HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտա՞ռ, թե՞ հանք․ որն է ընտրելու պետությունը

Շրջակա միջավայրի նախարարությունն ապրիլի 6-ին դրական եզրակացություն է տվել  «Մայֆորեսթ․ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության Լոռու մարզում իրականացվելիք անտառապատման նախագծին։ Սակայն, բնապահպանական ՀԿ-ն իմացել է, որ իրենց տարածքները հատվածաբար համընկնում են հանքարդյունաբերողներին հետաքրքրող տարածքների հետ։   

Սպիտակ խոշորացված համայնքի Գոգարան բնակավայրում Հանքակուտակի հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար ապրիլի 7-ին առաջին հանրային լսումն էր նախատեսված, որը բնակիչները տապալել են։ Այդ քննարկմանը մասնակցել են նաև Սարահարթ և Շենավան բնակավայրերի գյուղացիները։ Հենց այս երկու գյուղերի տարածքներն էլ արդեն իսկ համընկնում են ԲՀԿ-ի անտառապատման համար նախատեսած տարածքի հետ։

«Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ն է որոշել ուսումնասիրել նշված տեղամասը։ Ընկերության հիմնադիրը, ինչպես արդեն գրել ենք, Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրն է։

Բացի Գոգարան, Շենավան և Սարահարթ բնակավայրերից, ապրիլի 7-ին Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում  և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրում հանրային լսումներ, հանրության ուշադրությունից դուրս, այդուհանդերձ, տեղի ունեցել են։ Բնակիչները նախնական համաձայնությունը տվել են հանքի հետախուզական աշխատանքների համար։

ՇՄՆ դրական եզրակացությամբ էլ արձանագրվել է, որ Սպիտակ խոշորացված համայնքի Սարահարթ, Շենավան և Արևաշող բնակավայրերում «Մայֆորեսթ․ԷյԷմ» բնապահպանական ՀԿ-ն նախատեսում է ընդհանուր 1407 հա մակերեսով հեռագնա արոտներում՝ Սարահարթում՝ 494 հա, Շենավանում՝ 460 հա և Արևաշողում՝ 453 հա անտառապատում իրականացնել 2022թ․ գարնան և աշնան ընթացքում։

Սակայն բնապահպանական ՀԿ-ն նախատեսել է հաջորդիվ փուլային տարբերակով անտառապատում իրականացնել նաև հարակից՝ Գոգարանի և Նոր Խաչակապ բնակավայրերի տարածքներում, որը ընդհանուր կազմելու է 3000 հա տարածք։  

«Մայֆորեսթ․ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր, գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանն ասում է, որ այս տարածքներն իրենք են որոնել և հայտնաբերել իրենց մասնագետի հետ։ Նույնիսկ Google-ի քարտեզից երևում է, որ իրենց ընտրած եռանկյունին համեմատաբար կանաչ է, շատ հարմար անտառ տնկելու համար։ Այն գտնվում է խոնավ շրջանում, Չքնաղ գետի ջրահավաք ավազանի հարավային մասում է։

«Մայֆորեսթ․ԷյԷմ» բնապահպանական ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2,5 տարի առաջ՝ առաքելություն սահմանելով մեծացնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ նոր անտառներ հիմնելով՝ այդպիսով նաև պայքարել կլիմայի փոփոխության դեմ և մեղմացնել գլոբալ տաքացումը։

Անտրէ Գումուշճեանն ասում է, որ իրենք մտադիր են տարեկան 400 հազար ծառ տնկել։ Այս պահին երեք սեզոնի ծառատունկ արդեն իրականացրել են՝ տնկելով 385 հազար ծառ Լոռու և Տավուշի մարզերում՝ ընդհանուր 150 հա տարածք։

Անտրէ Գումուշճեանը հիշեցնում է, որ երկիրը պարտավորություն է ստորագրել մինչև 2050թ․-ը անտառածածկ տարածքը հասցնել 20,1 %-ի։ Սակայն պետությունը դեռևս չի նախանշել, թե որ տարածքներում է հիմնելու այդքան անտառ։

Համաշխարհային բանկի 2020թ․ տվյալներով՝ անտառածածկ է Հայաստանի տարածքի 11,5 %-ը։ Այսինքն՝ անտառածածկույթը պետք է համարյա կրկնապատկել: Հարևան Վրաստանը շատ բարձր ցուցանիշ ունի՝ անտառածածկ է 40,6 %–ը, Ադրբեջանի տարածքի՝ 13,7 %-ը, Թուրքիայի տարածքի՝ 28,9 %-ը, ԵՄ երկրներում անտառածածկ տարածքը միջինացված 40 %-ի է հասնում։

«20,1 %-ը 260 հազար հա նոր անտառ է նշանակում»,- ասում է բնապահպանական ՀԿ-ի գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանը։

«100 հազարը կգտնեն «Հայանտառի» տարածքից, բայց մնացած 160 հազար հա-ն պետք է համայնքներից վերցնեն։ Մեր հայտնաբերած 3000 հա-ն միայն դրա 2 տոկոսն է կազմում»,- հաշվարկը շարունակում է Անտրէ Գումուշճեանը։

«Մայֆորեսթ․ԷյԷմ» ԲՀԿ-ն Շիրակամուտում ունեցած իրենց փորձից արդեն գիտի, որ ոչ բոլոր տեղերում է հնարավոր անտառ ստեղծել։ 2020թ․ նոյեմբերին առաջին ծառատունկն են իրականացրել Շիրակամուտում։ 2021թ․ հունիսին հայտնաբերել են, որ տնկիների մի հատվածը, որը հարավ է նայում, ամբողջությամբ չորացել է։ Սակայն կազմակերպության ներկայացուցիչներն իրենց որոշակիորեն բախտավոր են համարում, քանի որ վերևով ջրատար է անցում, նոր ծառատունկ են իրականացրել, և ջրատարից սկսել են ջրել տնկիները՝ այդպիսով փրկել են իրավիճակը։

«Ոչ բոլոր տեղերում Հայաստանում կարելի է անտառ ստեղծել։ Եթե երկիրը կամ մարդիկ ուզում են անտառ ստեղծել, պետք է լավագույն և խոնավ տեղերը պահել անտառի համար,- ասում է Անտրէ Գումուշճեանը։ - Եվ այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ է ընտրում երկիրը՝ եթե այսպիսի տարածքները, որոնք իդեալական են անտառապատման համար, տրամադրում ես հանքարդյունաբերությանը, կով պահողներին կամ հող մշակողներին, ապա որտե՞ղ պետք է 160 հազար հա տարածք ընտրել անտառ տնկելու համար»։

Վահե Մարտիրոսյանը Տարոն Ալեքսանյանը Լիլիթ Մարտիրոսյանը

Կա՞ 10 տոկոս տարածք, որը հարմար է անտառատնկման համար՝ հարցին, կազմակերպության ավագ գիտաշխատող և աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) մասնագետ Տարոն Ալեքսանյանը պատասխանում է․ «Այս պահին մենք այդպիսի հողատարածքներ չենք նախանշում»։

Բելգիահայ հիմնադիրն օրինակ է բերում, որ Բելգիայում պետությունն այդպիսի քարտեզ է ստեղծել, որտեղ նշված է, թե որ տարածքներն են հարմար և պահպանված անտառտնկման համար, Հայաստանում նման քարտեզ չկա։ ԲՀԿ-ի հիմնադիրը կարծում է, որ նախ երկիրը պետք է սկսի այս քարտեզի ստեղծումը և նախանշի, թե որ տարածքներն են հարմար և համապատասխան անտառապատման համար, որը՝ գյուղատնտեսության և այլ գործունեության համար։ Եթե պետությունն արդեն դա արած լիներ, ապա նման խնդիր չէր առաջանա՝ անտառ տնկել, թե հանքաքար արդյունահանել։

Ջուրը, թթվածինը, տնտեսությունն ու ներդրումները

Անտրէ Գումուշճեանը հիշեցնում է, որ խմելու ջրի 80 տոկոսը գալիս է հենց անտառից, եթե անտառ չկա, ջուր էլ չկա։

«Մեր ժողովուրդը ոչ միայն ոսկու կարիք ունի, այլ խմելու ջրի կարիք ունի։ Եթե պետությունը հիմա ճիշտ որոշում չկայացնի՝ պահպանել ջուրը ապագայի համար, ապա հետո ուշ կլինի։ Եվ սա ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հարց է: Մենք անպայման պետք է պահպանենք մեր խմելու ջուրը, և իհարկե, անտառը թթվածին է ապահովում, ջերմաստիճան է պահում և այլ»,- ասում է նա։

Մյուս կարևոր շեշտադրումը, որն անում է Անտրէ Գումուշճեանը, այն է, որ շահարկվող թեզը, թե հանքը տնտեսություն է զարգացնում, պետք է դադարեցնել, որովհետև այսօր արտերկրում չափազանց մեծ հետաքրքրություն կա անտառապատման և անտառվերականգման ոլորտում, և մեծ գումարներ են գալիս Հայաստան անտառների վերականգնման համար, որն իր հերթին բերում է թե՛ աշխատատեղեր, թե՛ տնտեսապես զարգացում, թե՛ կենսապայմանների բարելավում։

ՀԿ-ի ղեկավարն ասում է, որ դրսում մեծ գումարներ կան անտառապատման համար, որոնք հիմնականում գնում են Ամազոն և Աֆրիկա, և եթե այդ գումարների միայն 1 տոկոսը մուտք գործի Հայաստան, ապա արդեն իսկ մեծ ներդրում կլինի։

«Ոսկին ոչ թե հողի տակ է, ոսկին անտառի մեջ է։ Անտառը ոսկի է. սա պետք է հասկանան մարդիկ»,- ամփոփում է Անտրէ Գումուշճեանը։

Նա նաև նշում է, որ երկիրը կարող է արտահանել ծառեր՝ այդպիսով երկիր գումար բերել։ Եթե հիմա մեկ տնկին, ենթադրենք, 3 դոլար արժե, մի քանի տարի անց ծառի արժեքը շատ ավելի է բարձրանալու՝ դառնալով 6 կամ 10 դոլար։

«Չնայած դեռ երրորդ տարին ենք աշխատում, անցյալ շաբաթ արդեն 2 հեռախոսազանգ ենք ստացել, որ մեզ հարցնում են՝ որքա՞ն ծառ կարող եք տնկել։ Մի կազմակերպությանը մենք հարցրինք, թե որքան կարող եք ֆինանսավորել, և որքան գումար կարող ենք գրել ծրագրի համար, մեզ պատասխանեցին՝ ամբիցիոզ եղեք։ Այսօր այնքան մեծ հետաքրքրություն և այնքան գումար է գալիս երկիր, որ կարող է նպաստել տնտեսության զարգացմանը»,- նշում է կազմակերպության ղեկավարը։

ՀԿ-ն տարեկան նախատեսել է 100 աշխատատեղ ստեղծել, որոնք ներգրավված են լինելու անտառատնկման գործերում։

«Ինչ վերաբերում է հանքին, մենք չգիտենք, թե ինչքան աշխատատեղի կամ ներդրումների մասին է խոսքը։ Մենք էս պահին կարող ենք ասել, որ առաջին տարին մեզ մոտ 100 հոգի աշխատելու է, և այդ թիվը շատ արագ աճելու է՝ ընդհուպ մինչև 400 հոգի, դա մեր ամենամոտ տեսանելի ժամկետում, հնարավոր է ավելին լինի մոտակա համայնքներից և այլ համայնքներից»,- ասում է «Մայֆորեսթ․ԷյԷմ» ԲՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։

 «Մենք կարող ենք բերել շատ ավելին, քան հանքարդյունաբերական ընկերությունը՝ թե՛ ներդրումներ, թե՛ աշխատատեղեր, գումարած առողջ շրջակա միջավայր,- ասում է Անտրէ Գումուշճեանը,- մենք կորցնում ենք ինչ-որ լավ բան ստեղծելու հնարավորություն և ստեղծում ենք մի բան, որն այնքան էլ օգտակար և լավ չէ մարդկանց և համայնքի համար, իսկ այն, ինչ օգտակար է այդ համայնքի համար, անտառն է, որ մենք կարող ենք ստեղծել»։

«Մայֆորեսթ․ԷյԷմ» ԲՀԿ-ն հանդիպել է նաև «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ, որոնք վստահեցրել են, որ եթե նույնիսկ մեծ տարածքում են ուսումնասիրություններ նախաձեռնել, ապա պաշարները հաստատվելուց հետո փոքր տարածքում են հանքարդյունահանում իրականացնելու, և անտառապատման ծրագրին չեն խոչընդոտելու, սակայն Վահե Մարտիրոսյանն ասում է, որ իրենք միայն ծառատունկ չեն իրականացնում։

«Մենք ամբողջ էկոհամակարգն անտառի ենք վերածում։ Եվ բնապահպանական և ոչ բնապահպանական կազմակերպությունների ու անհատների հետ ենք աշխատում, օրինակ՝ մեղվապահների, տուրիստական կազմակերպությունների, որոնք համայնքների համար որոշակի հետաքրքություն են առաջացնում։ Պատկերացրեք՝ անտառ տնկված տարածքում, որտեղ հանք է աշխատում, գան նմանատիպ կազմակերպություններ, օրինակ՝ մեղվապահներ։ Կգա՞ն, տուրիստներ կգա՞ն այդ անտառը տեսնելու, որտեղ հանք է աշխատում և աղտոտում է միջավայրը»,- նշում է Վահե Մարտիրոսյանը։

Անտրէ Գումուշճեանն ասում է, որ ինքը դեմ չէ հանքարդյունաբերությանը, սակայն համոզված է, որ իրենց ընտրած տարածքում հանքարդյունաբերություն չպետք է իրականացվի, քանի որ այն իդեալական է անտառի ստեղծման համար։

Անտրէ Գումուշճեանը կապ է հաստատել Հայաստանում հանքարդյունաբերությամբ հետաքրքրված Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրի հետ, որը նաև Fremont gold ՍՊԸ-ի գործառնական ղեկավարն է։ Սակայն առայժմ էական արդյունքներ չեն արձանագրվել․ կողմերը դեռևս բանակցում են, և Անտրէ Գումուշճեանը փորձում է համոզել, որ Ավստրալիայի քաղաքացին դադարեցնի այդ տարածքում որոնողական աշխատանքները։

Բոլոր 3 գյուղերի հետ նախնական համաձայնություններ ունեցել են, սակայն այժմ պետք է համայնքի վարչական ղեկավարի և ավագանու համաձայնությունը, որ նախանշված տարածքում ծառատունկ իրականացնեն։ ՀԿ-ն համաձայնություն ստացել է խոշորացումից առաջ, սակայն խոշորացումից հետո մտավախություն ունեն, որ ավագանին և համայնքի ղեկավարը գուցե նախընտրությունը տան հանքարդյունաբերությանը։ 

«Պատկերացնում եք՝ ինչ դաժան բան կստացվի, եթե հետազոտություն անեն և ինչ-որ բան գտնեն մեր տնկած անտառի տակ»,- վատատեսական սցենարն է ներկայացնում Վահե Մարտիրոսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter