HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ»

«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հանդիպում է ունեցել Սյունիքի բնակիչների հետ, որի ընթացքում ՀՀ երրորդ նախագահին հարց են տվել՝ արդյոք նա տիրապետում է՝ ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այն հայանպաստ փաստաթուղթ է, բայց չի ստորագրել։ «Բա ինչու՞ չի ստորագրել, բա Ալիևը չէր ստիպել ստորագրել։ Բա Ալիևն ինչի՞ է մտել մեր տարածքներ»,- ասաց Սարգսյանը։

Տեղեկացրեց, որ այսօր եղել է Տեղ գյուղում, որի տարածքներից 350 հա-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ըստ Սարգսյանի՝ Ալիևը մտել է այդ տարածքներ, որ ճնշի Փաշինյանին, իսկ վերջինս ստորագրի փաստաթուղթը։ «Ինչ պատահեց, որ Ալիևը համբերում է մինչև ընտրություններն ավարտվի, բա հայանպաստ է, ստորագրեր, բա ինչի՞ արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց իր տեղակալներով հանդերձ, ինչու՞, երբ ունենք հսկայական խնդիրներ նաև միջազգային ասպարեզում և չունենք մեկը, որը կարողանա ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ն տարբեր հարթակներում։ Թող ինքն ասի՝ ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ, եթե չի ստորագրել, ուրեմն պետք է սպասել նոր «սյուրպրիզների»։ Հարց հնչեցրեց, եթե փաստաթուղթը հայանպաստ է, ինչու՞ են գաղտնի պահել և խոսել դրա մասին միայն հասարակական ճնշումից հետո։ «Կարող ա ստորագրել է, մենք չգիտենք, էդպես էլ է հնարավոր․ մենք իմացա՞նք, որ ինքը նոյեմբերի 9-ին պիտի կապիտուլյացիա ստորագրի, չիմացանք, ու սա առաջին դեպքը չէ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ 2019-ի ապրիլից հրապարակավ պահանջել են ներկայացնել՝ բանակցային ինչ փաստաթուղթ են տվել, սակայն հրաժարվել են մինչև 2020-ի ապրիլ-մայիս, երբ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 1 տարի է՝ փաստաթղթի շուրջ բանակցում են։ «Բա ինչու՞ էին մեզնից թաքուն բանակցում, որովհետև հիմար էին, որովհետև իրենց տվել էին փուլային տարբերակ, և փոխանակ ասեին՝ սա բանակցելու համար հիմք չէ, ասել են՝ կարելի է սրա շրջանակներում ինչ-որ եզրահանգման գալ, այ էդպիսի հիմարություն են անում ու հետո ասում՝ մեզ պարտադրեցին, էս մի պլանն է, էն մի պլանն է։ Ամեն ինչ մեզնից է կախված, թե խնդրին ոնց մոտենանք»,- նշեց Սարգսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter