HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատեկի հանքավայրում պաշարները չեն համապատասխանել հաստատված պաշարներին․ «Վայք գոլդ»-ի ներկայացուցիչը խոստացավ ապացույցներ ներկայացնել դատարանին

Ոսկու-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից զրկված «Վայք գոլդ» ՍՊԸ-ն դատարանում պնդում է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չէր կարող ընկերությանը զրկել Ազատեկի ոսկի-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունքից։ Այս վեճով այսօր Վարչական դատարանում նախնական դատական նիստն էր ընթանում։ 

«Վայք գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը հայցի հիմքերը ներկայացնելիս հայտարարեց, որ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի պաշարները լաբորատոր հետազոտությունների ենթարկելուց հետո պարզել է, որ դրանք չեն համապատասխանում հաստատված պաշարներին, որոնք արձանագրված են պաշտոնական փաստաթղթերում։ Այդ մասին գրություններով ընկերությունը տեղեկացրել է լիազոր մարմիններին, նաև երկրի վարչապետին։ 

«Ներդրողը գումար ներդնելու համար մոտավոր պետք է իմանա` ինչ արդյունքներ են սպասվում, տվյալ դեպքում ներդրողի մոտ անհասկանալի էր, թե ինչի համար պետք է ներդրում կատարի»,- նշեց Կարո Միքայելյանը:

Ուղարկված գրություններին որևէ պատասխան «Վայք գոլդ» ՍՊԸ-ն չի ստացել։ Ավելին,  լիազոր մարմինը նույնիսկ խոչընդոտել է արդյունահանման աշխատանքներին․ ստուգում է իրականացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից և որոշում կայացվել արգելել ընկերությանն ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելուց։ 

Տեսչական մարմինը ստուգման ավարտից հետո փաստաթղթերն ուղարկել է իրավապահներին, ինչի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Այսինքն, ըստ հայցվոր կողմի, ընկերությունը երկու արգելք է ունեցել որոշակի աշխատանքներ կատարելու համար․ մի կողից եղել է երկու պետական մարմնի արգելք, մյուս կողմից` մի մարմնի նկատմամբ պարտավորություն՝ կատարել որոշակի աշխատանքներ: 

Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Փաշայանը հետաքրքրվեց, թե ինչն էր խանգարում ընկերությանը կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները։ Այն է՝ պայմանագրի համապատասխան հավելվածով սահմանվում է, որ հանքավայրի շահագործման 4-րդ տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով, փորձաքննությունների ներկայացնել հանքավայրի շահագործման համալիր (բաց և ստորգետնյա) աշխատանքային նախագիծը։ Այն սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված։ 

Փաստաբանը նշեց, որ հրամանի հիմքում դրվել է արդյունահանման նախագիծ չներկայացնելը, ինչի համար նաև վարչական վարույթ է իրականացվել։ Մինչդեռ արդյունահնման նախագիծը ներկայացվել է 2019թ․ սեպտեմբերին, սակայն նախարարությունը դա չի դիտարկել որպես պատշաճ նախագիծ:

«Ժամանակագրային առումով ե՞րբ պետք է ներկայացնեիք, զգուշացումից հետո նոր նախագիծ եք ներկայացրել, ինչո՞ւ ժամանակին չեք նախաձեռնել դրա ներկայացման գործընթացը»,- հայցվորին հարցրեց Լիլիթ Փաշայանը:

Այդ մասին ընկերությանը 2019թ․ հունիսին զգուշացում է ուղարկվել, որից հետո միայն ընկերությունը նախնական նախագիծը ներկայացրել է։ 

Փաստաբան Կարո Միքայելյանը, սակայն, նշեց, որ իրենք սահմանված ժամկետներում են նախագիծը ներկայացրել, քանի որ պայմանագրի փոփոխություն է կատարվել, և նոր հավելվածում 2012-ի փոխարեն 2015թ․ հունվարի 12-ն է համարվել պայմանագրի սկիզբ։ Հետևաբար, իրենք դեռ մինչև 2021 թվականը արդյունահանման նախագիծը ներկայացնելու ժամկետ ունեն, քանի որ այն, ըստ պայմանագրի, հաշվարկվում է 2017թ․-ից։  

«Ինչո՞ւ այդ փաստարկները չեք ներկայացրել վարույթի շրջանակներում»,- հարցրեց Լ․Փաշայանը:

«Վայք գոլդ»-ի ներկայացուցիչն այնուհետև անդրադարձավ նաև վարչական վարույթին՝ նշելով, որ այն պատշաճ չի իրականացվել, քանի որ վարույթի արձանագրություններից երևում է, որ չի նշվել, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվել և ուսումնասիրելվել։ Բացի դրանից, ըստ էության 3 անգամ նշանակված վարույթներից միայն մեկում քննարկվել է անդամենրից մեկին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը, մնացածները տեղի չեն ունեցել։ Այդպիսով, այն ավարտվել է։ 

«Վարչական վարույթի վերաբերյալ գտնում ենք, որ պատշաճ քննություն չի իրականացվել։ Վերջնական ակտը, որն ընդունվել է նախարարի կողմից, սխալ է, քանի որ վարույթն ինքը չի իրականացրել: Նույնն է, որ դատավարությունն իրականացնի մի դատավոր, որոշումը կայացնի այլ դատավորը»,- նշեց Կ․ Միքայելյանը:

Դատարանը հայցի հիմքերի և դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումները լսելուց հետո այսօր ավարտեց նախնական դատական նիստը։ Հայցվորից լրագուցիչ ապացույցներ պահանջեց մինչև դատաքննությունը: Այդ ապացույցները վերաբերում են փաստաբանի վկայակոչած պաշարների գնահատման փորձաքննությանն ու լիազոր մարմնին ներկայացնելու գրագրությանը։ 

Քանի դեռ ընկերությունը փորձում է «հետ բերել» ընդերքօգտագործման իր իրավունքը, զուգահեռաբար Քննչական կոմիտեում ապօրինի հանքարդյունահանում իրականացնելու փաստով քրեական գործ է ընթանում, որի շրջանակներում նշանակված փորձաքննություններ են կատարվում: Իսկ այս ընթացքում նոր ընկերություն է հայտ ներկայացրել Ազատեկի ոսկի-բազմամետաղներն արդյունահանելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter