
ՊԵԿ-ը 45 միլիոն դոլարի հերոին է հայտնաբերել խմորիչի փաթեթներում
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման դեպք: Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18 600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով, ըստ ՊԵԿ-ի, աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել