HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը

Ազգային ժողովի 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանին ուղարկված մեր գրավոր հարցման պատասխանից:

Մայիսի 16-ի դրությամբ՝ 193 քվեարկություն և գրանցում է եղել, սա նշանակում է, որ 97 անհարգելի բացակայությունները գերազանցողները նստաշրջանի ավարտին կարող են հայտնվել մանդատից զրկվելու վտանգի առջև: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Ներկայացնենք պատգամավորների ցանկը, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝

Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115:

Մենք գրավոր հարցմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք նստաշրջանի ավարտին պատրաստվում է բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմել և չի՞ կաշկանդվի արդյոք, եթե շատ բացակայածների թվում նաև իր թիմակիցները լինեն: ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում հիշատակվում է միայն այն մասին, որ պատգամավորի բացակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքով և ԱԺ աշխատակարգով: Նշենք, որ Factor.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խիստ է տրամադրված պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցում:

Նշենք, որ հարցման տեքստում հիշեցրել էինք ԱԺ նախագահին ապրիլի 12-ի նիստում հնչեցրած իր խոսքերը, երբ վերջինս անդրադարձել էր ընդդիմության բոյկոտին:

«Ձեզ թվում է ինչի՞ էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- ասել էր ԱԺ խոսնակը:

Մենք Ալեն Սիմոնյանին խնդրել էինք դիրքորոշում հայտնել ընդդիմության բոյկոտի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե այս ընթացքում արձանագրված բացակայությունները համարելու՞ է հարգելի, թե՞ ոչ, սակայն այս հարցին որևէ պատասխան չի տրվել:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:

ԱԺ կանոնակարգ օրենքը նաև սահմանում է պատգամավորների բացակայությունները հարգելի համարելու հիմքերը: Եվ ըստ այդմ՝ բացակայություն համարվում է հարգելի, եթե՝

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ,
  • եթե պատգամավորը Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման,
  • եթե ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում,
  • եթե  զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ,
  • շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը հանդես է գալիս տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ,
  • խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը  մասնակցելուց՝ խմբակցության  հրաժարվելու մասին հայտարարությամբ: Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում,
  • եթե պատգամավորը զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

Նշենք, որ ապրիլի 12-ի քառօրյայի մեկնարկին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, տեղադրելով Արցախի դրոշները, հայտարարեցին, որ մեկնում են Արցախ: Այդ նիստից հետո նրանք իրականացնում են փողոցային պայքար: Ընդդիմության բոյկոտն այս ընթացքում ընդհատվեց մեկ օրով, երբ մայիսի 4-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ընդդիմությունը եկավ խորհրդարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter