HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

350 կգ թմրանյութը պետք է տեղափոխվեր Նիդերլանդների Թագավորություն. մեղադրյալներից մեկի գործը դատարանում է

Մեկ տարի առաջ 350 կգ թմրանյութի ապօրինի մաքսանենգության առթիվ հարուցված գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան: Ամբաստանյալի աթոռին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ Ալի Բայազիդի Շաշանին:

Ալի Շաշանին, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով ԻԻՀ-ում բնակվող Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրիի հետ, օժանդակել է վերջինիս Իրանից Հայաստան տեղափոխված առանձնապես խոշոր չափերի՝ 351060 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը Նիդերլանդենրի Թագավորություն ապօրինի տեղափոխելու գործընթացում:

Այսպես՝ Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրին գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ 351.060 գրամ  «հերոին» տեսակի թմրամիջոց և ՀՀ տարածքով Նիդերլանդների Թագավորություն մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխելու նպատակով կազմակերպել դրա փաթեթավորումը խմորիչ արտադրող իրանական «RAZI YEAST & ALCOHOL CO.» ընկերության «DANIAL INSTANT DRY YEAST» ապրանքանիշի փաթեթներով 33 արկղի մեջ ու իբրև չոր խմորիչ, նույնատիպ փաթեթավորմամբ չոր խմորիչի 1715 արկղերի հետ միասին բարձել իրանական «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան ու առաքել ՀՀ՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցը:

Ընդհանուր 17.480 կգ չոր խմորիչով և թմրամիջոցով բարձված  «Վոլվո» մակնիշի իրանական ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 15:41-ին, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման կետով ժամանել է Հայաստան:

Ըստ գործի՝ «Վոլվո» մակնիշի իրանական ավտոմեքենան հայկական «Մեթ» ընկերության անվամբ ձևակերպված ընդհանուր 17.480 կգ չոր խմորիչով և թմրամիջոցով բարձված բեռը, արտահանման գործընթացն ապահովելու նպատակով, «Մեղրի»  մաքսակետից տեղափոխել է բեռի նշանակման վայր՝ Երևան քաղաքում գործող «Մետեքսիմ Տերմինալ» ՍՊ ընկերության մաքսային պահեստ:

Մոհսեն Ղադերի Մոկրիի հանձնարարությամբ Ալի Շաշանին այդ ընթացքում Երևանում հանդիպել է վերջինիս ծանոթ Մոհամմադհուսսեին Մոհամմադ Ալի Յուսեֆզադգավիդելիին, նրանից ստացել ընդհանուր 14.700 ԱՄՆ դոլար գումար, որից 3700 ԱՄՆ դոլար գումարը պահել է իր մոտ, իսկ 11.000 ԱՄՆ դոլար գումարը կրկին Մոհսեն Ղադերի Մոկրիի հանձնարարությամբ, բեռի ձևակերպման գործընթացն ապահովելու համար, փոխանցել է նրա ծանոթ Մոհամմադ Ջաֆար Սուլեյմանի Ռահբարիին, որից մի մասը՝ 3000 ԱՄՆ դոլարը, օգտագործվել է արտահանման մաքսային ձևակերպումների ժամանակ:

Այնուհետև, 2021 թվականի փետրվարի 25-ին և 26-ին, Շաշանին բեռի նշանակման վայրում՝ «Մետեքսիմ Տերմինալ» ՍՊ ընկերության մաքսային պահեստում, մասնակցել և վերահսկել է բեռի՝ թմրամիջոցով և չոր խմորիչով բարձված արկղերի՝ ավտոմեքենայից բեռնաթափման, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորություն արտահանման նպատակով վրացական մեկ այլ ավտոմեքենա բարձման գործընթացին և Մոհսեն Ղադերի Մոկրիին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կատարել տեսաձայնագրություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերի՝ 351.060 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքով Նիդերլանդների Թագավորություն մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխելու Մոհսեն Ղադերի Մոկրիի մտադրությանն օժանդակելու իր մտադրությունը, քանի որ թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ արտահանման նպատակով վրացական  ավտոմեքենայում բարձված բեռի զննությամբ:

Նշենք, որ այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Վրաստանի քաղաքացի Գելա Ջվարիձե Միխելին, ԻԻՀ քաղաքացի Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրին, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ քաղաքացիներ Սամվել Կեսոյանը, Կարեն Կեսոյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մոհամմադ Ջաֆար Սուլեյմանի Ռահբարին, Մահմուդ Բարահոուին, ով Նիդերլանդների Թագավորության քաղաքացի է, վերջինիս նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել:

Ալի Շաշանիի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, անդրադարձել է Շաշանիի խափանման միջոցի հարցին: Դատախազ Գևորգ Սարգսյանը այս դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել, բայց դատարանին ուղղված գրությամբ հայտնել է, որ Ալի Բայազիդի Շաշանին ազատ արձակվելու դեպքում կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը, խուսափել քրեական պատասխանատվությունից և պատիժը կրելուց: Դատախազը նշել է, որ մեադրյալը  ԻԻՀ քաղաքացի է, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունի և ազատության մեջ հայտնվելով՝ կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Դատախազը նաև դիրքորոշում է հայտնել, որ պետք է  հաշվի առնել Ալի Շաշանիին մեղսագրվող արարքների ծանրության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, որի պարագայում կրկին չափազանց բարձր է թաքնվելու, քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը: Բացի այդ,  դատախազը նաև շեշտել է Ալի Բայազիդի Շաշանիին մեղսագրվող արարքների անդրազգային բնույթը, օտարերկրյա պետություններում հանցակիցների առկայությունը, ապօրինի կերպով մի քանի պետությունների տարածքով շրջանառված թմրամիջոցների հսկայական չափերը, դրա քողարկվածությունը, որպիսի պայմաններում էականորեն բարձրանում է ազատության մեջ մնալու պարագայում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Այսպիսով՝ ըստ Գևորգ Սարգսյանի, Ալի Բայազիդի Շաշանիին կալանքի տակ պահելու հիմքերը շարունակվել  են պահպանվել, իսկ այլ խափանման միջոցները բավարար չէ՝ նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Պաշտպան Հովիկ Արսենյանը նշել է, որ պաշտպանական կողմի համար անակնկալ է եղել քրեական գործի՝ դատարան ուղարկվելը, հայտնել է, որ գործը դատարան ուղարկելուց օրեր առաջ իրեն կանչել են քրեակատարողական հիմնարկ, կատարվել է իր պաշտպանյալի հարցաքննությունը, որից հետո փոփոխվել է առաջադրված մեղադրանքը:

Դրանից հետո իր պաշտպանյալին պարսկերեն թարգմանված եղանակով չեն հանձնվել քրեական գործի նյութերը, իսկ իրեն քրեական գործի նյութերը հանձնվել են լազերային կրիչով: Ուստի իր ու իր պաշտպանյալի համար նախաքննական մարմինը չի երաշխավորել քրեական գործի նյութերին ծանոթանալու պատշաճ հնարավորությունը: Ըստ որում՝ հարցաքննության ժամանակ իր պաշտպանյալը նախաքննական մարմնին հայտնել է, որ պատրաստ է առերեսվել յուրաքանչուրի հետ, ով կպնդի այն փաստը, թե ինքը տեղյակ է եղել տեղափոխվող բեռի պարունակությունից: Արսենյանը պնդել է, որ գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ իր պաշտպանյալը տեղյալ է եղել այն մասին, որ  բեռնատարներով թմրամիջոցներ են փոխադրվում:

Պաշտպանը հայտնել է, որ Մոհսեն Աբդոլռահման Ղադերի Մոկրին հանդիսանում է իր պաշտպանյալ Ալի Շաշանիի քեռու որդին և մեծ գումարային պարտքեր է ունեցել վերջինին: Երբ Մոհսեն Աբդոլռահման Ղադերի Մոկրին գտնվել է ՀՀ-ում, Ալի Շաշանին ընտանիքով այցելել է նրան, որպեսզի ստանա իր գումարը: Սակայն Մոհսեն ասել է, որ Իրանից խմորիչներ են ուղարկում այլ երկրներ, Ալի Շաշանին կարող է մասնակցություն ունենալ այդ փոխադրումներին ու գումար աշխատել, ինչպես նաև այդ փոխադրումներից ստացված գումարներից Մոհսեն կմարի նաև ունեցած դրամական պարտքերը:

Ալի Շաշանիի գործառույթը պետք է լիներ միայն ուղարկվող բեռի վերաբարձումը նկարահանելը և Մոհսեին ուղարկելը:

Բացի այդ, Մոհսեն գումար է տվել Ալի Շաշանիին, որը վերջինը պետք է փոխանցեր ՀՀ-ում գտնվող մեկ այլ իրանցու՝ Մոհամադին՝ մաքսային փաստաթղթերի ձևակերպման համար: Գումարը փոխանցվել է Ալի Շաշանիի միջոցով, քանի որ Մոհսեն Մոհամադին նույնպես գումար էր պարտք, և գումարն անմիջականորեն նրան փոխանցվելու դեպքում Մոհամադը կարող էր այն ամբողջությամբ վերցնել, պահել իրեն՝ որպես պարտքի վերադարձ, ու որևէ գործողություն չկատարել:

Մոհսեն Ալի Շաշանիին ուղարկել է այն անձի տվյալները, ով պետք է Նիդերլանդների Թագավորությունում ստանար բեռը՝ դրանով փորձելով մեղադրական բնույթի ապացույց ստեղծել Ալի Շաշանիի համար:

Պաշտպանը խնդրել է  ուշադրություն դարձնել այն հանգամանքներին, որ Ալի Շաշանին բարեխիղճ անձնավորություն է, նախաքննության ընթացքում տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ունի առողջական խնդիրներ, իսկ նրա կինն ավտովթարի է ենթարկվել Իրանում:

Մեղադրյալ Ալի Շաշանին նշել է, որ մեղադրանքն իրեն ծանոթ չէ, շուրջ մեկ տարի է, ինչ կալանավորված է, ու գործի նյութերն իրեն հասկանալի լեզվով չեն տրամադրվել: Մեղադրյալն ասել է, որ օգնել է բեռի փոխադրմանը, քանի որ Մոհսեն իրեն շահագրգռել է: Նա ասել է, որ պետք է կատարվի տասը փոխադրում: Կատարված փոխադրումից Մոհսեն իրեն տվել է 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար վերադարձրել է իրեն ունեցած պարտքից: Մեղադրյալը նաև հայտնել է, որ երեք աղջիկ ունի, եթե իմանար, որ փոխադրվող բեռի մեջ թմրամիջոց կա, ապա հաստատ դրան ընդհանրապես առնչություն չէր ունենա:

Դատարանը, քննության առնելով Շաշանիի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը, դիրքորոշում է հայտնել, որ կալանավորման հարցը քննության առնելու համատեքստում առկա են բավարար տվյալներ՝ մեղադրյալի առնչությունն իրեն մեղսագրվող արարքներին հիմնավոր կասկածի մակարդակով հաստատված համարելու համար, որ մեղադրյալ Ալի Բայազիդի Շաշանիի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նիդերլանդների Թագավորություն փոխադրվող բեռի մեջ թմրամիջոցների առկայության մասին տեղյակ չլինելու հանգամանքը չի կարող պարզաբանվել և/կամ հաստատված համարվել նախքան դատաքննության փուլն անցնելը:

Դատարանը, քրեական գործի նյութերով մեղսագրվող հանցագործությունների մեջ հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո, եկել է այն եզրահանգման, որ Ալի Բայազիդի Շաշանին, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ Բանն այն է, որ նրան մեղսագրվում է երեք դրվագ առանձնապես ծանր հանցագործությունների կատարում, իսկ վերջինը, մեղսագրվող արարքների համար քրեական հետապնդման ենթարկվելու վախի ազդեցությամբ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, առավել ևս, որ քրեական գործն արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ գտնվում է դատարանում:

Բացի այդ, ըստ դատարանի, պետք է ուշադրություն դարձնել, որ մեղադրյալն օտարերկրացի է, հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի և ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, իսկ նախկինում պարբերաբար հատել է ՀՀ սահմանը:

Ինչ վերաբերում է գործի քննությանը խոչընդոտելու հիմքին, ապա այն նույնպես, ըստ դատարանի, առկա է, քանի որ ազատության մեջ հայտնվելով՝ մեղադրյալը կարող է ազդեցություն ունենալ ենթադրյալ հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց նկատմամբ, մանավանդ հաշվի առնելով վերագրվող հանցավոր արարքների կատարման ընթացքում ենթադրաբար գործադրված մեխանիզմները, հանցավոր արարքների բնույթը և այլ պետություններում գտնվող անձանց ենթադրյալ մասնակցությունն առերևույթ հանցավոր արարքներին: Կալանավորման քննարկվող հիմքի համատեքստում հատկապես դատարանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ հայտնաբերված թմրամիջոցների մեծածավալ քանակը Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով:

Իսկ ինչ վերաբերում է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հիմքին, ապա դատարանն ընդգծում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանքներ կատարելու առումով ուշադրության են արժանի մեղսագրվող արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հայտնաբերված թմրանյութի տեսակը և չափերը: Սույն դեպքում իրավապահների կողմից հայտնաբերված թմրամիջոցը  «հերոին» տեսակի է, իսկ քաշը կազմում է 351.060 գրամ: Թեև դատարանը համարում է, որ նշված հիմքը գործի քննությանը խոչընդոտելու և թաքնվելու հիմքերի համեմատությամբ նվազ է, սակայն, այնուամենայնիվ, դեռևս առկա է և կարող է դրվել մեղադրյալ Ալի  Շաշանիի կալանավորման հիմքում: Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում մեղադրյալը նշել է,  որ ըստ Մոհսեի՝ նման տասը բեռնափոխադրում դեռևս պետք է կատարվեր:

Հետևաբար, դատարանը գտել է, որ Ալի  Շաշանիի պատշաճ վարքագիծը դեռևս չի կարող ապահովվել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը գտել է, որ Ալի Շաշանիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ենթակա չէ վերացման կամ փոփոխման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter