HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին։ Հանդիպման թեման էր՝ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, ռեկտորի ընտրությունը և հոգաբարձուների խորհրդի անդամների թվի փոփոխությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Կառավարությունը որոշում էր ընդունել, որով գործադիրը կրճատել է բուհերի կառավարման խորհրդի կազմը և ավելացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց թիվը:

Փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման համակարգում: ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը նոր որոշմամբ կրճատվել է 12-ով՝ 32-ից դառնալով 20: Հոգաբարձուների խորհրդի՝ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները կազմում են 10 տոկոս, այսինքն՝ 2 հոգի։

Դիմելով գիտական խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵՊՀ կանոնադրությունում փոփոխություն կատարելու նպատակը Մայր բուհում կառավարման հնարավոր վակուումը բացառելն է: Ներկայացնելով խնդրի նախապատմությունը` Վ. Դումանյանը նշել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի հրաժարականից հետո՝ ՀՀ վարչապետի  որոշմամբ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը` առանց նախագահի, քանի որ նախագահի ընտրությունը, համաձայն կանոնադրության, պետք է կատարեր խորհուրդը:

Սակայն 2021 թվականի հունվարի 29-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում նախագահ չի ընտրվել: Առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկը բավարար թվով «կողմ» ձայներ չի ստացել: Դրանից հետո խորհրդի անդամները նախաձեռնել են աշխատակարգի փոփոխություն, որի նպատակն էր` խորհրդի քարտուղարին  օժտել նախագահի ընտրությունը կազմակերպելու կառավարչական լիազորությամբ:

«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ դրա անհրաժեշտությունն անգամ չկար, որովհետև խորհուրդը կարող էր հաջորդ անգամ ևս նիստ գումարել` նույն ընթացակարգով, ինչ առաջին անգամ և ընտրել նախագահ: Ինչևէ, աշխատակարգում կատարված փոփոխության տեքստը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, խորհրդի անդամների քվեարկությունից հետո խմբագրվել և փոփոխվել էր: ԵՊՀ կայքում հրապարակվել էր փաստաթուղթ, որը չէր քննարկվել ու չէր քվեարկվել: Այսքանն էլ դեռ բավական չէ, հաջորդաբար հրավիրվել էր խորհրդի նիստ, որի օրակարգում  հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարց ընդհանրապես ներառված չէր, որն այդ պահին ամենագլխավորն էր բուհի հետագա բնականոն աշխատանքի համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ աշխատանքային ոչ բարենպաստ մթնոլորտը, ի վերջո, հանգեցրել է մի վիճակի, երբ հրաժարական են ներկայացրել խորհրդի 32 անդամից 16-ը՝ հիմնականում հիմնադրի և լիազոր մարմնի կողմից ներկայացվածները: Ըստ էության, ԵՊՀ խորհուրդն այժմ լուծարված է:

Ըստ Դումանյանի՝ նոր խորհուրդը պետք է աշխատի ի շահ համալսարանի։

Հիշեցնենք, որ նախարարության աշխատակիցները խորհրդի կազմից դուրս գալու դիմումներ էին գրել, որից հետո պաշտոնից ազատման դիմում էր գրել նաև ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Հարցը հետևյալն է՝ հոգաբարձուների խորհրդում ովքեր պետք է լինեն։ Իմ պատկերացմամբ՝ հոգաբարձուների խորհրդում չպիտի լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ, չպիտի լինեն դասախոսներ, ուսանողներ, այլ պիտի լինեն հոգաբարձուներ, որոնց, իհարկե, մեր երկրում դժվար է գտնել, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնք մեկ որոշումով կարող են մեծ փոփոխություններ, մեծ ներդրումներ անել։ Ես 9/0-ի կողմնակից եմ և այս մասին ասել եմ ԱԺ-ում»,- նշեց Դումանյանը։

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում առաջարկվում էր հոգաբարձուների անդամների թիվը հասցնել 9-ի։ Նախագահ Արմեն Սարգսյանն օրենքը չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան։

Բուհերում կառավարման համակարգի փոփոխությունների մասին նախագիծը կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում դեռևս հանրային քննարկման է ներկայացված: Քննարկման ժամկետի ավարտ է սահմանվել մայիսի 14-ը։ 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նախարարի պաշտոնակատարի ելութից հետո անդրադարձավ 4 հարցի՝ արդյոք մինչև նախարար դառնալը բուհական ազատության մասին Դումանյանի պատկերացումները նույնն էին, ինչն այսօր է պաշտպանում, օրինակ՝ արդարացվա՞ծ է 9/0 կամ 22/8 հարաբերությամբ հոգաբարձուների խորհրդի կազմի ձևավորումը։ Երկրորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչու են որոշում կայացրել, երբ հարցը դեռևս դրված է եղել հանրային քննարկման, իսկ ժամկետը նշանակված է մինչև մայիսի 14-ը: Դեկանին հետաքրքրում էր նաև, թե ինչու՞ է գործող նախարարի պաշտոնակատարը կանխատեսում, որ ռեկտորի ընտրությունը լինելու է հոգաբարձուների 9 անդամների ընտրությունից հետո, մինչդեռ օրենքը ՍԴ-ում է, և, վերջապես, արդյոք սա արհամարհական քայլ չէ՝ ուղղված նախագահին և ՍԴ-ին։
«Ժամանակը չէ՞, որ այս ձևականությունները դադարեցնեք, ուզո՞ւմ եք համալսարանում ուղղահայաց կառավարում, նշանակովի ռեկտոր․․․․ ամեն ինչ նույնն է մնացել, թղթաբանություններն են ավելացել»,- նշեց դեկանը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կատարված փոփոխությունը գործող որևէ իրավակարգավորման չի հակասում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ պետական բուհի հիմնադիրը, անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահի իշխանությունը, պետք է ուժեղ լինի և իր կողմից հիմնադրված բուհում ունենա որոշում կայացնելու հնարավորություն` չմիջամտելով մասնագիտական հարցերին, չխոչընդոտելով ակադեմիական ազատությանը և բուհական ինքնավարությանը:

ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխության առնչությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը տարածել է հայտարարություն` դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկելով հարցը ներկայացնել Սահմանադրական դատարանի քննարկմանը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարձր դատարանի որոշումները, իհարկե, չեն կարող քննարկվել, սակայն մինչ այդ ձեռնարկվել է քայլ` այս պահին առաջացած հրատապ խնդրի լուծման նպատակով` բացառելու ԵՊՀ-ի կառավարման փակուղին:

«Ես համոզված եմ, որ մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ` նպաստել ԵՊՀ զարգացմանը: Միգուցե տարբեր են մեր պատկերացրած ճանապարհները, սակայն նպատակը, վստահ եմ, ընդհանուր է»,- նշել է Դումանյանը:

Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը փաստել է, որ հրաժարական ներկայացնելն իր անձնական որոշումն է եղել, չի պատրաստվում դիմումը հետ վերցնել, սակայն պատրաստ է մինչև հոգաբարձուների խորհրդի ձևավորումը կատարել պաշտոնակատարի պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter