HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները բացահայտել են Ստեփանավան համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։

Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ բարեգործական հիմնադրամին հատկացրել է ընդհանուր 316 հազար եվրոյից և 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես անապահով ընտանիքներին մարդասիրական օգնություն։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։

Պարզվել է նաև, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և, ձևական աճուրդներ է կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, հաստատապես իմանալով, որ որդուն պատկանող հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլև կազմել և տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ 

Տես նաեւ՝ 550 մլն դրամ հափշտակածները նոր պաշտոն ունեն․ Ստեփանավանի քաղաքապետն ինչ ուզում՝ անում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter