HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադուլավոր կանանց ճնշմամբ՝ գործատու Կարեն Դասոյանը խոստացավ երկուշաբթի օրը 30 հազար դրամ աշխատավարձ վճարել

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդիում «Կոտտոնի» ՍՊԸ-ին պատկանող կարի արտադրամասում աշխատավարձ չվճարելու համար գործադուլ էին սկսել 150 կարող բանվորուհիներ: Կանայք վրդովված և վիրավորված էին: Ասում էին, որ գործատու Կարեն Դասոյանը անհարկի  ձգձգում է իրենց աշխատավարձի վճարումը: Բանվորուհիները կարծում են, որ իրենք որակով են աշխատել: 

«Աշխատավարձ չի վճարում, խաբում է մեզ: Նախորդ կիրակի մեզ ասել է՝ ուրբաթ օրը կվճարի աշխատավարձ, այսօր մենք իրեն զանգել ենք աշխատավարձի համար, 4 ժամում է հասել Ալավերդի: Հիմա էլ բոլոր կանանց երեսին է նայում ու ծիծաղում»,-պատմեց Սյուզաննա Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք, որ «Կոտտոնի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է վանաձորցի գործարար Կարեն Դասոյանին: Բաժնետոմսերի մյուս 50 տոկոսի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յանինա Բերգ Բորիսովնան է: Վերջինս Մոսկվայում գրանցված «Մոդելիսմո» ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Քրիստինա Միտելմանի մայրն է: «Մոդելիսմո»-ն Ալավերդու կարի արտադրամասի հիմնական պատվիրատուն է:

Գործադուլավոր բանվորուհիները պատմեցին, որ դեռ նախորդ կիրակի արտադրամաս են հրավիրել ընկերության գործադիր տնօրեն Կարեն Դասոյանին և պահանջել են վճարել իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Կարի արտադրամասը գործարկվել է նոյեմբերի 11-ին, ըստ այդմ էլ՝ բանվորուհիները գործատուից պահանջում էին 17 օրվա աշխատավարձ: Սյուզաննա Մարտիրոսյանի և մյուս բանվորուհիների խոսքով՝ աշխատանքային անցած 1,5 ամսվա ընթացքում Կ. Դասոյանը դեռևս աշխատանքային պայմանագիր չի կնքել իրենց հետ: 

Ի սկզբանե Դասոյանը բանվորուհիներին աշխատավարձի չափ չի ասել: Ասել է՝ փորձաշրջան է, աշխատելու են մինիմում աշխատավարձով: 80-150 հազար դրամ նախատեսված աշխատավարձի մասին բանվորուհիները լրատվամիջոցներից են տեղեկացել: 

Սյուզաննա Մարտիրոսյանը բոլոր բանվորուհիների անունից հայտարարեց, որ եթե Կ. Դասոյանը որոշել է իրենց աշխատավարձ վճարել ողորմության կարգով,  ապա 150 բանվորուհիներով համաձայն են այդ աշխատավարձը նույնպես ողորմության կարգով թողնել նրան և այդ մասին տեղեկացնել ամբողջ հանրությանը: 

«Մենք թույլ չենք տա, որ մեզ աշխատացնեն և դրանով իրենք չաղանան: Ուղիղ մեկ շաբաթ է՝ արտադրամասի բոլոր կանայք սթրեսի մեջ են»,- ասաց  Սյուզաննա Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Դասոյանը բանվորուհիներին հայտնել է, որ միայն 250 հազար մանկական հագուստ կարելուց հետո  կստանան 80 հազար դրամ աշխատավարձ։

«Արտադրամասում կարի մեքենաների և արդուկների պակաս ունենք, գործատուն մեզ չի բավարարել մեքնաներով ու արդուկներով: Մարդիկ տնից 8 հատ արդուկ և արդուկի շոր են բերել, որ կարողանան այստեղ աշխատել»,- պատմեց Սյուզաննան:

Վերադառնալով աշխատանքային պայմանագրին՝ նա բացատրեց, որ արտադրամասում աշխատող կանայք երկար տարիներ երազել են աշխատելու մասին.

«Հիմա աշխատատեղ է բացվել, կանայք ենք էլի, գլխապատառ եկել, աշխատում ենք: Ինչ իմանայինք, որ այսպիսի գործարք էինք կնքելու»,- ասաց Սյուզաննա Մարտիրոսյանը:

Գայանե Մարգարյանի խոսքով՝ Կարեն Դասոյանը իրենց աշխատանքի ընդունելիս ասել է՝ սկզբում կստանաք Հայաստանում սահմանված մինիմում աշխատավարձ, հետո, երբ ամեն ինչ կկարգավորվի, խոստացել է վճարել իրենց աշխատանքին համապատասխան աշխատավարձ:

«Քանի դեռ ամեն ինչ արտադրամասում չի կարգավորվել, ուրեմն Կ. Դասոյանը պարտավոր է մեզ բոլորիս հավասարապես վճարել մինիմում աշխատավարձ»,- պահանջում էր Գայանեն:  

Սվետլանա Բեժանյանի ասելով՝ ԿԴասոյանը կիրակի օրը բանվորուհիներին շատ է խնդրել, ասել է՝ տղամարդու խոսք է տալիս, որ ուրբաթ օրը անպայման կվճարի աշխատավարձը։ 

«Բայց հիմա հրաժարվում է, մոռացել է իր տղամարդու խոսքը»,- ասաց Սվետլանա Բեժանյանը: 

Բանվորուհիները ասում են, որ խոստացած աշխատավարձը չվճարելու պատճառով շոկի մեջ են հայտնվել, քանի որ առջևում Նոր տարին է, իսկ իրենք սպասվող աշխատավարձով ծախսեր են նախատեսել։ Գործատուն գործադուլի ընթացքում մի քանի աշխատավարձի չափ էր առաջարկել աշխատողներին, սակայն գործադուլավորները չեն ընդունել առաջարկները։ 

Այդ ընթացքում Կարեն Դասոյանը կանգնել էր կարի արտադրամասի մի անկյունում: Բանվորուհիները նրան խոստանում էին արտադրամասի դուռը չբացել, մինչև չվճարի իրենց աշխատավարձը: Կ.Դասոյանը պատմեց, որ անհամաձայնություններ են առաջացել պատվիրատուի հետ։ Նրա ասելով՝ երբ «Կոտտոնին» կանգնել է ֆինանսական դժվարությունների առաջ, «Մոդելիսմոն» ոչ մի աջակցություն չի առաջարկել։ Դասոյանն ասում է, որ նոյեմբերի 28-ին պետք է պատվիրատուին ուղարկեին 200 հազար հատ մանկական հագուստ, բայց կարողացել են ուշացումով ուղարկել միայն 10 հազար հատ:

«Ու սա չենք ուղարկել նոյեմբերին, այլ ուղարկել ենք ավելի ուշ: Եթե մենք պայմանագրի համաձայն՝ ապրանքը իրենց ուղարկեինք ժամանակին, էդ  գումարը այսօր ստացած կլինեինք և աշխատավարձի խնդիրներ չէինք ունենա»,- ասաց Կ. Դասոյանը: Նրա խոսքով՝ արտադրանքի 200 000 հատ ծավալը պատվիրատուին խոստացել են կարի արտադրամասի տնօրեն Օրբելի Թարմինյանը և տեխնոլոգ Գոհար Մովսիսյանը : 

«Երբ այդ թիվը հաղորդել ենք, արտադրամասը դեռ պատրաստ չի եղել»,- արդարացավ տեխնոլոգ Գ. Մովսիսյանը: 

«Բա խի ես թիվ ասել, երբ արտադրամասը պատրաստ չի եղել: Հարցն էլ էդ է, որ իրենք կարողանում եմ մեզ թղթերով ապացուցեն, ասենք էս ինչ բանը ստորագրել եք, էս ինչ բանն արել եք, բայց մեր կողմից հակակառակը չի արվում»,- դժգոհեց գործատուն: Վերջինս բանվորուհիներին խոստացավ նոյեմբերի 11-ից կարի արտադրամասի 90 աշխատողներին երկուշաբթի օրը ժամը 4-ին վճարել սահմանված աշխատավարձի 30 հազար դրամը: 

«Մնացածը կվճարենք պատվիրատուի կողմից  արտադրամասից ուղարկված 10 հազար հատ մանկական հագուստի վճարումը ուղարկելուց հետո»,- խոստացավ Դասոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter