HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բոյկոտ, մեղադրանքներ ու ծափահարություններ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին

«Զարթնիր Լաո» երգը երգելով խորհրդարան եկան ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները (բացառությամբ Արթուր Վանեցյանի): Նրանք եկել էին մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Նշենք, որ ԱԺ այգու տարածքում մի քանի հարյուր ԱԱԾ աշխատակիցներ կային, այդ թվում` դիմակով, տեսանելի էին նաև դիպուկահարներ:

Նիստերի դահլիճում ևս բավական շատ ԱԱԾ աշխատակիցներ կային, ինչպես վարչապետ Փաշինյանի անձնական անվտանգությունից, այնպես էլ առհասարակ ԱԱԾ-ից: ԱԱԾ-ականներ կային նաև լրագրողների օթյակում: Անվտանգությունը խլացրել էր նաև խորհրդարանի ինտերնետը և կապն առհասարակ, այն վերականգնվեց միայն Փաշինյանի` խորհրդարանից գնալուց հետո:

Հարցի համար հերթագրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ժողովուրդն է իրենց պատվիրակել խորհրդարանում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: Նրա խոսքով` Փաշինյանը տապալել է Արցախի բանակցային գործընթացը, պատերազմ ու պարտություն է բերել, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը և խուսափել զոհերից, սակայն այդպես չի վարվել:

«Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ կանգնող և հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային: Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տալու մանդատ և պետք է հրաժարական տա»,-հայտարարեց Ռուստամյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը:

«Եվ նա դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական և անընդունելի են մեզ համար: Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ կարող էր պատերազմը կանգնեցնել, սակայն չի վարվել այդպես, Փաշինյանն ասաց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ կարող է կանգնեցնել պատերազմը, բայց դրա համար կա պայման՝ պետք է համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի  նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում:

«Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը՝ կստացվի հետևյալը. ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական ու անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը խնդրեց հստակեցնել արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում իր արածները և չխոսել նախկին իշխանությունների մասին:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից սկսեցին միջամտել, ապա լքել նիստերի դահլիճը: Մի քանի պատգամավորներ մոտեցել էին ամբիոնին ու վանկարկում էին` «առանց Նիկոլ Հայաստան», դրան ի պատասխան՝ Փաշինյանն ասում էր` կեցցե' ժողովրդավարական Հայաստանը: Այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները, ինչպես նաև կառավարության անդամները ոտքի ելան և սկսեցին ծափահարել:

Փաշինյանը մինչ այդ նաև ասել էր, թե շատ կարևոր բացահայտում է անելու, որը պետք է չկորի աղմուկ-աղաղակի մեջ: Եվ երբ տեսավ, որ ընդդիմադիրները լքում են նիստերի դահլիճը, ասաց, թե ընդդիմությունը, լսելով, որ բացահայտում է լինելու, թողեց փախավ:

Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանն ու Աննա Գրիգորյանը շարունակում էին ամբիոնի մոտ բարձրաձայն խոսել, ՔՊ-ականներն էլ՝ ծափահարել: Պատգամավորները միմյանց հետ վիճաբանում էին, և բանավեճը գրեթե վերածվում էր քաշքշուկի, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ընդմիջում: Ընդմիջումից հետո նիստերի դահլիճ վերադարձան միայն ՔՊ-ականները:

Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության փողոցային պայքարին` ասելով, թե պետք չէ ժողովրդավարությունն ընկալել որպես պետության թուլություն: Ըստ Փաշինյանի` ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է, սակայն կան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական, ինստիտուցիոնալ մեխանիզմներով:

«Իրենք մեզ ծաղրում էին քայլելու համար, պտույտներից հետո որոշեցին քայլել, ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում ցավոք ուսապարկ մնացել է, որովհետև ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի, և բիզնեսը որոշել է կրկնապատկել նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը։ Նրանց թվում է, որ ամեն ինչ կրկնեն, նույն ձևով անեն, կստացվի»,-ասաց Փաշինյանը: Փաշինյանի մի պատմություն ներկայացրեց, ըստ որի՝ Ֆրունզիկ Մկրտչյանը դիմել է Վահրամ Փափազյանին ու ասել, որ ուզում է իր կարիերայում նոր փուլ անցնել և ստանձնել Օթելլոյի դերը, ինչին Փափազյանը պատասխանել է, թե ամեն սև բան Օթելլո չէ:

Նշենք նաև, որ մինչ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում էր, ԱԺ-ի դարպասների մոտ էին հավաքվել ցուցարարները` վանկարկելով՝ «առանց Նիկոլ Հայաստան», և երբեմն նրանց ձայնը լսելի էր խորհրդարանի ներսում:

Դիմադրություն շարժման մասնակիցներն արդեն տասը օր շարունակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցեր, դասադուլներ ու տարատեսակ ակցիաներ են իրականացնում: Այսօր նրանք Ֆրանսիայի հրապարակից քայլելով եկել էին խորհրդարանի տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter