HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն - 1974թ․ Ազատ Արշակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռազմիկ Մարկոսյան

սկիզբը

(հատված 2-րդ)

Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյանը ծնվել է 1950 թ., Երեւան քաղաքում: Սարի թաղում վարձած նրա բնակարանում է կազմակերպվել ընդհատակյա տպարանը: Ակտիվորեն մասնակցել է թռուցիկների տպագրման ու տարածման աշխատանքներին: Համախոհներից մեկի` Սմբատ Ավագյանի հետ 1974թ. հունվարի 20-ի երեկոյան` Լենինի մահվան նախօրյակին իրականացրել է Լենինի անվան (Հանրապետության) հրապարակում տեղադրված Լենինի մեծադիր նկարի հրկիզումը: Սմբատ Ավագյանն, ըստ նախապես մշակված ծրագրի, կարողացել է փախչել ու թաքնվել, իսկ Ռազմիկ Զոհրաբյանը չի հասցրել թաքնվել ու ձերբակալվել է նկարն այրելուց անմիջապես հետո: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա), 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների  կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը ), 96 հոդվածի 2-րդ մասով (ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելը) և 213 հոդվածի 3-րդ մասով (Փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը): Նախաքննության փուլում, նպատակ ունենալով քննությունից թաքցնել իր հետ Լենինի նկարն այրող ԱՄԿ երկրորդ անդամի ինքնությունը, Զոհրաբյանը մի երկար շրջան ցուցմունքներ չի տվել:

Միայն այն ժամանակ, երբ ՊԱԿ-ի մեկուսարանում հաստատված գաղտնի գրագրության շնորհիվ տեղեկացել է, որ Ազատ Արշակյանը՝ չկալանավորված Ամբատ Ավագյանի հետքը կորցնելու նպատակով պատրաստ է ընդունել, թե, իբր, երկրորդ մասնակիցն ինքն է, Զոհրաբյանն սկսել է ցուցմունքներ տալ: Դատապարտվել է յոթ տարի ազատազրկման եւ երեք տարի աքսորի: Պատիժը կրել է սկզբում` Մորդովիայի, ապա` Պերմի մարզի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերում: Ներման խնդրագիր գրելու առաջարկները կտրականապես մերժել է: Կալանավայրում դրսեւորել է ըմբոստ վարքագիծ, ինչի հետեւանքով նրա ռեժիմն է՛լ ավելի է խստացվել, եւ Զոհրաբյանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ: Յոթնամյա ազատազրկումից հետո երեք տարով Իրկուտսկի մարզ է աքսորվել: Ողջ պատժաչափը կրելուց հետո` 1984-ին վերադարձել է Երեւան: 1991 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: 2002-2007 թթ. աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական: 2007 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է: Ներկայումս չի աշխատում։

Ռազմիկ Գրիգորի Մարկոսյանը ծնվել է 1949 թ., Երեւան քաղաքում: Մինչեւ ձերբակալվելը սովորել է Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի առաջին կուրսում: Ակտիվ մասնակցություն է ունեցել 1973թ. ԱՄԿ-ի  կազմակերպած` տեսանելի վայրերում անկախության մասին կոչեր գրելու, գաղտնի տպարանի կազմակերպման, թռուցիկների տպագրման ու տարածման աշխատանքներին: Կալանավորվել է 1974-ի հունիսին: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա), 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը) եւ 213 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով (Փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը): Դատապարտվել  է չորս տարի ազատազրկման եւ երկու տարի աքսորի: Պատիժը կրել է սկզբում` Մորդովիայի, ապա` Պերմի մարզի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Կալանավայրում դրսեւորել է ըմբոստ վարքագիծ:

Ազատազրկման  ավարտից հետո  աքսորվել է Ղազախստանի Ցելինոգրադի մարզ: Պատժաչափը շուտով պետք է ավարտվեր, եւ նրան, իբր, աքսորավայրի տարածքն ինքնակամ լքելու, այսինքն` փախուստի համար Ղազախական ԽՍՀ քր. օր-ի 198 հոդվածով եւ Ղազախական ԽՍՀ քր. օր 170 -1 հոդվածի հատկանիշներով, որը համապատասխանում էր Հայկական ԽՍՀ քր. օր-ի 206-1 հոդվածին (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) նոր շինծու մեղադրանքներով կալանավորում են: Զրպարտության հոդվածով ներկայացված մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել Ռազմիկ Մարկոսյանի կողմից դեռեւս 1977-78 թթ. կալանավայրից ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահություն եւ ԽՍՀՄ գլխավոր դատախազություն գրված դիմումները, որոնք կալանավայրում գրաքննվել էին, եւ ըստ այդ գրաքննության`դրանք իրենց մեջ սովետական, պետական ու հասարակական կարգերն արատավորող հերյուրանքներ պարունակել չէին կարող, հակառակ դեպքում` ժամանակին նույն գրաքննիչները դրանք կառգրավեին: 1980 թ. «փախուստի» համար նրան դատապարտում են երկու, իսկ զրպարտության համար` երեք տարի ազատազրկման: Ընդհանուր հաշվով` նա կրկին պետք է ազատազրկված մնար երեք տարի: Մարկոսյանն այս դատավճիռը բողոքարկում է, եւ նրա բողոքի արդյունքում «փախուստ» նախատեսող 198 հոդվածով վճիռը բեկանվում է, գործը կարճվում է հանցակազմի  բացակայության կապակցությամբ, իսկ զրպարտության համար դատապարտվում է մեկ տարի ազատազրկման: Այս մեկ տարին քրեական կալանավորների համար նախատեսված կալանավայրում կրելուց հետո Ռազմիկ Մարկոսյանը 1981 թ. ապրիլին ազատ է արձակվում եւ վերադառնում է Հայաստան:

Ազատ արձակվելուց հետո մշտական կապ է պահպանել թե՛ հայ, թե՛ օտար այլախոհական շրջանակների հետ: 1987-ին մասնակցել է Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) հիմնադրմանը: Ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին: «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկն է: 2000 թվականից հրավիրվել է աշխատանքի ՀՀ կառավարությունում, որպես կրոնի գործերով պետական խորհրդի նախագահ, իսկ 2002 թվականից` որպես ՀՀ վարչապետի խորհրդական:

Ներկայումս չի աշխատում։ Ապրում է Երեւանում։ Զբաղվում է հրապարակախոսությամբ:

Գործով կայացված դատավճիռը

(Դատավճիռն  առանց ԱԱԾ-ի  կողմից արված ջնջումների  ենք ներկայացնում: Տեքստն ամբողջական է, որովհետեւ ստացել ենք ոչ թե ԱԱԾ-ից, այլ վերցրել ենք մեր անձնական արխիվից: Այս դատավճիռը նաեւ հիմք է հանդիսացել 1974 թ. կայացված հարակից մի քանի դատավճիռներ վերականգնելու համար):

                                                                                                                                                        Գործ նո. 136

                                                                                                                                                                1974 թ.

ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

1974թ. հոկտեմբերի 23-ին

ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՍԲ`      Ա.Ս.Եղիազարյան

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`    1.Վ.Մ.ԱԱՐԳԱՅԱՆԻ

2.Ն.Ի.ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ

ՔԱՐՏՈւՂԱՐՈւԹՅԱԱԲ` Ն.ԳԱԼՍՏՅԱՆԻ

Մասնակցությամբ    պետական մեղադրող

ԴԱՏԱԽԱԶ`       Գ.ՂԱՍԲԱՐՅԱՆԻ

ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ`                    ---

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրական գործը ըստ մեղադրանքի ԱԶԱՏ ԼԵՎԻԿԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ, ծնվել է 1950թ. Երեւան քաղաքում: ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած,  խնամքին ոչ ոք: 1974թ. մարտի 5-ին դատապարտվել է Երեւանի Լենինյան շրջժողդատարանի կողմից քր. օրի 207 հոդ. երկու տարի ազատազրկման: Աշխատել է Երեւանի ավտոդողերի գործարանում որպես փականագործ: Սովետական բանակում ծառայել է, զորացրվել է հիվանդության պատճառով, մշտապես բնակվում է Երեւան, Ներքին Շենգավիթ, առաջին փողոց տուն նո. 47, կառավարական պարգեւներ չունի, սույն գործով կալանքի տակ է 1974թ. ապրիլի 9-ից:

Ազատ Արշակյանը մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդ., 96 հոդ., 2-րդ մասով եւ 231 հոդվածով: Առաջադրված մեղադրանքում, իրեն մեղավոր չճանաչեց:

ՌԱԶՄԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ, ծնվել է 1950թ. Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի,  ազգությամբ հայ, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, աշխատել է էլեկտրոտեխնիկական գործարանում որպես փականագործ կարգավորող, սովետական բանակում ծառայել է, կառավարական պարգեւներ չունի, մշտապես գրանցված է Երեւանի Օրջոնոկիձեի պողոտա 20, բն. 8, սակայն փաստորեն բնակվել է Սարի-թաղ 7-րղ փողոց տուն 52-ում, սույն գործով արգելանքի է վերցվել 1974թ. հունվարի 20-ին, դատախազի կողմից կալանքը թույլատրվել է ս/թ հունվարի 24-ից:

Ռազմիկ Զոհրաբյանը մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդ. 96 հոդ. 2-րդ մասով և 213 հոդ. 3-րդ մասով: Մեղավոր չճանաչեց:

ՌՍԶՄԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ծնվել է 1949թ. Երեւան քաղաքում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, Սովետական բանակում ծառայել է, կառավարական պարգեւներ չունի, ամուրի, խնամքին ոչ ոք, սովորել է Երեւանի հայկական մանկավարժական  ինստիտուտի առաջին կուրսում (կուլտուրայի ֆակուլտետում) նախկինում չդատված, աշխատել է պետական համալսարանում որպես մեխանիկ, մշտապես բնակվել է Երեւան Օրջոնոկիձեի պողոտա 4-րդ փակուղի, տուն 13, սույն գործով կալանքի տակ է 1974թ. հունիսի 19-ից:

Ռազմիկ Մարկոսյանը մեղադրվում է ՀՍՍՀ քր. օր-ի 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդ. 213 հոդ. 1-ին եւ 3-րդ մասերով: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:

Դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, փորձագետների եզրակացություններով,  գործին կցված բազմաթիվ իրեղեն ապացույցներով, ինչպես նաեւ իրենց`ամբաստանյալի նախաքննության ու դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով, Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

«Դեռ 1967թ. Ստեփան Զատիկյանը, Աշոտ Խաչատրյանը, Աշոտ Նավասարդյանը, Շահեն Հարությունյանը եւ մի քանի անհատներ, որոնք տարբեր ժամանակներում Գերագույն դատարանի կողմից դատապարտվել են հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա անելու, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպություն ստեղծելու համար, պարբերաբար ընթերցել են արտասահմանում գործող դաշնակցություն կուսակցության կողմից հրատարակված, զուտ ազգայնական կրքեր բորբոքող, հակասովետական  տրամադրություններ առաջացնող հոդվածներ, սկսել են համակվել բովանդակությամբ միայն ազգայնական ոգով եւ լինելով քաղաքականապես անպատրաստ, այդ կարգի հարցերի ճիշտ ըմբռնման համար ոչ հասունացած, կազմակերպել են «Շանթ» կոչվող գաղտնի խմբակը եւ իրենց դատապարտելի ու քրեականորեն պատժելի գործողություններով սկսել են ոտնձգել Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների միության անխախտության, ժոդովուրդների բարեկամության ու նրանց իրավահավասար ու ինտերնացիոնալ շահերի դեմ:

Նույն, 1967թ. գործով ամբաստանյալ Ազատ Արշակյանը ընդգրկվելով այդ «Շանթ» գաղտնի խմբակը, ոչ միայն կատարել է Զատիկյանի եւ մյուսների տված բոլոր հանձնարարությունները, այլեւ դառել է այդ խմբի ղեկավարներից մեկը ու Երեւան քաղաքում   ակտիվ գործունեություն է ծավալել, ինչպես մեր կարգերը արատավորող հակասովետական բնույթի թռուցիկներ տարածելու գործում, այնպես էլ անկայուն, դեռ գիտակցության չեկած աշակերտներին «Շանթ» խմբակում ներգրավելու ուղղությամբ:

Այսպես` Ազատ Արշակյանը «Շանթ» գաղտնի խմբակում ներգրավել է արդեն իսկ մեկ այլ գործով դատապարտված Հակոբ Աշիկյանին վկաներ` Թելման Մելոյանին Վարդան Մկրտչյանին եւ ուրիշներն ու գաղտնի հավաքույթների ժամանակ նրանց ընթերցել է ազգային կրքեր բորբոքող գրականություն եւ Զատիկյանի կողմից գած «Փարոս» թերթը, որը իր ամբողջ էությամբ լրիվ հակասովետական է, որտեղ մարքս-լենինյան ուսմունքը համարվում է «բոլոր դավանանքներից ամենաստորը աշխարհը ստրկացնելու, կողոպտելու, ազգերը ոչնչացնելու միջոց» եւ այլ հերյուրանքներ (հ. 6 գթ. 13-14):

Իր այդ հանցավոր արարքների համար 1967թ. մայիսի 5-ին ամբաստանյալ Ազատ Արշակյանը կանչվել է ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտե եւ գրավոր նախազգուշացվել է նման գաղտնի գործունեությամբ զբաղվելու համար:

Վերը շարադրվածը հաստատված է ամբաստանյալ Ազատ Արշակյանի լրիվ հանձնառումով, նրա կողմից ՊԱԿ-ին տված գրավոր նախազգուշացումով (գ.1. գթ. 53) վկաներ  Զատիկյանի, Մելոյանի, Մկրտչյանի ցուցմունքներով եւ գործին կցված 1970թ. փետրվարի 23-ի դատավճռով (հ.6., գթ. 242-257) եւ դատաքննության ժամանակ հրապարակված վկա Պարույր Հայրիկյանի ցուցմունքներով:

«Շանթ» գաղտնի խմբակը պետական անվտանգության կոմիտեի կողմից բացահայտվելուց հետո, Ստեփան Զատիկյանը, Պարույր Հայրիկյանը եւ ապա հակառակ իր գրավոր խոստմանը Ազատ Արշակյանը, «Ազգային միացյալ կուսակցություն» (ԱՄԿ) անվան տակ ստեղծել են գաղտնի հակասովետական կազմակերպություն, որի ծրագիրը, կանոնադրությունը եւ երդումը կազմվել է Զատիկյանի, իսկ մշակվել է մյուսների հետ նաև Հայրիկյանի կողմից ու բոլորը միասին ձեռնամուխ են եղել ակտիվ, հակասովետական գործունեության:

«Ազգային միացյալ կուսակցություն» ծրագիրը, կանոնադրությունը եւ երդումը իրենց մեջ պարունակում են զրպարտչական մտքեր այն մասին, որ իբր Սովետական Հայաստանը «գտնվում է Ռուսաստանի ստրկատիրական գերիշխանության տակ» կոչ է արվում «անողոք պայքար ծավալել Մոսկովյան գերիշխանության դեմ, ստեղծելով ազատ ու անկախ Հայաստան» եւ այլ հերյուրանքներ:

Որպեսզի այդ հակասովետական կազմակերպությունը «Շանթ» խմբակի նման չբացահայտվի, գաղտնի հավաքույթների ժամանակ Ազատ Արշակյանը եւ մյուսները որոշել են այդ գաղտնի կազմակերպությանը կից ստեղծել խմբակներ եւ միմյանց հետ կապ պահպանել խմբակների ղեկավարների միջոցով: Ամբաստանյալ Ազատ Արշակյանը այդ կազմակերպության կազմում գործել է «Արմեն», իսկ Պ.Հայրիկյանը «Վրեժ» ծածկանվամբ:

Այդ կազմակերպության գործունեությունը ակտիվացնելու, թռուցիկներ եւ հակասովետական այլ գրականություն ազգաբնակչության մեջ տարածելու համար անդամավճարներ  են հավաքել յուրաքանչյուր ամիս 6, 3, 2 եւ մեկ ռուբլու չափով: Նայած կազմակերպության անդամի նյութական ապահովությանը:

Ամբաստանյալ Ազատ Արշակյանը խորամանկորեն օգտագործելով 1915թ. տեղի ունեցած Եղեռնու դեպքերը «Ազգային միացյալ կազմակերպություն» անվան տակ գործող  հակասովետական կազմակերպության մեջ է ներգրավել սույն գործով մյուս ամբաստանյալներ Ռազմիկ Զոհրաբյանին, Ռազմիկ Մարկոսյանին, վկաներ Թելման Մելոյանին, Վարդան Մկրտչյանին, Աշոտ Նավասարդյանին եւ ինքն էլ կնքվել է նրանց ղեկավարը:

Այդ արարքների համար, 1967թ. դեկտեմբերի 8-ին, Ազատ Արշակյանը կրկին կանչվել է ՀՍՍՀ պետական անվտանգության կոմիտե ու նախազգուշացվել է (հ.1, գթ. 55):

Ինչպես եւ առաջին, այս անգամ եւս ամբաստանյալ Արշակյանը ուխտադրուժ լինելով շարունակել է իր հակասովետական գործունեությունը: Նա Մելոյանին, Մկրտչյանին եւ մյուսներին ծանոթացրել է Ա.Մ.Կ.–ի ծրագրին, կանոնադրությանը, երդմանը, մեկ այլ գործով դատապարտյալ Ստեփան Զատիկյանի կողմից գրված «Փարոս-1» թերթին, կոչ է արել նրանց ակտիվ, պրակտիկ գործունեությանն դիմել Սովետական Հայաստանը ՍՍՀՄ-ի կազմից դուրս բերելու համար:

1968թ. ապրիլի 23-ի ուշ երեկոյան, նախապես ձեռք բերված համապատասխան միջոցներով, այն է բարձրախոս, լար, մագնիտոֆոն, մարտկոցներ եւ այլն, ամբաստանյալներ Ազատ Արշակյանը և Պարույր Հայրիկյանը ռադիոբարձրախոսը տեղադրելով Երեւանի Ծիծեռնակաբերդում 1915թ. զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, հաջորդ օրը, այսինքն ապրիլի 24-ին, հավաքված մեծ թվով բազմության ներկայությամբ գաղտնի ռադիոհաղորդում են կազմակերպել, որում հայ ժողովրդին համարել են «ջարդված» ու կոչ են արել «սթափվել անկախ Հայաստան ստեղծելու համար»:

Այդ հանցավոր  գործունեության մեջ  են ներգրավվել գործով  վկաներ` Վարդան Մկրտչյանը, Աշոտ Նավասարդյանը և Վաչե Խաչատրյանը:

Ամբաստանյալ Ազատ Արշակյանին մեղսագրված արարքի թվարկած էպիզոդները հիմնավորված են Ստեփան Զատիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Պարույր Հայրիկյանի, Վարդան Մկրտչյանի ցուցմունքներով, Ազատ Արշակյանի լրիվ հանձնառումով, գործին   կցված իրեղեն ապացույցներ «Ազգային միացյալ կուսակցություն» կոչվող կազմակերպության ծրագրով, կանոնադրությամբ, «Փարոս» գաղտնի հրապարակված թերթով, 1970թ. փետրվարի 23-ի դատավճռով եւ այլ ապացույցներով (հ.1, գթ. 54, հ.6., գթ. 4-15, 242-251):

Սովետական բանակից զորացրվելուց հետո, 1970թ. փետրվարին, երբ Նավասարդյանի, Հայրիկյանի եւ մյուսների նկատմամբ քր. օրի 65 եւ 67 հոդվածներով հարուցված քրեական գործով Ազատ Արշակյանը հարցաքննվել է որպես վկա եւ ընդունել է, որ Հայրիկյանի եւ Նավասարդյանի հետ ինքը եւս մասնակից է եղել կատարված հակասովետական գործողություններին, նա արդեն երրորդ անգամ է զգուշացվել պետական անվտանգության կոմիտեի կողմից նման հանցավոր արարքներ այլեւս չկատարելու համար, սակայն Արշակյանը դարձյալ համապատասխան հետեւություններ չի արել եւ չի բռնել ուղղման ճանապարհը:

Ընդհակառակը, իր հակասովետական գործունեությունը առավել ընդարձակելու եւ

«ազգային միացյալ կուսակցություն» «ԱՄԿ» անվամբ հակասովետական կազմակերպությունը ավելի ընդլայնելու նպատակով, 1972– 1973թթ. հավաքույթներ է կազմակերպել  որոնցում մասնակից է դարձրել ամբաստանյալներ Ռազմի Զոհրաբյանին, Ռազմիկ Մարկոսյանին, վկաներ` Թելման Մելոյանին, Սամվել Մուրադյանին, Յուրիկ Բաղդասարյանին եւ անչափահաս, մեկ այլ գործով քր. օրի 69 եւ 2061 հոդ. արդեն իսկ դատապարտված Գագիկ Առաքելյանին:

Թվարկված  անձանց միջոցով  իր հանցավոր մտադրությունները  պրակտիկորեն իրականացնելու նպատակով Ազատ Արշակյանը նրանց ծանոթացրել է սովետական իշխանությունը արատավորող հոդվածների հետ, դրդել է թռուցիկներ տարածելու միջոցով պայքարել «ազատ ու անկախ» Հայաստան ստեղծելու համար: Օգտագործելով նրանց միամտությունը, կրթական ցածր մակարդակը, ծանոթանալու համար Ռազմիկ

Զոհրաբյանին է տվել ձեռագիր ոտանավորներ, որոնցում կոչ է արված Սովետական Հայաստանը դուրս բերել ՍՍՀՄ-ի կազմից, ծանոթանալու համար վկաներ` Թելման Մելոյանին եւ անչափահաս Կոստան Կարապետյանին է տվել դաշնակցության կուսակցության պարագլուխներից մեկի, 1918–1920թթ. դաշնակցության նախկին կառավարության  պառլամենտի անդամ Միքայել Վարդանյանի 1932թ. Փարիզում հրատարակված «դաշնակցության կուսակցության պատմությունը» վերնագրով 500 էջից բաղացած գիրքը, որը պահվելիս է եղել գրադարանում սահմանափակ ընթերցողների համար:

Այդ գրքում գովաբանվում է դաշնակցության կուսակցության եւ 1920թ. ժողովրդի կամքով ու նրանց կողմից տապալված դաշնակցական կառավարության գործունեությունը: Զրպարտորեն նշվում է, որ Սովետական Հայաստանում իբր հայ ժողովուրդը գտնվում է «զնդանի մեջ»: Մեկնաբանելով իր դաշնակցական գաղափարները Վարդանյանը  1917թ. Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը զրպարտչորեն անվանել է «բռնակալություն» եւ այլ իրականությանը չհամապատասխանող ստոր մտքեր:

Վարդանյանի նշված գիրքը խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է Ազատ Արշակյանի բնակարանից, որը կցված է սույն քրեական գործին որպես իրեղեն ապացույց:

Ամբաստանյալ Ռազմիկ Զոհրաբյանին տված ձեռագիր ոտանավորներում, որոնք խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նրա մոտից, հայ ժողոուրդը ներկայացվում է որպես «կախյալ ու անիրավունք», նրանցում կոչ է արված «միացյալ վրեժի», «միացյալ անկախ Հայաստան ստեղծելու» զրպարտչական ու վտանգավոր գաղափարները:

Մթագնելով  Ռազմիկ Զոհրաբյանին,  Ռազմիկ Մարկոսյանի, Գագիկ  Առաքելյանի մտքերը, ի վերջո Արշակյանին հաջողվել է նրանց եւս ներգրավել Ա.Մ.Կ.-ի մեջ, անդամավճարներ է հավաքել ու հակասովետական գործունեության ակտիվ մասնակից է դարձրել:

Այս բոլորը հաստատված է ամբաստանյալ Ազատ Արշակյանի լրիվ հանձնառումով վկաներ` Գագիկ Առաքելյանի, Կոստան Կարապետյանի, Սուրիկ Բաղդասարյանի, Թելման Մելոյանի եւ մյուսների ցուցմունքներով, ձեռագրային փորձագետի եզրակացությամբ եւ գործին կցված իրեղեն ապացույց` հակասովետական գրականությամբ:

Փորձելով Ազատ Արշակյանին կանգնեցնել ուղղման ճանապարհի վրա, համաձայն ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1972թ. դեկտեմբերի 25-ի հրամանագրի, Ազատ Արշակյանը պետական անվտանգության կոմիտեի կողմից արդեն չորրորդ անգամ է նախազգուշացվել իր, պետականորեն վտանգավոր ու քայքայիչ գործունեության  համար, սակայն նա համապաստասխան հետեւություններ դարձյալ չի արել: Ավելին, երբ պետ. անվտանգության կոմիտեի աշխատակիցները փորձել են այդ նպատակի համար Արշակյանին ՊԱԿ տանել, նա ակտիվ դիմադրություն է ցույց տալիս, որի համար 1974թ. մարտի 5-ին ժողդատարանի կողմից քր. օր-ի 207 հոդ. Դատապարտվել է 2 տարի ազատազրկման (հ. 6, գթ. 291-293):

1973թ. ամռանը, ամբաստանյալ Ազատ Արշակյանը տեղեկանալով, որ անչափահաս Գագիկ Առաքելյանը նախկինում հանդիսացել է «Ամրոց» գաղտնի խմբակի անդամ,  առաջարկել է նրան իր հերթին գաղտնի գործունեության համար մարդիկ հավաքագրել, առանց հաշվի առնելու Առաքելյանի տարիքը:

Գագիկ Առաքելյանը, կատարելով Արշակյանի հանձնարարությունը, գաղտնի գործունեության մասնակից է դարձրել գործով վկաներ Արամայիս Մանուկյանին, Լեւոն Ավետիսյանին,  անչափահասներ` Արշակ եւ Արբակ Խաչատրյաններին, որոնցից «ազգային միացյալ կուսակցություն Ա.Մ.Կ.» գործունեության համար անդամավճարներ հավաքելով հանձնել է Արշակյանին:

Ընդլայնելով իր գործունեությունը, 1973թ. օգոստոսին ամբաստանյալ Ազատ Արշակյանը գծագրական թղթի վրա տրաֆարետի ձեւով ԱՄԿ-ի անունից լոզունգ տեքստ է պատրաստել ուղղված ռուս ժողովրդի դեմ եւ այսպես կոչված «ազատ ու անկախ Հայաստան» ստեղծելու կոչով ու ներկի, սպունգի հետ միասին հանձնելով անչափահաս Գագիկ Առաքելյանին պարտավորեցրել է իր խմբակի անդամների միջոցով գրառումներ կատարել Երեւան քաղաքի փողոցներում եւ այլ մարդաշատ վայրերում:

Այդ հանձնարարությունը ստանալուց հետո, Գագիկ Առաքելյանը, Լեւոն Ավետիսյանի հետ, տրաֆարետի օգնությամբ Թելմանի փողոցում, Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ֆիլիալի շենքի, Հայէլեկտրոգործարանի մարզադաշտի եւ այլ տեղերում գրառումներ է կատաել:

Նույնանման, ռուս ժողովրդի դեմ ուղղված լոզունգ փորձել են գրել նաեւ Արամայիս Մանուկյանը եւ Արտակ Խաչատրյանը ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի շրջակայքում, սակայն չկարողանալով ճիշտ օգտագործել Ազատ Արշակյանի կողմից պատրաստված լոզունգի տրաֆերտը այրել են:

Արշակյանին մեղսագրված արարքի այդ մասերը հաստատված են Արամայիս Մանուկյանի, Արտակ Խաչատրյանի, Գագիկ Առաքելյանի, Լեւոն Ավետիսյանի, ցուցմունքներով այն մասին, որ իրենք իրոք նման գործողություններ կատարել են, Արշակյանի լրիվ հանձնառումով, դեպքի վայրի զննման արձանագրութուններով, որ թվարկված վայրերում իրոք ազգային թշնամանք առաջ բերող լոզունգներ են գրված եղել եւ գործի այլ փաստաթղթերով ու փաստական տվյալներով:

1973թ. հոկտեմբերին, ամբաստանյալ Ազատ  Արշակյանը նույնանման  ազգային թշնամանք առաջ բերող լոզունգների նոր, ավելի փոքր չափի տրաֆարետ պատրաստելով ներկի ու սպունգի հետ հանձնել է գործով վկա Սամվել Մուրադյանին Առաքելյանի եւ Կոստան Կարապետյանի մասնակցությամբ գրառումներ կատարելու համար: Նշված վկաները իրենց հերթին ներգրավելով Արամայիս Մանուկյանին 1973թ. նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Թամանցիների փողոցի շուջ 10 հեռախոսախցիկներում գրառումներ են կատարել, սակայն բռնվել են միլիցիայի աշխատակիցներ, պարեկային ծառայության մեջ գտնվող Հակոբյանի եւ Միրզախանյանի կողմից, սակայն նրանց ակտիվ դիմադրություն ցույց տալով բոլորը դիմել են փախուստի:

Մեղադրանքի այդ մասը հաստատված է ինչպես Արշակյանի լրիվ հանձնառումով, այնպես էլ վկաներ Առաքելյանի, Մուրադյանի, Կոստան Կարապետյանի, Արամայիս Մանուկյանի ցուցմունքներով այն մասին, որ իրոք Արշակյանի հանձնարարությամբ իրենք նշված վայրերում տրաֆարետի միջոցով գրառումներ են կատարել (լոզունգներ) ու բռնվել են միլիցիայի աշխատակիցների կողմից: Հակոբյանի, Միրզախանյանի ցուցմունքներով այն մասին, որ Առաքելյանը եւ մյուսները իրենց կողմից բռնվել են հեռախոսախցիկներում տրաֆարետով լոզունգներ գրելիս եւ դիմադրություն ցույց տալով փախուստի են դիմել, առգրավված եւ գործին կցված տրաֆարետով, քիմիական փորձագետի եզրակացություններով, դեպքի վայրի զննման արձանագրություններով եւ գործի մնացած փաստական տվյալներով:

1973 թ. նոյեմբերին ամբաստանյալ Ազատ Արշակյանը քննությամբ ի հայտ չբերված անձանցից ձեռք է բերել 100 օրինակից ավելի «Փարոս-2 լրացուցիչ» միանգամայն   հակասովետական բնույթի, ազգային թշնամանք առաջ բերող, գաղտնի հրատարակված թերթը հանձնարարել է Գագիկ Առաքելյանին եւ վկա Սամվել Մուրադյանին այդպիսիք տարածել Երեւանի մանկավարժական ինստիտուտի լսարաններում: Ընդ որում, Արշակյանը զգուշացրել է նրանց, որ թռուցիկները պետք է տարածել ռետինե ձեռնոցներ հագած վիճակում, նրանց վրա մատնահետքեր չթողնելու պաճառով:

Կատարելով Արշակյանի այդ հանձնարարությունը, գործով վկաներ Գագիկ Առաքելյանը եւ Սամվել Մուրադյանը 1973թ. նոյեմբերի 2-ին մուտք գործելով մանկավարժական ինստիտուտի շենքը սկսել են այդ թռուցիկ-թերթը տարածել, սակայն բռնվել են դասախոսների եւ ուսանողների կողմից, իսկ հավաքված թերթ-թռուցիկները կցվել են սույն քրեական գործին որպես իրեղեն ապացույց:

«Փարոս-2 լրացուցիչ» թերթ-թռուցիկները տարածելուց որոշ ժամանակ անց Գագիկ Առաքելյանը կալանավորվել է եւ քրեական պատասխանատվության է կանչվել քրօրի 69 եւ 206 պրիմ հոդվածներով ու 1974թ. հոկտեմբերի 3-ին Կոստան Կարապետյանի հետ դատապարտվել է երկու տարի ազատազրկման (տես արձանագրությունը կցված դատավճռի պատճենը):

Այսպիսով անաչափահաս Գագիկ Առաքելյանը եւ Կոստան Կարապետյանը ազատություններից զրկվել են ամբաստանյալ Ազատ Արշակյանի հանցավոր ու միտումնավուր գործողությունների հետեւանքով:

Արշակյանին մեղսագրված արարքի այդ մասը հիմնավորված է Գ. Առաքելյանի, Ա. Մուրադյանի ցուցմունքներով այն մասին, որ 1973թ. նոյեմբերի 2-ին մանկավարժական ինստիտուտում թռուցիկներ են տարածել Ազատ Արշակյանի հանձնարարությամբ, վկաներ Սեդա Միրզոյանի, Սմբատ Մամեդովի, Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքներով որոնք հաստատեցին, որ նշված օրը Առաքելյանը եւ Սամվել Մուրադյանը իրենց կողմից բռնվել են «Փարոս-2 լրացուցիչ» թերթ-թռուցիկները պատրաստելիս:

Հաստատելով թվարկած վկաների ցուցմունքները, ամբաստանյալ Ազատ Արշակյանը չժխտեց, որ Գագիկ Առաքելյանը թռուցիկները տարածել է իր հանձնարարությամբ  եւ կատեգորիկ հրաժարվել հայտնել թե` որտեղից է ինքը ձեռք բերել «Փարոս-2-րդ լրացուցիչ» թերթ-թռուցիկները պատճառաբանելով, որ «չի ցանկանում մեկ» «հայրենասերի» եւս քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառը դառնալ»:

Բացի թվարկած ապացույցներից, վերոգրյալը հիմնավորված է նաեւ առգրավված ու գործին կցված թռուցիկներով, ռետինիե ձեռնոցներով ու այդ բոլորի մասին կազմված արձանագորություններով:

Գործով ամբաստանյալ Ռազմիկ Մարկոսյանը, ինչպես Ազատ Արշակյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը հանդիսանալով «ազգային միացյալ կուսակցության» անունը կրող գաղտնի կազմակերպության անդամ, 1973թ. օգոստոսի 27-ին Երեւանի Օրջոնոգիձեի պողոտայի նո.1 բնակելի շենքի պատին նախապես պատրաստած տրաֆարետով ազգային թշնամանք առաջ բերող լոզունգ է գրել ու դիմել է փախուստի, սակայն ճանաչվել է գործով վկա Վիկտոր Բաբայանի կողմից, որի ցուցմունքները հրապարակման միջոցով քննության է առնվել կոլեգիայի կողմից: Ամբաստանյալ Մարկոսյանը մեղադրանքի միայն այս մասը չի ընդունում:

Բացի այն, որ բոլոր երեք ամբաստանյալները հանդիսացել են գաղտնի հակասովետական կազակերպության անդամ, նրանք սովետական իշխանությունը թուլացնելու նպատակով,   սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերուրանքներ պարունակող գրականություն են պահել, պատրաստել, որոշ դեպքում տարածել թռուցիկի, ոտանավորների, երգերի, քառյակների եւ այլ գրառումների ձեւով: Այսպես օրինակ, Ամբաստանյալ Ազատ Արշակյանը 1973թ. ընթացքում կազմել, պահել, ձեռք է բերել եւ տարածել «կոչ հայերին», «ելնել նորից», «Ահազնգ» եւ այլ վերնագրորով կոչեր ու թոռուցիկներ։

Մեկ այլ գործով քր. օրի 65 եւ 67 հոդվածներով դատապարտված Աշոտ Նավասարդյանից, որը իր կնոջ եղբայրն է ստացել է «ի հարություն» թռուցիկը ու արտագրելով պահել է իրեն մոտ:

Ամբաստանյալ Ռազմիկ Զոհրաբյանը պահել է նաեւ դաշնակցություն կուսակցության անդամ Լ. Մոզեյանի «Հայկական գաղթաշխարհը իր գոյության հարցի առջեւ» Փարիզում հրատարակված գիրքը:

Ռազմիկ Մարկոսյանը պահել է գաղտնի պատրաստված ֆոտոթոռուցիկի տեքստ: Նա բազմացնելու նպատակով 1974թ. փետրվարին պատրաստել է «Վարդանանց պտերազմի նահատակների հիշատակին» հակասովետական բովանադակության թռուցիկը:

Այդ թվարկած բոլոր թռուցիկնեուրում եւ այլ տեքստերում որոնք առգրաված են ամբաստանյալներից եւ կցված են սույն քրեական գործին հակասովետական բնույթի են: Սրանցում կոչ է արվում պայքարել ռուս ժողովրդի դեմ, որոնք իբր «բռնանաում են հայ ժողովրդի սուրբ իրավունքներին» կոչեր են արվում «դուրս բերել Հայաստանը ՍՍՀՄ-ի կազմից ու դարձնել անկախ», պատճառաբանելով, որ Սովետական Միությունում հայերը իբր «դատապարտված են ստրկության» եւ այլ հերուրանքներ:

Ռազմիկ Զոհրաբյանը հանդիսանալով ՀամԼԿԵՄ անդամ աշխատանքի ընդունվելիս թաքցրել է այդ հանգամանքը ու հաշվառման չենթարկվելով եւ անդամավճար չմուծելով  մեխանիկորեն դուրս է մնացել կոմերիտմիության շարքերից: Զոհրաբյանը կոլեգիային բացահայտ հայտատարեց, որ այլեւս չի ցանկանում ՀամԼԿԵՄ անդամ լինել, որովհետեւ ինքը «ազգային միացյալ կուսակցության» անդամ է:

Ամաբաստանյալներ Արշակյանը, Զոհրաբյանը եւ Մարկոսյանը թվարկած հանցավոր արարքները կատարելիս հիմանականում օգտգվել են դաշնակցության կուսակցությնան  պարագլուխների կողմից արտասահմանում հրապարակվող թերթերից, ամսագրերից եւ գրքերից, իսկ առանձին դեպքերում հորինել են իրենք` հատկապես Արշակյանը: Սահմանափակ օգտագործման համար պահվող գրքերից օգտվելիս Արշակյանը դիտավորյալ այնպիսի մեջբերումներ է կատարել, որոնք արատավորվում են մեր իրականությունը, սովետական պետական ու հասարակական կարգերը:

Հայ ժողովուրդի պատմությունը ուսումնասիրելիս հիմնականում օգտվել են մինչեւ խորհրդայնացումը հրապարակված աղբյուրներից, որոնցում հաճախ պատամկան դեպքերը հրամցվել են ընթերցողներին աղավաղված ձեւով, իսկ որոշ իրադրություններ դաշնակցության կուսակցության ոգով: Չունենալով համապատասխան կարողություն պատմական դեպքերին եւ նրանց հաջորդող իրադրություններին ճիշտ մոտեցում չեն ունեցել, պարփակվել են իրենց մեջ, իրենց համարել են «հայրենասերներ» առանց պարզորոշ պատկերացում ունենալու «հայերնիք», «հայրենասեր» հասկացությունների մասին:

Ամաբստանյալները չեն հետաքրքրվել ՍՍՀՄ ժողովրդի պատմությունով, միջնակարգ դպրոցներում սովորելիս ցուցաբերել են վատ եւ միջակ առաջադիմություն: Զոհրաբյանը եւ Մարկոսյանը նույնիսկ մնացել են 8-9-ը դասարաններում: Մարկոսյանը եւ Զոհրաբյանը լինելով սահմանափակ մտքի տեր անձնավորություններ իրենց ուժերով նույնիսկ չեն կարողացել ավարտել միջնակարգ դպրոցը եւ հասունության ատեստատ ձեռք բերելու նպատակով դիմել են նոր հանցագործության:

Ռազմիկ Մարկոսյանը 1966–1967թթ. ուսումնական տարում սովորել է նո. 11 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում եւ վատ առաջադիմության պատճառով մնացել է նույն դասարանում: 1968թ. դպրոցից տեղեկանք ստանալով, որ փոխադրվել է 9-րդ դասարան «իններորդ» բառը կեղծիքի միջոցով փոխել է «տասերորդ» բառով եւ 1969թ. այդ կեղծված տեղեկանքը ներկայացնելով նո. 32 միջնակարգ դպրոց ընդունվել է 11- րդ դասարան ու զարտուղի ճանապարհով հասունության ատեստոտ ստացել:

Մյուս ամբոստանյալ Ռազմիկ Զոհրաբյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերելով կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր 1966–1967թթ. ուսումնական տարում ավարտել է Ապարանի բաներիտ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանը, այն ներկայացրել է նույն` նո. 32-րդ դպրոցին ու ընդունվելով 11-րդ դասարան հասունության ատեստատ է ստացել:

Թվարկված բոլոր էպիզոդները հաստատված են ոչ միայն ամբաստանյալների լրիվ հանձնառումով, այլեւ գործին կցված թռուցիկներով, գրքերով, այլ գրառումենրով, վկաներ Բուդյոննի, Արմենակյանի, Անդրանիկ Մեդոյանի, Գագիկ Խաչատրյանի, Վարդանյանի, ինչպես նաեւ Աշոտ եւ Կարինե Նավասրդյանների, Անահիտ Արշակյանի դատաքննության ժամանակ հրապարակված ցուցմունքներով, որի առթիվ ամբաստանյալներ Արշակյանը, Զոհրաբյանը եւ Մարկոսյանը ոչ մի առարկություններ չարեցին:

Բացի այդ ամբոստանյալներին մեղսագրված արարքը թվարկած մասերը հիմնավորված է նաեւ ձեռագրային փորձագետի եզրակացություններով այն մասին որ առգրավված թռուցիկները գրված են իրենց կողմից, գլավլիտի տեղեկանքներով, կեղծված տեղեկանքներով, դասամատյաններով եւ այլ ապացույցներով (հ.5, գթ. 18, 58, 78-80, 112-114, 156, 277, 304-368, հ.6 192-195, 201, 205-206 եւ այլն):

Ամբաստանյալներ Արշակյանը, Զոհրաբյանը եւ Մարկոսյանը տեսնելով ու համոզվելով, որ մինչ այդ կատարած գաղտնի, հակասովետական գործողությունները ոչ մի արձագանք չեն գտնում Երեւանի քաղաքի բնակչության մեջ, որոշել են առավել ընդլայնել իրենց գործունեությունը, հակասովետական թռուցիկները պատրաստել եւ տպագրել մեքենայի միջոցով մեծ քանակությամբ բազմացնել ու տարածել Երեւանում: Որպեսզի ոչինչ չխոչնդոտի իրենց գործողությանը, ամբաստանյալները ամսեկան 50 ռ. վարձով Աարի-թաղի 7-րդ փողոցի 52 շենքում մեկուսացված, առանձին մուտքով սենյակ են վարձել, որի բալանիները գտնվել են ամբաստանյալներից յուրաքանչյուրի մոտ ու այդ սենյակը օգտագործելով կոնսպիրատիվ նպատակների համար ձեռնամուխ են եղել տարբեր բովանդակությամբ Ազատ Արշակյանի կողմից գրված «հայեր» վերնագրով երկու թռուցիկների տպագրությանը:

Այդ նպատակի համար ամբաստանյալներ Ազատ Արշակյանը, Ռազմիկ Մարկոսյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը 1973թ. աշնանը Երեւանի երկրորդական գունավոր մետաղների վարչության ընդունման եւ վերամշակման ցեխի թափոնների կետից հավաքել են օգտագործված մատրիցաներ, տպատառեր, արճիճ, պատրաստել են սեղմիչ, այլ հարմարանքներ: Մարկոսյանը կոնսպիրատիվ սենյակ է բերել շարժական գազօջախ ու այդ աշխատանքում ներգրավելով նաեւ գործով վկա Յուրիկ Բաղդասարյանին ձեռնամուխ են եղել թռուցիկների տեքստի կլիշաների հավաքման եւ ապա տպագրմանը: Գործով վկա Յուրիկ Բաղդասարյանին կլիշեյի պատրաստման ձեւը ու եղանակը սովորեցրել է Ռազմիկ Մարկոսյանը, որից նա յուրաքանչյուր ամիս Մ.Մ.Կ. կազմակերպության անդամավճար է հավաքել:

1973թ. նոյեմբերին եւ դեկտեմբերին ամբաստանյալները տպագրել են հարյուրավոր օրինակներ «Հայեր» վերնագիրը կրող 2 առանձին տեքստերի թռուցիկները եւ տարածել են Երեւանի Օրջոնիկիձեի, Լենինի պողոտաներում, Աբովյանի, Բարեկամության, Սվերդլովի, Խանջյանի, Չարենցի, 26-կոմիսարների եւ այլ փողոցներում:

Այդ «հայեր» վերնագրով թռուցիկները պարունակում են զրպարտիչ գրառումներ հայ ժողովրդի իբր «ստրկացած դրություն», «ռուսական շովինիզմ», «Ռուսական ցիվիլիզացված գենոցիդի» սովետական կառավարության եւ ԱՄԿԿ-ի կողմից տարվող ազգային քաղաքականությունը արատավորող այլ հերուանքներ:

Ինչպես պետք է սպասվեր այդ թռուցիկների գերակշռող մասը բնակիչների կողմից հանձնվել են պետական անվտանգության կոմիտեին, իսկ մի մասը առգրավվել է կոնսպիրատիվ սենյակի խուզարկության ժամանակ:

Երբ հայտնի է դարձել, որ պետական անվտանգության կոմիտեն քննություններ է անում «հայեր» թռուցիկները տպագրելու եւ գաղտնի տարածելու առթիվ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ամբաստանյալ Ռազմիկ Մարկոսյանը շուրջ 12կգ. քաշի տպագրական տառերը, մամլիչը, ներկը եւ այլ հարմարանքները թաքցրել է Երեւանի ծայրամասի թաղերից մեկում: Կալանավորվելուց հետո Մարկոսյանը ցույց է տվել թաքստոցը, որտեղից եւ հայտնաբերվել ու որպես իրեղեն ապացույց գործին են կցվել տպագրական հարմարանքները եւ տառերը:

Մեղադրանքի այս մասը աննշան էական ոչ մի նշանակություն չունեցող փոփոխություններով ընդունեցին ամբաստանյալներ Արշակյանը, Զոհրաբյանը եւ Մարկոսյանը: Սացի այդ, թռուցիկներ տպագրելու, բազմացնելու, տարածելու փաստը հաստատված է վկա Յուրիկ Բաղդասարյանի ցուցմունքով այն մասին, որ «հայեր» թռուցիկը իրոք տպագրվել է վարձած Սարի-թաղի 7-րդ փողոցի 52 սենյակում ամբաստանյալների կողմից նաեւ իրեն օժանդակությամբ, թաքստոցից հայտնաբերված տպագրական հարմարանքներով  ու գործիքներով, քիմիական փորձագետի եզարկացություններով այն մասին, որ խուզարկությամբ հայտնաբերված ներկի բաղադրությունը /հ. 5 գթ.31, 102 / լիովին համապատասխանում են թռուցիկների տառերի ներկի բաղադրությանը: Տեխնիկական փորձաքննության ակտով այն մասին, որ հայտնաբերված տպատառերը եւ այլ հարմարանքները  լրիվ բավարար են  «հայեր» վերնագիրը կրող  թռուցիկները տպագրելու համար, վկաներ Արամ Քոսյանի, Ավագ Ավանեսյանի, Համլետ Օհանյանի, Ալբերտ Փերիխանյանի, Ֆելիքս Գրիգորյանի, Ռոբերտ Անանյանի ցուցմունքներով, որ իրենց բնակարանների փոստարկղներում իրոք հայտնաբերվել են «հայեր» վերնագրով թռուցիկներ ու ներկայացրել են պետական անվտանգության կոմիտեին, ամբաստանյալների կողմից տպատառերը եւ մատրիցաները վերցնելու ու դեպքի վայրը ցույց տալու  արձանագրություններով ու լուսանկարահանումներով-հ.1 գթ. 201,208-209, 222-230, հ.2գթ. 103-109, 126– 130,241-244) ինչպես նաեւ գործում եղած մնացած ապացույցներով:

Իրենց  հետագա գործողություներով  ավելի հեռու են գնացել ամաբստանյալներ Ռազմիկ Զոհրաբյանը եւ Ազատ Արշակյանը: Նրանք թշնամաբար տրամադրված լինելով սովետակն կարգերի ու սոցիաիստական սիստեմի հանդեպ համարելով իրենց հակասովետական  գաղտնի կազմակեւպության անդամենր ու ակտիվ մասնակիցներ, իրենց գաղափարական ու հակասովետական մտքերը ավելի ցայտուն, տպավորիչ ազդեցիկ ու ցինիկ ձեւով արտահայտելու նպատակով որոշել են հրկիզման միջոցով ոչնչացնել   ՍՄԿԿ-ի հիմնադիր Վլադիմիր Իլիչի Լենինի 16.75 0.5 մետր չափսերի կենտրոնական հրապարակի պատմության թանագրանի շենքի կամարին տեղադրված մեծադիր նկարը:

Նրանք դիտավորյալ որոշել են Լենինի նկարը այրել նրա մահվան օրվա նախօրյակին եւ այն ժամանակ, երբ ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստր Գրոմիկոն Խորհրդային Հայաստանը «Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգեւատրելու կապակցությամբ ժամանած է եղել Երեւան:

Համաձայն նախապես պայմանավորվածության, 1974թ. հունվարի 20-ի ժամը 20-ի սահմաններում, իրենց հետ ունենալով կանեստրով բենզին, դանակ եւ հրկիզման համար

Զոհրաբյանի կողմից հատուկ պատրաստված ջահ, բենզինը լցնելով Լենինի նկարին հանրորեն վտանգավոր եղանակով վառել են Լենինի նկարը ու հեռացել դեպքի վայրից: Հավաքված քաղաքացիները, մինչեւ հրշեջ խմբի ժամանելը հանգցրել են նկարը:

Պատմության թանգարանը պահպանող միլիցիաներ, գործով վկա Մամե Սայադյանը հետապնդելով Զոհրաբյանին եւ Արշակյանին կարողացել է բռնել միայն Ռազմիկ

Զոհրաբյանին ու ներկայացրել դիվիզոն:

Ինչպես Ռազմիկ Զոհրաբյանը, այնպես էլ Ազատ Արշակյնաը նախաքննության ընթացքում ընդունելով, որ Լենինի դիմանկարը իրենք են հրկիզել միասին, մանրամասն ցուցմունք են տվել նախապատրաստական շախտանքների եւ հրկիզման շարժառիթնների մասին (հ. 1 գթ. 100-106, 149-150, հ.2 73-78, 84-90, 110-113, 120), սակայն դատաքննության ժամանակ Զոհրաբյանը անհեթեթ պատճառաբանությամբ հրաժարվեց իր ցուցմուքնրի մի մասից հայտարարելով, որ Լենինի նկարը հրկիզել է ինքը, մենակ, առանց Արշակյանի մասնակցության:

Դատաքննության ժամանակ Արշակյանը պատճառաբանեց, որ Լենինի դիմանկարի հրկիզումը ինքը վերցրել է նաեւ իրեն վրա նպատակ ունենալով շեղել քննական օրգանների ուշադրությունը, այլապես խորացված քննություն կատարելու դեպքում կարող  էին կալանավորել ԱՄԿ կազմակերպության այլ անդամներ եւ թռուցիկները տարածող այլ մասնակիցներ:

Ռազմիկ Զոհրաբյանը փոփոխելով իրեն ցուցմունքները բացատրեց, որ Ազատ Արշակյանի,  որպես դիմանկարի հրկիզման մասնակցի նկատմամբ ցուցմունք է տվել քննիչի թելադրանքով, որպեսզի պատճառաբանությունը կոլեգիային հավատ ներշնչել չի կարող մանավանդ, որ ՊԱԿ-ի քննչական մեկուսարանում գտնված ժամանակ ամբաստանյալները գաղտնի ձեւով նամակներ են փոխանակել միմյանց ու պայմանավորվել են հետագայում արվելիք ցուցմունքների մասին:

Դեռ նախաքննության ընթացքում, ինչպես ամբաստանյալ Արշակյանը, այնպես էլ

Զոհրաբյանը երկար ժամանակ հրաժարվել են ցուցմունք տալուց նպատակ ունենալով նսեմացնել իրենց դերը կատարած հանցագործությունների մեջ: Հետագայւմ համոզվելով , որ քննչական օրգանին ամբողջությամբ հայտնի է իրենց կողմից կատարած բոլոր հանացվոր արարաքները, որոշել են ճշտությամբ ցուցմունք տալ: Ահա դրանից հետո է, որ Արշակյանը եւ Զոհրաբյանը մանրամասն ցուցմունք են տվել թե ինչպես են միասին հրկիզել Լենինի դիմանկարը: Իսկ այն, որ նկարի հրկիզումը կատարվել է երկու անձի կողմից հաստատվեց գործով վկա Մամե Սայադյանի ցուցմունքով:

Վկաներ  Վիկտոր Նոսը,Վիտալի  Բոլոսովը, Կնյազ Մանուկյանը  կոլեգիային մանրամսն ցուցմունք տվեցին թե ինչպես են հանգցրել այրվող Լենինի դիմանկարը: Ռազմիկ Զոհրաբյանի կալանավորվելուց հետո, լաբորատոր ստուգման է ենթարկվել նրա հագուստները, որոնց վրա հայտնաբերվել է բենզինի հետքեր (հ. 5 գթ. 5):

Փորձագետների եզրակացությամբ հիմնավորված է, որ այրված դիմանկարը այլեւս հնարավոր չէ ծառայեցնել իրեն նպատակին (հ.5 գթ. 66): Գործին է կցված նաեւ դեպքի վայրում հայտնաբերված ջահը եւ կիսայրված կոնիստրը, որի մեջ բենզին է եղել:

Զոհրաբյանի եւ Արշակյանի կողմից պետությանը պատճառած պատճառած վնասը կազմում է երկու հազար յոթ հարյուր վաթսուն չորս (2764) ռուբլի:

Այսպիսով` գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան ամբաստանյալներ Ազատ Արշակյանին մեղսագրված արարքը ՀՍՍՀ քրեւօրի 65 հոդ. առաջին մասով, 67 հոդ. 96 հոդ. 2-րդ մասով եւ 231 հոդվածով,

Ռազմիկ Զոհրաբյանին քր. օրի 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդ. 96 հոդ. 2-րդ մասով եւ 213 հոդ. 3–րդ ամսով եւ Ռազմիկ Մարկոսյանին քր. օրի 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդ. 213 հոդ. 1-ին եւ 3-րդ մասերով մեղսագրված արարքը լիովին հիմնավորված է համարում:

Ամբողջ դատաքննության ընթացքում ամբաստանյալները հիմնականում չժխտելով իրենց կողմից կատարած հանցագործությունները մեղայականով հանդես չեկան, չզղջացին կատարծի համար: Ըմբոստանալու, օրենքից չբխող բազմիցս անհեթեթ պահանջներ ներկայացնելու միջոցով փորձում էին ձախողել դատաքննությունը:

Պաշտպանական ճառերում Զոհրաբյանը եւ Մարկոսյանը բացահայտ ափսոսանք հայտնեցին, որ ավելի վաղ ժամնակից չեն հանդիսացել «ազգային միացյալ կոսակցություն» անունը կրող գաղտնի կազմակերպության անդամ: Մարկոսյանը հայտարարեց, որ այսուհետեւ եւս կշարունկի նման գործողություններով զբաղվել, իսկ Զոհրաբյանը պնդեց, որ Լենինի դիմանկարը հրկիզելով ինքը իր բողոքն է հայտնել մեր կարգերի դեմ:

Վերջին խոսքերում ամբաստանյալներ Արշակյնաը, Զոհրաբյանը եւ Մարկոսյանը դարձյալ մեղայականով հանդես չեկան: Հայտարարելով, որ իրենք «ազգային միացյալ կուսակցություն» զինվորներ են, չեն հրաժարվում իրենց գաղափարներից եւ այսուհետեւ եւս կշարունակեն «ազատ ու անկախ» Հայաստանի համար պայքարել:

Վերոգրյալի հիմնա վրա եւ ղեկավարվելով քր. դատ. օրի 293-294 հոդվածներով գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

                                                             Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալներից ` Ազատ Լեւիկի Արշակյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օ - րի 65 հոդ. առաջին մասով, 67 հոդ. եւ դատապարտել ազատազրկման յոթ (7) տարի ժամանակով, երեք տարի հետագա աքսորով: Քր. օրի 96 հոդ. 2-րդ մասով Արշակյանին ազատազրկել նույնպես յոթը տարի ժամանակով, իսկ նույն օրենսգրքի 231 հոդ. դատապարտել ազատազրկման երեք տարի ժամանակով: Քրեական օրենսգրքի 37 հոդ. համակցությամբ դատապարտյալ Արշակյանին վերջին հաշվով թողնել կրելու յոթը տարի ազատազրկումը, երեք տարի հետագա աքսորով, որպիսինը կրելու է խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Սույն Ա. Լ. Արշակյանի նկատմամբ Երեւանի Լենինյան շրջժողդատարանի 1974թ. մարտի 5-ի դատավճռով, քր. օրի 207 հոդ. սահմանված պատիժ` երկու տարի ազատազրկումը կալանված համարել սույն դատավճռով:

Ազատ Լեւիկի Արշակյանի կալանքի սկիզբը հաշվել 1974թ. ապրիլի 9-ից:

Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյանին հանցավոր ճանչել քր. օրի 65 հոդ. 1-ին մասով, 67 հոդ. եւ դատապարտել ազատազրկման յոթը տարի ժամանակով, երեք տարի հետագա աքսորով: Քր. օրի. 96 հոդ. 2-րդ մասով Զոհրաբյանին դատապարտել ազատազրկման դարձյալ յոթ (7) տարի ժամանակով, իսկ քր. օրի 213 հոդ. 3-րդ մասով ազատազրկել  երկու տարի ժամանակով: Քր. օրի 37 հոդ. համակցությամբ դատապարտյալ Ռազմիկ Զոհրաբյանին վերջին հաշվով թողնել պատիժը կրելու յոթը տարի ազատազրկումը, խիստ ռեժիմի աշխատանքային գաղութում, երեք տարի հետագա աքսորով, կալանքի սկիզբը հաշվել 1974թ. հունվարի 21-ից այսինքն արգելանքի վերցնելու օրվանից:

Ռազմիկ Գրիգորի Մարկոսյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 65 հող. 1-ին մասով, 67 հոդ. եւ դատապարտել ազատազրկման չորս (4) տարի ժամանակով, երկու տարի հետագա աքսորով: Քր. օրի 213 հոդ. 1-ին մասով Ռազմիկ Մարկոսյանին ազատազրկել երկու տարի ժամանակով, նույն հոդվածի 3-րդ ամսով նույնպես երկու տարի ժամանակով: Քր. օրի 37 հ. համակցությամբ վերջին հաշվով Ռազմիկ Մարկոսյանին թողնել պատիժը կրելու չորս (4) տարի ազատազրկումը, խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, երկու տարի հետագա աքսորով:

Դատապարտյալ Ռազմիկ Գրիգորի Մարկոսյանի կալանքի սկիզբը հաշվել 1974 թ. հունիսի 19-ից:

Իրեղեն  ապացույցները,  որոնք կցված են  քրեական գործին թողնել  գործում: Մ. Վարդանյանի «Դաշնակցության կուսակցության պատմություն» Լ. Մոզեանի «Հայ գաղթաշխարհը  իր գոյության հարցականին առաջ» եւ պոլիգրաֆիկական տեղեկատու գրքերը հանձնել հանրային գրադարանին:

Քննիչի 1974թ. օգոստոսի 20-ի /հ.թ.գթ.197-200/ որոշամն 1-12 կետերում նշված իրեղեն ապացույցները ոչնչացենլ: Ոչնչացնել նաեւ նույն որոշման 16, 23– 25, 41-42 կետերում   նշված իրեղեն ապացույցները: Որոշման մեջ (13-15 կետեր) թվարկած գազօջախը, բալոնները և էլեկտրական գործիքը (դռել)որպես հանցագործության առարկա ոչնչացնել քանի, որ իրենցից նյութական արժեք այլեւս չեն ներկայացնում: Որոշման 22 կետը նշված դասամատյանը վերադարձնել Ապարանի շրջանի գիշերօթիկ դպրոցին:

Դատապարտյալներ  Ռազմիկ Զոհրաբյանից  եւ Ազատ Արշակյանից համապարտ կարգով բռնագանձել երկու հազար յոթը հարյուր վաթսուն չորս (2764) ռուբլի, հօգուտ Երեւանի քաղսովետի գործկոմի կոմունալ հիմնարկների եւ բարեկարգման վարչության:

Ռազիկ Զոհրաբյանի բնակարանիկց առգրավված ռադիոընդունիչը, մագնիտոֆոնը ձեռքի ժամացույցը եւ 68ռ. 47կ. գուամարը բռնագանձել պատճառած վնասի հատուցման դիմաց:

Զոհրաբյանին եւ Արշակյանին հասանելիք երկու հարյուր յոթը ռուբլի 99կ. (207ռ. 99կ.) փոխանցել քաղսովետի հաշվին որպես պատճառած վնասի հատուցում: Որոնցից 58ռ. 17կ. Զոհրաբյանի հասանելիք աշխատավարձն է, իսկ 149 ռ. 82կ. Ազատ Արշակյանի:

Դատավճիռը վերջնական է վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ:

 

ՆԱԽԱԳԱՀ`    Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`    ստորագրություններ

ԻՍԿԱԿԱՆԱԻ ՀԵՏ ՃԻՇՏ Է`

ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ`                            Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

28/10-74 թ.

Հ. Ս.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter