HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն - 1974թ․ Ազատ Արշակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռազմիկ Մարկոսյան

սկիզբը

(հատված 1-ին)

1973-74-ը Ազգային միացյալ կուսակցության պատմության մեջ յուրահատուկ ժամանակահատված էր։ Այս կարճ ընթացքում ԱՄԿ-ն այնքան շատ գործ կարողացավ անել, այնքան բարձր ազդարարել իր գոյության ու իր կենսունակության մասին, որ Մոսկվայում էին արդեն հասկացել՝ Հայաստանում վիճակը լուրջ է։ ՊԱԿ-ի մեկուսարանում օր-օրի ավելանում էր ԱՄԿ կալանավորված անդամների թիվը, իսկ դրան զուգահեռ՝ դրսում, նոր գործողություններ էին ընթանում։

1973-ի հոկտեմբեր-նոյեմբերին ՊԱԿ-ը սկսում է ԱՄԿ բացահայտված անդամների ձերբակալությունները։ Արդեն բանտարկված էին իրար հետ կապ չունեցող ԱՄԿ տարբեր կառույցների անդամներ Քաջիկ Սահակյանը, Ֆիրդուս Մուրադյանը, Գարեգին Դավթյանը, Սամվել Մարտիրոսյանը, Լեւոն Բադալյանը, երբ 1974-ի հունվարի 20-ի երեկոյան՝ Լենինի մահվան նախօրյակին, Երեւանի կենտրոնական հրապարակում հրկիզվում է Լենինի մեծադիր նկարը։

Օրվա ընտրությունը, բնական է, պատահական չէր։ Իրար հետ չառնչվող ԱՄԿ տարբեր կառույցների անդամներ շարունակում են ԱՄԿ պաշտոնաթերթ «Փարոս»-ի հրապարակումը, Սարի թաղում ընդհատակյա տպարանի հիմնումը, նոր թռուցիկների տպագրությունն ու տարածումը։

ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններն ԱՄԿ դեմ պայքարում հայաստանյան ՊԱԿ-ին դրսից լրացուցիչ ուժեր են տրամադրում։ Ոչ միայն օպերատիվ-հետախուզական ծառայությունների մասնագետների նոր խմբեր են Հայաստան բերվում, այլեւ, որքան էլ տարօրինակ է, դրսից բերված հսկիչներով են համալրում պետական անվտանգության կոմիտեի ոչ մեծ մեկուսարանը։

Մինչեւ 1974-ի ամառ շարունակվող այս ակտիվ գործունեությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր կալանավայրից նոր վերադարձած Պարույր Հայրիկյանը։

1974 թ ընթացքում դատավճիռ է կայացվել 16 մարդու նկատմամբ։ Կայացված բոլոր դատավճիռներն էլ հետաքրքիր են, բայց դրանցից երկուսը՝ Պարույր Հայրիկյանի եւ Ազատ Արշակյանի նկատմամբ կայացված դատավճիռներն առանձնանում են իրենց մեջ պարունակող տեղեկատվական պաշարով։

Ազատ Արշակյանի նկատմամբ կայացված դատավճիռն սկսում է 1967 թվականից, երբ ԱՄԿ-ն դեռ նոր էր հիմնադրվել, ապա հիշատակվում է «Շանթ» խմբակը, անդրադարձ է արվում Աշոտ Նավասարդյանի եւ Պարույր Հայրիկյանի առաջին՝ 1969 թ գործին, ապա՝ հասնում 1973-74 թվականներ։ Թեմայով հետաքրքրվող ընթերցողին այս դատավճիռը (հրապարակվելու է հաջորդ շաբաթ) տեղեկատվական հսկայական նյութ կտա։

Հարկ է նշել, որ այս գործով դատապարտված Ռազմիկ Զոհրաբյանը կալանավայրում աչքի է ընկնում իր ըմբոստ վարքով, ինչի պատճառով հետագայում խստացվում է նրա ռեժիմը եւ նա Վլադիմիրի բանտ է տեղափոխվում։ Իսկ Ռազմիկ Մարկոսյանի նկատմամբ կալանքի ավարտից հետո՝ աքսորավայրում, նոր քրեական գործ է հարուցվում ու նա կրկին դատապարտվում է։

Զոհրաբյան եւ Մարկոսյան Ռազմիկների մասին է լինելու մեր հաջորդ հրապարակումը։

                                           Ազատ Արշակյան

Ազատ Լեւիկի Արշակյանը ծնվել է 1950 թ., Երեւան քաղաքում: 15-16 տարեկանից առնչվել է Հայաստանում գործող ազատամիտների հետ: 1966-67 թթ. անդամակցել է «Հայ երիտասարդական միություն» (ՀԵՄ) պատանեկան կազմակերպությանը, ապա` «Շանթ»-ին, իսկ հետո ընդունվել է Ազգային միացյալ կուսակցության շարքերը: 1970 թ. ԱՄԿ անդամների դատավարության ժամանակ ներգրավված է եղել որպես վկա:

1973- ին ԱՄԿ-ի ծավալած գործողությունների ակտիվ մասնակից է: Կազմակերպել է ԱՄԿ մասնաճյուղեր: Մասնակցել է թռուցիկների տպագրման ու տարածման աշխատանքներին: Եղել է Լենինի (Հանրապետության) հրապարակում տեղադրված Լենինի մեծադիր նկարն այրելու կազմակերպիչներից մեկը:

Կալանավորվել է 1974-ի ապրիլին: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. oր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա), 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցել), 96 հոդվածի 2-րդ մասով (ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելը) և 231 հոդվածով (անչափահասներին  հանցավոր գործունեության, հարբեցողության, մոլախաղերի մեջ ներգրավելը): Մինչ այդ` նույն թվականի մարտին դատապարտվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 207 հոդվածով (միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժիննիկին դիմադրություն ցույց տալը):

Որպեսզի Պետանվտանգության կոմիտեն չկարողանա հայտնաբերել Լենինի նկարն այրող երկրորդ մասնակցին` Սմբատ Ավագյանին, նախաքննության ժամանակ հայտարարել է, որ Ռազմիկ Զոհրաբյանի հետ նկարն այրող երկրորդն ինքն է եղել: Դատապարտվել է յոթ տարի ազատազրկման եւ երեք տարի աքսորի: Պատիժը կրելու համար ուղարկվել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայր: 1977 թ. ապրիլին վաղակետ ազատ է արձակվել: Հետագայում` 1981 թվականին, հակախորհրդային գործունեության համար երկրորդ անգամ է կալանավորվել: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 2-րդ մասով եւ 67 հոդվածով: Ճանաչվել է որպես հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ ու դատապարտվել ութ տարի ազատազրկման եւ երեք տարի աքսորի: Գորբաչովյան պերեստրոյկայի շնորհիվ` 1987-ին ազատ է արձակվել: Ազատ Արշակյանը եւ Աշոտ Նավասարդյանը միակ հայ քաղբանտարկյալներն են, որոնք հատուկ վտանգավոր ռեցիդիվիստներ են ճանաչվել:

1989 թվականից ակտիվորեն մասնակցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Եղել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը: 1990-ին ընտրվել է Գերագույն խորհրդի, իսկ 1995-ին` Ազգային ժողովի պատգամավոր: Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիրն է: Ապրում եւ աշխատում է Երեւանում:

Պատմում է Ազատ Արշակյանը

(Ինչպես գրքում առկա մյուս հուշ-պատմություններն, այնպես էլ այս մեկը ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում անհատական զգացմունքները հնարավորինս լավ տեղ հասցնելու նպատակով)։

Մեր ընտանիքը խորհրդային տարիներին լուրջ խնդիրներ է ունեցել: Պապիս երկու եղբայրներն աքսորվել են: Նրանցից մեկը եղել է հայկական բանակի սպա: Նա այդպես էլ Հայաստան չվերադարձավ, ապրում էր Վրաստանում: Շատ վաղ տարիքից եմ իմացել նրա մասին:

12-13 տարեկանից հորս հետ հաճախ էինք գնում նրան տեսության: Մեր գյուղի գրասենյակն իմ պապերի տունն է եղել: Պատանեկությանս տարիներին այս ամենի մասին մեր ընտանիքում շատ էր խոսվում: Ասվում էր նաեւ, որ մեզ սովետական երկրում պետք չի աչքի ընկնել, որովհետեւ դա կարող է վատ ավարտ ունենալ:

Ամենաճիշտ տարբերակը համարվում էր սուսուփուս ու աննկատ ապրելը: Սա այն է, ինչ ինձ տվել է ընտանիքը: Սրա հետ մեկտեղ, շատ էական դեր են ունեցել իմ կյանքում 1965 թ. Եղեռնի տարելիցի հետ կապված դեպքերը: Ես բռնցքամարտով էի զբաղվում: Ամեն տարի` մայիսի մեկին մեզ տանում էին տոնական շքերթի:

Մինչեւ բուն շքերթը` ապրիլի ընթացքում հրապարակում փորձեր էինք անում: Ահա այդ փորձերից մեկի օրն էլ համընկավ ապրիլի 24-ի դեպքերի հետ: Իմ կամքից անկախ` ոչ միայն ականատես, այլ նաեւ այդ երթի մասնակիցը դարձա: Ինձ նույնպես ձերբակալեցին, բայց ես բացատրեցի, որ երթի հետ կապ չունեմ, պատանի բռնցքամարտիկ եմ, ցույց տվեցի իմ պայուսակում գտնվող բռնցքամարտիկի ձեռնոցները, եւ բաց թողեցին ինձ:

Երթը մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա: Ոգեւորված էի: Անմիջապես դրա մասին պատմեցի Պարույր Հայրիկյանին, որի հետ 1960-ին ծանոթացել էի պիոներական ճամբարում, ու ընկերացել էինք: Պարույրը շատ էր ափսոսում, որ երթին չի մասնակցել:

Պարույրենց տանը եղած մթնոլորտն էապես տարբերվում էր մեր տանը եղածից: Մերը բանվորագյուղացիական էր, իսկ նրանցը այլ` մի տեսակ մայրաքաղաքային էր:

Ավագ Արշավիրի Հայրիկյանին` Պարույրի հորը շատ էի հարգում: Նա պատմում էր Պոլսից, Ֆրանսիայից, պոլսահայ հայտնի մտավորականներից: Մյուս Հայրիկյանը` Պարույրի հորեղբայրը, երաժիշտ էր: Թեյի սեղանի շուրջը մեզ դասական երաժշտության մասին էր պատմում: Իսկ Պարույրի քույր Սոնան կոմիտասյան երգեր էր երգում: Հատուկ եմ շեշտում Պարույրենց տան այս մթնոլորտը, քանի որ դա նույնպես էապես ազդել է ինձ վրա: Ինքը` Պարույրն էլ է վճռական դեր ունեցել իմ կյանքում:

Պետք է ընդգծեմ, որ հետագա ողջ գործունեությունս` ընդհատակյա կազմակերպությանն անդամագրվելը, թռուցիկներ տարածելը, հակասովետական կամ հայրենասիրական գործունեությամբ զբաղվելը, մի խոսքով` այն ամենն, ինչով զբաղվել եմ, եղել են Պարույրի նախաձեռնությունները: Նա ինձ առաջարկել կամ հրավիրել է, իսկ ես պատրաստակամորեն մասնակցել ու ջանասիրաբար աշխատել եմ:

Ինչ-որ հրաշքով միշտ հայտնվում էի այնպիսի միջավայրերում, որտեղ ազատամիտներ էին լինում: Կամավոր ներգրավվել էի Եղեռնի հուշարձանի շինարարության մեջ, օգնում էի շինարարներին, լինում էի Կոմիտասի այգում, որտեղ ծանոթացել եմ Շահվերդյան Բագրատի հետ: Նրան ասացի, որ տատս երգում էր «Մեր Հայրենիքը», բայց ինքս տեքստը չունեմ, ու նա աշակերտական տետրի թերթի վրա ինձ համար գրեց «Մեր Հայրենիքը»:

Տեղյակ էի, որ Պարույրն իր ընկերներից մի քանիսի հետ ինչ-որ գործերով է զբաղված, բայց անձամբ դրա մեջ չկայի: Դա նուբարաշենյան պատանեկան խմբակ էր: Վրաստանում ապրող իմ մեծ պապն ինձ շատ ավելի լուրջ դասեր էր տվել, այնպես որ` Պարույրենց այդ պատանեկան հայրենասիրությունն ինձ համար անցած էտապ էր: Մի օր էլ Պարույրն ասաց ինձ, որ Կիրովական (Վանաձոր) մեկնող գնացքում թռուցիկներ տարածելիս իրենց աղջիկները բռնվել են, եւ նրանց պարտադրում են ասել, թե որտեղից են ձեռք բերել դրանք: Ասաց, որ փակուղի են մտել ու չգիտեն ինչ անել:

Աղջիկների մոտ եղած նույն թռուցիկներից տարածվել էին նաեւ մեր դպրոցում: Ես էլ էի մասնակցել դրանց տարածմանը: Պարույրենց թռուցիկների պատմությունը փակելու համար առաջարկեցի ասել` իբր, ես եմ դրանք` վերցնելով մեր դպրոցից, փոխանցել իրենց: Այսպիսով, շղթան փակվում էր, ու աղջիկները դուրս էին գալիս անհարմար վիճակից: Պարույրն այդպես էլ արեց: Անմիջապես եկան իմ հետեւից: Մեր դպրոցի տնօրենն ասաց, որ, իրոք, դպրոցում նման թռուցիկներ տարածվել են, ՊԱԿ-ը տեղյակ է, եւ դրանք կարո՛ղ էին հայտնվել իմ ձեռքում:

Ես հաստատեցի, որ հենց դպրոցից էլ վերցրել ու տվել եմ Պարույրին: Այդ օրն ինձ` ծնողներիս հետ առաջին անգամ տարան Պետանվտանգության կոմիտե ու պաշտոնապես նախազգուշացրին, որ դա անթույլատրելի  գործունեություն է: Սա եղավ Հայրիկյանի նախաձեռնությունների մեջ իմ ներգրավման սկիզբը:

Մինչեւ հայտնի «Շանթ» կազմակերպությունը, մենք Շենգավիթում` Պարույրից անկախ, բավական մեծ խումբ էինք հասցրել ստեղծել: Արդեն Աշոտ Նավասարդյանը կար ու էլի տղաներ: Մեր խմբակն ուներ իր ծրագիրը: Համաձայն այդ ծրագրի` մենք հայ ժողովրդի ապագան տեսնում էինք լենինյան ազգային քաղաքականության եւ կոմունիստական գաղափարախոսության շրջանակներում:

Արդեն ՊԱԿ-ի տեսադաշտում էինք, ու մեզ առիթից առիթ տանում էին իրենց մոտ: Իրենց լեզվով դա կոչվում էր պրոֆիլակտիկա: Ահա այդ, այսպես կոչված, պրոֆիլակտիկաների ընթացքում մենք բախվում էինք իսկական խորհրդային իրականությանը: Տեսնում էինք ոչ թե այն, ինչ գրված է գրքերում կամ ինչ պատմում է մեր դասատուն մեզ, այլ այն, ինչ կա իրականում` շատ կոպիտ ու գռեհիկ:

Պրոֆիլակտիկան իր մեջ ներառում էր ոչ միայն ՊԱԿ տարվելը կամ մեր ծնողներին ՊԱԿ կանչելը, այլեւ դրան հաջորդող ողջ պրոցեսը, երբ քեզ տարաբնույթ ժողովների ժամանակ դատապարտում ու պարսավում են, քեզ ուղղվելու ժամանակ են տալիս, ստիպում են, որ արդարանաս, եւ որ ամենակարեւորն է` այդ ամենն անում են մարդիկ, որոնք այդ ժողովներից դուրս բոլորովին այլ բաներ են ասում քեզ: Ահա այդ երկերեսանիությունը, այդ կեղծավորությունը մեզ ռադիկալացրեց: Մի խոսքով, ՊԱԿ-ն իր գործունեությամբ մեզ պարզ ու հասկանալի եւ որ ամենակարեւորն է` արագ հասկացնել տվեց, թե ինչ է իրական կոմունիզմը:

Մենք հասկացանք, որ խորհրդայինը եւ կոմունիստականը բոլորովին էլ այն չեն, ինչ մենք պատկերացնում ենք: 1967 թվականն էր: «Նաիրիտ» գործարանի մոտ ժողով արեցինք եւ վճռեցինք կտրել մեր կապերը  ողջ կոմունիստականի ու խորհրդայինի հետ: Վճիռն ամրապնդեցինք սիմվոլիկ միջոցառմամբ` այրեցինք մեր կազմակերպության կոմունիստամետ ծրագիրը:

Եղեռնի հուշարձանի շինարարության ժամանակ Մեսրոպ անունով մեկը, որն ինձանից տարիքով շատ մեծ էր եւ, ամենայն հավանականությամբ, ինձ հավանել էր, առաջարկեց ծանոթանալ իր ընկերներից մի քանիսի հետ: Գնացինք Էջմիածին: Այնտեղ ծանոթացա Ստեփան Զատիկյանի եւ Հայկազ Խաչատրյանի հետ, իսկ ավելի ուշ` արդեն Թոխմախում, Շահեն Հարությունյանի հետ: Ինձ դուր էր գալիս, որ ինձանից տարիքով մեծ եւ ոչ օրդինար մարդկանց հետ հանդիպումներ եմ ունենում: Պարույրին պատմեցի հանդիպումներիս մասին: Որոշեցինք հետեւել եւ տեսնել, թե ովքեր են նոր ծանոթներս: Որոշ ժամանակ անց Պարույրն ասաց, որ հետեւելու կարիք չկա, քանի որ այդ մարդիկ «մեր ընկերներն են»:

Պարզվեց` նոր ծանոթներս Ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներն են: Սկսվեց մեր համագործակցությունը: Տարածեցինք նրանց տված թռուցիկները: Տարածեցինք ու չբռնվեցինք: Սա լավ քննություն էր, եւ նրանք որոշեցին մեզ ներգրավել ԱՄԿ շարքերը: Միակ խոչընդոտն իմ տարիքն էր: Ես դեռ անչափահաս էի, եւ ըստ ԱՄԿ կանոնադրության` ԱՄԿ անդամ դառնալու իրավունք չունեի:

Իմ դեպքում բացառություն արվեց: Ընդունեցինք ԱՄԿ երդումն ու դարձանք երդվյալ ԱՄԿ-ականներ: 1968 թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կազմակերպեցինք հայտնի ռադիոհաղորդումը, որի տեխնիկական մասն իրականացրել էր մեր ընկերներից մեկը` Վաչիկը. նրա հայրը որակյալ ռադիոտեխնիկ էր: Հաղորդման ձայնագրված տեքստը կարդաց մեր աղջիկներից մեկը: Այդ ողջ աշխատանքն իրականացվել է շենգավիթյան մեր մասնաճյուղի ուժերով: Այսօր նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես բացահայտվեց:

Ես ցանկանում էի օդաչու դառնալ: Նավասարդյան Աշոտի հորը շատ էի հավանում, իսկ նա, ինչպես իմ հարեւաններից շատերը, աշխատում էր օդանավակայանում: 1968- ին` օդաչուական ուսում ստանալու նպատակով մեկնեցի Խաբարովսկ: Մոտեցավ զորակոչմանս տարիքը: Վերադարձա Հայաստան ու զորակոչվեցի: Վթարի հետեւանքով լուրջ վնասվածքներ ստացա ու ժամկետից շուտ զորացրվեցի: Խաբարովսկ մեկնելու ու հետագա զորակոչմանս հետեւանքով մի երկար շրջան չեմ մասնակցել մեր տղաների  իրականացրած գործողություններին:

Առանց ինձ տարածվել են թռուցիկներ, տպագրվել է «Երկունքը»: Երբ 1970-ին մերոնց դատապարտում էին, ես դատավարության ժամանակ ընդամենը որպես վկա էի ներգրավված: Մինչեւ 1972-73-ականները եղել եմ կիսաանկողնային վիճակում: Կալանավայրից վերադարձավ Ստեփան Զատիկյանը, հետագայում` նաեւ Պարույրն ու Աշոտը: Կրկին իրար գլխի հավաքվեցինք: Մեզ միացան երկու Ռազմիկները` Ռազմիկ Մարկոսյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը: Էլի տղաներ կային:

Ծնվեց սեփական տպարան ունենալու միտքը: Զոհրաբյան Ռազմիկը պասիվ էր: Լավ տղա էր, բայց պասիվ էր: Մարկոսյանի հետ երկար մտմտալուց հետո գտանք տպագրական մի նոր եղանակ, որն այսօր կարող է պարզունակ թվալ, բայց 1970-ականների սկզբի համար կարելի էր իսկական գյուտ համարել: Գրամեքենայով տպելուց շատ ավելի լավ ու շատ ավելի արդյունավետ միջոց էր: Մատրիցան դնում էինք մամլիչի մեջ, հալած արճիճը լցնում էինք վրան ու սեղմում: Ըստ էության` տպում էինք ամբողջական տողը: Եւ այսպես` տող առ տող: Հսկայական ջանքեր էին պահանջվում, բայց, վերջին հաշվով, լավ արդյունք ստացանք: Զոհրաբյան Ռազմիկը Սարի թաղում վարձով էր ապրում:

Հենց նրա սենյակն էլ վերածեցինք տպարանի: Այդ եղանակով տպեցինք «Հայեր» թռուցիկը: Տարածեցինք ու չբռնվեցինք: Մեր բռնվելը եղավ բոլորովին այլ առիթով: Ծրագրել էինք այրել Երեւանի Լենինի անվան (Հանրապետության) հրապարակում գտնվող Լենինի մեծադիր նկարը: Հանդուգն քայլ էր: Ողջ հրապարակը, մասնավորապես մեծադիր նկարը, գտնվում էր ոստիկանների շուրջօրյա հսկողության ներքո: Այդ գործը պետք է աներ Մարկոսյան Ռազմիկը: Սակայն, անհասկանալի պատճառներով, անընդհատ ձգձգվում ու տեղի չէր ունենում:

Պարզ էր արդեն, որ պետք է այդ գործն ուրիշը ստանձներ: Հանձն առավ Զոհրաբյան Ռազմիկը եւ մեր ընկերներից մեկի հետ գործը հաջողությամբ գլուխ բերեց: Ըստ նախապես մշակած մեր ծրագրի ու հաշվարկների` նկարն այրելուց հետո նրանք պետք է հասցնեին հեռանալ դեպքի վայրից ու թաքնվել: Բայց, ի տարբերություն մեր մյուս ընկերոջ, Զոհրաբյան Ռազմիկը թաքնվել չհասցրեց: Հրապարակում հերթապահող ոստիկանները կարողացան ձերբակալել նրան:

Բնական է, որ Զոհրաբյան Ռազմիկի ձերբակալվելուց հետո նրա վարձով բնակարանը պետք է խուզարկվեր: Նախապես մաքրել էինք բնակարանը: Այնտեղ ոչինչ չպետք է լիներ: Բայց խուզարկության ժամանակ պետանվտանգության աշխատակիցները հայտնաբերել էին մեր աչքից վրիպած ապակու կտոր, որի վրա տպագրական ներկի հետքեր էին պահպանվել: Զուտ պատահականության արդյունք էր: Դրանով ՊԱԿ-ի ձեռքում արդեն հայտնվեց մի թել, որը նրանց մեզ վրա դուրս գալու հնարավորություն էր տալիս:

Մինչ այդ ձերբակալվել էին Շահվերդյան Բագրատը եւ Թովմասյան Արարատը: Նրանց գործով ինձ կանչում էին ՊԱԿ եւ վկայություն պահանջում, իսկ ես հրաժարվում էի: Արեցին հերթական գրավոր նախազգուշացումը: Նախազգուշացման թերթիկում գրված էր, որ ես` այսինչ օրը, այսինչ վայրում Շահվերդյան Բագրատի եւ մյուսների հետ մասնակցել եմ հակասովետական հավաքի: Տվեցին, որպեսզի ստորագրեմ: Ես թերթիկի տակ գրեցի, որ հանդիպել եմ իմ ընկերների հետ, այդ թվում եւ` Շահվերդյանի, բայց մեր այդ հանդիպումը եւ հավաքներն ընդհանրապես հակասովետական միջոցառումներ չեմ համարում: Գրառումս նրանց խիստ վրդովեցրեց:

Նրանց պատկերացմամբ, ես ընդամենը պետք է ստորագրեի այդ նախազգուշացման` խիստ հաշվառվող ու համարակալված թերթիկի տակ, եւ վերջ: Այս դեպքից հետո սկսեցին գալ մեր տուն, անհանգստացնել, ծնողներիս ՊԱԿ տանել: Այդ օրերին էլ այրվեց հրապարակի Լենինի մեծադիր նկարն, ու Զոհրաբյան Ռազմիկը բռնվեց: Իրար հետ ունեցած մեր կապն ակնհայտ էր: Ռազմիկի հետ մենք հարեւաններ, համադասարանցիներ ու ընկերներ էինք, եւ ինձ վրա դուրս գալը մեծ հմտություն ու ջանքեր չէին պահանջում:

Ռազմիկի բռնվելուց որոշ ժամանակ անց կալանավորեցին ինձ: Սակայն, կալանավորման համար հիմք հանդիսացան ոչ թե մեր թռուցիկները կամ Լենինի նկարը, այլ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալը: Հերթական անգամ եկել էին ծնողներիս ՊԱԿ տանելու: Մայրս հիվանդ էր: Մենք նրանց բացատրում էինք, որ հիվանդ է եւ չի կարող գնալ, բայց ՊԱԿ-ի աշխատակիցներն անդրդվելի էին: Ես վրդովվեցի, ասացի, որ վաղուց արդեն չափահաս եւ ամուսնացած տղամարդ եմ, ինքս եմ պատասխանատու իմ գործողությունների համար, եւ նրանք պարտավոր են ծնողներիս հանգիստ թողնել: Նրանք իրենցն էին պնդում: Ես չէի կարծում, որ այդ վեճից ինչ-որ լուրջ բան կարող է ծագել: Հայրս` վեճը կանխելու նպատակով խնդրեց, որ մի տասը րոպե ժամանակ տան` մայրս հագնվի:

Այդպես էլ արեցին: Վեճի ժամանակ ասել էի, որ կարգին երկրում նման կամայականության համար իրենց կգնդակահարեին: Նրանք, բնական է, իրենց ղեկավարներին պատմել էին մեր վեճի ու այդ խոսքիս մասին, ու այնտեղ որոշել էին, որ կարելի է դատապարտել ինձ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության սպառնալիք հնչեցնելու համար: Ինձ կանչեցին դատախազություն` հարցաքննության: Լուրջ մտավախություններ չունեի: Տանը թաքցնելու բաներ կային, այդ թվում` «Դաշնակցության պատմություն» գիրքը եւ այլ նյութեր: Ժամանակս չէր ներում եւ մտածեցի` հարցաքննությունից կվերադառնամ ու տնից ամեն ինչ կտեղափոխեմ անվտանգ վայր:

Բայց տեղի ունեցավ անսպասելի բան: Դատախազությունում մեղադրանք ներկայացրին ինձ եւ մի մեծ խմբով` ինձ հետ միասին եկան մեր տուն` խուզարկության: Ի թիվս այլ նյութերի` գտան նաեւ մի աշակերտական տետր, որտեղ ԱՄԿ օրիորդաց կազմակերպության մի քսան-երեսուն հոգանոց ցուցակն էր: Գտածոներից սա երեւի միակն էր, որ ոչ մի դեպքում չպետք է նրանց ձեռքն ընկներ: Ինչ գտել` լցրել էին սեղանին: Մի մեծ կույտ էր գոյացել, այդ թվում եւ` այդ տետրը: Խումբը շարունակում էր խուզարկությունը: Կարինե Նավասարդյանը` կինս, հայացքով ցույց տվեց սեղանին լցված գտածոների թվում այդ տետրը եւ շշնջաց` ցուցակը: Ես դանդաղ մոտեցա, տետրն աննկատ վերցրի սեղանից ու տվեցի Կարինեին, իսկ նա մտցրեց գոտկատեղը եւ ձեռքի տակ եղած պայուսակով ծածկեց: Իմ գործողությունը նկատեց խուզարկությանը ներկա դատախազ Պապին Թոխյանը: Նա սեւեռուն հայացքով նայում էր ինձ: Մեր հայացքները հանդիպեցին, բայց նա ոչինչ չասաց: Երբ արդեն խուզարկության արձանագրությունն էին  կազմում, խուզարկուների ղեկավարը` նկատելով Կարինեի ձեռքի պայուսակը, հարցրեց. «Իսկ ռեդիկուլն ստուգե՞լ եք», եւ Թոխյանն ասաց` այո: Ես երբեք սա չեմ մոռանա:

(Պատմության այս հատվածը Կարինե Նավասարդյանն այլ կերպ է հիշում։ Ըստ Կարինեի՝ տետրն ինքն աննկատ թաքցրել է հագուստի տակ ու դուրս է եկել սենյակից։ Թոխյանն ուղղակի չի նկատել։ Չի բացառվում նաեւ, որ նկատել է, բայց չի կանխել նրա սենյակից դուրս գալը։ Այս տարբերակը քիչ հավանական է, բայց չի բացառվում։ Սա էլ Ազատ Արշակյանի մոտ կարող էր աջակցության տպավորություն ստեղծել եւ տարիների հեռվից (անցել է 40 տարի) այս կերպ հիշվել)։

Խուզարկության ավարտից հետո, ինձ մեկուսարան տանելու փոխարեն վերցրին իրենց հետ, եւ ամբողջ խմբով գնացինք Աշոտ Նավասարդյանենց տուն: Սկսվեց նրանց տան խուզարկությունը: Կարինեն մնաց մեր տանը: Ահա այսպես մեր աղջիկների խումբը չբացահայտվեց, եւ նրանք զերծ մնացին ավելորդ քաշքշուկներից, հարցաքննություններից ու հավանական է` նաեւ ձերբակալումներից:

Ինձ դատապարտեցին իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, ապա սկսվեց հակասովետական գործունեության համար նախաքննությունը: Լենինի նկարն այրելուց հետո Ռազմիկ Զոհրաբյանին ձերբակալած ոստիկանները, բնական է, զեկուցել էին, որ նա մենակ չի եղել: Նրանք տեսել էին երկրորդին, որը կարողացել էր թաքնվել: Իրականում այդպես էլ կար: Որպեսզի երկրորդով շատ չհետաքրքրվեն, եւ հարցը մեկընդմիշտ փակվի, որոշեցի ասել, որ երկրորդը ես եմ եղել: Դրանով ե՛ւ դրսում մնացած մեր մյուս ընկերոջ` Սմբատ Ավագյանի հետքերը կորան, ե՛ւ Զոհրաբյան Ռազմիկի գործը հեշտացավ, որովհետեւ նրան անընդհատ ճնշում էին երկրորդ գործակցի անունն  իմանալու համար, իսկ նա չէր հայտնում: Եվ քննիչներն իրենց գործն այս հարցում ավարտված համարեցին:

Կալանավորվածներս շատ էինք, բայց ինձ ու երկու` Մարկոսյան ու Զոհրաբյան Ռազմիկներին առանձին դատեցին: Ըստ էության, մեր գործում ինձ համար մութ բան չկար: Ձերբակալվել ենք միայն երեքս: Բոլորը, ովքեր պետք է մնային դրսում, դրսում էլ մնացին: Այս առումով ե՛ւ ես, ե՛ւ Մարկոսյան ու Զոհրաբյան Ռազմիկները մեր գործը լավ ենք կատարել: Միայն մեկ հարց ունեմ` ինչպե՞ս եղավ, որ չեկիստները իմացան Մարկոսյան Ռազմիկի թաքցրած տպագրական սարքավորումների ու տպատառերի տեղը: Այդ տարիներին դրանք մեզ համար հսկայական արժեք էին եւ ոչ մի դեպքում չպետք է ընկնեին չեկիստների ձեռքը: Բայց ցավոք` ընկան:

Դատավարությունից հետո մեզ տեղափոխեցին քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրեր: Ես ու Աշոտ Նավասարդյանը ժամկետից շուտ ազատ արձակվեցինք ու տուն վերադարձանք: Մորդովիայում էինք: Մեզ միշտ թվացել է, թե խաղը մերն է, եւ մենք ենք ծրագրեր մշակում ու իրականացնում: Սակայն, այսօր`դեպքերից այսքան տարի անց բոլորովին այլ աչքերով եմ եղածին նայում: Այսօր արդեն ինձ համար պարզ է, որ ոչ թե մենք էինք ուզում ժամկետից շուտ ազատվել մեր նախանշած ծրագրերն իրականացնելու համար, այլ մեզ էին ցանկանում ազատել` իրենց ծրագրերն իրականացնելու համար: Մենք չորս հոգով` ես, Աշոտ Նավասարդյանը, Հայրիկյանը եւ Հակոբջան Թադեւոսյանը պայմանավորվել էինք, որ վերադառնում ենք Հայաստան  ու ստեղծում «Սահմանադրություն-17» կոչվող մաքուր այլախոհական մի կազմակերպություն: Հակոբջանը դրսում էր, մենք` կալանավայրում: Ինձ կալանավայրից բերեցին Երեւան` պրոֆիլակտիկայի: 1976 թվականն էր: Այդ տարիներին նման բաներ անում էին. դա մտնում էր ՊԱԿ-ի աշխատանքի մեջ: Զարմանալի, գուցե անգամ աներեւակայելի թվա, բայց Երեւան հասցնելուց հետո` առանց զինված պահակախմբի, առանց ձեռնաշղթաների, ընդամենը երկու չեկիստի ուղեկցությամբ ինձ տարան մեր տուն: Ընկերներս ու հարեւաններս լցվեցին մեր տուն: Չեկիստները կատակում էին` ասելով, որ կարող են ինձ, ահա՛, այսպես թողնել տանը եւ հեռանալ: Ասում էին` նույնը կարող են անել նաեւ Աշոտի հետ, բայց վճիռն, իբր, պետք է մենք կայացնենք:  

Ես բացատրում եմ, որ այս պահին ոչինչ վճռել չեմ կարող, ընկերներս նստած են, եւ պետք է նրանց հետ խորհրդակցեմ: Նստած են Աշոտը, Պարույրը, երկու Ռազմիկները: Այս բեմադրությունից հետո ինձ կրկին տարան ՊԱԿ-ի մեկուսարան եւ հետ ուղարկեցին գաղութ: Զոհրաբյան Ռազմիկին ու Աշոտ Նավասարդյանին Մորդովիայից արդեն Պերմ էին տարել: Այս ողջ պատմությունը պատմեցի Մարկոսյան Ռազմիկին ու Հայրիկյան Պարույրին: Ասացի նաեւ չեկիստների կողմից արված վաղաժամ ազատ արձակվելու առաջարկի մասին: Կարծում էի, որ մենք ունենք շուտ դուրս գալու, «Սահմանադրություն-17»-ը ստեղծելու եւ լուրջ գործեր անելու հնարավորություն: Ազատ արձակվելու դիմաց մեզանից պահանջվում էր ներման խնդրագրով դիմել խորհրդային իշխանություններին:

Մարկոսյան Ռազմիկը կտրականապես մերժեց: Զոհրաբյան Ռազմիկին դիմելու կարիք անգամ չկար, պարզ էր` հրաժարվելու է: Պարույրը նույնպես մերժեց, ասելով` եթե նրանք ցանկանում են մեզ ազատ արձակել, թող ազատեն առանց մեր կողմից գրված ներման խնդրագրի: Նույնն արդեն փոխանցվել էր Պերմ`Աշոտին, որն ընդունել էր առաջարկը: Եվ մենք` ես ու Աշոտ Նավասարդյանը, ներման խնդրագրերով դիմեցինք իշխանություններին ու վաղաժամ ազատ արձակվեցինք: 1976-ի դեկտեմբերին ազատ արձակվեց Աշոտ Նավասարդյանը, իսկ 1977-ի ապրիլին` ես:

Ազատվելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղա «Սահմանադրություն-17»-ի ի կատար ածմանը: Գնացի Տալլին, եղա Մոսկվայում, պայմանավորվածություններ ձեռք բերեցի, բայց որքան էլ զարմանալի էր` Հայաստանում աջակցություն չստացա: Ազատության մեջ եղած մեր ընկերներին այդ զուտ այլախոհական գաղափարը չէր ոգեւորում:  Գործը ձգձգվեց եւ այդպես էլ իրականություն չդարձավ: Կամաց-կամաց միջավայրս սեղմվեց: Հիմնականում առնչվում էի ԱՄԿ կանանց մասնաճյուղի անդամների հետ: 1980-ին տեղեկացանք, որ Պարույրին, դեռ կալանավայրից դուրս չեկած, շինծու մեղադրանք են առաջադրել: Պարզ էր արդեն, որ նա Հայաստան չի վերադառնալու: Այս պարագայում մենք չէինք կարող հանգիստ նստել: Աղջիկների խմբի հետ որոշեցինք հրապարակել «Փարոսի» հաջորդ համարը: Աշխատանքի ողջ ծանրությունն ընկած էր Կարինե Նավասարդյանի ու Սուսաննա Ավագյանի ուսերին: Մեծ խմբաքանակ պատրաստեցինք ու տարածեցինք:

Հեռախոսագրքից հանել էինք հայտնի մտավորականների հասցեները եւ հատկապես նրանց փոստարկղերն էինք գցել: Այս անգամ թերթի տակ գրել էինք մեր` իմ ու Աշոտ Նավասարդյանի անունները: Ողջ գիշեր տարածեցինք «Փարոսը», իսկ առավոտյան մեկ օրինակ ձեռքներս՝ գնացինք դատախազություն: Մեզ ընդունեց Պապին Թոխյանը: Երբ իմացավ, թե ինչու ենք եկել եւ ինչ ենք արել, քիչ էր մնում ուշաթափվեր: Զանգահարեց ՊԱԿ, այնտեղից ասացին, որ արդեն տեղյակ են: Որոշ մտավորականներ արդեն հասցրել էին իրենց փոստարկղերը ստուգելուց հետո զանգահարել ՊԱԿ ու տեղեկացնել: Թոխյանի սենյակից մեզ տարան ՊԱԿ-ի մեկուսարան: Ազատ արձակվեցինք 1987 թվականին` կրկին վաղաժամ: Այս անգամ արդեն` Պերեստրոյկայի շնորհիվ:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter