ է , թող ժողովուրդը հեղափոխություն անի , իսկ մենք մերը կշարունակենք
Թուման Հովհաննիսյան
> Գնահատման արդյունքում պարզվեց, որ որքան մեծ են ՔԿՀ պետերի ֆինանսական միջոցները, այնքան ցածր է թափանցիկության ցուցիչը։ Սա զրո արժեք ունեցող եզրակազություն է, քանի որ այն բխում է թափանցիկության ցուցիչի սահմանումից (առանց գնահատում իրականացնելու որևէ անհրաժեշտության)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter