HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն - 1974թ․, Գագիկ Առաքելյան, Կոստան Կարապետյան

սկիզբը

Գագիկ Սերյոժայի Առաքելյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 12-ին, Երեւանում: Մինչեւ ազատազրկվելն աշխատել է Երեւանի «Պոլիվինիլացետատ» գործարանում: Դեռեւս դպրոցում կազմակերպել է աշակերտական-հայրենասիրական «Ամրոց» անունով խմբակ, որի գործունեությունը ժամանակ անց բացահայտվել է: Պետական անվտանգության կոմիտեում Առաքելյանի եւ նրա ընկերների հետ պրոֆիլակտիկ զրույցներ ունենալուց հետո նախազգուշացրել ու ազատ են արձակել: Ավելի ուշ ծանոթացել է Ազատ Արշակյանի հետ, որն էլ ներգրավել է նրան Ազգային միացյալ կուսակցության շարքերը: 1973 թ. մասնակցել է ԱՄԿ կազմակերպած այնպիսի գործողությունների, ինչպիսիք են` պատերին անկախության պահանջով կոչեր գրելը եւ ԱՄԿ «Փարոս» պաշտոնաթերթի ու թռուցիկների տարածումը: Քանի որ դեռ դպրոցից նա եղել է Պետանվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում, բնական է, որ երկար գործել չէր կարող: 1974 թ. մայիսին 19 տարեկանում կալանավորվում ու մեղադրվում է ՀԽՍՀ քր. օր.-ի 69 (ազգային եւ ռասսայական իրավահավասարությունը խախտելը) եւ 206-1 (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը) հոդվածներով: Դատապարտվել է երկու տարի ազատազրկման: Պատիժը կրել է Ռուսաստանի Դերժինսկ քաղաքի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայրում: Ազատ արձակվելուց հետո քաղաքական գործունեություն չի ծավալել: 1990-ականներին անդամակցել է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությանը: Այժմ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Ապրում եւ աշխատում է Երեւանում:

Պատմում է Գագիկ Առաքելյանը

Մինչեւ Ազգային միացյալ կուսակցությանն անդամակցելը, մենք մեկ այլ` գործող պատանեկան խմբակ ունեինք` «Ամրոց» էր կոչվում: 1969-70 թթ. այդ խմբակը գործում էր մեր դպրոցում: Ես 8-րդ դասարանում էի: Արդեն ծանոթացել էինք նաեւ մեր դպրոցից դուրս գործող այլ պատանեկան խմբակների հետ: Մի քանի տարի շարունակ` ապրիլի 24-ի հետ կապված թռուցիկներ ենք տարածել: 9-րդ դասարանում էի սովորում, երբ մեր խմբակը բացահայտվեց, եւ առաջին անգամ խմբակի անդամներիս Պետանվտանգության կոմիտե տարան: Հարցաքննում էին տարածած թռուցիկների ու խմբակի գործունեության հետ կապված: Հարցաքննություններից հետո մեզ պաշտոնապես նախազգուշացրին: Դա իմ առաջին նախազգուշացումն էր: Հետագայում մի քանի անգամ կրկնվել է:

Ազատ Արշակյանը բնակվում էր մեր թաղամասում: Աշոտ Նավասարդյանն արդեն հասցրել էր դատապարտվել։ Ազատը ՊԱԿ-ի հետ խնդիրներ ուներ, ու դա մեր թաղամասում գիտեին բոլորը: Այնպես որ, մենք ինչ-որ չափով տեղյակ էինք ե՛ւ նրա, ե՛ւ Աշոտի ծավալած գործունեությունից: Նրանց հետ մտերիմ չէինք, բայց նրանց գոյությունը մեզ ոգեշնչել էր: Դեպքերի հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Ազատը տեղյակ էր մեր ծավալած գործունեության մասին: Երբ դպրոցն ավարտեցինք, Ազատ Արշակյանը մեզ առաջարկեց գործել Ազգային միացյալ կուսակցության շրջանակներում:

Դա երեւի 1973 թվականն էր, նոր էի 18 տարեկան դարձել: Սկսվեց մեր գործունեության բոլորովին նոր ու ակտիվ շրջանը: Շենքերի պատերին Հայաստանի անկախությունը պահանջող կոչեր էինք գրում, նույնանման կոչերով թռուցիկներ էինք տարածում: Տարածել ենք նաեւ «Փարոս» թերթը: Ծավալել էինք լուրջ կազմակերպական գործունեություն: Մասնաճյուղեր էինք ձեւավորում: 1973-74 թվականներին ինձ հաճախ էին ՊԱԿ տանում: Նախազգուշացնում էին, սպառնում, պահանջում էին, որ վերջ տամ գործունեությանս: Ես երիտասարդ էի ու վստահ, որ լավ գործ եմ անում: Նաեւ հավանական կալանավորմանն էի պատրաստ, նրանց սպառնալիքներին ու նախազգուշացումներին կարեւորություն չէի տալիս: 1974 թ. գարնանն ինձ ու Կոստոյին կալանավորեցին: Այդ թվականին կալանավորվածներս շատ էինք: ՊԱԿ-ի մեկուսարանը լցված էր ԱՄԿ-ականներով: Կալանավորվածներից ոմանց ճանաչում էի, ոմանց մասին լսել էի, իսկ ոմանց էլ ճանաչեցի հետո: Երկուսիս էլ երկու տարի ազատազրկման դատապարտեցին ու ՊԱԿ-ի մեկուսարանից տեղափոխեցին Երեւանի բանտ: Շահումյանի կալանավայրից մեր խուց բերեցին նաեւ Սահակյան Քաջիկին: Ըստ մեր տեղեկությունների՝ երեքիս պետք է տեղափոխեին Ռուսաստան: Տեղափոխումն անընդհատ ձգձգվում էր: Որոշ ժամանակ անց` Ռուսաստան տանելու փոխարեն՝ երեքիս էլ տարան Շահումյանի գաղութ: Այնտեղ էին Նորիկ ու Սամվել Մարտիրոսյան եղբայրները, Լեւոն Բադալյանը եւ ԱՄԿ հին անդամներից Կարախանյան Վազգենը: Նրան շինծու մեղադրանքով դատապարտել էին մեկ տարի ազատազրկման: Մի օր էլ Սամվել Մարտիրոսյանին անհիմն պատժախուց տեղափոխեցին: Մենք` կալանավայրում եղած քաղբանտարկյալներս, հացադուլ ու գործադուլ  հայտարարեցինք: Սա պատճառ դարձավ, որ բոլորիս տեղափոխեն Ռուսաստան ու առանձնացնեն իրարից: Ինձ տարան Դերժինսկ, Կոստան Կարապետյանին` Գորկու մարզ, Լեւոն Բադալյանին` Կույբիշեւ, Սահակյան Քաջիկին` Կազան, իսկ Նորիկ ու Սամվել Մարտիրոսյաններին` Պերմի մարզ, բայց տարբեր քաղաքներ:

Ես, փաստորեն, իմ պատիժը կրում էի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայրում: Բոլորն էլ գիտեին, որ ես քաղաքական գործունեության համար եմ դատապարտված: Ինձ շատ հարգալից էին վերաբերվում: Կալանավայրում լուրջ խնդիրներ չեմ ունեցել: Պատժաչափիս ավարտից հետո` 1976-ին ազատ արձակվեցի ու վերադարձա Երեւան: Անմիջապես հայտնվեցի ոստիկանական հսկողության տակ: Ըստ էության, դա տնային կալանք էր: Երեկոյան 6-ից հետո տնից դուրս գալու իրավունք չունեի: Աշխատում էի: Աշխատանքից հետո շտապ պետք է հասցնեի տուն վերադառնալ: Հակառակ դեպքում` կարող էր դիտարկվել ռեժիմի խախտում ու նոր կալանավորման առիթ դառնալ: Նախապես որոշվել էր, որ այդ ռեժիմն իմ նկատմամբ պետք է պահպանվի մեկ տարի, բայց վեց ամիս անց մեղմացվեց, ապա վերջնականապես հանվեց: Սկսեցի ապրել ազատ մարդու կյանքով: Աշխատում ու զբաղվում էի առօրյա հոգսերով: Քաղաքականությամբ ու ընդհատակյա գործունեությամբ չէի զբաղվում:

Կոստան Վահանի Կարապետյանը ծնվել է Երեւանում, 1955 թ. հունիսի 20-ին: Մինչեւ ազատազրկվելն աշխատել է «Հայէլեկտրո» գործարանում: Բնակվել է Ազատ Արշակյանի հարեւանությամբ ու նրա հետ ունեցած շփումների արդյունքում էլ` վաղ  տարիքից ներգրավվել է ազգային-հայրենասիրական գործունեության մեջ: Ավելի ուշ ընդգրկվել է Ազգային միացյալ կուսակցության շարքերը: 1973-ին ակտիվորեն մասնակցել է ԱՄԿ կազմակերպած այնպիսի գործողությունների, ինչպիսիք են` պատերին անկախության պահանջով կոչեր գրելը, ԱՄԿ «Փարոս» պաշտոնաթերթի եւ թռուցիկների տարածումը: 1974-ի մարտին` 19 տարեկանում կալանավորվում ու մեղադրվում է ՀԽՍՀ քր. օր.-ի 69 (ազգային եւ ռասայական իրավահավասարությունը խախտելը), 207-1 (միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժիննիկին դիմադրություն ցույց տալը) եւ 231 (անչափահասներին հանցավոր գործունեության, հարբեցողության, մոլախաղերի  մեջ ներգրավելը) հոդվածներով: Դատապարտվել է երկու տարի ազատազրկման: Պատիժը կրել է Ոուսաստանի Գորկու մարզի քրեական հանցագործների համար նախատեսված կալանավայրում: Ազատ արձակվելուց հետո քաղաքական գործունեություն չի ծավալել: Այժմ ապրում եւ աշխատում է Երեւանում:

Պատմում է Կոստան Կարապետյանը

Իմ ձեւավորման վրա էական դեր է խաղացել Ազատ Արշակյանը: 1960-ականների վերջին եւ 70-ականներին մեր Շենգավիթ թաղամասում նրան բոլորն էին սիրում ու հարգում: Իր մակարդակով ու հետաքրքրությունների շրջանակով էապես տարբերվում էր մյուսներից: Բոլորի սիրելին էր: Հաճույքով էի շփվում նրա հետ: Այդ շփումներից էլ ամեն ինչ սկսվեց: Նոր էի դպրոցն ավարտել: Ազատից իմացա, որ Հայաստանի անկախության  համար պայքարող կազմակերպություն է գործում: Ներգրավվեցի այդ կազմակերպության մեջ: Մեր հիմնական գործը քաղաքի երեւացող ու մարդաշատ վայրերում Հայաստանի անկախության պահանջով կարգախոսներ գրելն էր: Ունեինք պատրաստի տրաֆարետներ, որոնց օգնությամբ գրում էինք այդ կարգախոսները: 1973 թ. հոկտեմբերի մի ուշ երեկո կարգախոսներ էինք գրում Երրորդ մասում գտնվող հեռախոսախցիկներում, երբ մեզ նկատեցին երկու միլիցիոներներ: Երեքով էինք: Փորձեցին ձերբակալել մեզ: Ես դիմադրեցի, եւ մինչ նրանք զբաղված էին ինձանով, երկու ընկերներս կարողացան փախչել: Միլիցիոներներից մեկն ատրճանակի բռնակով հարվածեց գլխիս: Ընդհանուր քաշքշոցի մեջ հարվածը չէի զգացել: Ինձ արդեն մտցրել էին իրենց ավտոմեքենան, բայց ես կարողացա փախչել այնտեղից: Միլիցիոներներին ցուցաբերած իմ դիմադրությունն ու քաշքշուկը նկատել էին իրենց բնակարանի պատշգամբում գտնվող մի կին եւ իր դուստրը: Երբ արդեն պարզ էր, որ ոստիկանները, կորցնելով իմ հետքը, այլ ուղղությամբ են գնացել, նրանք ինձ ձայն տվեցին եւ ասացին, որ կարող եմ բարձրանալ իրենց տուն: Միայն այնտեղ` նրանց տանը տեսա, որ գլխիցս արյուն է հոսում, եւ հագուստս ամբողջությամբ արնաշաղախ է: Մայր ու աղջիկ մաքրեցին վերքս, կապեցին, լվացին վերնաշապիկս, ինձ այլ հագուստ տվեցին ու առաջարկեցին գիշերել իրենց տանը: Չափազանց վտանգավոր էր այդ վիճակում գիշերով փողոց դուրս գալը:

Անկասկած` կբռնվեի: Եվ ես մնացի նրանց տանը: Առավոտ շուտ տուն վերադարձա: Օրվա վերջին կրկին գնացի ինձ հյուրընկալած բնակարան` նրանց տված հագուստը վերադարձնելու նպատակով: Այնտեղ էլ իմացա, որ Պետանվտանգության կոմիտեից այցելել են նրանց ու հարցրել իմ մասին: Կանայք խոստովանել էին, որ գիշերել եմ իրենց տանը, բայց քանի որ իմ ով լինելը եւ հասցեն չգիտեին` ուրիշ ոչինչ չէին ասել: Պարզ էր արդեն, որ փնտրում են ինձ եւ այդ նպատակով շրջակա բնակիչներին այցելում ու հարցաքննում էին: Հաջորդ օրը պետք է գնայի զինկոմիսարիատ` հաշվառման, իսկ մեր շրջանի զինկոմիսարիատն այն ժամանակ գտնվում էր «Հայրենիք» կինոթատրոնի դիմացի ոստիկանության շենքի վերեւի հարկում: Փաստորեն, այդ ողջ օրը ոստիկանությունը եւ Պետանվտանգության կոմիտեն ինձ են փնտրել, իսկ ես այդ ընթացքում գտնվել եմ իրենց շենքում: Այդպես էլ չկարողացան գտնել ինձ: Հետագայում` ամիսներ անց ինձ ձերբակալելուց հետո, երբ պարզեցին ու համոզվեցին, որ իրենց շենքում եմ եղել` ապուշ էին կտրել: Մեր ընկերների շրջապատում իմ «քաջագործությունը» առասպելի պես էր պատմվում: Նեղ շրջանակում գիտեին դրա մասին: Մեկը, որն արդեն մահացել է, եւ անունը չեմ ցանկանում ասել` թեկուզ միայն այն պատճառով, որ մահացել է, հատուկ ծառայություններին տեղեկացրել էր իմ մասին: Հերթական անգամ` դեպքից հինգ ամիս անց, 1974 թ. մարտին ինձ կրկին զինկոմիսարիատ կանչեցին: Այնտեղ հավաքված երիտասարդ տղաներն արագ-արագ մտնում ու դուրս էին գալիս բժշկի սենյակից: Երբ հասավ իմ հերթը, բժիշկն առաջարկեց նստել, այնուհետեւ մոտեցավ ու սկսեց ուսումնասիրել գլխիս առկա սպին, որից հետո ինչ-որ տեղ զանգահարեց: Նրա այդ գործողություններից  հասկացա, որ այլ նպատակով են զինկոմիսարիատ կանչել ինձ, եւ որ` ձերբակալվելու եմ: Իրոք, զինկոմիսարիատից դուրս գալու պահին ձերբակալեցին:

Ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության փուլում ոչ մի հետաքրքիր ու նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել, չհաշված նրանց ճաշը: Երբ առաջին անգամ տեսա` զարմացած  էի: Ե՛վ արտաքին տեսքը, ե՛ւ համը, ե՛ւ հոտը ճաշ ասվածի հետ ընդհանուր ոչինչ չունեին: Սա է երեւի` որպես իրադարձություն այդ օրերից տպավորվել:

Ինձ ու Գագիկ Առաքելյանին դատապարտեցին երկուական տարի ազատազրկման ու տեղափոխեցին Շահումյանի կալանավայր: Հայ քաղբանտարկյալներից այնտեղ էին գտնվում Նորիկ եւ Սամվել Մարտիրոսյան եղբայրները, Գագիկ Առաքելյանը, Վազգեն Կարախանյանը, Լեւոն Բադալյանը եւ Քաջիկ Սահակյանը: Ողջ կալանավայրը գործազուրկ էր, աշխատանք չկար: Հաշված մարդիկ էին աշխատում: Ինձ համար անհայտ պատճառներով մի օր էլ մեզ` բոլոր քաղբանտարկյալներիս որոշեցին տեղափոխել  Ռուսաստան: Մեզ հետ էր նաեւ Անահիտ Կարապետյանը: Նրան Ռոստովից տարան այլ ուղղությամբ: Նույն վագոնում էինք, բայց, բնականաբար, կանայք առանձին կուպեներում էին: Կուպե ասվածն էլ ճաղավանդակներով առանձնացված, վանդակե դռներով մի նեղլիկ արկղ էր, որտեղ տեղավորում էին ոչ թե այնքան մարդ, ինչքան կտեղավորվեր, այլ այնքան` ինչքան մարդու պետք է տեղափոխեին: Էտապը մի աներեւակայելի պատմություն է: Բոլոր այն բանտարկյալները, որոնք եղել են էտապում, դա մոռանալ չեն կարող: Մեզ Երեւանից տարան Թբիլիսի, այնտեղից` Ռոստով, այնուհետեւ` Խարկով, ապա` Պեմզա, վերջում` Գորկի: Գորկու բանտում երկար պահեցին մեզ: Այնուհետեւ բաժանեցին իրարից: Ինձ տարան Սուխոբեզվոդնի կոչվող բնակավայրում գտնվող կալանավայրը, որը գտնվում էր անտառի մեջ: Ազատ արձակվելուց հետո հուշեր գրելու միտք ունեի: Որոշել էի` եթե գրեմ, ապա վերնագիրը լինելու է «Ինն ամիս անտառում», բայց այդպես էլ գրելու ժամանակ չգտա:

Պատժաչափս կրելուց հետո վերադարձա Հայաստան: Ի տարբերություն այլոց` ինձ ոստիկանական հսկողության տակ չվերցրին: Միայն առիթից առիթ ՊԱԿ են հրավիրել: Մեկ անգամ էլ ՊԱԿ են կանչել Պարույր Հայրիկյանին նամակ գրելու համար: Ըստ էության, ՊԱԿ-ի հետ առնչվելու առիթներ ինքս չեմ տվել, որովհետեւ որեէ գործունեություն չեմ ծավալել:

Գագիկ Առաքելյանի եւ Կոստան Կարապետյանի գործով կայացված դատավճիռը

(ԱԱԾ-ից արհեստական թերություններով ստացած այս դատավճիռը այլ դատավճիռների համադրմամբ, մեր ձեռքի տակ եղած այլ փաստաթղթերի եւ գործին առնչված մարդկանց հիշողությունների օգնությամբ կարողացել ենք ավարտուն տեսքի բերել):

                                                           ԴԱՏԱՎՃԻՌ քր. գործ. նո. 132

                                                                                                                                                    1974թ.

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

                                                                    

                                                                        1974թվի հոկտեմբերի 3-ին

                                                         նախագահությամբ`    Ս. Ասատուրյանի

                                                                Ատենակալներ`    1. Ա. Մխիթարյան

  1. Մ. Տեր-Օհանյան

                                                       Քարտուղարությամբ`    Ե. Սողոմոնյանի

                                                 Մասնակցությամբ պետական մեղադրող

                                                                         դատախազ`    Պ. Թոխյանի

                                                             դատապաշտպան`    Ե. Խաչիկյան

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի`

1 Գագիկ Սերյոժայի Առաքելյանի, ծնված 1955թ. դեկտեմբերի 12-ին Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուրի, խնամքին ոչ-ոք, ՀամԼԿԵՄ անդամ, միջնակարգ կրթությամբ, չդատված, ֆիզիկապես առողջ աշխատել է Երեւանի «Պոլիվի- լացետատ» գործարանում որպես էլեկտրոմանտյոր, բնակվել է Երեւան քաղաքում, ն. Շենգավիթ 5-րդ փողոց տուն 21, գործով կալանքի տակ է 1974թ. մայիսի 12-ից:

2 Կոստան Վահանի Կարապետյանի, ծնված 1955թ. հունիսի 20-ին Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուրի, խնամքին ոչ-ոք, ՀամԼԿԵՄ անդամ, միջնական կրթությամբ, չդատված, ֆիզիկապես առողջ, աշխատել է «Հայէլեկտրո» գործարանում որպես ֆրեզերագործ, բնակվել է Երեւան քաղաքում ն. Շենգավիթ 1-ին փողոց տուն 10, գործով կալանքի տակ է 1974 թ. մարտի 20-ից:

Մեղադրվում են`

Առաքելյանը - ՀՍՍՀ քր. օրի 69 եւ 206-1 հոդվածներով, Կարապետյանը - ՀՍՍՀ քր. օրի 69, 207-1 հոդվածի 1-ին մասով եւ 231 հոդվածներով:

Դատաքննությամբ դատական կոլեգիան գտավ ապացուցված հետեւյալը`

Ամբաստանյալ Առաքելյանը Երեւան քաղաքի նո. 97 միջնակարգ դպրոցում սովորելիս հանդիսացել է այդ դպրոցի որոշ աշակերտների կողմից կազմակերպված եւ անլեգալ գործունեությամբ զբաղվող «Ամրոց» այսպես կոչված «Հայրենասիրական» խմբի անդամ, որը 1971թ. ՀՍՍՀ Պետ. անվտանգության մարմինների կողմից բացահայտվել է ու նրա անդամները, այդ թվում եւ Առաքելյանը նախազգուշացվել են նման գործունեությամբ զբաղվելու անթույլատրության մասին:

1973 թ, օգոստոսին ամբ. Առաքելյանը մոտ հարաբերություն է ստեղծել այժմ մեկ այլ գործով կալանավորված-հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա տանելու եւ  հակասովետական կազմակերպչական գործունեության  մեջ մեղադրվող Ազատ Արշակյանի հետ, որի կողմից համապատասխան մշակումից հետո, վերջինս իր համաձայնությունն է տվել մտնել իբր գոյություն ունեցող «Ազգային միացյալ կուսակցություն»  (ԱՄԿ) կազմակերպության մեջ, որը նպատակ է ունեցել «Հայկական հողերի վերամիավորումը» եւ այսպես կոչված «Անկախ Հայաստանի» ստեղծումը:

Հետագայում կատարելով Ազատ Արշակյանի հանձնարարությունը` խումբ ստեղծելու մասին, ամբաստանյալ Առաքելյանը նրա մեջ է ներգրավել իր ծանոթներ «Ամրոց» խմբի նախկին անդամներ` Արամայիս Մանուկյանին, Լեւոն Ավետիսյանին, Արտակ եւ Արբակ Խաչատրյաններին, որոնցից 1973թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին վերցրել է անդամավճարներ եւ հանձնել է Ազատ Արշակյանին:

1973թ. օգոստոսի վերջին ամբ. Առաքելյանը Ազատ Արշակյանից ստացել է ԱՄԿ-ի անունից պատրաստված «Կորչեն ռուսները կեցցե ազատ ու անկախ Հայաստանը» ազգային թշնամություն առաջ բերող տեքստով երկու տրաֆարետ, որոնցից մեկով Լեւոն Ավետիսյանի հետ միասին գրառումներ է կատարել Երեւան քաղաքի Թելմանի փողոցի վրա գտնվող նո. 33 շենքի մոտ, համամիութենական էլեկտրոսարքավորումների կոմպլեկտավորման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր մուտքի մոտ, նո. 1 տեխնիկական ուսումնրանի մուտքի մոտ, «Հայէլեկտրոգործարանի» հին ստադիոնի գլխավոր մուտքի պատին:

Այսպիսի գրառումներ մյուս տրաֆարետի միջոցով, ամբ. Առաքելյանի հանձնարարությամբ, ժողտնտնվաճումների ցուցահանդեսի մոտ փորձել են կատարել Արամայիս Մանուկյանը եւ Արբակ Խաչատրյանը:

1973թ. նոյեմբերի 2-ին Առաքելյանը գործով վկա Սամվել Մուրադյանի հետ միասին, որի հետ ծանոթացել է Ազատ Արշակյանի միջոցով, վերջինիցս ստացել է «Փարոս- 2 (լրացուցիչ)» վերնագրով Սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող   ակնհայտ հերյուրանքներ պարունակող թռուցիկներ եւ Արշակյանի հանձնարարությամբ նույն օրը տարածել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Այդ գործունեության կապակցությամբ Առաքելյանը բռնվել է երկրորդ անգամ եւ նախազգուշացվել Պետ. անվտանգության մարմինների կողմից:

1974թ. փետրվարի 14-ին Արշակյանի ձերբակալումից հետո ամբ. Առաքելյանը Սամվել Մուրադյանի միջոցով կապվել է այժմ մեկ այլ քր. գործով կալանավորված` հակասովետական    ագիտացիա եւ պրոպագանդա տանելու եւ հակասովետական կազմակերպչական գործունեության մեջ մեղադրվող Ռազմիկ Մարկոսյանի հետ, որից հանձնարարություն է ստացել «Վարդանանց» օրվա առիթով թռուցիկի տեքստ պատրաստել եւ օգնություն ցույց տալ տպագրական միջոցները թաքցնելու գործում:

Այդ գործունեության կապակցությամբ ամբ. Առաքելյանը այս անգամ եւս նախազգուշացվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի 1972թ. դեկտեմբերի 25-ը «Պետանվտանգության մարմինների  կողմից որպես պրոֆիլակտիկ ազդեցություն նախազգուշացում կիրառելու մասին» հրամանագրի հիման վրա: Սակայն չնայած դրան, ամբ. Առաքելյանը պահպանել է իր հանցավոր կապը Ռազմիկ Մարկոսյանի հետ եւ փորձել է կարգավորել անլեգալ խմբի գործունեությունը, որի համար նա 1974թ. մայիսի 12-ին կալանավորվել է:

Դեռեւս 1973թ. հոկտեմբերի կեսերին ամբ. Առաքելյանը Ա. Արշակյանի միջոցով ծանոթացել է նույն գործով մյուս ամբաստանյալ Կոստան Կարապետյանի հետ, ով մինչ այդ Արշակյանի կողմից մշակվել է ազգայնական ոգով, ստացել է նրանից եւ կարդացել է ազգայնական գրականություն, այդ թվում 1932թ. Փարիզում հրապարակված Մ. Վարդանյանի «Դաշնակցության կուսակցության պատմություն» գիրքը, ինչպես նաեւ առաջադրանք է ստացել ազգային թշնամություն առաջ բերող գրառումներ կատարել: Այդ կապակցությամբ ամբ. Առաքելյանին առաջարկվել է ամբ. Կարապետյանի տնօրինության տակ առանձնացնել իր խմբի անդամներից մեկին եւ Առաքելյանը ծանոթացրել է Կարապետյանին Արամայիս Մանուկյանի հետ:

Միաժամանակ, գրառումները համատեղ կատարելու համար, ամբ. Կարապետյանը հանցավոր գործունեության մեջ է ներգրավել նո. 9-րդ դասարանի աշակերտ անչափահաս ծնված 1958թ. Գագիկ Ավետիսյանին:

1973թ. հոկտեմբերի 18-ին, ուշ երեկոյան, ամբ. Կարապետյանը, Արամայիս Մանուկյանի եւ Գագիկ Ավետիսյանի հետ միասին ԱՄԿ անունից պատրաստված` «Կորչեն ռուսները  կեցցե ազատ եւ անկախ Հայաստանը» ազգային թշնամություն առաջ բերող տեքստով տրաֆարետի օգնությամբ գրառումներ է կատարել Երեւան քաղաքի Լենինյան փողոցի ավտոբուսային կայանի մոտ գտնվող աֆիշների տումբայի վրա «Ակվարյում»   ռեստորանի, «Մալաթիա» շուկայի եւ Շահումյան փողոցի վրա գտնվող ժամացույցների արհեցտանոցի մոտ տեղադրված հեռախոսախցիկներում, ինչպես նաեւ Թամանցիների փողոցի նո. 7, 8, 10, 13 եւ 15 շենքերի մոտ գտնվող հեռախոսախցիկներում: Այնուհետեւ Սպանդարյանի անվան հրապարակի վրա գտնվող «Օպտիկա եւ բժշկական գործիքներ» նո. 3 խանութի մոտ տեղադրված հառախոսախցիկում գրառումներ կատարելու ժամանակ ամբաստանյալ Կարապետյանը 1973թ. հոկտեմբերի 19- ին ժամը 01 անց 15 րոպեի սահմաններում բռնվել է Լենինյան շրջանի ներքին գործերի աշխատակիցներ Հակոբյանի եւ Միրզախանյանի կողմից, որոնք նրանից վերցրել են տրաֆարետը եւ սպունգը: Սակայն Կարապետյանը միլ. աշխատակաիցներին նրանց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ, դիմադրություն է ցույց տվել, հնարավորություն տալով փախչելու Արամայիս Մանուկյանին եւ Գագիկ Ավետիսյանին եւ չնայած միլ. աշխատող Հակոբյանը ստիպված ատրճանակի կոթով հարվածել է Կարապետյանի գլխին, վերջինիս եւս հաջողվել է փախուստի դիմել եւ թաքնվել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով միայն 1974թ. մարտի 20-ին հաջողվել է Կարապետյանի անձնավորությունը պարզել ու նրան ձերբակալել: Վերոգրյալը  հաստատված է ամբաստանյալների խոստովանությամբ, վկաների ցուցմունքներով, տեղազննության արձանագրություններով եւ լուսանկարներով, գործով իրեղեն ապացույցներով:

Ամբաստանյալ Կարապետյանը նախաքննության ընթացքում եւ դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու ցուցմունք է տվել, որ իրոք 1973թ. հոկտեմբերի 18-ի եւ 19-ին, տրաֆարետի միջոցով, այսպես կոչված «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) անունից «Կորչեն ռուսները կեցցե ազատ եւ անկախ հայաստանը» ազգային թշնամությաուն առաջ բերող գրառումներ է կատարել Երեւան քաղաքի մի շարք տեղերում,  ընդորում այդ արարքը կատարելու համար հանցավոր գործունեության մեջ է ներգրավել անչափահաս Գագիկ Ավետիսյանին, որը մասնակցել է վերը նշված գրառումների կատարմանը, իսկ երբ տեղում բռնվել է միլիցիայի աշխատակիցների կողմից, որոնք իրեն մոտից հայտնաբերել եւ վերցրել են տրաֆարետն ու սպունգը, ապա նրանց չի ենթարկվել, դիմադրություն է ցույց տվել, դիմել է փախուստի եւ միայն 1974թ. մարտի 20-ին ճանաչվել եւ ձերբակալվել է օրգանի աշխատողի կողմից: Ամբ. Կարապետյանը ցույց է տվել այն վայրերը, որտեղ իրենք կատարել են գրառումները:

(հ.1 գթ. 48-53, 65-68, 71-102, 105-108, 112-113, 113-120, հ. 2 գթ. 164-169, 236-251 եւ

դատ.նիստի արձ. 6-25, 44-45):

Ամբաստանյալ Առաքելյանը իր նախաքննության ժամանակ եւ դատարանում տված ցուցմունքներում լիովին ընդունել է կատարած արարքը եւ հայտնել է, որ 1973թ. օգոստոսի վերջերին տրաֆարետի միջոցով ԱՄԿ-ի անունից «Կորչեն ռուսները կեցցե ազատ եւ անկախ հայաստանը» ազգային թշնամություն առաջ բերող գրառումներ է կատարել Երեւան քաղաքի Թելման փողոցի մի շարք տեղերում, ինչպես նաեւ «Հայէլեկտրոգործարանի» հին ստադիոնի գլխավոր մուտքի մոտ: Նման գրառումներ իր ահնձնարարությամբ փորձել են կատարել Արամայիս Մանուկյանը եւ Արբակ Խաչատրյանը: 1973թ. նոյեմբերի 2-ին «Փարոս-2 (լրացուցիչ)» վերնագրով Սովետական պետական եւ հասարակական կարգը արատավորող ակնհայտ հերյուրանքներ պարունակող թռուցիկներ է տարածել Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Այս ամենի համար երեք անգամ նախազգուշացվել է պետ. անվտանգության մարմինների կողմից, սակայն նորից է շարունակել զբաղվել նման գուծունեությամբ:

Առաքելյանը ցույց է տվել այն վայրերը, որտեղ ինքը գրառումներ է կատարել եւ թռուցիկներ է տարածել:

(հ. 1 գթ. 126-162, 173-176, 181-188, 217-220, հ. 2 գթ 157-163, 34-37, 259-268, դատ. նիստի արձ. 23-44):

Վկա Ազատ Արշակյանը հաստատել է, որ իր հանձնարարությամբ ամբաստանյալներ Առաքելյանը եւ Կարապետյանը տրաֆարետների միջոցով «Ազգային միացյալ կուսակցության»  անունից «կորչեն ռուսները կեցցե ազատ եւ անկախ հայաստանը» տեքստով գրառումներ են կատարել, իսկ ամբ. Առաքելյանը, բացի դրանից, 1973թ. նոյեմբերի 2-ին Երեւանի Խ. Աբովյանի անվան մակավարժական ինստիտուտում «Փարոս -2 (լրացուցիչ)» վերնագրով թռուցիկներ է տարածել:

(հ. 2, գթ. 1-51, դատ. նիստի արձ. 82-84):

Երեւան քաղաքի Լենինյան շրջանի ՆԳ բաժնի աշխատակից, գործով վկա Հակոբյանը հաստատել է, որ 1973թ. հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, պաշտոնական պարտականությունները    կատարելու ժամանակ, Երեւանի Սպանդարյանի անվան հրապարակի վրա գտնվող «Օպտիկա» խանութի մոտ տեղադրված հեռախոսախցիկում ինքը եւ նույն բաժնի աշխատակից Միրզախանյանը տեսել են երեք երիտասարդ տղաների, որոնցից երկուսին հաջողվել է դիմել փախուստի, իսկ երրորդը` ամբ. Կարապետյանը դիմադրություն է ցույց տվել, որի հետեւանքով նրան նույնպես հաջողվել է դիմել փախուստի, սակայն մինչ այդ նրա մոտից հայտնաբերվել եւ վերցվել է սպունգը ու տրաֆարետը «կորչեն ռուսները կեցցե ազատ ու անկախ հայաստանը» տեքստով: Հակոբյանը միաժամանակ ցույց է տվել դեպքի վայրը եւ հայտնել է, որ հետագայում` 1974թ. մարտի 20-ին, փողոցում հանդիպելով Կարապետյանին, ճանաչել է նրան, ձերակալել եւ բերման ենթարկել ՆԳ բաժին:

(հ. 2 գթ. 69-74, հ.1 գթ. 17-27, 10-11, 11 եւ դատ նիստի արձ. 72-80):

Նույնանաման ցուցմունք է տվել եւ վկա Միրզախանյանը:

(հ.2 գթ. 78-83, հ. 1 գթ. 12- 13 եւ դատ. նիստի արձ. 64-67):

Վկա Գագիկ Ավետիսյանը ցուցմունք է տվել, որ իրոք 1973թ. հոկտեմբեր ամսին ամբ. Կարապետյանը իրեն ներգրավել է հանցավոր գործունեության մեջ, այն է` նրա հետ միասին մասնակցել է «կորչեն ռուսները կեցցե ազատ եւ անկախ հայաստանը» տեքստով գրառոըմներ կատարելուն, բռնվել են միլ աշխատողների կողմից, սակայն հաջողվել է դիմել փախուստի: (հ. 2 գթ. 86-92 եւ դատ նիստի արձանագրություն 59-64):

Նշված գրառումներ կատարելու փաստը ամբ. Կարապետյանի մասնակցությամբ նախաքննության ժամանակ հաստատել է նաեւ վկա Արամայիս Մանուկյանը: Այդ ցուցմունքները դատարանում ստուգվել են եւ ամբաստանյալներ Կարապետյանը ու Առաքելյանը հաստատել են նրանց ճշմարտությունը;

(հ. 2 գթ. 98-102, 157-169 եւ դատ, նիստի արձ. 85-87):

Վկա Սամվել Մուրադյանը ցուցմունք է տվել, որ Ազատ Արշակյանի հանձնարարությամբ ամբ. Կարապետյանին տվել է վերը նշված տրաֆարետը ու ներկը` իմացել է Կարապետյանից նրա միլ, աշխատողների հետ ընդհարման մասին, ինչպես եւ հաստատել է ամբ. Առաքելյանի հետ 1973թ. նոյեմբերի 2-ին Երեւանի Խ. Աբովյանի անվան ինստիտուտում «Փարոս-2 (լրացուցիչ)» վերնագրով թռուցիկներ տարածելը :

(հ 2 գթ. 124- 142, դատ. նիստի արձ. 68-71):

Վկա Լեւոն Ավետիսյանը նախաքննության ժամանակ հաստատել է, որ ամբ. Առաքելյանի հետ դպրոցում սովորելու ժամանակ իրենք եղել են «Ամրոց» «Հայրենասիրական» խմբի անդամներ եւ այդ կապակցությամբ նախազգուշացվել են ՊԱԿ-ի կողմից:մԱռաքելյանի հետ միասին մասնակցել է «կորչեն ռուսները կեցցե ազատ եւ անկախ հայաստանը» տեքստով գրառումներ կատարելուն, օրգանի աշխատողներին ցույց է տվել այն վայրերը, որտեղ կատարել են գրառումները:

Վկայի այս ցուցմունքները դատաքննությամբ ստուգվել եւ հաստատվել են:

(հ. 2 գթ. 109-114, 252-257, դատ. նիստի արձ. 85-87):

Վկաներ, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոսներ Սեդա Միրզոյանը եւ Հովհաննես Պետրոսյանը նույն ինստիտուտի ուսանող Սմբատ Մամեդովը ցուցմունք են տվել, որ իրոք 1973թ. նոյեմբերի 2-ին նշված ինստիտուտում տարածվել են թռուցիկներ: (հ. 2 գթ. 143-153, դատ նիստի արձ. 51-58):

Ամբաստանյալներ Առաքելյանի եւ Կարապետյանի արարքները հաստատված են նաեւ հ. 1 գթ. 14-16, 23-29, 31-33 գտնվող տեղազննման արձանագրություններով ու լուսանկարներով, ինչպես եւ գործով անցնող իրեղեն ապացույցներ ` «Կորչեն ռուսները կեցցե ազատ ու անկախ հայաստանը» տեքստով տրաֆարետով, սպունգի եւ «Փարոս-2 (լրացուցիչ)» թռուցիկի լուսանկարով:

(հ.3 գթ. 3-10, 12-18):

Վերոգրյալի հիման վրա դատական կոլեգիան գտնում է, որ ամբ. Առաքելյանի արարքը քր. օրի 69 եւ 206-1 հոդվածներով, իսկ ամբ. Կարապետյանի արարքը քր. օրի 69 հ., 207-1 հ. 1-ին մասով եւ 231 հ. Ճիշտ է որոկված եւ ապացուցված է:

Պատիժ սահմանելիս կոլեգիան հաշվի է առնում ինչպես կատարված հանցագործությունների բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ անբաստանյալներ Առաքելյանի եւ Կարապետյանի անձնավորությունները, որոնք երիտասարդ են, անկեղծորեն զղջացել են կատարածի համար, բնութագրվում են դրականորեն, նրանց առաջին դատվածությունն է:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելուվ ՀՍՍՀ քր. դատ. օրի 293-294հ.հ. Հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան

                                                                    Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Գագիկ Սերյոժայի Առաքելյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օրի 69 եւ 206-1 հոդվածներով եւ դատապարտել` քր. օրի 69 հ. ազատազրկման երկու (2) տարի ժամանակով, քր օրի 206-1 հ. ազատազրկման երկու (2) տարի ժամանակով: ՀՍՍՀ քր. օրի 37 հ. համակցությամբ վերջին հաշվով թողնել նրան կրելու ազատազրկում երկու (2) տարի ժամանակով` ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Ամբաստանյալ Կոստան Վահանի Կարապետյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օ- րի 69հ., 207-1 հ. 1-ին մասով եւ 231 հ. եւ դատապարտել քր. օրի 69 հ. Ազատազրկման երկու (2) տարի ժամանակով, քր. օրի 207-1 հ. 1-ին մասով ազատազրկման մեկ (1) տարի ժամանակով եւ քր. օրի 231 հ. ազատազրկման երկու (2) տարի ժամանակով, առանց  արտաքսման: ՀՍՍՀ քր. օրի 37 հ. համակցությամբ վերջին հաշվով թողնել Կարապետյանին կրելու ազատազրկում երկու (2) տարի ժամանակով, առանց արտաքսման, որը նա կրելու է ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Գործով ճանաչված իրեղեն ապացույցները` տրաֆարետը, թղթի կտորները` «журнал – ордер 15 157» եւ «եթե հայ ես տարածիր», «Փարոս-2 (լրացուցիչ)» թռուցիկը եւ ծոցատետրը  - թողնել գործին կից, իսկ մնացած իրերը, որոնք նշված են քննիչի 12/8-1974թ. որոշման 2, 4, 5, 6, 9, 10 կետերում (հ. 3 գթ. 1-2) եւ գտնվում են ՊԱԿ-ում թողնել այդ օրգանի տնօրինության տակ:

Դատապարտյալներ  Կոստան Կարապետյանի  կալանքի սկիզբը հաշվել  1974թ. մարտի 20-ից, իսկ Գագիկ Առաքելյանի կալանքի սկիզբը հաշվել 1974թ. մայիսի 12-ից:

Դատավճիռը վճռաբեկության կարգով գանգատարկման եւ բողոքարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ`    Ս. ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ`    ստորագրություններ

Իսկականի հետ ճիշտ է

ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ` (ԱՍԱՏՈՒՐՅԱՆ)

4/10-1974թ.

Թ. Ա.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter