HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Հայկական ընտրապայքար վրացական օրենքներով

«Ես դեռ չեմ հիշում որեւէ ընտրություն, որ հայաբնակ շրջաններում իշխող կուսակցությունը 80-100 տոկոս ձայն չստանա»,- հոկտեմբերի 5-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս կարծիքին էր Խիդաշելի-Դավիդաշվիլի-Բերձենիշվիլի ընդդիմադիր դաշինքի Ախալցխայի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Թեմուր Խոսիտաշվիլին։ Նրա կարծիքով' Ախալցխայի շրջանում երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու գլխավորած կուսակցությունը կստանար 80, իսկ իրենց դաշինքը՝ 20 տոկոս ձայն։

Փողոցում մեր կատարած հարցումները չէին հաստատում, թե æավախքում ու Մեսխեթիում (Ախալցխայի շրջանն այսպես են կոչում) մարդիկ շատ գոհ են ու վստահում են իշխանությանը։

Ընտրությունների օրը Ախալքալաքի հայկական եկեղեցու բակում մի խումբ ծերունի հայեր էին հավաքվել։ Օրն ավարտվում էր, բայց 11 հոգուց միայն 3-ն էին քվեարկության գնացել։ «Էս երկրում մենք ի՞նչ կըրնանք փոխել։ Մենք էստեղ նստած, վերեւներում ամեն բան որոշված է։ Գնանք ի՞նչ էնենք, բալես»,- ասաց ծերունիներից մեկն ու խնդրեց անունը չգրել։

Ընտրությունների հաջորդ օրն առավոտյան ժամը 7-ին Ախալցխայի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատրաստ էր հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 9-ին հանձնաժողովի բոլոր անդամները, բացի նախագահ Մալխաս Ժուժունաձեից, գնացել էին հանգստանալու։ Շրջանի բոլոր 16 համայնքներում երկրի նախագահի Միասնական ազգային շարժում (ՄԱՇ) կուսակցությունը հաղթեց' ստանալով ձայների 86,8 տոկոսը։

Ախալքալաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրությունների հաջորդ մի քանի օրերին եռուզեռը շարունակվում էր։ Հաճախ Վրաստանի ուժային կառույցների անդամներ էին երեւում հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Մահտեսյանը չէր շտապում հայտնել նույնիսկ Ախալքալաք քաղաքի արդյունքները, որտեղ ընդամենը չորս ընտրական տեղամաս կար։

Այս հապաղումը Ախալքալաքում նույնիսկ ծեծկռտուքի առիթ դարձավ «Միասնական æավախք» հասարակական կազմակերպության անդամների, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ու ՆԳ աշխատակիցների միջեւ։

Հոկտեմբերի 7-ին ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ շրջանում ընտրություններին մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկվածների 61 տոկոսը։ ՄԱՇ կուսակցությունն Ախալքալաքի շրջանում ստացել է ձայների 66,1, ընդդիմությունը՝ 33,6 տոկոսը։

Ախալքալաք քաղաքում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 28 տոկոսը։ Ձայները բաշխվել են հետյալ կերպ' 58 տոկոսը քվեարկել է ընդդիմության, 38 տոկոսը՝ ՄԱՇ-ի օգտին։ «Քաղաքում մեզ հաջողվեց վերահսկել իրավիճակն ու թույլ չտալ լայնածավալ կեղծիքներ։ Գյուղերի հիմնական մասում մենք դիտորդներ ու հանձնաժողովի անդամներ չունեինք»,-ասաց «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» ( ԱԿՎ ) կուսակցության Ախալքալաքի շրջանային կազմակերպության նախագահ Մերուժան Եզոյանը։

Եթե նախորդ ընտրություններին կուսակցություններն ու ընտրական հանձնաժողովները մինչեւ երկու ամիս ժամանակ էին ունենում նախընտրական քարոզչության համար, ապա այս անգամ հանրապետության նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ընդամենը 40 օր առաջ անսպասելի հայտարարեց ընտրությունների օրը։ «Մենք պատրաստվում էինք, որ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի սկզբին»,- ասում է Մ. Եզոյանը։
Ընտրական խախտումներ Վրաստանի հայաբնակ գյուղական համայնքներում

Ախալքալաքի շրջանի բնակչության 96 տոկոսը հայեր են։ Շրջանում շուրջ 70 միատարր հայկական գյուղեր կան։ Նինոծմինդայի շրջանը նույնպես միատարր հայկական է։ Այստեղ էլ գյուղերի թիվը 60-ի է հասնում։ Իսկ Ախալցխայի շրջանում, որտեղ հայ բնակչությունն ընդամենը 42 տոկոսն է, կա միայն 15 գյուղ։ Ծալկա շրջանը, որտեղ բնակչության 48 տոկոսն են հայեր, միացված է Քվեմո-Քարթլի ադրբեջանական շրջանին (սրա մեջ են մտնում Մառնեուլի, Բոլնիսի շրջանները)։ Այս վարչական բաժանումը դեռ խորհրդային տարիներից է։ Նպատակն է եղել, որ Վրաստանում որեւէ ազգային փոքրամասնություն զգալի թվով ներկայացուցիչներ չունենա երկրի ներկայացուցչական մարմիններում՝ խորհրդարան, շրջանային խորհուրդ, այժմ արդեն սակրեբուլո (տեղական ինքնակառավարման մարմին) եւ այլն։

Ախալքալաքի շրջանում ընտրություններին մասնակցում էր երկու կուսակցություն՝ Միասնական ազգային շարժումը (ՄԱՇ) եւ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» (ԱԿՎ) ընդդիմադիր կուսակցությունը։

Ընտրությունների օրը Ախալքալաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հավաստեց, որ ընտրողների 5-7 տոկոսը տեղամասեր էր գալիս, բայց չէր քվեարկում, քանի որ անունը ընտրացուցակներում չկար։ Ընտանիքներ կային, որոնց չորս անդամից երեքի անունը չկար ցուցակներում։ Դրա փոխարեն մեռած հոգիներ կային։

Ընտրությունների արդյունքների համաձայն' Ախալքալաքի շրջանում ընտրողների ամենացածր մասնակցություն՝ 20 տոկոս, արձանագրվել է ամենամեծ գյուղերից մեկում՝ Կարտիկամում, որտեղ ընտրողների թիվը 1138 էր։ Տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Նասլեդ Ամիրխանյանն ասաց, թե ընտրությունների օրը հարմար չէր ընտրված. «Արեւոտ օր էր։ Մարդիկ դաշտերում էին ու ընտրության քիչ եկան»։ Այստեղ 54 տոկոսը քվեարկել է ընդդիմության օգտին, 35 տոկոսը' ՄԱՇ կուսակցության օգտին։

Կուլիկամը Կարտիկամի հարեւան գյուղն է։ Նույն գյուղատնտեսական հոգսերով ապրող գյուղ է։ Ընտրողների թիվը եւս գրեթե նույնն է՝ 1011։ Սակայն այստեղ, ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցել է ընտրողների 92 տոկոսը։ Ընտրություններին մասնակցածների 95 տոկոսը քվեարկել է իշխող կուսակցության օգտին։ Ընդամենը 3 տոկոս քվե ստացել է ԱԿՎ-ն։

Մաջադիա գյուղը, որը 717 ընտրող ուներ, ընտրություններին մասնակցել է 97 տոկոսով։ Ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի' բոլոր 694 ընտրողներն էլ քվեարկել են հօգուտ Սաակաշվիլու կուսակցության։

Սուրիկ Հովակիմյանն այդ գյուղում «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության կողմից ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմնի' սակրեբուլոյի թեկնածու էր առաջադրվել։ Մեծամասնական ընտրակարգով նա 190 քվե է ստացել։ Զարմանում է, որ իր կուսակցությունը զրո ձայն է ստացել։ «Այսինքն' նույնիսկ ես իմ կուսակցության օգտին չեմ քվեարկել»,- ասում է Ս. Հովակիմյանը։

Նմանատիպ տասնյակ գյուղեր կան, որտեղ քվեարկության մասնակցության ցուցանիշը 85-96 տոկոս է, սակայն հայկական գյուղերում հատկապես տարվա այս սեզոնին շատերը արտագնա աշխատանքի են մեկնում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ի սկզբանէ չէր ժխտում, որ ընտրացուցակները բոլոր գյուղերում առանց բացառության լուրջ թերություններ ունեն։ Ընտրացուցակներում կային մեռած հոգիների անուններ, ու բացակայում էին առկա ընտրողների անունները։ Այդ մասին նշված է նաեւ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության' ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմումի պատասխան նամակում։ Եթե հաշվի առնենք նաեւ այս հանգամանքը, ապա որեւէ գյուղում 60-70 տոկոսից բարձր ցուցանիշ անհնար էր ակնկալել։

Խանդո գյուղում քվեարկության օրը շրջիկ արկղը գողացվել է։ Երբ հայտնաբերվել է, արկղում 12 քվեաթերթիկ է եղել։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մ. Մահտեսյանն ասաց, որ դրանցից 8-ը անվավեր է ճանաչվել, ոչ այն պատճառով, որ ընտրատեղամասից դուրս են քվեարկվել, այլ որովհետեւ բոլոր քվեարկվողների դիմաց նշագրում է եղել։ «Չորս քվեաթերթիկ վավեր է ճանաչվել»,- ասաց Մ. Մահտեսյանը։

Գոգաշեն գյուղում քվեարկության օրը տեղական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրացուցակ էր կազմել այն ընտրողների համար, որոնց անունները ցուցակներում չեն եղել։ Մ. Մահտեսյանն այս մասին ահազանգ էր ստացել Թբիլիսիից։ Զանգեց տեղամաս։ Զայրացավ ու հրահանգ տվեց դադարեցնել լրացուցիչ ցուցակի կազմումը։ «Հնարավոր է, որ այս տեղամասում ընտրությունները չեղյալ համարվեն»,- ասաց Մ. Մահտեսյանը։ Վրաստանի Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն' ընտրությունների օրը հնարավոր չէ ընդգրկվել ընտրացուցակներում։ Սակայն ընտրություններից հետո պարոն Մահտեսյանն այդ մասին նույնիսկ չէր հիշում։
Ընտրություններն Ախալքալաքի շրջանում կայացած են համարվում

Հոկտեմբերի 7-ին' ընտրություններից երկու օր անց, Ախալքալաքի տարածաշրջանային ընտրական հանձնաժողովը մերժեց քննարկել «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության' ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմումը։ «Հանձնաժողովը չի կարող քննարկել դիմումը, քանի որ այն ներկայացվել է ավելի ուշ, քան օրենքով նախատեսված ժամկետն է»,-նշված է պատասխանում։

Հոկտեմբերի 13-ին Ախալքալաքի շրջանային դատարանը մերժեց նույն կուսակցության հայցը շրջանի 11 գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վերստուգելու եւ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով՝ նույն պատճառաբանությամբ։

Դատարանն ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջնորդվել են Ընտրական օրենսգրքի 61 եւ 62 հոդվածներով, որտեղ նշված է, որ նկատված թերությունների ու խախտումների մասին բողոքները պետք է արձանագրվեն տեղում ու նույն օրը ներկայացվեն հանձնաժողովին։ Կուսակցությունը քվեարկության օրվա կամ ձայները հաշվելու ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին որեւէ արձանագրություն չուներ։ Չնայած' Վրաստանի հանրապետության «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքի 77-րդ հոդվածում նշված է, որ հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել ավելի բարձր ատյաններին (ընտրատարածքային կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով) կամ դատարան որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում։
Տեղեկացվածության պակաս Ախալքալաքում

Քվեաթերթիկները երկու լեզվով՝ վրացերեն ու հայերեն, տպագրվել էին միայն Ախալքալաք եւ Նինոծմինդա շրջանների 108.450 ընտրողների համար։ «Մյուս շրջաններից ԿԸՀ-ն հայտ չի ստացել»,- ասաց ԿԸՀ հասարակության հետ կապերի բաժնի մասնագետ Մակա Թերղաշվիլին։

Ախալցխայում որոշ չափով գիտեն վրացերեն. վրացիների հետ շփման հնարավորություն ունեն։ Ինֆորմացիա ստանում են Վրաստանի երեք կենտրոնական ու Հայաստանի հանրային հեռուստատեսություններից։ Հայերենով 2 թերթ կա՝ «Հարավային դարպաս» ու «Վրաստան» շաբաթաթերթերը։ Վերջինս տպագրվում է Թբիլիսիում։

Ախալցխայի տեղական հեռուստատեսությունը վրացերենով օրվա մեջ 15-30 րոպեանոց լուրեր է հեռարձակում։

Ախալքալաքում եւս տեղական հեռուստատեսությունը նույնքան սեփական արտադրություն թողարկելու հնարավորություն ունի՝ հայերենով։ Սակայն տեխնիկական հնարավորությունն ու մարդկային ռեսուրսները թույլ չեն տալիս կարծելու, թե այստեղ հայերի' տեղեկատվություն ստանալու խնդիրները լուծված են։ Ընտրություններից առաջ ոչ միայն ընտրողները, այլեւ ընտրվողները չգիտեին ընտրությունների կարգը, իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Վրաստանի Ընտրական օրենսգրքի հայերեն կամ ռուսերեն տարբերակը հնարավոր չեղավ գտնել ընտրական հանձնաժողովների միջոցով։ Ախալքալաք քաղաքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայերենով տպագրել էր միայն աշխատանքային ուղեցույց տեղական ընտրական հանձնաժողովների համար։ «Իրավաբանական խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպությունը օրենքը թարգմանել էր ու դիմողներին տրամադրում էր։

Ախալցխայի Հայ ազգային հասարակական կազմակերպության նախագահ Լ. Պետրոսյանն ասում է, որ ենթադրելի էր ընտրությունների այս ելքը թե՛ Ախալցխայի, եւ թե՛ Ախալքալաքի համար։ Ըստ նրա' Ախալքալաքում խնդիրը միայն ինֆորմացիայի պակասը չէ։ «Ախալցխայում հայերս պաշտոն կիսելու խնդիր չունենք։ Մեզ համար պաշտոնն անհավանական է։ Դրան հարմարվել ենք։ Հայերն այստեղ ընդամենը 42 տոկոս են։ Ախալքալաքում Վրաստանի իշխանության խնդիրը ավելի բարդ է։ Այստեղ հայերն իրենց միջից պիտի ընտրեն իրենց հարմար մարդիկ իրենց ծրագրերն առանց խոչընդոտների իրականացնելու համար։ Իշխանության կողմից ընտրված այդ հայերի խումբը նույն իշխանության հրահանգով ամեն ինչ անում է տեղերն ու վերեւների համակրանքը պահպանելու համար»,- ասում է Լ. Պետրոսյանը։ Ըստ նրա' այս անգամ Վրաստանի իշխանության պահվածքը չափազանց կոշտ էր այս հարցում։ «Այսպիսի պահվածք իշխանության կողմից ես տեսել եմ միայն Զվիադ Գամսախուրդիայի ( Վրաստանի առաջին նախագահ ) օրոք, երբ գործում էր մի նշանաբան՝ Վրաստանը միայն վրացիների համար»,- նշեց Լ. Պետրոսյանը։

Իսկ Հայաստանի իշխանության կեցվածքը Վրաստանի ու այստեղի հայերի խնդիրների հարցում, ըստ Լ. Պետրոսյանի, զգուշավորությունն է. «Ինչպես միշտ, Վրաստանում հայերի բոլոր հիմնախնդիրները սառեցվում են։ Ընդ որում՝ հենց Հայաստանի կողմից»։

Ախալքալաք-Թբիլիսի-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter