HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ջհանգիրյանը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, դատարանների համակարգիչներն առգրավելու մասին

Ազգային անվտանգության ծառայությունում գործերի մակագրման գործընթացի հետ կապված քրեական գործի  հարուցումը մեզ արտառոց վիճակի մեջ դրեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով, որ այս պահին Հայաստանում գործող դատարաններից 12-ում գործերի բաշխման և մակագրման համակարգը, փաստացի, չի գործում: Խոսքը վերաքննիչ քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների, սնանկության դատարանի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի համակարգերի մասին է: Փաստացի ստացվում է, որ այս պահին աշխատում են մարզային դատարանների և Վճռաբեկ դատարանների գործերի բաշխման ավտոմատ համակարգերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը համակարգիչներ է առգրավել դատարաններից, հետագայում պարզվել է, որ այդ գործողությունն իրականացվել է դատավորների միջև գործերի բաշխման գործընթացին ենթադրյալ միջամտության առկայության առթիվ քննվող գործի շրջանակներում: Այժմ գործերը դատավորների միջև բաշխում են դատարանների նախագահները:

Թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի նորից անցնել գործերի բախշման համակարգչային եղանակին, պարզ չէ. ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ասում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտից փորձել է ճշտել, սակայն հստակ ժամկետ հայտնի չէ. կատարվում են քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Ինքը` ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը, առհասարակ կողմ է գործերի բաշխման համակարգչային եղանակին, բայց առանձնապես դժգոհ չէ, որ գործերը ձեռքով են մակագրվում՝ չհաշված այն հանգամանքը, որ դա ծանրաբեռնվածություն է առաջացնում դատարանների նախագահների համար:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ գործերի բաշխման ավտոմատ համակարգը, որով աշխատում է դատական համակարգը, խնդիրներ է ստեղծում, քննարկվում է նոր համակարգ ներդնելու հարցը: Համակարգով, որով գործերն այժմ մակագրվում են, միայն թվային տվյալներն են հաշվի առնվում, մակագրելիս անտեսվում է այն հանգամանքը, որ գործերն, օրինակ, կարող են լինել բարդ, մեծածավալ կամ փոքրածավալ:

«Ինձ զեկուցվել է նաև, որ այդ ծրագիրն ի սկզբանե դրսից միջամտության հնարավորություն է նախատեսում, ինչն ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլև խիստ ռիսկային և քրեորեն պատժելի: Թե այդ միջամտողը ով կլինի՝ ծրագրի հեղինակները, սպասարկողները, շահագործողները, ես չեմ կարող ասել»,- ասաց Ջհանգիրյանը:

Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործի հարուցումից հետո իրավական համայնքում քննարկումներ են սկսվել այն մասին, որ քրեական գործի հարուցման նպատակը  եղել է հնարավորություն ստեղծելը, որպեսզի ընդդիմադիրների գործերը բաշխվեն իշխանությունների համար ցանկալի դատավորների: Հարցին` ԲԴԽ նախագահը բացառո՞ւմ է գործերի բաշխման գործընթացում ընտրողական մոտեցումը, Ջհանգիրյանը պատասխանեց, թե ընդդիմադիրների գործերի բաշխման և գործերի մակագրման հետ կապված խնդրի միջև պատճառահետևանքային կապ չկա:

Փաստորեն, այս պահին ԱԱԾ-ում քննվում է գործ, որի համաձայն՝ գործերի բաշխման ավտոմատ համակարգի վրա արհեստական միջամտություն է եղել, հայտնի չէ՝ ում կողմից: Մեր դիտարկմանը՝ իսկ եթե տեսականորեն ընդունենք, որ, օրինակ, դատարանների նախագահների կողմից է միջամտությունը, որոնք այժմ, փաստորեն, շարունակում են ձեռքով մակագրել, Ջհանգիրյանը պատասխանեց, թե, բացի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահից, մյուս բոլոր դատարանների նախագահները նորանշանակ են:

Ինչո՞ւ է Վերաքննիչ քրեական  դատարանի նախագահ նշանակվել Տիգրան Սահակյանը

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը հուլիսի 7-ին նշանակվել է նույն դատարանի նախագահ: Հարցին՝ ինչո՞ւ է դատարանի նախագահ նշանակվել 64-ամյա դատավոր, որը մեկ տարի անց օրենքով պետք է կենսաթոշակի անցնի, Ջհանգիրյանը պատասխանեց, թե օրենքով արգելք չկա, խորհուրդն է որոշել, ինքը չի կարող մեկնաբանել: Իրավական համայնքում քննարկվում է հարցը, որ Տիգրան Սահակյանի նշանակումից առաջ պայմանավորվածություն է եղել, թե վերջինիս որդին հետագայում կնշանակվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավոր: Ջհանգիրյանն ասում է՝ որևէ մեկը չի կարող խոստանալ, թե գրավոր թեստը կամ խնդիրը որևէ մեկը կլուծի դատավորի թեկնածուի փոխարեն ու առաջարկում հետևել քննություններին:

Ինչո՞ւ է ԲԴԽ-ն որոշել ուսումնասիրել մինչդատական վարույթի շրջանակներում դատավորների կայացրած որոշումների վիճակագրությունը

Վերջերս դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մինչդատական վարույթի շրջանակներում դատավորների որոշումների վիճակագրությունը՝ հինգ տարվա կտրվածքով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշ դատավորներ 2018 թվականից մեծ թվով կալանավորման միջնորդություններ են մերժել՝ ի տարբերություն նախորդ երկու տարվա: Հարցին՝ ինչո՞ւ է դատավորների անկախության երաշխավորը հանդիսացող Բարձրագույն դատական խորհուրդը որոշել քննչական մարմինների շահերին առնչվող ուսումնասիրություն իրականացնել, Ջհանգիրյանը պատասխանեց, թե իրենք որևէ քննչական մարմնի շահերի ներկայացուցիչ չեն, պարզապես նույն դատավորները նույն օրենսդրության և Վճռաբեկ դատարանի հայտնած նույն իրավական դիրքորոշումների շրջանակներում տարբեր որոշումներ են կայացրել նախկինում և 2018  թվականից հետո, և իրենք իրենց ուսումնասիրությամբ ի ցույց են դրել այդ հանգամանքը, քանի որ դատական պրակտիկան պետք է կայուն լինի:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ վերջին տարիներին դատական համակարգն անկախացել է, և խափանման միջոցների քննության արդյունքում կայացված որոշումները դրա արդյունքն են, Ջհանգիրյանը պատասխանեց, թե ինքը չի կարող հայտարարել, որ դատավորներն անկախ են կամ ոչ: Դիտարկմանը, որ ԲԴԽ-ն դատավորների անկախության երաշխավորն է, Ջհանգիրյանը պատասխանեց, թե դատարանների անկախությունը երաշխավորելու լիազորությունը դրսևորվում է դատավորներին կարգապահական վարույթի շրջանակներում պատժելով կամ չպատժելով:

«Այդ երկու լիազորությունով Բարձրագույն դատական խորհուրդը կարո՞ղ է երաշխավորել դատավորների անկախությունը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Ինչո՞ւ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներն ուղարկվել դատավորներին

Ջհանգիրյանը խոսեց նաև վերջին շրջանում լայն քննարկման առարկա դարձած մեկ այլ հարցի մասին.  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են կայացվում այն հիմնավորմամբ, թե դրանք կալանավորման միջնորդությունների քննությամբ կայացված որոշումներով անդրադառնում են անձանց մեղավոության հարցին, այսպես ասած՝ գերպատճառաբանված որոշումներ են կայացնում:

«Միտում է նկատվում, որ մինչդատական վարույթի հսկողության շրջանակում դատավորները ձգտում են արդարադատություն իրականացնել, մինչդեռ արդարադատության, մեղքի հարցերը բուն դատաքննության շրջանակներում քննարկվող հարցեր են»,- ասաց Ջհանգիրյանը և նշեց, որ ԲԴԽ-ն որպես դատարան գործելիս երկու կարևոր որոշում է կայացրել այս առնչությամբ: Ջհանգիրյանը ԲԴԽ որոշումները «նախադեպային որակեց», ասաց, որ դրանք ուղարկվել են բոլոր դատավորներին: Խոսքը դատավոր Լուսինե Աբգարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական գործերով կայացված որոշումների մասին է: Աբգարյանը պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Վարդան Գրիգորյանը ենթարկվել է:

«Որոշումները մենք ուղարկել ենք քրեական գործեր քննող բոլոր դատավորներին՝ նպատակ ունենալով ոչ թե պատժել, կարգապահական պատասխանատվության ենթարկել այդպիսի սխալներ թույլ տված դատավորներին, այլ նախ և առաջ կանխել նման վարքագիծը, որպեսզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն ու դատախազական հսկողությունը խստագույնս տարանջատվեն, և մեր քրեական գործեր քննող դատավորները նման  չարաշահումներից ձեռնպահ նման»,- ասաց Ջհանգիրյանը: Հարցին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնկատարը մտավախություն չունի՞, որ որոշումները դատավորներին ուղարկելը նրանց կկաշկանդի, նրանց ուղղորդելու փորձ կդիտակվի, Ջհանգիրյանը նշեց, որ որոշումը դատավորներին ուղարկելը դատավորներին ուղղորդել չէ:

Հարցին՝ դատավորների նկատմամբ ինչ գործողություններ պետք է իրականացվեն, որ Ջհանգիրյանը դրանք դիտարկի որպես ճնշում, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը պատասխանեց, թե ինքն այդպիսի առաքելություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter