HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյանը պատրաստվում է ստորագրել քննարկվող եռակողմ աշխատանքային փաստաթուղթը, եթե Ադրբեջանն իրագործի պայմանավորվածությունները

«Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում, փոփոխություն չի կրել այն առումով, որ, իհարկե, իրադրությունը շարունակում է մնալ լարված: Դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ տարբեր հատվածներում, մոտավորապես 500-600 հոգի»,- այս մասին կառավարության մայիսի 20-ի նիստում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով՝ առաջինը` թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, անել մաքսիմալը պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը:

Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթուղթը 100 %-ով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին:

«Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 %-ով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ-որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100%-ով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չի»,- հայտնեց Փաշինյանը:

Վերջինիս խոսքով՝ թղթի բովանդակության 90%-ը ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ:

«Դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ ընդհակառակը՝ պետք է բաց ներկայացվեն հանրությանը: Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն, կներեք, չեմ կարող որակել: Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթի առաջին էջի երկու կետերը և գրել, որ դրանք ներկայումս համաձայնեցվում են: Այդ կետերը վերաբերում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ապա նաև՝ սահմանագծման աշխատանքներին՝ ստեղծվող համատեղ հանձնաժողովի շրջանակում: 

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ հայկական և ադրբեջանական կողմերը մինչև մայիսի 31-ը հանձնաժողովի կազմում պետք է ստեղծեն ազգային պատվիրակություններ:

Միքայել Մինասյանն իր գրառման մեջ հայտնել էր, որ հանձնաժողովն ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար, ինչպես նաև նշել էր, որ Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղ Ադրբեջանին հանձնելը քննարկման առարկա է դարձել:

Մեկնաբանություններ (1)

Hagop
Pashinian is The most stupid leader in the world. He is Armenia’s number 1 clown. Unless, nothing but talk.talk.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter