HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդները թող սպասեն. կարեւորը քվեն է

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի առաջին էջում զետեղված է կուսակցության և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոսքը, որում նա մասնավորապես ասում է. «Մեր գործունեությունը այսօրվանից առավելապես ուղղելու ենք դեպի մարդը, դեպի յուրաքանչյուրը, դեպի Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: Թե նախագահի նշած «այսօրվանիցը» իրականում ե՞րբ է սկսվելու, այնքան էլ պարզ չէ:  

Արդեն մեկնարկած քարոզարշավն ինքնին փաստում է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության դեպքում ՀՀ քաղաքացու շահերից առավել կարևորվում է կուսակցության շահը:

Այսպես, Հանրապետական կուսակցության Ալավերդու նախընտրական շտաբից այսօր «Հետքին» հայտնեցին, որ ապրիլի 21-ին Ալավերդիում սպասվող Սերժ Սարգսյանի նախընտրական այցի շրջանակներում Հանրապետական կուսակցության նախագահը կբացի Ալավերդու բժշկական կենտրոնի վերանորոգված և արդեն 10 ամսից ավելի շահագործման պատրաստ հիվանդանոցի շենքը:

Հիվանդանոցում շինարարական աշխատանքները սկսվել էին 2008 սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2011թ. հունիսին: Վերանորոգումն իրականացվել է սոցներդրումների հիմնադրամի ներդրած 200 մլն դրամով:  

Հիշեցնենք, որ առողջական ծանր խնդիրներ ունեցող ալավերդցիները արդեն 3,5 տարի է՝ բուժումներ ստանում են Ալավերդու Շահումյան թաղամասում գտնվող ծննդատան հակասանիտարական և հիվանդանոցային տարրական պայմաններից զուրկ մասնաշենքում: Դեռ այս տարվա հունվարի 20-ին Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը «Հետքին» ասել էր, թե առաջիկա օրերին հիվանդանոցը կշահագործվի:

Վերանորոգված շենքը եւ կահավորված հիվանդասենյակները «Հետքը» լուսանկարել էր: Այդուհանդերձ, հիվանդանոցի շահագործումը հետաձգվեց եւս 3 ամիսով: Պատճառը թերեւս այն է, որ Սերժ Սարգսյանն ալավերդցիներին պետք է անձամբ «նվերը» մատուցի, իսկ հարմար պահը, իհարկե, ընտրություններն են: Նախընտրական «նվերի» ակնկալիքն էլ, բնականաբար, ժողովրդի քվեն է:

Այսպիսով, օրեր անց՝ ապրիլի 21-ին, Ալավերդիում հանդիսավորությամբ կբացվի հիվանդանոցի վերանորոգված շենքը: Ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ «Հավատանք, որ փոխենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter