HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Արայիկ Հարությունյան. «Ընտրությունների երկրորդ փուլի նպատակահարմարությունը մեզ կհուշի իրավիճակը»

Երեկ Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում ձայների ամենից շատ՝ 49,26 %-ը, հավաքած թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ խոսեց ընտրությունների երկրորդ փուլի, ՀՀ իշխանությունների հետ համագործակցության եւ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի եւ Արցախի պարենային անվտանգության թեմաների մասին։

Բացելով մամուլի ասուլիսը՝ նախագահի թեկնածուն ասաց, որ այս ընտրություններով պետականաշինության կարեւոր քայլ է իրականացվել, նախընտրական քարոզարշավը եղել է շատ բուռն եւ ակտիվ։ Անդրադառնալով ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշի՝ 73,5 % եւ դրանով պայմանավորված՝ համավարակի վտանգին, նա նշեց. «Ընդունում եմ այդ դիտողությունը, բայց էլի եմ ասում՝ եթե իշխանությունները հայտարարեին, որ հնարավոր չէ պահպանել ընտրողների համար առողջությանն առնչվող պահանջները, ապա մենք առաջինն էինք ողջունելու ընտրությունների հետաձգումը։ Այսօր, ինչքան հասկացա, երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու, եւ թող իշխանությունները գնահատեն իրավիճակը։ Հայտարարում եմ, որ որեւէ հանդիպում չեմ իրականացնելու, քարոզչությունը կախված կլինի ժողովրդի ակտիվությունից, ժողովուրդը գիտի իր որոշումը եւ շատ անելիք չկա»։

Հարությունյանի բացման խոսքին հետեւեց լրագրողների հետ հարցուպատասխանը։ «Ազատություն» լրատվական կենտրոնի թղթակիցը հարցրեց՝ «Ձեր ղեկավարած ուժը ԱԺ ընտրություններում քառասուն տոկոս է ստացել, որը բավարար չէ կառավարություն ձեւավորելու համար։ Ու՞մ հետ եք պատրաստվում կոալիցիա կազմել»։

«Բոլորի հետ։ Չեմ ուզում անուններ տալ, ժամանակին հայտարարել եմ՝ այն ուժերի հետ, որոնք կընդունեն մեր օրակարգը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության, եւ մեկ կարեւոր պայման, որի մասին հայտարարել եմ 2019-ի մայիսի 18-ին Իշխանաձորում՝ որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել ՀՀ իշխանությունների հետ։ Միայն մի հարցում կարող է տարաձայնություն լինել՝ ղարաբաղյան խնդիրը։ Փառք Աստծո, այսօր որեւէ տարաձայնություն չկա մեր քաղաքական ուժի եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների միջեւ։ Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակներում, մենք կհամագործակցենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին, որի կուսակցությունը երեկ կայացած Արցախի ԱԺ ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել եւ ներկայացված կլինի խորհրդարանում։

«Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ, Մասիս Մայիլյանի հետ անցած ճանապարհ ունեմ, Բաբայանի հրամանատարությամբ ծառայել եմ, թեկնածուներից երկուսի հետ՝ քավոր-սանիկական հարաբերություններ։ Մի փորձեք սեպ խրել մեր միջեւ։ Բացի Ադրբեջանից՝ բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել։ Վտանգը պետք է գիտակցենք, մի կողմ դնենք մեր քաղաքական ամբիցիաները»,- հայտնեց թեկնածուն։

Նա պնդեց, որ կադրային որեւէ որոշում չի կայացրել եւ ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում պատրաստ է աշխատել Արցախի պետական մարմիններում այս պահին աշխատող բոլոր պրոֆեսիոնալների հետ։

«Ազատ հայրենիք»-ի ղեկավարը խոսեց նաեւ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված արտակարգ վիճակի եւ հնարավոր սոցիալ-տնտեսական ճգնաժամի մասին՝ իրավիճակը մի քանի անգամ բնութագրելով աղետալի։ «Արցախը մեծ դեր կարող է ունենալ Հայաստանի պարենային ապահովվածության, անվտանգության խնդիրը լուծելու հարցում։ Մենք չպիտի բաժանվենք, աղետը գալիս է, եթե մինչեւ հուլիս-օգոստոս շարունակվի վիրուսը, Հայաստանը վճարային բալանսի խնդիր կունենա, որը պետք է համատեղ լուծենք։ Մեր պահուստներն այնքան շատ չեն, որ երկար դիմանանք, աղետ է սպասվում, չպիտի ընկնենք իննսունականների վիճակի մեջ։ Հացի խնդիր կարող է ունենանք։ Սա համաշխարհային խնդիր է, եւ չգիտենք՝ ինչ է տեղի ունենալու վեց ամիս հետո, դրա համար պիտի համագործակցենք, արտադրանք թողարկենք»,- ասաց Հարությունյանը։

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ մեր արտաքին պահուստներն այդքան էլ մեծ չեն, վճարային բալանսը՝ շատ մեծ բացասական, նա կոչ արեց բոլորին խնայել ռեսուրսները։ «Տրանսֆերներ չեն լինելու, տուրիզմ չի լինելու, եւ եթե այս ամենը շարունակվի, գիտե՞ք Հայաստանի պարենային դեֆիցիտը ինչքան մեծ է, էլ չեմ ասում՝ վառելիքը, որը հարյուր տոկոսով դրսից է բերվում։ Չի բացառվում, որ հաջորդիվ ավելի խիստ տնտեսական սահմանափակումներ լինեն, մենք պիտի հրաժարվենք շռայլություններից, նոր շոր, մեքենա, կահույք չպետք է գնենք, ռեսուրսները պետք է խնայենք, ամեն մի դոլար եւ ցենտ պետք է խնայենք»։

«Սիվիլնեթ»-ի թղթակցի հարցին՝ արդյոք պայմանավորվածություն ունի Արցախի դեռեւս գործող նախագահ Բակո Սահակյանի հետ՝ նրան պաշտոն առաջարկելու, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահակայնը հայտարարել է պաշտոնը թողնելուց հետո մնալ եւ ապրել Արցախում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Պաշտոնաթող նախագահն ամենաբարձր պաշտոնն է»։

Մեզ համախմբվածություն է պետք, որովհետեւ ունենք երեք մարտահրավեր՝ ղարաբաղյան խնդիր, համաճարակ եւ տնտեսական սպասվող համաշխարհային աղետ։

Ընտրությունների երկրորդ փուլը կորոնավիրուսի համավարակի պայմաններում անցկացնելու նպատակահարմարության մասին Հանրային հեռուստաընկերության հարցին պրն Հարությունյանը կարճ պատասխան տվեց՝ իրավիճակը մեզ կհուշի։

Հարցին՝ արդյոք կորոնավիրուսով պայմանավորված՝ նախընտրական որոշ ծրագրեր կարող են կյանքի չկոչվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր ծրագրերն իրագործվելու են։ Մեր ծրագիրը վաղուց կառուցվել է հակաճգնաժամային տրամաբանության հիման վրա՝ պարենային անվտանգություն, էներգետիկ անկախություն, ենթակառուցվածքներ, առողջապահություն, ուստի այն, համավարակով պայմանավորված, փոփոխելու անհրաժեշտություն չի լինելու»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter