HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անհաղթահարելի ու՞ժ, թե՞ գործերը ձեռքով մակագրելու անհաղթահարելի ցանկություն

Արդեն 7 ամիս է՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են Հայաստանի մի քանի դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: 2021 թվականի հուլիսի 21-ից սկսած՝ Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործերի բաշխումը ոչ թե համակարգչային ծրագրի միջոցով, այլ դատարանների նախագահների կողմից է իրականացվում:

Մակագրման խնդրին  զուգահեռ՝ աճել են նաև «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի խնդիրները, որտեղ տեղադրվում են դատական գործերի վերաբերյալ տեղեկություններ: Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ քայլեր են ձեռնարկվում՝ «Դատալեքս»-ի աշխատանքը վերականգնելու և կրկին ավտոմատ մակագրմանն անցնելու ուղղությամբ, սակայն «Դատալեքս»-ի խափանման հետ կապված խնդիրներն այս պահին ամբողջությամբ լուծված չեն, իսկ մակագրման խնդրից դժգոհությունն օր օրի ավելանում է, դրա մասին բարձրաձայնում են ոչ միայն փաստաբանները, այլ նաև բացահայտ դժգոհություն են հայտնում որոշ դատավորներ:

Բարձրագույն դատական խորհրդից, Դատական դեպարտամենտից, Ազգային անվտանգության ծառայությունից Դատախազությունից, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից, «Դատալեքս»-ը սպասարկող ընկերությունից և դատարաններից փորձել ենք որոշակի պարզաբանումներ ստանալ՝ ԱԱԾ-ում  հարուցված քրեական գործի, դրա հետևանքով առաջացած խնդիրների, «Դատալեքս»-ի խափանման վերաբերյալ:

Համակարգչային  ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիների առգրավման նպատակն  ու քրեական գործի ընթացքը

Դատական գործերը համակարգչային ծրագրի միջոցով մակագրելու նպատակը մակագրման գործընթացում մարդկային գործոնը բացառելն է, իսկ  համակարգչային ծրագրին ապօրինի միջամտելն օրենքով առաջացնում է քրեական պատասխանատվություն: Քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են դատարանների համակարգչային ծրագրի մուտքի և կառավարման բանալիները, ըստ պաշտոնական  հայտարարությունների, վերաբերում է մակագրման համակարգի վրա ենթադրյալ ապօրինի արտաքին միջամտությանը: Երբ ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելուց հետո հնարավոր չի եղել դատարան ստացված գործերը համակարգչով մակագրել, Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծված իրավիճակը դիտարկել է՝ որպես անհաղթահարելի ուժի առկայություն:

Միջազգային իրավունքում «անհաղթահարելի ուժ» եզրույթը մեկնաբանվում է՝ որպես մարդու կամքից անկախ այնպիսի արտակարգ հանգամանքների առաջացում, որոնք հնարավոր չէ կանխատեսել կամ եթե անգամ հնարավոր է կանխականխել, հնարավոր չէ կանխել: Անհաղթահարելի ուժի նման մեկնաբանություն տրված է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որի 186-րդ հոդվածի 7-րդ մասում որպես անհաղթահարելի ուժի առկայություն դիտարկվում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի առաջացումը, որոնց պայմաններում հնարավոր չէ աշխատանքային պարտականությունները  իրականացնել:

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, «անհաղթահարելի ուժ» եզրույթը չի մեկնաբանում, բայց 41-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:

Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործերի բախշման և մակագրման գործընթացին, ըստ քրեական գործի, արտաքին միջամտություն է տեղի ունեցել, պարզ չէ, թե ում կողմից է տեղի ունեցել այդ միջամտությունը, բացառված չէ, որ, օրինակ,  հենց դատարանների նախագահներն են միջամտողները, բայց մակագրումն իրականացնում են այդ նախագահները:

Ազգային անվտանգության ծառայություն, Գլխավոր  դատախազություն հարցումներ ենք ուղարկել՝ փորձելով պարզել, թե ինչպե՞ս է քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը հավաստիացել, որ համակարգչային մակագրման գործընթացին արտաքին միջամտությունը տեղի չի ունեցել, օրինակ, հենց վերը թվարկված դատարանների նախագահների կողմից, եթե այս հանգամանքը չի ստուգվել, ապա խնդրահարույց չէ՞արդյոք, որ այժմ գործերի բաշխման պարտականությունը դրվել է անձանց վրա, որոնց առնչությունը ենթադրյալ հանցագործությանը չի ստուգվել:

Դատախազությունն ու ԱԱԾ-ն այս հարցին չեն պատասխանել՝ հղում կատարելով քննության գաղտնիությանը:

Փորձել ենք նաև պարզել, թե արդյոք ԲԴԽ-ն կամ այն դատարանների նախագահները, որտեղ հնարավոր չէ համակարգչով մակագրում իրականացնել, ԱԱԾ-ին կամ Դատախազությանը  խնդրանք, պահանջ ներկայացրե՞լ են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները որևէ տարբերակով տրամադրելու վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի գործերը կրկին համակարգչային ծրագրի միջոցով մակագրել:

Թեև այս հարցն ակնհայտորեն նախաքննական գաղտնիք պարունակել չի կարող՝ սրան ևս ԱԱԾ-ն և Դատախազությունը չեն պատասխանել՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին:

Դատարանների նախագահները նախկինում թույլ չեն տվել խաթարել մակագրման գործընթացը

Նշենք, որ ըստ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության՝ առգրավումը կատարվել է՝ԱԱԾ-ում քննվող գործով համակարգչատեխնիական փորձաքննություն իրականացնելու համար:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները  կասեցված են), ով եղել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության, ինչպես նաև ավելի ուշ ստեղծված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, վստահեցնում է, որ գործի շրջանակներում հնարավոր էր փորձաքննություն իրականացնել՝ առանց մակագրման գործընթացը խաթարելու, իսկ առգրավման նպատակն, ըստ Վարդազարյանիդատարաններ մուտքագրվող գործերի  ձեռքով մակագրում իրականացնելն է:

Վարդազարյանը հիշում է, որ իր պաշտոնավարման տարիներին էլ կասկած է եղել, որ համակարգչային ծրագրի վրա արտաքին միջամտություն կա:

«Եղել է, որ բանալին ենք տրամադրել, եղել է, որ թույլ ենք տվել՝ փորձագետները գան, տեղում հետազոտություն և փորձաքննություն իրականացնեն»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ կա նաև երրորդ տարբերակը. հնարավոր է սերվերի մուտքի և կառավարման բանալիների պատճենը  վերցնել և փորձաքննություն իրականացնել կամ սերվերը պատճենահանել և թողնել, որպեսզի մակագրման համակարգն աշխատի:

Դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ հունվարի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում ևս ասել է, որ  գործերի մակագրմանը ենթադրյալ միջամտության խնդիրն առաջ է քաշվել նաև  իր՝ որպես դատարանի նախագահի  պաշտոնավարման ժամանակ, և ինքն ԱԱԾ-ին հայտնել է, որ առգրավում հնարավոր չէ, քանի որ դատարանի գործունեությունը կխաթարվի: Ռշտունին նաև դիրքորոշում է հայտնել, որ դատարաններում քննվող գործերը չեն կարող ստորադասվել մակագրման գործընթացի վերաբերյալ գործի նկատմամբ: Ի վերջո ԱԱԾ-ն եկել, տեղում՝ Վերաքննիչ դատարանում, ուսումնասիրել է իրեն հետաքրքրող հանգամանքները: Վազգեն Ռշտունին ևս կարծում է, որ նմանօրինակ լուծումը ցանկության դեպքում այժմ էլ հնարավոր էր, ինչը, փաստորեն չի արվել:

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին ուղարկված հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե արդյոք վերջինս անձամբ համարո՞ւմ է, որ ԱԱԾ-ի կողմից «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելու իրավիճակը անհաղթահարելի ուժի առկայություն է, մինչև առգրավումը վարույթն իրականացնող մարմնին առարկություն ներկայացրե՞լ է դրա դեմ ՝ հաշվի առնելով, որ առգրավումից հետո խաթարվելու էր դատարանում գործերը համակարգչային ծրագրով մակագրելու ողջ գործընթացը: 

Հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կ. Համբարձումյանը: Ստացված պատասխանի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում  Հայաստանի Հանրապետության «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի և մուտքի կառավարման բանալիներն առգրավելու հետևանքով գործնականում առաջացել է դատավորների միջև գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգյալ դատական կազմերի ձևավորումը համակարգչային ծրագրով իրականացնելու անհնարինություն, և այս հանգամանքը որպես անհաղթահարելի ուժ դիտարկելը պայմանավորված է նրանով, որ  ծրագրի  սերվերի մուտքի և կառավարման բանալիները եղել են առգրավված, իսկ դրանց վերադարձման և/ կամ դատական գործերի այլ բաշխումն իրականացնելու օրենսդրական որևէ հնարավորություն առկա չի եղել, քան Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածով գործերի բաշխումն իրականացնելը»:

Եթե Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն ու Վերաքննիչ դատարանի նախկին նախագահը փորձել են քայել ձեռնարակել ու թույլ չտալ մակագրման ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիների առգրավումն, ապա Երևանի դատարանի ներկայիս նախագահ Մկրտչյանը համարում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները մինչև առգրավելը կամ առգրավումից հետո  ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների դեմ առարկություն ներկայացնելը դուրս է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից:

ԱԱԾ-ում քննվող գործով մեղադրյալ ներգրավված անձ չկա

Գործի քննությունից շուրջ 7  ամիս անց ԱԱԾ-ից  և Դատախազությունից փորձել ենք պարզել նաև, թե ի՞նչ փուլում է այժմ գտնվում ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, արդյոք դրա քննությունն այս պահին շարունակվո՞ւմ է, քրեական գործի շրջանակներում այս պահին կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ կա, թե՞ ոչ: 

Ազգային անվտանգության ծառայությունը բոլոր հարցերը նախաքննական գաղտնիք է համարել, իսկ Դատախազությունը պատասխանել է, որ  սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվել են՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում համակարգչատեխնիկական փորձաքննության կատարումն ապահովելու նպատակով, իսկ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ներկայում քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա:

Փորձաքննությունների ազգային բյուրոյից, Դատախազությունից և Ազգային անվտանգության ծառայությունից փորձել ենք նաև պարզել, թե ե՞րբ է նշանակվել համակարգչատեխնիկական փորձաքննությունը և ե՞րբ են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին տրամադրվել փորձաքննության համար անհրաժեշտ ելակետային տվյալները, երբ է սկսվել փորձաքննությունը:

ԱԱԾ-ի գործելաոճը հաշվի առնելով և կանխատեսելով, որ հարցմանը չեն պատասխանելու` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածին և  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին հղում կատարելով՝ ԱԱԾ-ին նաև խնդրել ենք վերը նշված հոդվածներին հղում կատարելով՝ տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում հայտնել, թե նախաքննության ի՞նչ շահի կարող է վնասել հայցվող տեղեկատվության տրամադրումը:

ԱԱԾ-ն մեր կողմից մատնանշված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին հղում կատարելով, մերժել է տրամադրել հայցվող տեղեկությունները:

Նույն հարցերն ուղարկել ենք նաև Դատախազություն, սակայն դատախազությունից ևս հարցերին չեն պատասխան՝ նշելով, որ նախաքննության շահին վնաս պատճառելը պարզաբանելն ինքնին ենթադրում է նախաքննության տվյալների հրապարակում: 

Նշենք, որ Դատախազությունն ինքն է հրապարակել, որ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավվել են համակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար, և մեր կողմից  հայցվող տեղեկությունը վերաբերում էր բացառապես այն հանգամանքին թե ե՞րբ է նշանակվել փորձաքննությունը, երբ են դրա իրականացման համար անհրաժեշտ տվյալները տրվել փորձագետին,  այսինքն՝ այն բանից հետո, երբ բացահայտված է, թե ինչ փորձաքննություն է իրականացվելու, անտրամաբանական է թաքցնելը, թե երբ է այն նշանակվել կամ սկսվել, երբ են դրա համար անհրաժեշտ ելակետային տվյալները տրամադրվել փորձագետին:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը նույնպես, հղում կատարելով քննության գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին, մերժել է տեղեկատվության տրամադրումը:

Իսկ փորձաքննության նշանակման, դրա համար անհրաժեշտ ելակետային տվյալները տրամադրելու օրվա, ինչպես նաև փորձաքննությունը սկսելու ժամանակը, այսինքն՝ բացառապես թվային և ոչ փորձաքննության  վերաբերյալ բովանդակային տվյալները գաղտնի  պահելու պատճառն իրականում նախաքննության գաղտնիությունը չէ: Իրական պատճառն այն է, որ փորձաքննության  կատարումը  միայն վերջերս  է սկսվել, այսինքն՝ հարուցված քրեական գործից և համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելուց շուրջ յոթ ամիս անց, քանի որ փորձագետին միայն վերջերս են տրվել անհրաժեշտ տվյալները:

 Ի՞նչ քայլեր է ձեռնարակել ԲԴԽ-ն

Ազգային անվտանգության ծառայության կողմից դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելուց օրեր անց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է լրագրողների հետ ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ներկայացրել:

Ջհանգիրյանն ասել է, որ իրեն զեկուցել են այն մասին, որ ծրագիրը դրսից միջամտության հնարավորություն ունի: Նկատենք, որ եթե խոսքը  ծրագրային մակարդակով արտաքին միջամտության հնարավորության առկայության մասին է, ապա հարց է առաջացնում, թե ինչու, օրինակ, Վճռաբեկ դատարանի և մարզերի դատարանների սերվերների մուտքի և կառավարման բանալիները ևս  չեն առգրավվել՝ փորձաքննության նպատակով:

Ընդհանուր առմամբ Ջհանգիրյանի խոսքից կարելի էր հասկանալ, որ վերջինս, մեղմ ասած, այնքան էլ դժգոհ չէ, որ գործերն այդուհետ ձեռքով եմ մակագրվելու, միայն մտահոգված էր, որ դա դատարանների նախագահների համար ծանրաբեռնվածություն է առաջացնելու: Ջհանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ համակարգով, որով գործերն այժմ մակագրվում են, միայն թվային տվյալներն են հաշվի առնվում, մակագրելիս անտեսվում է այն հանգամանքը, որ գործերն, օրինակ, կարող են լինել բարդ, մեծածավալ կամ փոքրածավալ: ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին, վերջինիս խոսքով, ԱԱԾ-ից նաև  հայտնել են, ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսել  է նաև այն մասին, որ հնարք է օգտագործվել և դատարանների  նախագահների սրտի ուզած դատավորները՝ կարճաժամկետ մեկնել են արձակուրդի:

«Ասենք՝ եկել է ինչ-որ քանակ գործեր, իրենք 3 օրով, 5 օրով գնացել են արձակուրդ, այդ գործերը բաշխվել են մնացածի միջև, իրենք վերադարձել են և հայտնվել շահեկան վիճակում»,- ասել է Ջհանգիրյանը: Վերջինս  խոսել է նաև այն մասին, որ ԲԴԽ-ն  USAID-ի հետ բանակցում է՝ նոր ծրագրի ներդրման համար:

Քրեական գործի քննությունից շուրջ 6 ամիս անց՝ հունվարի 10-ին էլ Խորհուրդը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից բանակցություններ են վարվում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ՝նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ: 

Գագիկ Ջհանգիրյանին ուղարկված գրությամբ խնդրել ենք հայտնել՝ 

 Այն միջազգային կազմակերպությունները, որոնց հետ նոր համակարգչային ծրագրի կազմման ու ներդրման կապակցությամբ վարվում են բանակցությունները:

Երբվանի՞ց են սկսվել բանակցությունները, ի՞նչն է խնդիրը, որ  ԱԱԾ-ի կողմից «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները քրեական գործի շրջանակներում առգրավվելուց ամիսներ անց դեռևս որոշում չի կայացվել՝ որևէ կոնկրետ կազմակերպության հետ  նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման վերաբերյալ:

Հարցմանը պատասխանել է  Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանը՝ հայտնելով, որ  29.10.2021-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընդունել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչներին, որի ընթացքում քննարկվել են նաև  դատարաններում գործերի բախշման համակարգչային ծրագրի խափանմանը և նոր ծրագիր ներդնելուն վերաբերող հարցեր,  որի ավարտին կողմերը պայմանավորվել են առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ահա այն միակ կազմակերպությունը, որի հետ, ըստ պաշտոնական պատասխանի, քննարկում է տեղի ունեցել համակարգչային նոր ծրագրի ներդրման վերաբերյալ: Իսկ թե ինչն է պատճառը, որ համակարգչային  ծրագրի գործարկման անհնարինության և նոր ծրագիր ներդնելու անհրաժեշտության մասին խոսելուց յոթ ամիս անց դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել և նոր  ծրագիր չի ներդրվել, Դատական դեպարտամենտի ղեկավարը չի պատասխանել:

 

Հարցում ենք ուղարկել նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ փորձելով պարզել մի շարք հարցերի պատասխաններ՝ կապված գործերի ձեռքով մակագրման գործընթացի հետ:

Դատավոր Մկրտչյանին ուղարկված հարցմամբ, մասնավորապես, խնդրել ենք հայտնել.

Արդյոք ֆիքսվում է յուրաքանչյուր գործի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ստացման ժամը:

Արդյոք ստացման ժամը հաշվի առնվո՞ւմ է դատավորների ազգանունների այբբենական հերթականությամբ դրանք մակագրելիս:

Եթե ոչ, ապա խնդրել ենք հայտնել, թե ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե մակագրման պահին  մակագրման ենթակա գործերը ի՞նչ հաջորդականությամբ պետք է մակագրվեն:

Եթե մակագրումն իրականացվում է՝ հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը, ապա խնդրել ենք նշել, թե ի՞նչ օրենքի հիման վրա է դա արվում:

Ի՞նչ պարբերականությամբ են մակագրվում դատարան ստացված գործերը:

Ինչպե՞ս կարող է քաղաքացին հավաստիանալ, որ իր վերաբերյալ գործը Արթուր Մկրտչյանի ընտրությամբ չի մակագրվել այս կամ այն դատավորին, եթե մակագրելիս պահպանվում է դատավորների ազգանունների այբբենական  հաջորդականությունը, սակայն չի պահպանվել գործերի՝ դատարան ստացման հաջորդականությունը:

Դատարանի աշխատակազմի ղեկավարի  տեղակալ Կ. Համբարձումյանը պատասխան գրությամբ հայտել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունի ութ նստավայր, դատական գործերը ստացվում և միաժամանակ մուտքագրվում են բոլոր նստավայրերի գրասենյակներում: Դատական գործերը գրասենյակում ստացվում են միաժամանակ և մեծ ծավալով՝ արկղերով, պարկերով, փոստային առաքմամբ և առձեռն, այդ պատճառով  գործերի ստացման ժամի վերաբերյալ նշում չի կատարվում:

Քրեական գործերը հիմնականում դատարան են ստացվում  աշխատանքային օրվա ավարտին:

Դատարան ստացված գործերը բաշխելիս դատարանի նախագահի կողմից հաշվի է առնվում տվյալ օրվա դրությամբ մուտքագրված գործերի հաջորդականությունը և դրանք բաշխվում են՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության: Այսինքն՝ դատական գործերը  բաշխվում են՝ ըստ դրանց մուտքագրման հաջորդականության: Նկատենք՝ խոսքը ոչ թե գործերի ստացման, այլ մուտքագրման հաջորդականությունը պահպանելու մասին է:

Դատարանից հայտնում են, որ  գործեր բաշխելիս հաշվի են առնվում նաև առանձին դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատական գործերի բախշման տոկոսաչափերը, ինչպես նաև դատավորների մասնագիտացումները, ինքնաբացարկները,  ընդդատությամբ ստացված, բեկանված և նոր քննության ուղարկված դատական գործերը, գործերի միացումը և անջատումը, վերադարձված և կրկին ներկայացված հայցադիմումների, դիմումների մուտքագրումը, օրենքով սահմանված դեպքերում՝ գործերի վերաբաշխումները:

Բացի այդ՝ դատարանից հայտնում են, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածը նախատեսում է նաև գործերի հավասարաչափ բաշխման սկզբունքի կիրառումը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել նաև բաշխված գործերի միջին քանակի համահարթեցում, որի վերաբերյալ, սակայն, հստակ չափորոշիչներ սահմանված չեն:

«Դատարանի նախագահի կողմից  դատական գործերի բաշխման հստակ չափանիշներ և դրա կարգը սահմանող  մանրամասն կարգավորումներ ինչպես Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով սահմանված չեն»,- հայտնում են դատարանի աշխատակազմից:

Ըստ ստացված պատասխանի՝ դատական գործերի բաշխումը նախագահի կողմից ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում է հնարավորին սեղմ ժամկետներում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով նաև  դատարանի աշխատակազմի գերծանրաբեռնվածությունը:

Հարցում ենք ուղարկել նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին, սակայն վերջինիս աշխատակազմից արդեն երկու շաբաթ է` հայտնում են, որ հնարավորություն չեն ունեցել պարոն Սահակյանից ճշտելու` հարցումը ստացել է, թե՞ ոչ: 

«Դատալեքսն անհասանելի է, խնդրում ենք  փորձել  մեկ ամիս ուշ»

Ինչպես վերևում նշել ենք, «Դատական համակարգ» ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավմանը զուգահեռ  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առանց այն էլ գոյություն ունեցող տեխնիկական խնդիրները սկսեցին ավելանալ: 

Դեռ մեկ տարի առաջ «Դատական դեպարտամենտ»  ուղարկած մեր հարցմանն ի պատասխան դեպարտամենտից հայտնել են, որ «2008  թվականից  Դատական դեպարտամենտում գործարված «Դատական ավտոմատացված համակարգ»  համակարգչային ծրագիրը հնարավորություն է ընձեռում դատարաններում գործավարությունն իրականացնել էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝  գրանցել դատական գործերը և հավաքագրել դրանց ընթացքի վերաբերյալ հետագա անհրաժեշտ տեղեկատվությունը, և Datalex.am-ի ինֆորմացիոն աղբյուրը հանդիսանում է Դատական ավոտամատացված համակարգի տվյալների շտեմարանը, որը իր հերթին  ձևավորվում է Դատական դեպարտամենտի ծառայողների կողմից դատական գործերի վերաբերյալ տվյալների մուտքագրման միջոցով:

Համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելուց հետո  հնարավոր չէ հետևել, թե դատավորներից ում ինչ գործ է մակագրվում,  և սա այն դեպքում, երբ դատավորներից ոմանք դժգոհություններ են հայտնում, որ ձեռքով մակագրմանն անցնելուց հետո իրենց որոշակի կատեգորիայի գործեր այլևս չեն մակագրվում, իսկ փաստաբանները կասկածի տակ են դնում  մակագրման գործընթացի, ըստ այդմ՝ նաև դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարան լինելու հանգամանքը, ոմանք  նախապես և ճշգրիտ կանխատեսումներ են կատարում, թե քաղաքական այս կամ այն գործը որ դատավորին է մակագրվելու:

2021 թվականի դեկտեմբերին «Դատալեքս»-ում խնդիրները հանգեցրին նրան, որ  այլևս նոր գործեր տեղադրել հնարավոր չէր: Մինչև 2022  թվականի հունվարի 20-ն ընկած ժամամանակահատվածը, այսինքն՝ շուրջ մեկուկես ամիս, համակարգում վերջին թարմացված գործերը դեկտեմբեր ամսվա գործերն էին:

ԲԴԽ-ն և Դատական դեպարտամենտը չեն տրամադրում «Դատալեքս»-ը սպասարկող ընկերության եզրակացությունը

Այն ժամանակահատվածում, երբ «Դատալեքս»-ում այլևս գործեր չէին տեղադրվում,  մենք զրուցել ենք «Դատալեքս»-ը սպասարկող ընկերության՝ «Մեյսիս ինֆորմեյշն սիսթմս»-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչի հետ են կապված համակարգի խնդիրները: Ընկերության տնօրենը մեր հարցերին հրաժարավել է պատասխանել, սակայն հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհրդին մանրամասն եզրակացություն է տվել՝« Դատալեքս»-ի խնդիրների վերաբերյալ՝ առաջարկելով դիմել ԲԴԽ-ին կամ Դատական դեպարտամենտին՝ եզրակացությունը ստանալու հարցով:

Դատական դեպարտամենտը, սակայն, համառորեն չի տրամադրում ընկերության կողմից տրված եզրակացությունը: Այս հարցով մենք երկու գրություն ենք ուղարկել ԲԴԽ և Դատական դեպարտանենտ: Դեպարտամենտից մեր առաջին գրության վերաբերյալ տվել են պատասխան այն մասին, որ  դիմել են «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանին՝ «Դատական տեղեկատվական համակարգում»  առկա խնդիրների լուծման համար հնարավորություն ստեղծելու խնդրանքով, և, ի կատարումն գրության, խնդիրներին տրվել են տեխնիկական լուծումներ:

Դեպարտամենտի ղեկավարին պատասխան գրությամբ խնդրել ենք պարզաբանել, թե տեխնիկական ի՞նչ խնդիրերին են տրվել լուծումներ, և այդ լուծումների պայմաններում ինչո՞ւ  «Դատալեքս»-ում 2021 թվականի տարեվերջից՝ առհասարակ չէր ստացվում տեղադրել նոր գործեր:

 Միաժամանակ կրկին խնդրել ենք  տրամադրել ընկերության կողմից տրված եզրակացությունը՝ այս անգամ  տեղյակ պահելով, որ ընկերության տնօրենը մեզ հայտնել է եզրակացություն տրամադրելու հանգամանքի մասին:

Հարցումն ուղարկելուց հինգ օր անց  Դատական դեպարտամենտը հանդես է եկել «աննախադեպ» առաջարկով:

«Ի պատասխան Ձեր հարցադրումների՝ առաջարկում ենք դիմել «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությանը»,- պատասխանել են Դատական դեպարտամենտից՝ այդպես էլ չտրամադրելով եզրակացությունը, որը չի կարող գաղտնի տեղեկություն համարվել:

Ինչևէ, մեզ հայտնի է, որ ընկերության կողմից տրամադրված եզրակացության մեջ նշված է, որ «Դատալեքս»-ի տեխնիկական խնդիրների պատճառը սերվերի հնությունն ու գերբեռնվածությունն է, սակայն հայտնի չէ՝ բացի այս եզրակացությունից այլ եզրակացություն ԲԴԽ-ին տրամադրվել է, թե՞ ոչ: Ընկերությունից մեր զանգերին այլևս չեն պատասխանում:

Նշենք, որ «Դատալեքս»-ի խափանումների վերաբերյալ մեր հարցումներից մեկին ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ ուշացած են պատասխանել, և մեր հարցմանը պատասխանելու օրը ավելի, քան մեկ ամիս «Դատալեքս»-ում առկա խնդիրների մասին պարզաբանում չտված ԲԴԽ-ն շտապել է հաղորդագրություն տարածել:

«Հաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տեղի ունեցող տարատեսակ խոսակցությունները՝Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- հաղորդագրությամբ հայտնել է Բարձրագույն դատական խորհուրդը: 

«Դատալեքս»-ի խափանմումների վերաբերյալ մեր հարցմանը տրվել է բառացիորեն նույն պատասխանը:

Դատալեքս»-ում տեխնիկական խնդիրները սկսվել էին ավելի վաղ

Դեռևս մեկ տարի առաջ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը  սկսել էր որոշակի խափանումներով աշխատել, իսկ շաբաթ և կիրակի օրերին համակարգը գրեթե չէր գործում.  տպավորություն էր, որ ոչ աշխատանքային օրերին «Դատալեքս»-ը նույնպես հանգստանում է: Սա այն դեպքում, երբ օրենքով՝ առկա են պարտադիր հրապարակման  ենթակա դատական ակտեր, ավելին Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն, օրինակ նախատեսում է, որ դատարանի` եզրափակիչ, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքով  կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով»: 

Դեռևս մեկ տարի առաջ մենք «Դատալեքս»-ի տեխնիկական խնդիրների, ինչպես նաև համակարգի ֆինանսավորման  հետ կապված հարցերով հարցում էինք ուղարկել Դատական դեպարտամենտ:

Դեպարտամենտից, մասնավորապես, խնդրել էինք հայտնել, թե

«Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակը համարվո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայք:

Ի՞նչն է datalex.am կայքի պարբերական խափանումների պատճառը։

Ի՞նչ քայլել են ձեռնարկվում՝կայքի բնականոն աշխատանքն ապահովելու ուղղությամբ։

Որքա՞ն է կազմում «Դատալեքս»-ի գործունեության համար նախատեսված տարեկան բյուջեն։

Համակարգի՝ խափանված լինելու դեպքում ինչպե՞ս և որտե՞ղ են հրապարակվում քաղաքացիական գործերով վճիռները, որոնք, օրենքի համաձայն, պետք է հրապարակվեն Դատական իշխանության  պաշտոնական կայքում:

Մեր հարցմանն ի պատասխան Դատական դեպարտամենտից հայտնել են, որ դատական իշխանության պաշտոնական կայքը court.am-ն է, այստեղ առկա է «էլեկտրոնային արդարադատություն և դատական գործեր» պատուհանը, որի միջոցով ապահովվում է դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման ենթակա դատական ակտերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Երբ court.am-ում սեղմում  ես Դատական դեպարտամենտի մատնանշած «էլետրոնային արդարադատություն և դատական գործեր» ակտիվ հղման վրա,  հայտնվում ես «Դատալեքս»-ում՝ այն նույն «Դատալեքս»-ում, որը պարբերաբար խափանվում է:Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ երբ «Դատալեքս»-ը խափանվում է, դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հնարավոր չի լինում ապահովել հրապարակման ենթակա  դատական ակտերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Թե  որքա՞ն է կազմում «Դատալեքս»-ի սպասարկման բյուջեն, որոնք են խափանման պատճառները և վերը նշված մյուս հարցերին Դատական դեպարտամենտից չեն պատասխանել:

Նշենք, որ հունվար ամսվա վերջին օրերից սկսված՝համակարգում սկսել են տեղադրվել նախկինում չմուտքագրված գործերը: Այս պահին, սակայն տվյալների  բազան ամբողջությամբ թարմացված չէ: Համակարգում երևում են մինչև փետրվարի 14-ը դատարան ստացված գործերը, ըստ որում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հնարավոր չէ ընդլայնված որոնում կատարելու դեպքում տեսնել, թե դատավորներից ում ինչ հոդվածով գործեր են մակագրվել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter