HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է Մելիք Մանուկյանի սպանության փորձի գործով արդարացման դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ սպանության փորձի գործով ամբաստանյալների վերաբերյալ արդարացման դատավճիռը և պահանջում է նրանց մեղավոր ճանաչել 17, 19  և 20 տարի ժամկետներով:

Հիշեցնենք, որ ըստ գործի` Մելիք Մանուկյանին փորձել են սպանել` նրա մեքենան պայթեցնելու եղանակով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհին:

Դեպքի հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Պետրոս Էլբակյանին, Ջեմսիկ Մարտիրոսյանին և Արթուր Մխիթարյանին:

Ըստ մեղադրանքի` ստանալով Մելիք Մանուկյանի սպանության պատվերը, վերը նշված երեք անձինք և նրանց` գործով չպարզված հանցակիցները, 2019 թվականի հուլիսի 30-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, միջոցներ են ձեռնարկել՝ պարզելու Մելիք Մանուկյանի աշխատանքի այցելելու, այնտեղից հեռանալու հանգամանքները: Այդ նպատակով վերջիններս, կոտրելով Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող չգործող ռեստորանային համալիրի սենյակներից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել հիշյալ սենյակ և համոզվելով, որ սենյակի պատուհաններից հնարավոր է հսկել Մելիք Մանուկյանի աշխատավայրի՝ ապակե տարաների արտադրամասի և դրա ավտոկայանատեղիի անցուդարձը, այդ թվում` Մելիք Մանուկյանի կողմից ավտոմեքենայով հիշյալ արտադրամասի տարածք մուտք գործելու և դուրս գալու ժամանակն ու երթուղինպարզել են Մանուկյանի աշխատանքի այցելելու ժամը, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի, ավտոմեքենայում նրա զբաղեցրած տեղը և թե թիկնապահներն ինչ ավտոմեքենայով են նրան ուղեկցում:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ մեղադրանքի, խմբի անդամները Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում` Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ՍՊ ընկերության ապակյա տարաների արտադրամասի հարևանությամբ, տեղադրել են ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքը, որը գործի դնելու նպատակով հիշյալ հատվածից դեպի իրենց թաքստոցն անցկացրել  են պայթուցիկ սարքը գործի դնելու համար անհրաժեշտ շուրջ 58 մ երկարությամբ մալուխը` էլեկտրական հոսանքի աղբյուր հանդիսացող մարտկոցի միջոցով պայթյուն առաջացնելու համար:

Դեպքի օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Մելիք Մանուկյանը, ավտոմեքենայում գտնվող երկու անձանց հետ, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա երեք թիկնապահները «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել ապակե տարաների արտադրամասի տարածքից և երթևեկել Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի ուղղությամբ, խմբի անդամները, ըստ գործի, հետևելով ավտոմեքենաների շարժին, նշված ավտոմեքենաներում գտնվող անձանց, ինչպես նաև տվյալ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների վարորդների և ուղևորների կյանքի համար վտանգավոր եղանակով, գործարկել են կամուրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկ սարքը՝ առաջացնելով պայթյուն, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն ավտոմեքենաները՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Քննելով այս գործը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գոռ Շահբազյանի, որոշել է ամբաստանյալներին իրենց մեղսագրվող արարքներում արդարացնել՝ հանցագործություններին նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու հիմնավորմամբ:

Ամբաստանյալներից Ջեմսիկ Մարտիրոսյանին վերագրվում էր նաև մեկ այլ հոդվածով արարք, որը կապ չունի Մելիք Մանուկյանի հետ: Ըստ մեղադրանքի՝ Մարտիրոսյանը դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս է պատճառել: Դատարանը այս մեղադրանքը հիմնավոր է համարել ու Մարտիրոսյանին դատապարտել 4  տարի, 6  ամիս ժամկետով ազատազրկման:

Դատախազությունն այժմ Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքով պահանջում է ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանին, Պետրոս Էլբակյանին և Ջեմսիկ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել պատվերով, կազմակերպված խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց սպանության փորձի, պայթյունի միջոցով  խոշոր չափով գույք ոչնչացնելու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության զենք ձեռքբերելու և պահելու հոդվածներով: Բացի այդ, բողոքաբերը նաև պահանջում է Ջեմսիկ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել իրեն վերագրվող մյուս՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով:

Ըստ այդմ՝ Դատախազությունը պահանջում է Պետրոս Էլբակյանի նկատմամբ  վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 17 տարի ժամկետով, Արթուր Մխիթարյանի նկատմամբ՝ 19, իսկ Ջեմսիկ Մարտիրոսյանի նկատմամբ՝ 20 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել նաև Ջեմսիկ Մարտիրոսյանի պաշտպաններ Արմեն Մելքոնյանն ու Էդգար Արամյանը: Վերջիններս պահանջում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ևս իրենց պաշտպանյալին արդարացնել: Բողոքը ներկայացրել է նաև Պետրոս Էլբակյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը, սակայն ոչ թե արդարացման դատավճիռն է բողոքարկում, այլ վիճարկում է դեպքի  վայրի քննության արձանագրության, ինչպես նաև իրեղեն ապացույցների՝ թույլատրելի ապացույց լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է դատավոր Վազգեն Ռշտունուն, դատարանի կազմում են դատավորներ Արշակ Վարդանյանը և Արսեն Նիկողոսյանը: Գործով մեկ դատական նիստ է նշականվել, որը չի կայացել՝ դատախազի բացակայության պատճառով, հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter