HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրում եմ Ազգային միացյալ կուսակցության ստեղծման 50-ամյակին

Ռազմիկ Մարկոսյանը վաղը կդառնա 70 տարեկան։

Հատված Ռազմիկ Մարկոսյանի չհրատարակված գրքից

Անվտանգության ծառայությունը ամրան է ցանկացած պետական կառույցի համար: Իր կարևորությամբ այն առնվազն չի զիջում երկրի զինված ուժերին: Ներքին և արտաքին թշնամու դեմ երկրի պատրաստականությունն առաջնահերթ լինելուց բացի, նաև շնորհակալ գործ է: Դա այդպես չէ, սակայն, ամբողջատիրական պետությունում, որի սահմաններից ներս կառուցողական այլակարծությունը կարող է դիտվել որպես դավադրական ոտնձգություն, որտեղ ցանկացած օրինաչափ, բայց այլ դատողություն կարող է դատապարտվել օրենքի ողջ խստությամբ: Իսկ հակադարձման օրենքը քաղաքականության մեջ գործում է ամբողջ ուժով: Հենց այդ ուժով էլ Խորհրդային Միությունն իր ներսում ծնունդ տվեց այլախոհությանը` իր պոտենցիալ լավագույն քաղաքացիներից ակամա ձևավորելով աշխարհի քաղաքականապես ակտիվ ու հասուն շրջանակներին մշտապես հետաքրքրող սովետական այլախոհներին:

Մուտք

ԽՍՀՄ այլախոհությունը ԽՍՀՄ տարիքն ունի: Որպես քաղաքական ուրույն հայացք ունեցողներ` երկրի քաղաքական կուրսի մատուցած «օրապահիկը» առանց ծամելու կուլ չտվողները, միակ քաղաքական կուսակցության «անշեղորեն» իրագործելու ենթակա որոշումները վերլուծող-մեկնաբանողները, ամենասկզբում տարրալուծվեցին քաղաքական դաշտում նկրտումներ ունեցող, հստակ շահ հետապնդող  հակահեղափոխական խմբավորումների մեջ, ապա աքսորվեցին ու իրենց ֆիզիկական կամ մտավոր մահկանացուն կնքեցին ստալինյան մահվան ճամբարներում, հետո իրենց կյանքը կամ ներուժը տվեցին երկրորդ աշխարհամարտին, և միայն խռուշչովյան «ձնհալից» հետո, երբ զանգվածային մտքի կապանքները թուլացան, այլախոհները սկսեցին նմանվել իրենք իրենց, դրսևորել իրենց «բնածին» հատկանիշները: Դա 20-րդ դարի հայտնի 60-ական թվականների շրջանն էր, որ պատմության մեջ ավելին է, քան տասը տարին, և ոչ միայն այն պատճառով, որ հասարակական-քաղաքական իմաստով ներառում է 50-ականների վերջին և 70-ականների առաջին տարիները. այն խորհրդանշում է նոր մտածողություն, ոճի ու խղճի ազատություն, կարծրատիպերի կոտրում:

Քաղաքակրթության ու պատերազմների ստեղծած կեղծ ու հոռի բարքերից ազատ հասարակության ձևավորման միտումները 50-ականների վերջից ուսանողական շարժումների տեսքով սկիզբ առան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու տարածվեցին: Ազատական շունչը գրավել էր ամբողջ կապիտալիստական աշխարհը: Արժեքային հեղափոխությունը հասարակական հնոտիքն այրող կրակի պես տարածվում էր:

Նախորդ սերնդի ընտրած՝ նյութական արժեքներին գերապատվություն տալու ապրելաոճը, որ հատուկ է հետպատերազմական սերնդի հոգեբանությանը, հակազդեցություն առաջ բերեց նրանց որդիների սերնդում: Սկսվեց վերարժևորման դարաշրջանը: Մարդն իրեն ազատում էր նյութականի կցորդը լինելու մտայնությունից, իսկ նյութականից ազատ միտքն իր հետ բերում էր ավելի լայն սպեկտրի ազատություններ: Արևելքում ամենուր սկսեցին ծավալվել ֆեմինիստական, բնապահպանական, խաղաղասիրական (հիմնականում՝ Վիետնամի պատերազմի ու ատոմային ռումբի գործածության դեմ) շարժումներ: Առաջին պլան մղվեցին ոչ նյութական արժեքներն ու մշակույթը. ռոք խմբերն ու նրանց երկրպագուները ճիչով ու աղմուկով քանդում էին իրենց ներսի կապանքները ու իրենց հայտարարում մտքի հեղափոխական:

Այսպես, ուսանողական շարժումներից սկիզբ առավ ու տարածվեց նոր աշխարհը: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ ԱՄՆ-ում ստեղծվեց «ծաղիկների երեխաների»՝ հիպիների ենթամշակույթը, որի հիմքում կյանքի բնական գույներն էին ու մարդուն տրված ամենամեծ պարգևը՝ ազատությունը: Քաղաքական աշխարհից նրանց հիմնական պահանջը պատերազմներն ու բռնությունները  դադարեցնելն էր: Հետագայում այս շարժումը մարեց, բայց ամենևին ոչ անհետևանք: Ամենաանզիջում հակառակորդների մեջ անգամ այն իր հետքը թողեց՝ կյանքի, բնության հետ համերաշխ ապրելու ձգտումը:

Մտքի ազատագրման ու ամեն տեսակ բռնությունների դեմ ծավալվող ալիքը հասավ սոցիալիստական երկրներ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան, այնտեղից էլ խորհրդային տարածք: Պայքարը դրսևորվում էր հիմնականում ուսանողական շարժումների, հանրահավաքների տեսքով, և ճնշվեց խորհրդային տանկերի տակ: Կոպիտ ուժի կիրառման դեմ բողոքը շատերն իրենց կյանքի գնով արտահայտեցին: Չեխիայում ինքնահրկիզվեց Յան Պալախը, Վիլնյուսում` Ռոմաս Քալանթան, Կիևում` Վասիլ Մակուխը և ուրիշներ: Այնուամենայնիվ, 60-ականների ուսանողական շարժումներն այստեղ էլ փոխեցին արժեքային համակարգը: Դա մշակութային հեղափոխություն էր: Այդ շարժումների կենտրոնում մարդն էր՝ իր կենսական տարածքով, որը չի ենթադրում ու չպիտի հանդուրժի որևէ կոպիտ ներխուժում:

Դժվար է ասել՝ եթե Ստալինը ողջ լիներ, ԱՄՆ-ից դեպի Եվրոպա և Ասիա տարածվող 60-ականների շաժումը կկարողանա՞ր մուտք գործել Խորհրդային Միություն, բայց հետաքրքիր զուգադիպությամբ ԽՍՀՄ-ում այն համընկավ խռուշչովյան «ձնհալի» տարիներին, երբ վերանայվում էր ստալինյան անցյալը: 1956-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ 20-րդ, պատմական համագումարը, որտեղ Նիկիտա Խրուշչովն առաջին անգամ բարձրաձայն խոսեց ստալինյան անձի պաշտամունքի մասին, հրապարակվեց պետական տեռորի հետևանքների «ամփոփագիրը»: Համագումարից հետո պետականորեն արդարացվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն բռնադատվածներ: Իհարկե, երկրում կատարված փոփոխություններն ընդամենը կանխեցին բռնապետական ճգնաժամը, ինչն ինքնին պատմական իրադարձություն էր: Բայց «ձնհալից» հետո եղավ այն, ինչ լինում է. հալոցքն ի ցույց դրեց ձյան տակ քողարկված ամբողջ աղբը: Երկրով մեկ անհանգիստ շարժումներ ծավալվեցին: Բացված փոքրիկ օդանցքը քաղաքական մաքուր օդի հետ մեկտեղ բերեց խորհրդային հանրապետությունների ամենաբազմազան տեղական` ոչ միութենական խնդիրների վերհանում: Պահանջները նույնքան տարբեր էին, որքան խորհրդային մանգաղով համահավասարեցված ազգություններն` իրենց իրական պատմությամբ ու խնդիրներով: Այն «եղբայր» ժողովուրդը, որի ամենահեռավոր նախնին դեռ ողջ էր ու ԽՍՀՄ քաղաքացիություն ուներ, չէր կարող ընդհանուր կաթսայի մեջ եփվել, նույնացվել ու մինչև անգամ պայման ստեղծողներից մեկը լինել այնպիսի հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող մի ժողովրդի համար, ինչպիսին հայերն էին: Համահավասարեցման բերած անարդարություններն իրենց զգալ էին տալիս ամեն ասպարեզում: Եվ ահա, լեզվական, սոցիալական, էկոլոգիական խնդիրների կողքին Հայաստանն առաջ քաշեց 1915-ի ցեղասպանության, իր պատմական հայրենիքի կորուսյալ հատվածի խնդիրը:

Լուսանկարը՝ pametnaroda.cz–ի

Տես նաեւ՝ Ազգային միացյալ կուսակցություն - 1974թ․ Ազատ Արշակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռազմիկ Մարկոսյան

Մեկնաբանություններ (1)

Հովհաննես Թաքուկյան
Ռազմիկ Մարկոսյանն իմ ճանաչած ԱՄԵՆԱՆՎԻՐՅԱԼ ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ մեկն է,որն անկախ իր տարած աննկարագրելի տառապանքներից,ԵՐԲԵՔ ՉԾԱԽՎԵՑ ոչ մի առումով,մնալով ԶՈՒԼԱԼ ՈՒ ՊԱՅԾԱՌ․․․Երկար տարիների կյանք քեզ Ռազմիկ ջան․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter