HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը 10 տարի պայմանական ազատազրկում է պահանջել թրաֆիքինգի մեջ մեղադրվող անչափահասի համար

Անչափահաս տարիքում այլ անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Վ.Մ.- ի գործով դատախազը մեղադրական ճառ է ասել՝ դատարանին խնդրելով Վ.Մ.- ին դատապարել 10 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանվելով փորձաշրջան: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վ.Մ.-ի պաշտպան Սուզաննա Խչեյանը:

Դատախազ Տիգրան Պողոսյանը մեղադրական ճառում ասել է, որ հաշվի է առնվում Վ.Մ.-ի՝ ենթադրյալ հանցանքն անչափահաս տարիքում կատարելու հանգամանքը, առողջական վիճակը, ինչպես նաև այն, որ վերջինս իրեն վերագրող արարքը կատարելուց հետո որևէ այլ հանցավոր արարք չի կատարել: Դատախազ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  դատարանին միջնորդել է 4 տարի փորձաշրջան սահմանել Վ.Մ-ի համար, նշեց, որ ճառով պայմանական ազատազրկում պահանջելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Վ.Մ.-ն, ըստ գործի մեկ անգամ է կատարել իրեն վերագրվող  ենթադրյալ արարքը:

Հիշեցնենք, որ Վ.Մ.-ն մեղադրվում է իր երեք համագյուղացի երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին, բացահայտվել՝ 2017-ին: Վ.Մ.-ին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ վերջինս, երեխաներին շահագործելու նպատակով, 2016 թվականի ամռանը՝ մայիս կամ հունիս ամսին, քննությամբ չպարզված օրը, խաբեությամբ ճոճանակ նստելու ու զվարճանալու պատրվակով իրենց գյուղից տեղափոխել է հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով, ծեծելով ու քաշքշելով հարկադրել է զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկողության տակ է պահել նրանց: Երեխաները տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո մոտեցել են Վ.Մ.-ին, որը նրանցից մեկից ստացել է հավաքված ողջ գումարը, ըստ գործի՝ շուրջ 7000 դրամ, ապա, հավաստիանալու համար, որ երեխաների մոտ այլ գումար չի մնացել ստուգել է նրանց գրպանները, հավաքված գումարից 700 դրամ տվել է երեխաներից ամենամեծին, 120 դրամ՝ երկրորդ և 74 դրամին համարժեք 10 ռուբլի՝ երրորդ երեխային, իսկ գումարի մնացած մասը տնօրինել է անձամբ:

Թեև նախաքննության ընթացքում տուժող երեխաները Վ.Մ.-ին մեղադրող ցուցմունքներ են տվել, այժմ մեղադրյալի հետ հաշտ են, ասում են՝ Վ.Մ-ի հետ միասին գնացել են խաղալու: Նման դիրքորոշում ունեն նաև երեխաների ծնողները:

Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է 2022 թվականի փետրվար ամսին, պաշտպանական ճառով է հանդես գալու պաշտպան Խչեյանը: Վերջինս պնդում է, որ Վ.Մ.-ն պետք է արդարացվի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter