HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աղվան Հովսեփյանը կալանավորված կմնա

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ որոշեց անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք, որ դատարանը երկու օր քննում էր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը: Դատախազները նիստի ընթացքում դիրքորոշում են հայտնել, որ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ, իսկ պաշտպանական կողմը դիրքորոշում է հայտնել, որ կալանավորման հիմք առկա չէ ու միջնորդել Հովսեփյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարել: Հովսեփյանի կալանքի հիմքում դրվել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Հովսեփյանի պաշտպաններից Արթուր Ղամբարյանը դատական նիստի ընթացքում դիրքորոշում է հայտնել, որ Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը, նրան կալանավորելը պայմանավորված է երկու թույլ, թունավորված անձի վրեժխնդրությամբ, որոնցից մեկը նստած է ՀՔԾ-ում, մյուսը՝ ԲԴԽ-ում: Ենթադրվում է, որ խոսքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասին է:

Աղվան Հովսեփյանն իր խոսքում նշել է, որ ժամանակին, երբ Սասուն Խաչատրյանին դատախազությունում աշխատանքից ազատել են, վերջինս ցանկացել է Քննչական կոմիտեում աշխատանքի անցնել, սակայն ինքը նրան աշխատանքի չի ընդունել:

«Ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,- հայտարարել էԱղվան Հովսեփյանը։

Դատական նիստերի ընթացքում պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ հայտարարել է, որ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ ԲԴԽ ներկայիս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եղել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալը: Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ եղել է գլխավոր դատախազի տեղակալը, նա անցել է ընդդիմության կողմը, հրապարակում ելույթ ունեցել: Այս իրադարձություններից հետո Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն, ըստ մեղադրանքի՝  2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:

Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter