HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Հմայիչ» ու թշվառ նախընտրական կարգախոսները-2

«Հմայիչ» ու թշվառ նախընտրական կարգախոսները

«Միավորված հայեր». «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր»

«Միավորված հայեր» կուսակցությունը շեշտը դրել է նոր անուններ, նոր դեմքեր ի հայտ բերելու և դրա հետ կապված հանրային պահանջի վրա: Այն փորձում է իր քարոզարշավի հիմնական մեխը դարձնել մի կողմից մտավորականներով համալրված լինելը և նրանց հանրությանը ներկայացնելը, մյուս կողմից՝ առհասարակ քաղաքականության և պետական կառավարման ոլորտում նոր խոսք ասելու ցանկությունը:

Երրորդ ուժի կարգավիճակով հանդես գալու հանգամանքը հուշում է, որ կուսակցությունը հաղթելու ամբիցիաներ չունի և դրա վրա սխալ խաղադրույք չի կատարում: Փոխարենը առաջարկում է իրեն ընդունել որպես երկու ծայրահեղ բևեռների պոտենցիալ հակակշիռ՝ իր «քաշի» սահմաններում:

Սակայն այս երեք կատեգորիաների՝ նոր ուժի, նոր դեմքերի և երրորդ ուժի գաղափարները զարգացնելիս կուսակցությունը հաշվի չի առել համապատասխանաբար երեք գործոն: Նախ՝ նոր լինելը դեռևս ոչինչ չի ասում կուսակցության պոտենցիալի, առավելևս տեսլականի մասին: Երկրորդ՝ մարգինալ վիճակում գտնվող քաղաքական ուժի համար, որի ներկայացուցիչներին լայն հասարակայնությունը չի ճանաչում, նոր դեմքերի մատուցման վրա կենտրոնանալը հանրային կարծիքի վրա ոչ մի ազդեցություն թողնել չի կարող՝ խիստ կանխատեսելիության պատճառով: Եվ երրորդ՝ երրորդ ուժի գաղափարը չափից ավելի մաշված է քաղաքական բառապաշարում, որպեսզի դեռ հետաքրքրություն առաջացնի և գայթակղիչ լինի:

Կոմկուս. «Իշխանությունն ու հարստությունը վերադարձնենք ժողովրդին»

Կոմկուսի «շուրթերից» այսպիսի կարգախոսը հնչում է որպես մասնավոր սեփականության ազգայնացման կամ պետականացման սպառնալիք, ինչն ինքնին վանող է: Այսինքն՝ կարգախոսի առաջին և հիմնական թերությունը ստերեոտիպային ընկալում առաջացնելն է: Մինչդեռ հայաստանյան Կոմկուսը շատ ավելի արդիականացվելու, նոր ժամանակների պահանջներին համապատասխանեցվելու խնդիր ունի, որը նրա ներկայացրած կարգախոսից բացարձակապես չի երևում:
Մյուս կողմից, իշխանությունը ժողովրդին վերադարձնելը կարող է ժողովրդավարության արմատներին և հիմնական սկզբունքներին վերադառնալու ենթատեքստ ունենալ: Թերևս, հենց այս միտքն է դրված կարգախոսի մեջ: Սակայն հարցին, թե որքանո՞վ է ինքը՝ Կոմկուսը, այդ արժեհամակարգի կրողը եղել և շարունակում մնալ, դեռևս հստակ պատասխան չի տրվել: Այս իմաստով սա եղածների մեջ ամենաանհաջող, շաբլոնային և ոչինչ չտվող կարգախոսն է:

ՀՅԴ. «Ազատություն, արդարություն, դաշնակցություն

ՀՅԴ-ն հետաքրքիր բառախաղի է դիմել՝ «դաշնակցություն» բառը կիրառելով թե որպես բրենդ, թե որպես ճանապարհ՝ հանրության հետ համագործակցության, միակամության արտահայտման իմաստով: Ակնհայտ է, որ կուսակցությունը չի հրաժարվում որակական որոշակի հատկանիշներ, արժեքներ առաջին պլան մղելու նախկին մոտեցումներից: Ենթագիտակցական մակարդակում իբրև այդպիսի կատեգորիաներ են ներկայացվում միասնականությունը և վստահելիությունը: Եթե նախկինում դրանք արտահայտվում էին չդավաճանող հին ընկերոջ կերպարի կերտման միջոցով, ապա հիմա՝ հանուն ազատության, արդարության՝ հանրության հետ դաշինք կազմելու: Նախորդ ընտրություններում կիրառվող կարգախոսների համեմատ սա ավելի հեղափոխական է: Սակայն էլ ավելի ընդհանրական է ու անորոշ: «Ազատություն» և «արդարություն» արժեքային բառերը ցույց են տալիս դրանց նկատմամբ առկա հասարակական պահանջը, սակայն ոչինչ չեն ասում դրանց գործնական դրսևորման հնարավորության մասին: Կուսակցությունը պարզապես առաջարկում է այս հասկացությունները դիտարկել դաշնակցականության պրիզմայով: Եթե այս կարգախոսում օգտագործված չլիներ «դաշնակցություն» բառը, այն հանրային գիտակցության վրա ազդեցության տեսակետից ոչ մի արժեք և նշանակություն չէր ունենալու:

ՀԱԿ. «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»

Կարգախոսում օգտագործված կոդերը՝ «հանցավոր», «ռեժիմ», անմիջապես հասկանալի են դարձնում՝ ովքեր են դրա հեղինակները: Այդ բառերը ՀԱԿ-ի համար բրենդային նշանակություն ունեն, և դրանց կիրառումը կարգախոսում ինչ-որ տեղ հասկանալի է և ընդունելի: Մանավանդ որ այն ենթադրում է 3 տարի առաջ սկսած պայքարի շարունակություն ու այդ հարցում հետևողականության դրսևորում: Այսպիսով, ՀԱԿ-ն իր ընտրազանգվածին փորձում է համոզել, որ նախկին առաջնահերթությունները մնում են ուժի մեջ:

Սակայն ինքնին ձևակերպումը չափազանց նահանջողական է: 2008թ. ՀԱԿ-ն առաջ էր քաշել «Հաղթելու ենք» խիստ հավակնոտ ու ոգեշնչող կարգախոսը, որը Բեթհովենի 9-դ սիմֆոնիայի հնչյունների ներքո իսկապես մոգական ազդեցություն էր թողնում և մոբիլիզացիոն հսկայական էներգետիկ դաշտ էր ստեղծում: Այն խարսխված էր ինքնավստահության, նպատակասլացության, անհամակերպվողականության վրա: Մինչդեռ «ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսն ընդամենը իշխանության վերարտադրումը կանխելու նպատակ է ամրագրում: Այսինքն՝ հաղթանակի մարտավարությանը փոխարինելու է եկել սոսկ դիմադրության մարտավարությունը: Ընդ որում՝ այնպիսի տպավորություն է, թե ՀԱԿ-ն այդ խնդրի լուծումը փորձում է թողնել ընտրողների վրա՝ «եթե ռեժիմին ձայն տաք, մեղավորը դուք եք» մոտիվներով, ինչը նաև որոշ իմաստով պատասխանատվությունից խուսափելուն ուղղված դիրքավորում է հիշեցնում:

Բոլոր դեպքերում, կարելի է ընդհանրացնել, որ շատ արտառոց, հետաքրքիր, խորիմաստ կարգախոսներ այս ընտրություններում առաջ չքաշվեցին: Մի կողմից սա նշանակում է, որ կոնկրետ կարգախոսներին՝ որպես ընտրական տեխնոլոգիաների ատրիբուտի լուրջ նշանակություն չի տրվել: Մյուս կողմից՝ այն լավագույնս ցույց է տալիս, թե ընտրական տեխնոլոգիաների կիրառման առումով որքան խղճուկ ու գորշ են այս ընտրությունները: Նման ընտրարշավի պարագայում կարգախոսների որակի ու ազդեցության մասին մտածելը նույնիսկ ավելորդ ճոխություն է թվում: Մանավանդ որ, թերևս, քաղաքական ուժերն իրենք են հասկացել, որ քաղաքականապես անգրագետ հանրային մեծամասնության համար կարգախոսները, մեծ հաշվով, ոչինչ չեն նշանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter