HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ժաննա Անդրեասյան. «Պետք է անել հնարավոր ամեն բան արցախցի երեխաներին կրթությունից դուրս չթողնելու համար»

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Արմենպրես» գործակալությունում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ը դպրոցներում բռնության և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային օրն է, սակայն պետք է բարձրաձայնել, որ այս օրերին խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով։

Վերջին տվյալներով՝ Արցախում շուրջ 61 դպրոց եւ 10 մանկապարտեզ զգալի ավերածությունների են ենթարկվել եւ հետագայում ունենալու են հիմնովին վերանորոգման կարիք։

Անդրեասյանը հիշեցրեց, որ կրթության իրավունքի խախտման եւ այդ իմաստով բռնության թիրախ են դառնում են նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաները, որովհետեւ պատերազմական գործողությունների առաջին օրերից, անվտանգության նկատառումներով, սահմանամերձ համայքների շուրջ 10 հազար սովորողների կրթությունը կազմակերպվել է հեռավար։ Կոնկրետ դպրոցներ թիրախավորվել են՝ Գեղարքունիքի մարզի Կութի եւ Սոթք համայնքներում։ «Շատ կարեւոր է գիտակցել, որ պատերազմական դրությունը վտանգում է երեխաների իրավունքները եւ շարունակական բռնություն է նրանց նկատմամբ՝ կրթության իրավունքի հետ մեկտեղ լրջագույն խնդիրներ առաջացնելով նաեւ հոգեկան առողջության, կյանքի իրավունքի պահպանման տեսանկյունից»,- նշեց փոխնախարարը։

Նախարարությունը շաբաթական կտրվածքով Արցախից ժամանած երեխաների՝ դպրոցներում ընդգրկվելու գործընթացի մշտադիտարկում է իրականացնում, անկախ փաստաթղթերի առկայությունից՝ հնարավորություն է տրվել այդ երեխաներին ընդգրկել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցում։ Ըստ նախարարի տեղակալի՝ պետք է անել հնարավոր ամեն բան երեխաներին կրթությունից դուրս չթողնելու համար։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ համագործակցում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարության հետ՝ աշակերտներին գրքերով, գրենական պիտույքներով, տեխնիկական սարքավորումներով ապահովելու համար։ Աշակերտների թվաքանակի փոփոխությանն վերաբերյալ նշեց, որ այն նոր ուսուցիչների կարիք է առաջացնում, եւ նախապատվությունը տրվելու է Արցախից Հայաստան տեղափոխված ուսուցիչներին։

Փոխնախարարի խոսքով ՝ ուսուցիչներն անցնելու են վերապատրաստում, որն ուղղված է պատերազմական իրավիճակներում երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, մանկավարժական մոտեցումների ձեւավորման կարողությունների զարգացմանը։

Արցախից տեղափոխվելուց հետո երեխաներին դպրոցներում ընդգրկելու համար պետք է դիմել համայնքապետարան։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսը վերսկսելու մի քանի մեխանիզմ է մշակվում՝ հաշվի առնելով եւ' համավարակը, եւ' պատերազմական դրությունը, որոնցից ամենաիրատեսականը տարրական դասարաններում առկա ուսուցման ապահովումն է, իսկ միջին եւ ավագ դասարաններում՝ որոշակի տարբերակումը։ «Գյուղական համայնքնեում, որտեղ հասարակական տրասնպորտ չի գործում, իրավիճակային լուծում կիրառել՝ եթե ունեն 10% եւ ավելի կորոնավիրուսային դեպքերի շեմ, ապա անցնել հեռավար կրթության, իսկ եթե չկա այդ շեմը, ապա առկա ուսուցում ապահովել»,- ասաց Անդրեասյանը։ Մեծ քաղաքներում, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 13-ից դպրոցները կանցնեն հեռավար կրթության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter