HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մայիսի 4-ին տեղի ունեցավ դատական նիստ, որը հրավիրվել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննության համար: Նիստը, սակայն, բուն խափանման միջոցի հարցին չհասավ:

Գործի մեկնարկին դատավոր Մարտիրոսյանը փորձեց պարզել՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ: Հարցին պատասխանելու համար Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ մի քանի հանգամանք պետք է ճշտել: Սարգսյանը, մասնավորապես, փորձեց պարզել՝ ճի՞շտ է, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործը Մարտիրոսյանին ձեռքով՝ դատարանի նախագահի կողմից է մակագրվել: Գործն, ինչպես ենթադրվում էր, դատավորին ձեռքով է մակագրվել:

Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում 2021  թվականի հուլիս ամիսն գործերի համակարգչային մակագրման ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվել են: Այս իրավիճակը դիտարկվել է որպես անհաղթահարելի ուժի առկայություն, և բացի մարզերի դատարաններից ու Վճռաբեկից, Հայաստանի մյուս բոլոր դատարաններում գործերը դատարանների նախագահների կողմից՝ ձեռքով են մակագրվում:

Շուրջ մեկ ամիս առաջ՝ նախքան Աղվան Հովսեփյանի գործը դատարան ուղարկելը, Դատախազությունը հայտարարեց, որ բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենին, սակայն ԲԴԽ-ն հերքեց այս հանգամանքը: Տևական ժամանակ պետական երկու կառույցները այս հարցով հայտարարություներ էին տարածում ու հերքում միմյանց, ի վերջո, ԲԴԽ-ն հայտնեց, որ բանալիները ստացվել են, սակայն մակագրումը առ այսօր շարունակում են դատարանների նախագահներն իրականացնել: ԲԴԽ-ն ասում է՝ տեխնիկական խնդիրներ կան, որոնք շուտով կշտկվեն, ու դատարանները կանցնեն գործերի համակարգչային մակագրման:

Աղվան Հովսեփյանի գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է ապրիլի 18-ին՝ այն ժամանակաշրջանում, երբ Դատական դեպարտամենտն արդեն ստացել էր սերվերի մուտքի և կառավարման բանալիները, սակայն մակագրումը շարունակում էր ձեռքով իրականացվել: Նման պայմաններում պաշտպանական կողմը ցանկանում է համոզվել, որ դատարանը, որն այժմ քննում է Հովսեփյանի գործը, օրենքի հիման վրա ստեղված դատարան է:

Սարգսյանը դատարանին հայտնեց, որ ինքը  հարցում է ուղարկել Երևանի դատարանի նախագահին՝ պարզելու համար՝ Մնացական Մարտիրոսյանը հանդիսանո՞ւմ է օրենքի հիման վրա ստեղծված դատարան, թե՝ ոչ:  Պաշտպանը, մասնավորապես, հարցրել է, թե Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը ո՞ր օրը և կոնկրետ ո՞ր ժամին է մուտքագրվել Երևանի դատարանի գրասենյակ,  ի՞նչ դատական համար է տրվել դրան, այդ նույն օրը քանի՞ այլ գործ է մուտքագրվել գրասենյակ և դրանց ի՞նչ հարմարներ են տրվել, ո՞ր ժամերին են դրանք մուտքագրվել, ո՞ր ժամին են գործերը մուտքագրվել համակարգ և դրանք տրվել համար, ո՞ր դատավորներին են մակագրվել դրանք: Պաշտպանը խնդրել է նաև տրամադրել ապացույց առ այն, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է Դատարան օրենսգիրք Սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, այսինքն՝ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականությունը պահպանելով: Պաշտպանը հարցումն ուղարկելուց 13 օր անց դեռևս դրա  պատասխանը չի ստացել: Որոշ հարցերի պատասխաններ Սարգսյանն արդեն «Դատալեքս»-ի միջոցով պարզել է, այժմ Մնացական Մարտիրոսյանին միջնորդեց դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանից պարզել միայն, թե Աղվան Հովսեփյանի գործը մակագրելու օրը՝ ապրիլի 18-ին, ստացված մյուս գործերը ո՞ր ժամին են մուտքագրվել դատարան, ո՞ր ժամերին՝ համակարգ և ո՞ր դատավորներին են մակագրվել:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն է այս գործով արդար դատաքննության իրականացման երաշխավորը, սակայն դատավոր Մարտիրոսյանը որոշեց միջնորդությունը, որպես ոչ ժամանակին արված, թողնել առանց քննության:

«Քրեական դատավարության օրեսգրքի 291-րդ հոդվածով սահմանված է, որ «դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները օրենքով սահմանված կարգով  իրենց վարույթ են ընդունում, իսկ տվյալ դեպքում սահմանված կարգը դատարանի նախագահի կողմից մակագրումն է»,- ասաց Մարտիրոսյանը, ապա հավելեց, որ տվյալ վարույթի շրջանակներում նախատեսված չէ պաշտպանի կողմից բարձրացված նշված հարցերին անդրադառնալ, այլ անհրաժեշտ է մեղադրյալի լսված լինելու իրավունքն ապահովել:

Նշենք, որ այժմ, երբ մակագրումը դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե համակարգչով է իրականացվում, Երևանի դատարանի գրասենյակ ստացված բոլոր գործերը օրվա ընթացքում հավաքվում են, ապա՝ մուտքագրվում համակարգ ու բաշխվում՝ ըստ համակարգ մուտքագրման, այլ ոչ թե դատարան մուտքագրման հաջորդականության: Երեմ Սարգսյանը համոզված է, որ մակագրման նման կարգը հնարավորություն է տալիս գործերը դատավորներին ընտրողաբար մակագրելու, բայց առերևույթ տպավորություն է ստեղծվում, թե  գործերի  բախշումը դատավորների միջև կատարվում  է այբբենական կարգով՝ ըստ նրանց ազգանունների հաջորդականության:

Պաշտպանը դատավոր Մարտիրոսյանին խնդրեց հայտնել, թե ի՞նչ օբյեկտիվ չափանիշի հիման վրա և սահմանված ի՞նչ ընթացակարգով է գործը մակագրվել դատավորին: Մարտիրոսյանը պատասխանեց, թե պատշաճ  ընթացակարգով է գործն իրեն մակագրվել, որևէ խնդիր իրեն հայտնի չէ:

Պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ փորձեց պարզել՝ ինչպե՞ս է ստացվել, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, տեղյակ լինելով, որ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն  արդեն Դատական դեպարտամենտի տիրապետության ներքո են գտնվում, չի հետաքրքրվել՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն ինչո՞ւ է իրեն դատարանի նախագահի կողմից մակագրվել:

Դատավոր Մարտիրոսյանը պատասխանեց, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործերից մեկով նախադեպային որոշում ունի, համաձայն որի՝ պետք է ելնել պետական մարմինների, պաշտոնատար անձանց  գործողությունների օրիանականության կանխավարկածից, և դատարանը որևէ հիմք չուներ ենթադրելու, որ դատարանի նախագահը սխալ է թույլ տվել, սխալ է աշխատում կամ դիտավորություն ունի:

«Դատարանը, պաշտոնատար անձինք պատշաճ կերպով են գործում , քանի չի ապացուցվել հակառակը, կապացուցեք , որ սխալմամբ է մակագրվել, պատշաճ դատարան չի հանդիացել և այլն, ընթացը կտրվի»,- ասաց Մնացական Մարտիրոսյանը՝ ըստ էության իր՝ օրենքի հիման վրա ստեղված դատարան չլինելն ապացուցելու բեռը դնելով պաշտպանական կողմի վրա:

Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Արթուր Ղամբարյանը դիտարկեց, որ այո, գոյություն ունի պետական մարմինների գործողությունների օրինականության կանխավարկած, և դա Եվրոպական դատարանը չի ասել, դա իրավագիտության ֆակուլտետում առաջին կուրսից սովորում են: Ղամբարյանը հիշեցրեց դատավոր Մարտիրոսյանի խոսքն այն մասին, որ վերջինիս գործը պատշաճ ընթացակարգով է մակագրվել, ու դատավորին խնդրեց հայտնել իր  իմացությունը կամ գիտելիքը պատշաճ ընթացակարգի վերաբերյալ: Ղամբարյանն ասաց, որ պաշտպանական կողմը փորձում է ձեռք բերել տեղեկատվություն՝ դատավորը օրինական դատավո՞ր է, թե՝ ոչ: Պաշտպանը նշեց, որ Ալեքսանյանն ու Սարգսյանը այլ պետությունից փորձում են ստանալ տեղեկատվություն՝ անձի օրինական դատարանի իրավունքի ապահովման վերաբերյալ:

«Ի՞նչն է Ձեզ խոչընդոտում, որ դատավարական հարաբերություններից դուրս՝  վարչաիրավական, կազմակերպաիրավական եղանակով դատարանի նախագահից պարզեք այն հարցերի պատասխանները, որոնք իրավացիորեն ներկայացրեց Երեմ Սարգսյանը»,- դատարանին հարցրեց Արթուր Ղամբարյանը: Վերջինս նշեց, որ ինչպես Երեմ Սարգսյանի խոսքից պարզ է դառնում, դատարանի նախագահն արհամարհել է քաղաքացու, փաստաբանի դիմումը և պատասխան չի տվել այն կարևոր հարցերի վերաբերյալ, որոնք այսօր Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմի համար պետք է համարվեին փաստական հանգամանք՝ հասկանալու համար, թե արդյոք օրինական դատարանի հետ գործ ունեն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ դատարանի նախագահն արհամարհել է պաշտպանի դիմումը, համոզմունք հայտնեց, որ Մկրտչյանը պատշաճ կատարել է իր պարտակությունը։ Ինչ վերաբերում  է ընթացակարգին, ինքը ստացել է մակագրման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը:

Տևական քննարկումից հետո Երեմ Սարգսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Մարտիրոսյանին՝  մատնանշելով փաստարկներ այն մասին, որ այս գործը օրենքի հիման վրա ստեղված դատարանի կողմից չի քննվում:  Ներկայացվեցին նաև մամուլի հրապարակումներ այն մասին, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իշխանությունների «սրտի դատավոր է»:

Դատախազներն առարկեցին ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանական կողմը չի ներկայացրել որևէ փաստական հանգամանք այն մասին, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից չի քննվում:

Դատավոր Մարտիրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, այսինքն՝ կշարունակի քննել գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter