HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ազգային կառավարությունը չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական․ բողոքի ակցիաների 9-րդ օրը

Այսօր վաղ առավոտից ընդդիմադիր քաղաքական ուժերը վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ Երևանում և մարզերում մի շարք փողոցներ փակելով։ «Հետքն» ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի ակցիաների 9-րդ օրը։

Մինչ ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բողոքի ակցիաներ էին իրականացնում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական նիստն էր անցկացնում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ոստիկանության գործողություններն ակցիայի մասնակիցների նկատմամբ, ընդհանուր առմամբ, իրավաչափ գնահատեց

Նա նաև նշեց, որ ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում: 

«Այս փորձից հետո, կարծում եմ, շատերը չպետք է վերադառնան այս դահլիճ, քանի որ իրենց քաղաքական ասելիքը սպառված է»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմը մեծ տրամաչափով զենք է կիրառել:

«Չեմ համարում, որ սա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձևով դա համակարգվում է: Բացահայտումները, որ ԱԱԾ-ի կողմից արվում են, կարծում եմ` դրա մի մասն է, բայց մեր քաղաքացիներն ամեն ինչ հասկանում են, չեն միանում էդ միտինգներին»,- եզրափակեց Սիմոնյանը։

Երեկ՝ մայիսի 2-ին, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր փակելու են նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում։

Արդեն այսօր Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց, որ մարզերում քաղաքացիները նույնպես անհնազանդության ակցիաներ են իրականացրել։

«Մեր մարզային բնակչությունը, արժանապատիվ քաղաքացիները, արձագանքելով մեր կոչին, այսօր ՀՀ ամբողջ տարածքում իրականացրին բողոքի և անհնազանդության ակցիաներ՝ Սևանում, Հրազդանում, Չարենցավանում, Ապարանում, Գյումրիում, Արարատում, Վայքում»,- ասաց նա։

Ոստիկանությունն էլ հաղորդեց՝ ժամը 18։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 209 մասնակից, Գեղարքունիքում՝ 10, Արարատում՝ 6, Արագածոտնում՝ 6, Արմավիրում՝ 4, իսկ Լոռիում՝ 2։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարեց՝ այսօր առավել, քան նախորդ օրերին, քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը զանգվածային բնույթ են կրել, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։ 

Պաշտպանը պահանջել է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին։

ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ որոշ փաստաբաններ խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին Մոսկովյան, Աբովյան, Ամիրյան փողոցներով, ապա վերադարձան հրապարակ։ Քայլերթին միացել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ պատասխանեց այս օրերին հնչող 2 հիմնական հարցի։

«Ասում են, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա, ու պատերազմ կլինի։ Ժողովուրդ ջան, խաբում են ձեզ, Ալիևով փորձում են վախեցնել ձեզ։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև ինքը Ալիևին տված խոստումներ ունի, ինքը ծնկի ա եկել թուրքի առաջ։ Կամ ինքը պետք ա իր խոստումներն իրականացնի՝ հանձնի մեր երկիրը, կամ տանելու է նոր պատերազմի, որպեսզի պատերազմով հանձնի։ Եթե պատերազմ լինի, դա Նիկոլով է լինելու։ Վստահ ասում եմ՝ եթե Նիկոլը գնա, իրավիճակն այլ է լինելու»։

Երկրորդ հարցն, ըստ Սաղաթելյանի, վերաբերում է նրան, թե ի՞նչ է լինելու, եթե Փաշինյանը հեռանա։

«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, այդ Կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն, չի լինելու դաշնակցական, հանարապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարություն։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային Կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից։ Այդ կառավարությունում չեն լինելու նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ․ լինելու են կարող մարդիկ»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահը ներկայացրեց վաղվա ծրագիրը։

«Վաղը առավոտվանից շարունակում ենք բողոքի ակցիաները, բայց կոնկրետ ժամը 12։00-14։00-ն կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրկին շարունակել բողոքի ակցիաները՝ փակել ճանապարհներ, շրջափակել փողոցները»,- հայտնեց Սաղաթելյանը՝ կոչ անելով ժամը 15։30-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

«Վաղն ԱԺ-ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարցուպատասխան։ Ժամը 16։00-ին Նիկոլը գալու է Ազգային ժողով։ Մենք պետք է լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։ Վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ լինի իրական գործադուլ և դասադուլ»,- եզրափակեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter