HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

2012 թվականի Մայիսի 7-ին

-Մազերդ խարդախության մեջ են սպիտակել, դու ո՞նց կարող ես ազնիվ աշխատել, հոպար,- ոչ թե մտածեց, այլ բացահայտ հայտարարեց խմբի ղեկավար ավագ տեսուչը ու ձեռնամուխ եղավ իմ բազմափորձ խարդախության մի էպիզոդ ջրի երես հանելու գործին:

-Ինչ ասեմ,- պատասխանեցի,- դու ապացուցիր իմ խարդախությունը, ես էլ գործս անեմ:

Մենեջերական իմ բազմամյա գործունեության ընթացքում ես չէի բախվել «հարկային չափագրում» կոչված միջոցառման հետ. երեք առողջ տղամարդ պարապ նստում է քո աշխատատեղում ու ուշիուշով հետևում կատարածդ աշխատանքին: Ո՞վ եկավ, ո՞վ գնաց, ի՞նչ ու ինչքա՞ն առան ու տարան, ի՞նչ են արտադրում տանողները, որտե՞ղ է արտադրամասը:

Հարցեր, նկարահանում, կոնսպիրացիա:

Եվ այդպես հինգ աշխատանքային օր:

Նախօրոք հայտնեմ ընթերցողին, որ ոչինչ չբռնեցին, զայրացած, փրփրաբերան պտտվեցին, ատամները սրած ներս ու դուրս արին ու… հեռացան: Անարդարիս թողեցին իմ չարքաշ գործի վրա, իրենք գնացին՝ պառլամենտական արդար ընտրություն կազմակերպեն. գնացին՝ հաստատվեն իշխանության ու նորից գան, գան մի ամսից ու դրանից հետո երեք ամիսը մեկ: Դա է ասում օրենքը, դա է թույլ տալիս օրենքը: Օրենքը թույլ է տալիս գալ, նստել մարդու ստեղծած աշխատատեղում օրերով, ժամերով, հաճախորդներին անտակտ ու անհարկի հարցեր տալ, վիրավորել, կասկածել, հայտարարություններ անել ու ուսուցանել պետության անունից:

Հարկահանների շնչառությունից հասկացա, որ գնացին դժգոհ, որ հետ են գալու շուտով ու ուտելու են իմ միսը` կաշվով ու ոսկորով:

Դրա համար էլ, խոստովանում եմ, զուտ վերահաս վտանգից դրդված, վերադառնում եմ ամիսներ առաջ ընդհատված իմ հրապարակախոսությանը, անատամ  դիմակայման այդ ձևին, դիմակայում, որն առկա է երկու թշնամի` ձեռներեցական ու չինովնիկական մտածողությունների միջև, դիմակայում, որը ժամանակ առ ժամանակ՝ ընտրությունից ընտրություն, ինքնաբերաբար դառնում է ավելի շարժուն:

. . .

Թվացող ծով ընտրության մեջ ընտրելու բան չկա: Չկա ձեռներեցական մտածողություն և ոչ մի կուսակցական լիդերի մոտ: Գրեցի այս վերջին նախադասությունը ու զարմացա ինքս ինձ վրա, իմ միամտության վրա: Ի՞նչպես կարող է կուսակցականը, այն էլ կուսակցական լիդերը մենեջերական մտածողություն ունենալ: Կոնգրեսի առաջնորդը՝ իր նատուրայով կուսակցականությունից հեռու մի անձնավորություն, որ դեռևս ինչ-որ հույս պետք է ներշնչեր, վերջին միտինգում նկարագրեց երկրի աղետալի վիճակը ու առաջարկեց ելքեր, որոնք բոլորն էլ, ըստ իս, տեղավորվում են նույն չինովնիկական մտածողության շրջանակում:

Խելքը գլխին որոշ պնդերեսներ դեռ կարողանում են աշխատել այս անկումային իրավիճակում, և առաջին նախագահի կողմից անկման չափի թվայնացումը չի ավելացնում կամ պակասեցնում ընկնողների ցավի զգացումը, ցավ, որից շատերը փրկվում են Հայաստանից փախչելով: Մենք երկիր չդարձանք ու երևի թե չդառնանք էլ:

Ընտրացուցակների թվակազմն ես կարդում ու ապշում: Ընտրատարիք ունեցող երկուսուկես միլիոն մարդ կա երկու միլիոն ութ հարյուր հազար բնակչությամբ երկրում, մեկ միլիոնից ավելի կուսակցական կա երկու-երեք միլիոնանոց ազգի մեջ: Երեսուն-քառասուն տարվա նոմենկլատուրային ողջ հնոտին, նորաթուխ կրծքանշանավորների հետ թև թևի տված, կուսակցականանում է: Ո՞վ է այդ պաշտոնամոլ, պարապ զանգվածին պահելու, մտածե՞լ եք, հայ ազգի մտածողներ:

Մտածե՞լ եք, թե ինչն է մարդուն ստիպում մի քանի միլիոն դոլար ծախսել մի քանի հարյուր դոլարանոց դեպուտատական աշխատանքի գնալու համար: Այդ որպիսի՞ մտածողությունը: Իմ մեջ խորը նստած է գուցե թյուր այն պատկերացումը, որ Ազգային ժողովը մտածողի տեղ է: Եվ ավելի խորը նստած է նաև այն համոզմունքը, որ օրենսդիր աշխատանքի ունակ միտքը էժան ապրանք չէ, ու օրենսդրի միամսյա աշխատավճարի գինը մի քանի հարյուր դոլարին հավասարազոր չէ:

Ամենապրիմիտիվ առողջ բանականության ոչ մի հարկում չի տեղավորվում ցածր աշխատավարձով թեկուզ և դեպուտատական աշխատանքի տեղավորվելու ձգտումը: Հետևությունը մնում է մեկը, որ Ազգային ժողովում հայտնվելու շարժառիթներն այլ են: Նպատակն ամեն ինչ է՝ բացի բարձր վարձատրվող ծառայողական աշխատանք ունենալուց, շարժառիթն ամեն ինչ է՝ բացի ծառայելուց: Իսկ եթե նպատակը կատարած աշխատանքին համապատասխան վարձով ծառայելը չէ, ապա ծառայեցնելն է: Իսկ ծառայեցնելու հոգեբանությամբ իշխանության ձգտող պլեբսի քայլերի տրամաբանության մեջ տեղավորվում են և դիրքի չարաշահումը, և կաշառքը, և լկտի պահվածքը:

Տեսնելով այս դեպուտատամանիան՝ համոզվում ես, որ սա ինքնակործանման վերջին արարն է, որ ով էլ գա իշխանության, «հարկային չափագրողները», որոնց հետ իմ առնչման մի էպիզոդ նեկայացրի գրվածքիս սկզբում, մնալու են իրենց տեղում և ահավասիկ, մնալու են այնպիսիք, որպիսիք որ կան:

Եվ քանի դեռ իշխանական հիերարխիկ ամենացածր աստիճանին կանգնած կատարածուն նայում է բարձրից ու իրավունք է վերապահում պետական մտածողություն քարոզել իրենից շատ ավելի համալիր ունակություններով օժտված ձեռներեց մարդուն, մենք միշտ մնալու ենք ժամանակի ետնաբակում:

Ժամանակ, որը նորից 2008 թ. Մարտի 1-ից ավելի խիստ մի անգամ էլ է բռնելու մեր կոկորդից այս անգամ 2012 թվականի Մայիսի 7-ին:

05 ապրիլի 2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter