HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քիչ առաջ մերժեց բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին կալանավորելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանի պաշտպաններից Գոռ Սաղոյանը։ Պաշտպանը նաև ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հակոբկոխյանին ձերբակալելու որոշումը։  Բռնցքամարտիկը շուտով ազատ կարձակվի։

 Հիշեցնենք, որ Հակոբկոխյանը ձերբակալվել էր հունվարի 28-ին՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ։ Այդ օրը բախում է տեղի ունեցել Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև, և երկու տասնյակից ավելի անձ բերման է ենթարկվել։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, որով Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով նախատեսված արարք կատարելու, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի մեջ։ Հակոբկոխյանը մեղադրանքը չի ընդունում։

Նրանից բացի այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 4 անձ՝ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը։ Վերջիններս նույնպես իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, այս պահին ազատության մեջ են, նրանց կալանավորման միջնորդությունները ևս մերժվել են, իսկ ձերբակալման որոշումները՝ ճանաչվել ոչ իրավաչափ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter