HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազության համար պարզ չէ, թե ինչո՞ւ են «Յոթի գործով» դատախազները համարել, որ 300.1 հոդվածը սահմանում է հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր

Դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու «Մարտի 1-ի» նկատմամբ հսկողություն իրականացնող Պետրոս Պետրոսյանը համարում են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրանց պաշտպանների միջնորդություններն անհիմն են և ենթակա են մերժման։

Ամբաստանյալների վերաբերյալ այսօրվա դատական նիստի ընթացքում, այն բանից հետո, երբ գործով բոլոր մեղադրյալների պաշտպանները ավարտեցին քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունների ներկայացնելը, դատախազներն առարկեցին դրանց դեմ։

Գևորգ Բաղդասարյանը առարկությունները սկսեց դիտարկմամբ, որ միջնորդությունների հիմքում դրված հանգամանքները բազմազան էին՝ իրավականից ընդհուպ քաղաքական։

Դատախազը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով։

Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում է դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝  արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն: Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Բաղդասարյանի խոսքով՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժն ու պատասխանատվությունը խստացնող օրենքի հետադարձ ուժի արգելքը կամ «պատիժ բացառապես օրենքի հիման վրա» սկզբունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով՝ մասնավորապես՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայիով»։

Այսինքն, ըստ Բաղդասարյանի՝ «պատիժ բացառապես օրենքի հիման վրա սկզբունքը» ենթադրում է, որ անձը կարող է մեղադրվել, հետապնդվել, դատապարտվել և պատժվել բացառապես այն դեպքում, երբ նրան մեղսագրվող արարքը հանցագործություն է համարվել կատարելու պահին։

Դատախազը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը 2009 թվականին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն է տվել, որ «փոփոխությունների ընդունումից առաջ գործող նախկին օրենքի պայմաններում կատարված արարքների քրեական հետապնդումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի այդ արարքները հանցագործություն համարվեն թե՛ նախկին օրենքով, թե՛ նոր օրենքներով։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հետադարձության կարգով արարքների քրեականացման արգելքը՝ նոր օրենքը կկիրառվի միայն այն դեպքում, երբ այն ավելի բարենպաստ է մեղադրյալի համար, իսկ եթե նոր օրենքն ավելի բարենպաստ չէ, ապա կշարունակի կիրառելի մնալ նախկին օրենքը»։

Այսինքն՝ ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ Վենետիկի հանձնաժողովը ևս եզրակացության մեջ մեջբերում է այդ նույն «պատիժ բացառապես օրենքի հիման վրա» սկզբունքը։

Ըստ դատախազի՝ «սահմանադրական կարգը տապալելը»՝ որպես հանցագործություն 2003 թվականին ընդունված և 2008 թվականի, այսինքն՝ ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով շարադրված է եղել որպես պետական իշխանությունը յուրացնելու հանցակազմի բաղադրիչ՝ հետևյալ ձևակերպմամբ․

«Պետական իշխանությունը յուրացնելը Հայաստանի Հանրապետության սահմանդրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները»։

Այսինքն՝ ըստ դատախազի՝ պետական իշխանությունը յուրացնելու հանցակազմն ունեցել է օբյեկտիվ կողմի հետևյալ 4  հնարավոր դրսևորումները՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունները, պետական իշխանությունը բռնությամբ պահելուն ուղղված գործողությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողություններ։

Հետևաբար, ըստ Բաղդասարյանի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները 2008 թվականին նախատեսված են եղել որպես պատժելի արարք՝ դիտվելով որպես պետական իշխանությունը յուրացնելու օբյեկտիվ կողմի դրսևորումներից մեկը, և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով իշխանությունը յուրացնելը՝ այսինքն՝ այն զավթելը կամ պահելը, սահմանադրական կարգը տապալելը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները որպես հանցագործություն նախատեսվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի առանձին հոդվածներով, համապատասխանաբար՝ 300.1 և 300.2։

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»։

Դատախազի խոսքով՝ Քրեական օրենսգրքի` 2008 թվականին գործող 300-րդ հոդվածի և այժմ գործով 300.1  հոդվածի հանցակազմերի բովանդակային վերլուծությունից  ակնհայտ է, որ սահմանադրական  կարգը տապալելը որպես հանցագործություն նախատեսված է եղել և՛ 2008 թվականին, և՛ 2018 թվականին գործող Քրեական օրենսգրքով։

«Սրանից առնվազն ակնհայտ է, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը չի ապաքրեականացվել, այլ պարզապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի մի հոդվածից տեղափոխվել է մեկ այլ հոդված՝ որպես ինքնուրույն, առանձին, այլ ոչ թե նոր հանցագործություն»,- ասաց Գևորգ Բաղդաարյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե փոփոխությունների արդյունքում նոր հանցագործություն սահմանվեր, ապա Վենետիկի հանձնաժողովը դատախազներին և դատարաններին հնարավորություն չէր տա որևէ մեկին նոր քրեականացված արարքի համար պատասխանատվության ենթարկել, մինչդեռ հանձնաժողովը եզրակացության մեջ նշել է, որ դատարանը և դատախազը պետք է գնահատեն սահմանված նոր դրույթի կիրառելիության հարցը մինչև օրենքի փոփոխությունը կատարված հանցագործությունների դեպքում։

Ինչպես բազմիցս նշվել է 2009-ին Քրեական օրենսգրքում փոփոխություններից հետո 2008-ին տեղի ունեցած իրադարձությունների գործով մեղադրող դատախազները հրաժարվել են «Յոթի գործով» անձանց մեղադրանքից՝ պատճառաբանությամբ, որ օրենքի փոփոխության արդյունքում սահմանվել է հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմ, իսկ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի։

Գևորգ Բաղդասարյանն այս հանգամանքին անդրադառնալով՝ նշեց, որ այս գործով մեղադրանքներից  հրաժարվելու մասին որոշումները որևէ հիմնավորում չեն պարունակում այն մասին, թե ինչու են դատախազները համարել, որ օրենքի փոփոխության  արդյունքում սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։

«Ես՝ ինքս չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են դատախազները գտել, որ նախատեսվել են հանրորեն  վտանգավոր արարքի նոր հանցակազմեր, ընդ որում՝ դա ինձ թույլ չի տալիս այդ դիրքորոշման յհետ համաձայնել կամ չհամաձայնել։ Ես ունեմ իմ սեփական իրավամեկնաբանությունը և դրա հետ չեմ համաձայնում»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Անդրադառնալով նախագահի անձեռնմխելիության հետ կապված հարցին՝ Բաղդասարյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ « պաշտոնաթող նախագահը կարգավիճակի հետ կապ չունեցող գործողությունների համար չի օգտվում անձեռմխելիության երաշխիքից  և ենթարկվում է պատասխանատվության ընդհանուր դրույթներով, ըստ որում՝ այդպիսի  արարքներ կարող են լինել ոչ միայն այնպիսիք, որոնք անձը կատարում է որպես քաղաքացի, այլ այնպիսիք, որոնց կատարման իրավասություն նրանք  չունեն  կամ դրանք  կատարում են իրենց  վերապահված լիազորությունների անցմամբ»:  Ըստ դատախազի՝ ամբաստանյալներին մեղսագրվում են արարքներ, որոնք կատարելու լիազորություններով նրանք օժտված չեն եղել:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ամբողջությամբ միացավ Գևորգ Բաղդասարյանի առարկությանը։ Պետրոսյանը նշեց, որ դատարանի առաջ բարձրացված հարցերը տարբեր դատական ատյաններում բազմիցս քննարկման առարկա են դարձել։

Միջնորդության դեմ առարկեց նաև տուժող կողմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter