HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

30 վայրկյանանոց հեղափոխություն, որ ձգվում է արդեն դարից ավելի

- Նախօրոք պայմանավորվե՞լ ես ինձ հետ, ընկերուհի, վարձի վերաբերյալ,- հարցնում եմ:

- Բայց ամեն անգամ հո չե՞նք պայմանավորվելու տաքսի նստելիս,- բողոքում է երեխամեր տիկինը:

- Ձեր նստած մեքենան տաքսի չի, տաքսու նշան կա վրան, բայց տաքսի չի, ու ուղեվարձն էլ տաքսու չի,- բացատրում եմ:

- Սուս ու փուս տվեց Աջափնյակից Ավան չորս հազար ուղեվարձն ու իջավ,- հպարտ ու հաղթանակած ավարտում է պատումը կողքիս շենքի հարևան տաքսիստը:

Մտածեցի՝ այն ժամանակ (մի քիչ հին պատմություն է արածս: Հնից եմ գալիս, որ նորը հասկանալի լինի ընթերցողին) մարդը պետությանը խաբում է, տաքսու նշանով տաքսի է վարում՝ առանց հարկ վճարելու, ուղևորին դրել է փակուղային վիճակի մեջ ու կողոպտել, փաստորեն: Չասեմ՝ հանցավոր, բայց իր կատարած տգեղ արարքի ինչից է գոհ, ինչն է ուսուցանող իր արածի մեջ, որ բարձրաձայնում է: Բան չասացի, լսեցի, զարմանալիորեն լռեցի, անշառ գնաց հեռացավ տաղավարային հերոսն իր պատումով:

Մայիսի 6-ին մտադրվել էի Ապարանի ջրամբար ձկնորսության գնալ: Ձկնորսն իր գործն առավոտ շուտ պետք է սկսի: Առավոտ ասվածը ինը-տասն է ժամի: Մտածեցի՝ գնամ պարտքս կատարեմ, ընտրությունս անեմ ու նոր դուրս գամ քաղաքից:

Այ քեզ բան, այ քեզ ակտիվություն: Թվում էր, թե ժողովուրդը որոշել է իր 30 վայրկյանանոց հեղափոխությունը շատ չհետաձգել: Հույս արթնացավ իմ մեջ, որ հայն ուղղում է մեջքը դարավոր լծից, ու իմ ազգի լուսավոր ապագան կարծես թե բացվում է վերջապես 2012 թվականի մայիսի 6-ի առավոտյան: Պարզ էր, որ ձկնորսական կիրքը չէր համայն աջափնյակահայությանը բերել ընտրատեղամաս: Հրմշտոց' ընտրասենյակի շեմին:

Դռան մոտ հավաքված խմբի հետևից ծանոթ ձայն հնչեց.

- Ժողովուրդ, երեխայի հետ եմ, թողեք ներս մտնեմ անհերթ, ընտրությունս կատարեմ:

Շրջվեցի ու տեսա, որ այս պատմվածքիս սկզբում գրված երկխոսության հերոսն է աղմկողը:

Միամիտ, դյուրահավատ հայ մարդիկ: Երեխահորը թույլ տվեցին առաջ անցնել:

Պարզվեց՝ նա մենակ չէ. լրիվ ուրիշի երեխայի ձեռքը բռնած՝ իրենց շքամուտքի ահել ու ջահել բնակիչների մի ստվար ընտրազանգված, ներառյալ սեփական բազմանդամ ընտանիքը առաջը գցած, մտավ ընտրասենյակ:

Առավոտ շուտ ձկնորսության գնալուս ծրագիրը ակնհայտորեն խափանվում էր:

Ընտրասենյակի ներսից կանացի մետաղական մի ձայն սկսեց բարձրաձայն կարգադրություններ անել.

- Կարգ պահպանեք, ժողովուրդ, մի կուտակվեք սենյակում: 194 շենքի սեղանն ազատ է, 194 շենքի ժողովուրդ, ներս մտեք, դրսում մի հավաքվեք, անցեք ներս:

194 շենքի ժողովուրդը նախորդ խմբից ավելի բազմաքանակ էր:

Ժամանակը ծորում էր, իսկ ընտրազանգվածը հոսում էր ներսից դուրս, դրսից ներս:

Օրը հալվում էր, ու ջրամբարում իմ հայտնվելու միտքը դառնում էր կասկածելի ըստ ամենայնի:

Ելնելով ձայնի տեմբրից՝ մտովի սկսեցի ուրվագծել ներսից հրամաններ արձակող կնոջ մարմնի չափերը: Միառժամանակ անց ձայնը ավելի հստակ ու զրնգուն սկսեց գալ արդեն մոտիկից:

- Դուք բոլորդ գնացող եք, այստեղ մնացողը ես եմ լինելու. աշխատեք բան չփչացնել, պատերին ձեռք չտալ,- ընտրազանգվածին էր հորդորում նա այս անգամ:

Երբ առավոտը սկսեց իր դիրքերը զիջել կեսօրին, հանկարծ ընտրասենյակ տանող դռան շրջանակի մեջ, մի ցուցակ ձեռքին, հայտնվեց բարձր ձայնով բոլորին ցուցմունքներ տվող, իմ ենթադրածից կրկնակի անգամ ավելի մեծ չափերի հասնող հետույքով, բարձրախոս այդ կինը:

Իմ դասակարգային թշնամին ուրվագծվեց դռան շրջանակի մեջ:

Առճակատում թելադրող իմ այդ իրավիճակում, տարօրինակորեն, չգիտեմ որտեղից որտեղ, ծլեց գլխիս մեջ բանաստեղծական շատ անմեղ մի եռատող.

«Դե ինչ, գնացինք,
Հասկ կուտենք ճամփին,
Ու մեզ անկողին կընտրենք խոտերը»:

Ճապոնացի վաղամեռիկ հանճարի պոետիկ տրամադրությամբ էլ հնարավորինս անչար ձեռնարկեցի ընտրասենյակի իմ գրոհը: Ասեմ, որ ձայնիս տոնայնությունն ու հնգաոտ յամբով իմ հայհոյանքները ստացվեցին համահունչ դրսում մնացած սպասողների տրամադրությանը: Մեկ օրով կուսակցականացած տիկինը լռեց, հաշտվեց մի կարճ ժամանակով ընտրաբեմահարթակի պրիմադոննայի իր տեղը կորցնելու մտքի հետ ու սկսեց, հաստ հետույքը պտտեցնելով, ինձ ու դրսիններին ներս հրավիրելու ռևերանսներ անել:

Լռեցին բոլորը մի պահ, շատ կարճ մի էպիզոդով ստվերվեց կաշառքացուցակով ներս սողոսկածների տոնը: Բայց դե … հիմա: Արեցի ես իմ հեղափոխությունը ու փրկեցի կիրակիս: Բարոյական կորուստ ունեցա. կարծում եմ, ենթադրում եմ, որ մազիս սպիտակը չփրկեց ինձ խուլիգանի տիտղոսից:

Պայքարիս արդյունքն էլ այն էր, որ քվեատուփ տանող ճանապարհին առաջ ընկա ընտրախումբը ղեկավարող հարևան տաքսիստ ջահելից: Քիչ բան չէ՝ կարծում եմ. առաջ ընկա օրինազանց մեկից ես' վաթսուն տարեկանի շեմը ոտք դրած, պրոֆեսորական ակնոցներով, պառավ խուլիգանս:

- Չի էլ ամաչում, մեծ մարդ ոնց է պահում իրեն հասարակության մեջ,- փսփսացին կամ էլ մտածեցին հարևաններս:

Ես չլսեցի, չեմ լսել ոգևորությանս պահին: Կռվում իրար չեն լսում, ոչ էլ մտածում են: Հետո են մտածում: Հետո մտածեցի, մտածում եմ հիմա էլ, թե որն էր կռվիս իմաստը:

Մեկը երեխամորը դնում է անհարմար վիճակի մեջ ու չորս անգամ ավելի ուղեվարձ է կորզում, ընտրակաշառք է բաժանում ու մարդկանց, նախրի պես առաջը գցած, բերում է ընտրատեղամաս ու … արի ու տես, որ ձայնավաճառությամբ զբաղվող սուտինյոր շուն շանորդին չի ամաչում ու հարգի է թաղավորի մեջ, իսկ իր կիրակին կորցնել չցանկացող, ձկնորսության նման անմեղ զբաղմունքը հոբբի դարձրած մարդը պետք է ամաչի:

Եվ ամենակարևորը, պարզվում է, որ եթե մարդը չի ուզում նախրին հարիր կենսակերպով ապրել, ապա տանից ջրամբար ընկած ճանապարհն անցնելու համար պետք է առնվազն երեսուն վայրկյանանոց մի հեղափոխություն անի, հեղափոխություն, որ ձգվում ու ձգձգվում է արդեն դարից ավելի:

15 մայիսի 2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter