HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերմինե Նաղդալյանի ՍՊԸ-ի՝ 1.5 մլն դոլարով հիմնանորոգած ճանապարհը 1 տարի անց քանդվել է

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից դեպի Եղիպատրուշ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում նորմալ ասֆալտապատ է: 2 կիլոմետր է մնացել, որ հասնենք Եղիպատրուշ, մեքենայի ընթացքը հարկադրված դանդաղեցրինք, որպեսզի չվնասենք մեքենան: 2 տարի առաջ հիմնանորոգված ասֆալտապատ ճանապարհը սկզբում տեղ-տեղ, ապա ամբողջությամբ քանդված է:

Եղիպատրուշ գյուղում տեղյակ էին, որ լրագրողներ են գալու և գյուղի տղամարդկանց մի մասը՝ մի քանի տասնյակ, հավաքվել էին քանդված ճանապարհահատվածում: Զրույցից հետո խմբով ցույց են տալիս քանդված և ճաքճքված ճանապարհը, պատմում, թե ով, երբ և ինչ  աշխատանք է կատարել, ինչի հետևանքով գյուղի հիմնանորոգված ճանապարհը սկսել է քանդվել:

Այսպես, 2016 թ-ին Տրանսպորտի և կապի նախարարությունը «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի հետ կնքել է Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր: Նույն տարում էլ սկսվել է հողային աշխատանքները, իսկ 2017 թ.-ին` բուն ասֆալտապատումը: 2018 թ.-ին ճանապարհը սկսվել է քանդվել: Այս տարի նույն ընկերությունը փորձել է փոսալցումներ կատարել, սակայն գյուղացիները թույլ չեն տվել և պահանջել են հիմնանորոգում, կապալառուն հրաժարվել է: 

Եղիպատրուշի վարչական ղեկավար Մարզպետ Գրիգորյանը պատմեց, որ 2018 թ.-ին ճանապարհի 1 կմ հատվածը նստվածք է տվել: Գյուղացիներից Գևորգ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ կապալառուի նպատակն է՝ փոսալցումներ կատարել և վերջ, ոչ մի խոսքակցություն չկա հիմնանորոգման մասին:

«Փոսային լցումները չի արդարացնելու, մեկ ամիս հետո նորից նույն ձև է լինելու: Ժողովրդի արդարացի պահանջն է, որ հիմնովին մինչև Քուչակ սարքեն: 700 մլն դրամ փող են դուրս գրել, թող պարզեն՝ ո՞վ է ծախսել, ո՞ւմ գրպանն է գնացել, թող բերի սարքի: Գյուղապետը շատ փափուկ է ներկայացնում: Նախագծով ոչ մի բան արված չի: Ո՞վ է եղել ղեկավարը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, թուրը աջ ու ձախ կտրում էր»,- զայրացած ասաց Գևորգ Խաչատրյանը:

Արտակ Շահբազյանն էլ հավելեց, որ կսզբում խոստացել էին հիմնանորոգում կատարել, բայց հետո հրաժարվեցին և ցանկացան փոսալցում կատարել, որին դեմ են գյուղացիները:

Ճանապարհաշինության ժամանակ գյուղից նույնպես անձնակազմ է ներգրավվել: Նրանց թվում էր Նորիկ Մաթևոսյանը: Վերջինս պատմեց, որ Եղիպատրուշ գյուղի սկզբնամասում էին իրենք աշխատում, սակայն կապալառուն դաշտերի միջով շրջանցիկ ժամանակավոր ճանապարհ անցկացրեց, որպեսզի հիմնական ճանապարհը արագ նորոգի: Հենց այդ ընթացքում է, որ նորմալ ավազակոպճային շերտ չի լցվել, տեղ-տեղ ընդհանրապես չի լցվել, և հողի վրա ասֆալտապատում են կատարել:

«Սիսիանի բուատ» ՍՊԸ-ն և 1.5 միլիոն դոլար գումարը

Ճանապարհաշինական «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի 100% բաժնետմսերը մինչև 2016 թվականը պատկանել է ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Դրանից հետո ամբողջ բաժնետոմսերն անցել են սկզբում Անահիտ Ադամյանին, իսկ 2018 թ.-ին` Կամո Գևորգյանին: Գևորգյանը վերջերս «Արմավիր» ՔԿՀ-ի պետ նշանակված Գերասիմ Գևորգյանի որդին է:

Քուչակ-Եղիպատրուշ գյուղերը կապող ճանապարհի հիմնանորոգման պայմանագիրը կնքվել է 2016 թ.-ի հուլիսին և արժեցել է 689 միլիոն 855 հազար դրամ: 2017 թ.-ի հոկտեմբերին կնքվել է «Թիվ 3 համաձայնագիր»-ը, որով պայմանագրի գինը ավելացվել է և դարձել 738 միլիոն 281 հազար դրամ: Կամո Գևորգյանի կողմից «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը գնելու դրությամբ՝ 2018 թ.-ի հունիս ամսին, հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են եղել: Նոր բաժնետերն այնքանով է պատասխանատու ճանապարհի համար, որքանով նախատեսված է երաշխիքային սպասարկման համար:

Հանձնարարականը կապալառուն չի կատարում

Գյուղացիների դժգոհությունը նամակի տեսքով փոխանցվել է կառավարությանը, որին պատասխանել է կապի և տրանսպորտի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Ամիրխանյանը: Համաձայն պատասխանի՝ մայսի 30-ին նախարարության, Արագածոտնի մարզպետարանի, Ապարանի համայնքապետարանի, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի, «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից խնդիրն ուսումնասիրվել է:

«Պարզվել է՝

  1. ճանապարհահատվածի ծածկին առկա է որոշակի թերություններ, իսկ կմ6+000-կմ7+000 հատվածում՝ հիմքի և ծածկի խնդիրներ,
  2. Ճանապարհի կողային առուները մաքրման կարիք ունեն, և Եղիպատրուշ համայնքի տարածքում առկա են ջրահեռացման համակարգի որոշակի խնդիրներ,
  3. Ճանապարհային նշանները պետք է լրացվեն և հիմքով ամրացվեն»:

Նախարարության պաշտոնյան նաև հայտնել է, որ հանձնարարվել է «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ին վերացնել նշված թերությունները՝ մինչ այդ էլ անհրաժեշտ է իրականցնել ճանապարհի ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ:

Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արկադի Կարապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ ճանապարհի կառուցման ժամանակ Եղիպատրուշ համայնքը դեռ խոշորացված չէր, իսկ կառուցումից հետո մտել է Ապարան խոշորացված համայնքի կազմի մեջ: Այդ ժամանակ կապալառուն Ապարան համայնքին է ներկայացրել կատարողական ակտը, սակայն համայնքի աշխատակազմում տեսել են, որ ճանապարի վրա թերություններ կան՝ հրաժարվել են ստորագրել հանձնման ընդունման ակտը: 

«Չգիտեմ ինչ-ինչ հանգամանքերով իրենք տարել են, մեր ներկայացուցչի անունը հանել են հանձնաժողովի կազմից և ընդունումը-հանձնում են արել արդեն նախարարությունում, որքանով ես եմ տեղյակ: Դրանից հետո 1.5 տարի է անցել, և ակնհայտ երևում է, թե ինչ խնդիրներ կան»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալը:

Հարցին՝ կապալառուն ի՞նչ է ասում, երբ նրանից պահանջում եք, որ հիմնանորոգում կատարի, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «Այս փոսերը իրենք փորել են 2 ամիս առաջ, դրանից հետո չգիտեմ ուր են գնացել: Դրա հետևանքով խնդիրները քիչ-քիչ ավելանում են: Երեկ եկել էին, որ նորից փոսալցում կատարեին, մեր ժողովուրդը չէր թողել, ես էլ եմ խոսել կապալառուի հետ: Իրենք ասում են՝ 1 կմ հատվածը փոսալցում կատարեն, դրանից հետո 1 շերտ վրայից ասֆալտապատում անեն, բայց դա հարցին լուծում չի տալիս»: 

Կապալառուի հետ խոսել մեզ չհաջողվեց, քանի որ նաև համայնքի ղեկավարի տեղակալն ու Եղիպատրուշ բնակավայրի վարչական ղեկավարը չունեին կենտակտային տվյալներ:

Հ.Գ. Կարեղ ենք արձանագրել, որ «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ն Հերմինե Նաղդալյանի կողմից վաճառելուց հետո ճանապարհի քայքայման պատասխանատվությունը կրում է ընկերության նոր բաժնետերը: Սակայն ինչպես գյուղացիներն էին պատմում, Հերմինե Նաղդալյանի տիրապետման ժամանակ ընկերությունում աշխատած ղեկավար կազմի ներկայացուցիչները նոր բաժնետիրոջ հետ հաճախ են լինում ճանապարհին: Այսինքն, նրանք նույնպես դեռ չմարված հաշիվներ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter