HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

550 մլն դրամ հափշտակածները նոր պաշտոն ունեն․ Ստեփանավանի քաղաքապետն ինչ ուզում՝ անում է

Ստեփանավան համայնքի ավագանին 2019 թ.-ի հուլիս ամսին կոմունալ սպասարկման և բարեկարգման նպատակով ստեղծել է նոր ՀՈԱԿ, որի տնօրեն է նշանակել բոլորովին վերջերս պետական միջոցները հափշտակած, փաստաթղթեր կեղծած, ապօրինի ռազմամթերք պահած, սակայն համաներման ակտով չդատապարտված Հրաչյա Սուքիասյանին։

Այս տարվա հունվարին բացահայտվեց, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետն իր ենթակաների և «Հայփոստի» աշխատակիցների հետ հափշտակել են շուրջ 550 միլիոն դրամ։ Սոցիալական ծառայության պետը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին էր՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ 2013-2018 թվականներին սոցիալական ծառայության աշխատակիցները ծառայության պետի և «Հայփոստի» աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ մի խումբ քաղաքացիների ներառել էին նպաստառուների ցանկի մեջ, նրանց անունով փոխանցել և հափշտակել էին 550 միլիոն դրամ գումար։ Ցանկում ներառված քաղաքացիները չեն իմացել, որ իրենք նպաստառուների ցանկում են։

Իրավապահները կոռուպցիոն սխեմայի ողջ շրջանակը պարզել են և մեղադրենք առաջադրել 27 անձի։ Մեղադրյալներից Ալբերտ Ղարաքեշիշյանը (քաղաքապետի որդին) ու Գառնիկ Աբովյանը թաքնվել են վարույթն իրականացնող մարմնից։ Քրեական գործից անջատվել է 25 մեղադրյալի գործը և ուղարկվել դատարան։ Դատաքննությունը շատ կարճ է տևել, քանի որ արագացված կարգով է քննվել (ամբաստանյալներն ընդունել են մեղքը և միջնորդել արագացված քննել)։ Ընդամենը երեք ամսում դատավճիռ է կայացվել, ամբաստանյալներից որևէ մեկը չի ազատազրկվել։ Մի մասը պատժի կրումից՝ պայմանական, իսկ մյուս մասը համաներման ակտով են ազատվել։

Ստեփանավանի քաղաքապետը վարձահատույց է եղել

«Հետք»-ը պարզել է, որ Ստեփանավանի համայնքապետի որդու հետ հանցավոր սխեմային մասնակցած Հրաչյա Սուքիասյանը, Լյոբով Զենչեկոն և Արմինե Բարխուդարյանի հայրը դատավճռից շատ չանցած՝ աշխատանքի են անցել Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում նորաստեղծ ՀՈԱԿ-ում։ Հրաչյա Սուքիասյանը դարձել է տնօրեն, իսկ Լյոբով Զենչեկոն՝ գանձող, Արմինե Բարխուդարյանի հայրը՝ Խնգանոս Բարխուդարյանը՝ վարորդ։ Նրանք ստանում են համապատասխանաբար՝ 280 հազար, 74 հազար և 140 հազար դրամ աշխատավարձ։

Հրաչյա Սուքիասյանը, բացի 50 միլիոն դրամ հափշտակելուց, մեղադրվել է նաև պաշտոնական դիրքն օգտագործելով՝ Գյուլագարակ գյուղի մի խումբ բնակիչներից 1.6 միլիոն դրամ ստանալու մեջ։ Այս ամենից զատ՝ Սուքիասյանն իր բնակարանում ապօրինի պահել է 33 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտ։ Դատարանը Սուքիասյանին մեղավոր է ճանաչել 2 դրվագով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության, մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու և ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Հրաչյա Սուքիասյանը դատապարտվել է 4 տարի 11 ամիս ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է 3 տարի փորձաշրջան, իսկ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքով վերջինս ազատվել է պատժից։

25 ամբաստանյալի մասով կայացած դատաքննության և դատավճռի վերլուծությունից պարզ է դառնում, որ նախաքննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ հանցավոր սխեմայի առանցքային դերակատար է դարձել ոչ թե սոցիալական ծառայության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը, այլ նույն գործակալության մասնագետ Գառնիկ Աբովյանը, որն այժմ հետախուզման մեջ է։

Քաղաքապետի հետախուզվող որդին հայտնվել է, բայց չի կալանավորվել

Միայն այն բանից հետո, երբ սոցիալական ծառայության և «Հայփոստի» աշխատակիցներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները, ցուցմունքներ տվել, վերականգնել հափշտակած գումարի մի մասը, սոցիալական ծառայության պետը ներկայացել է իրավապահներին։ Մեղադրյալ Միքայել Ղարաքեշիշյանը մայիսի 29-ին Լոռու մարզի Պրիվոլնոյե անցակետով ժամանել է Հայաստան և ձերբակալվել։ Նախաքննական մարմինը դիմել է դատարան Ղարաքեշիշյանին կալանավորելու միջնորդությամբ, սակայն դատարանը 2.5 միլիոն դրամ գրավ է կիրառել։ Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն գրավի չափն է փոխվել՝ դառնալով 10 միլիոն դրամ։ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացել։ Մյուս մեղադրյալ Գառնիկ Աբովյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ, իրավապահները նրա գտնվելու վայրի մասին դեռ տեղեկություն չունեն։

Նախաքննության փուլում պետությանը պատճառված 550 միլիոն դրամից վերականգնվել է 112 միլիոն դրամը, որից 15 միլիոն դրամը վերականգնել է Հրաչյա Սուքիասյանը, իսկ 69 միլիոն դրամը՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Ալբերտ Ղարաքեշիշյանի մասով քրեական գործն անջատվել է, հայտարարվել է նախաքննության ավարտ, և գործն ուղարկվել է դատարան։

Ղարաքեշիշյանների իշխանությունն ու ունեցվածքը

Ստեփանավան համայնքը մինչև 2012-ը ղեկավարել է Սարգիս Ղարաքեշիշյանը, 2012 թ.-ից ղեկավարում է վերջինիս եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը։ Գործող քաղաքապետը, մինչև համայնքի ղեկավար դառնալը՝ 1998-2012թթ., զբաղեցրել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենի պաշտոնը։ Քաղաքապետ դառնալուն պես, որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին, գործուղեց իր նախկին պաշտոնին։ Արդեն սոցիալական ապահովության տարածքային գործակալության տնօրենի պաշտոնում էլ Ալբերտ Ղարաքեշիշյանը հայտնվեց կոռուպցիոն սխեմայի կիզակետում։ Նրա հորեղբայրը՝ Սարգիս Ղարաքեշիշյանը, քրեական հարուստ անցյալ ունի։

Ստեփանավանից դեպի Տաշիր համայնք տանող ճանապարհին այժմ հյուրանոց է կառուցվում։ Հյուրանոցը պատկանում է Ալբերտ Ղարաքեշիշյանին։ Հյուրանոցը նախկինում եղել է ավտոմեքենաների սպասարկման տարածք։ Տարածքը պատկանել է «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին։ Քաղաքապետն իր որդու՝ Ալբերտ Ղարաքեշիշյանի ավտոսպասարկման տարածքի գործառնական նշանակությունը փոխել է՝ դարձնելով հյուրանոցային։ Որոշման մեջ ասված է․ «Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոց թիվ 17/1 հասցեի 0.245 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 1193.84 քմ ներքին մակերեսով ավտոտեխսպասարկման կայանի գործառնական նշանակությունը փոխել հյուրանոց գործառնական նշանակության: Շինության գործառնական նշանակությունը փոփոխված է հյուրանոց գործառնական նշանակության առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ վերը նշված շինության նկատմամբ փոփոխություններ չեն կատարվել»։ Բնական հարց է առաջանում՝ ինչպես է հնարավոր ավտոսպասարկման տարածքը վերածել հյուրանոցի և շենքում փոփոխություններ չանել։

Հյուրանոցի շենքից բացի՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը նույն փողոցում ունի գազալցակայան, արդյունաբերական օբյեկտ կառուցելու համար նախատեսված երկու հողամաս, ևս մեկ հողամաս՝ գյուղատնտեսական նշանակության։ Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցում ունի առանձնատուն, Սուրբ Նշան փողոցում՝ շինություն։

Քաղաքապետը բանավոր չի հաղորդակցվում

Վերը նկարագրված պատմությունների վերաբերյալ ցանկացանք խոսել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ։ Զանգեցինք նրա ընդունարան և տեղեկացրինք, որ հարցազրույց ենք ուզում վերցնել և որ այդ նպատակով գալու ենք Ստեփանավան քաղաք։ Մինչ մենք կուղևորվեինք Ստեփանավան, քաղաքապետի խոսնակը զանգեց և հայտնեց, որ քաղաքապետը բանավոր հարցազրույց չի տալիս, առաջարկեց գրավոր հարցերն ուղարկել։ Երբ Ստեփանավանում ավարտեցինք մեր նկարահանումները, նորից կապ հաստատեցինք քաղաքապետի խոսնակի հետ և խնդրեցինք, որ գոնե հարցազրույց տա կոմունալ սպասարկման և բարեկարգման ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Սուքիասյանը։ Պարզվեց՝ նա էլ բանավոր հարցազրույց չի տալիս։

Գրավոր հարցում ուղարկեցինք քաղաքապետին՝ փորձելով ճշտել՝ արդյո՞ք իր որդու հետ հանցավոր սխեմայի մասնակիցներին պաշտոն տալով՝ վարձահատույց չի եղել նրանց։ «Ի՞նչ է նշանակում վարձահատույց լինել ցուցմունքի համար. Դուք, հավանաբար, գիտեք, որ նշյալ գործը անցել է երկու փուլով՝ 1- փոխհատուցում , 2- համաներում: Հիմա եթե պատճառված վնասը փոխհատուցվել է, և, ըստ էության, ամեն բան պարզ է, ի՞նչ եք ցանկանում, որ ասեմ»,- գրել է քաղաքապետն իր պատասխանում և հավելել, որ նման պատասխանատու պաշտոնում մարդկանց նշանակելը չի կարող վարձահատույց լինելու դրսևորում լինել։ «Ի՞նչ եք ակնկալում, որ որևէ գործով անցած մարդիկ, ովքեր վերջնարդյունքում դատված չեն, երբեք չաշխատեն, այն դեպքում, երբ օրենքը չի սահմանափակում նրանց՝ աշխատելու իրավունքը»,- նկատել է Ստեփանավան համայնքի ղեկավարը: Մենք նաև հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ իր որդու՝ ավտոսպասարկման տարածքի գործառնական նշանակությունը փոխել է հյուրանոցի և շինթույլտվության անհրաժեշտություն չի առաջացել։ «Օրենքից որևէ շեղում չի եղել, հաշվի առնելով հարցի մասնագիտական կողմերը՝ պատասխանում ներառում ենք որոշումներն ու դրանց օրինականությունը հաստատող օրենքի կետեր»,- նկատել է համայնքի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter