HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրասարում բողոքի ակցիայից հետո որեւէ բան չի փոխվել

Այս տարվա հունվարի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում գտնվող Ուրասար գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանի հրաժարականը։ Գյուղացիները ասում էին, որ Ստեփանավանում բնակվող վարչական ղեկավարը գյուղի խնդիրներով չի զբաղվում, աշխատանքի չի գալիս։ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը այդ ժամանակ, հանդիպելով ցուցարարներին, Արտակ Կիրակոսյանին առաջարկեց աշխատանքից ազատման դիմում գրել։ Նոր ղեկավար նշանակվեց Արմեն Մանասյանը։ 

Բողոքի ցույցի ժամանակ ուրասարցիները Միքայել Ղարաքեշիշյանին ներկայացրել են իրենց խնդիրները․ գյուղի երկու թաղամասերում մեկ տարուց ավել խմելու ջուր չկա, գյուղի փողոցները լուսավորված չեն, գիշերները գայլերը հոշոտում են անասուներին։ Նրանք ՄՂարաքեշիշյանից  պահանջել են վերադարձնել 2019թ. իրենցից վերցրած գյուղի «Բելառուս» մակնիշի տրակտորը, վերանորոգել գյուղի քանդված մշակույթի տունը և Ուրասարի վարելահողերը առանց  գյուղացիների համաձայնության չօտարել համայնքի այլ բնակավայրերի բնակիչներին: 

Վարչական ղեկավար Արմեն Մանասյանը մարտի 6-ին մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքի ցույցից հետո անցած 2 ամիսներին վերանորոգվել է միայն կուլտուրայի տան տանիքը: 

«Չեմ կարողանում հանդիպել Միքայել Ղարաքեշիշյանին, երբ գնում եմ նրան հանդիպելու, համայնքապետարանում ասում են՝ նա կամ դատարանում է, կամ՝ Երևանում»,-ասաց Արմեն Մանասյանը:

Ուրասարի թաղամասերից մեկում բնակիչներն արդեն մեկ տարի է՝ խմելու ջուր չունեն: 66-ամյա Ռայա Աղաջանյանն ասում է՝ ամբողջ ձմեռը ձեռքով է ջուր կրել: 

Ուրասարի «Վիչի բալկա» հանդամասի լեռնային աղբյուրների ջրերը ինքնահոս  են հասնում բնակավայր: Վերջին անգամ Ուրասարի ջրի ներքին ցանցը վերանորոգվել է 1990-ականներին։ Ջրագծի ներքին ցանցի խողովակները մաշվել են, և արդեն մեկ տարուց ավել է՝ բնակիչներին ջուրը չի հասնում։ Գյուղի երիտասարդները նոր վարչական ղեկավարի հետ փորձել են վերանորոգել ներքին ցանցը: Ռեզիններով փաթաթել են քայքայված խողովակները, որ կարողանան ջուրը հասցնել գյուղացիներին: 

«Չեղավ, ջուրը սեղմեց, խողովակները նորից տրաքեցին»,- պատմեց Վարուժան Ասլանյանը: 

Նա ասում է, որ մոտ 100 մետր խողովակ է պետք ջրի ներքին ցանցը կարգավորելու համար: Բողոքի ցույցի մասնակիցներին Միքայել Ղարաքեշիշյանը խոստացել էր հատկացնել 100մ խողովակ, սակայն՝ չի հատկացրել։ 

Սեդրակ Դավթյանի 10 ոչխարներին աշնանը գայլերը հոշոտել են:

«Գայլերը մի օր մեզ կուտեն, գյուղում ֆրֆռում են, փողոցային լուսավորություն էլ չունենք։ Ծանրած ոչխարներիս գառները լրիվ գետնին թափած էին»,- պատմում է Սեդրակ Դավթյանը։ Ասում է, որ նախկին վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանին խնդրել էր, որ Ղարաքեշիշյանին ասի և իր վնասի դիմաց օգնություն հատկացնի։ Վարչական ղեկավարը պատասխանել էր, որ Մ.Ղարաքեշիշյանին չի գտնում՝ իր պահանջը նրան փոխանցելու համար։ 

Ուրասարցիները Մ. Ղարաքեշիշյանից չեն կարողանում հետ ստանալ անցյալ  տարի իրենցից վերցրած «Բելառուս» տրակտորը։

«Ասում է՝ ձեր գյուղում կոոպերատիվ չի եղել։ Պետք է օրենքով կոոպերատիվ ստեղծեք, որ տրակտորը գրանցեք կոոպերատիվի վրա: Մենք էդ կոոպերատիվը ստեղծեցինք, բայց Մ.Ղարաքեշիշյանը տրակտորը չի վերադարձնում Ուրասարին: Չգիտենք՝ էդ տրակտորի համար նա ինչ է ուզում մեզանից»,- ասում է Վարուժան Ասլանյանը:

Մինչ այդ գյուղացիները խոտը հնձելու և տուկ անելու համար  գյուղապետարանին են վճարել և տրակտորն օգտագործել: Նրանք չգիտեն, թե առանց տրակտորի ինչպես են կատարելու խոտհունձը: 

Արմեն Մանասյանի պատմելով՝ Մ. Ղարաքեշիշյանը առանց հողատերերի համաձայնության 2019թ. 25 հեկտար հող է օտարել համայնքի այլ բնակավայրերի բնակիչներին: «Ուրասարցին գնացել է իր խոտհարքը հնձելու, տեսել է, որ հնձած է: Մենք մեր գյուղում մեր հողերը չենք կարող օգտագործել»,- ասում է գործող վարչական ղեկավար Արմեն Մանասյանը:

Միքայել Ղարաքեշիշյանին մարտի 9-ին հանդիպեցինք Ստեփանավանի համայնքապետարանում: Նա ասաց, որ Ուրասարի փողոցների լուսավորության համար մրցույթ է հայտարարվել, արդեն հայտնի է շահող կազմակերպությունը, և 20 օրվա ընթացքում գյուղի փողոցների լուսավորության հարցը կլուծվի: Ներքին ցանցի վերոնորգման մասին հարցին նա պատասխանեց

«Ջուրը կա, այդ 100 մետր հատվածն էլ, որ վերանորոգենք, խմելու ջրի հարցը Ուրասարում կլուծենք»։  

«Բելառուս» տրակտորի թեմային անդրադառնալով՝ Մ.Ղարաքեշիշյանը ասաց, որ այն 2007թ. Ուրասարին տվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը։ Տրակտորը գյուղացիներից վերցրել է 2019թ. սեպտեմբերին: Նախկին գյուղապետը տրակտորը 2007թ. գրանցել է Ուրասարի համայնքապետարանի հաշվեկշռում: Մ. Ղարաքեշիշյանը տրակտորը տեղափոխել է Ստեփանավան, նրա հավստմամբ՝ վերանորոգել է տվել, հետո պարզվել է, որ տրակտորը ոչ թե գյուղապետարանի հաշվեկշռում պետք է լիներ, այլ գյուղացիների ստեղծած կոոպերատիվի հաշվեկշռում: Նա ասաց, որ այդ պատճառով 13 տարի տրակտորը Ուրասարում օգտագործվել է անօրինական: Ղարաքեշիշյանն ասում է, որ 2019թ. սեպտեմբերից փորձում է փաստաթուղթ սարքել և հիմնավորել, որ 2007թ. տրակտորը Ուրասարին օրինական են տվել ։ 

«Ես փաստաթուղթ եմ ուզում սարքել, որ վաղը, մյուս օրը իմ վրա, նույն ձևի մի հատ քրեական գործ չսարքեն: Որովհետև ման են գալիս, որտեղ մի ստորակետ ճիշտ չեմ դնում, իմ վրա քրեական գործ են հարուցում: Էդ տրակտորը իրենցն է, ես դա բերել եմ համայնքի բալանսում նստացրել: Ամենաուշը 20 օրից էդ տրակտորի և փողոցների լուսավորության հարցը կլուծվի»,- ասաց Մ. Ղարաքեշիշյանը: 

Ուրասարի հողերն ապօրինի աճուրդներով օտարելու համար նա մեղադրեց նախկին վարչական ղեկավար Արտակ Կիրակոսյանին: Ասաց, որ հայտարարված աճուրդի մասին Արտակ Կիրակոսյանը Ուրասարի գյուղացիներին չի տեղեկացրել։ 

«Ես դրա համար մեղավոր չեմ: Ուրասարցիները չեն իմացել, աճուրդին մասնակցել են միայն քաղաքի մարդիկ»,- ասաց Մ. Ղարաքեշիշյանը: 

Նա ասում է՝ Ուրասարի գայլերի մասին իմացել է հունվարի 16-ի բողոքի ցույցին: Այնտեղ էլ խոսք է տվել առաջիկայում, երբ գնա Երևան, փամփուշտներ կբերի գայլերի դեմ պայքարելու համար։

Հիշեցնենք, որ ոստիկանության 2019թ.-դեկտեմբերի 25-ի տարածած  հաղորդագրության համաձայն՝ Կոռուպցիայի և տնտեսական  գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության  նախապատրաստված նյութերով Միքայել Ղարաքեշիշյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե: Իր դեմ հարուցված քրեական գործի ընթացքի մասին մեր հարցին Մ. Ղարաքեշիշյանը պատասխանեց, թե՝ երկու օրը մեկ ուզում են իրեն ձերբակալել, բայց հիմք չեն գտնում: 

ՀԳԱյսօր Ուրասարի վարչական նոր ղեկավար Արմեն Մանասյանը հեռախոսով հայտնեց, որ երեկ՝ մարտին 10-ին տրակտորը ուղարկել են Ուրասար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter