HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել

Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերից անհարգելի բացակայությունների համար պահումներ են արվել: Սահմանված աշխատավարձից քիչ գումար են ստացել ոչ միայն խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիրները, այլ նաև իշխող ուժի այն պատգամավորները, որոնք լիագումար և մշտական հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայել են: Այս մասին «Հետքը» տեղեկանում է Ազգային ժողովի լրատվության վարչությունից ստացված գրավոր հարցման պատասխանից:

Ամենաշատ անհարգելի բացակայությունն ունեցել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, նա լիագումար նիստերից բացակայել է 6 անգամ, աշխատավարձից պահվել է 264 560 դրամ: Սաղաթելյանը մշտական հանձնաժողովի նիստերից բացակայություն չունի, քանի որ չի անդամակցում որևէ հանձնաժողովի: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս ԱԺ նախագահին, փոխնախագահին, խմբակցության ղեկավարին ցանկության դեպքում չանդամակցել որևէ հանձնաժողովի: Նույն պատկերն է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի բացակայությունների դեպքում, վերջինս ևս լիագումար նիստերից բացակայել է 6 անգամ, աշխատավարձից պահվել է 188 971 դրամ:

Հավասար բացակայությունների դեպքում աշխատավարձից պահումների տարբերությունը բացատրվում է նրանով, որ ԱԺ ղեկավար կազմի աշխատավարձի գործակիցն ավելի բարձր է:

Լիագումար նիստերից նույնքան բացակայել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, վերջինս երեք անգամ էլ հանձնաժողովի նիստից է բացակայել, նրա աշխատավարձից պահվել է 297 630 դրամ:

Լիագումար նիստերից 5-ական անգամ բացակայել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, Ելենա Կիրակոսյանը, Ասպրամ Կրպեյանը, Մխիթար Զաքարյանը, Ագնեսա Խամոյանը, Վահե Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արծվիկ Մինասյանը, Էլինար Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Սեյրան Օհանյանը, Աղվան Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Անդրանիկ Թևանյանը, Արթուր Ղազինյանը, Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը, Արմեն Չարչյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը: Լիագումար նիստերից բացակայությունների համար նրանցից պահվել է 157 476 հազարական դրամներ, հանձնաժողովների նիստերից բացակայությունների համար պահումներ են արվել՝ ըստ բացակայությունների քանակի:

4-ական բացակայություն են արձանագրել «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ու Արմեն Գևորգյանը, վերջինից պահվել է 151 177 դրամ, Արմենուհի Կյուրեղյանի և´ հանձնաժողովի և´ լիագումար նիստերի բացակայություններից` 220 467 դրամ: 3-ական բացակայություններ ունեն «Հայաստան» խմբակցությունից Աշոտ Սիմոնյանը, Արթուր Սարգսյանը, «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը: 1-ական բացակայություններ «Քաղաքացիական պայմանագրից» Մարիա Կարապետյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գուրգեն Մելքոնյանը, Արեն Մկրտչյանը, Գուրգեն Արսենյանը , Դավիթ Դանիելյանը (վերջինս հանձնաժողովի նիստից է բացակայել) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը: Մեկ բացակայության համար պահվել է 31 495 դրամ:

Այսպիսով, ըստ այս ցանկի, ընդդիմադիր 35 պատգամավորներից գումար չի պահվել միայն Թագուհի Թովմասյանից:

Մենք արդեն հայտնել ենք, թե անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմն անցած պատգամավորների դեպքում ինչ ընթացակարգ է գործում: Նստաշրջանի ավարտին ԱԺ նախագահը կարող է այդ հարցով խորհրդի նիստ հրավիրել և հարցը խորհրդի հավանությանն արժանանալու դեպքում խորհրդարանը կարող է դիմել Սահմանադրական դատարան` վերջիններիս մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է` լուրջ է տրամադրված անհարգելի բացակայությունների հարցում, և եթե մայիս ամսին պատգամավորների անհարգելի բացակայությունների համար պահումներ են արվել, նշանակում է, որ կամ ընդդիմադիրներն իրենց բացակայությունները հարգելի համարելու համար անհրաժետ փաստաթղթեր չեն ներկայացրել կամ էլ ներկայացվածը ԱԺ աշխատակազմը հարգելի չի համարել:

Նշենք, որ նստաշրջանի ավարտին մնացել է մեկ քառօրյա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter