
Ընդդիմությունը պատրաստվում է փակել նաև մարզային ճանապարհները․ բողոքի ակցիաների 8-րդ օրը
Ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների 8-րդ օրը մեկնարկեց վաղ առավոտից Երևանի մի շարք կենտրոնական փողոցների փակմամբ։
Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար էր եղել, սակայն արդեն կեսօրին ոստիկանությունը հայտնեց, որ երթևեկությունը արագ վերականգնվել է, և մայրաքաղաքի երեք տասնյակ փակ խաչմերուկները բացվել են։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության մասշտաբային ակցիաների մեկնարկի մասին։
Դատախազությունն էլ «Հետք»-ին տեղեկացրել է, որ ուսումնասիրում է օպերատորին և քաղաքացիներից մեկի գլխին հարվածելու տեսանյութերը։
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ Mediahub-ի լրագրողը նկատել է Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ գնդի պետ Սարգիս Հովհաննիսյանին ու փորձել զրուցել նրա հետ։ Վերջինս հեռախոսով խոսելիս է եղել, կոպիտ է պատասխանել լրագրողին, ապա ոտքով հարվածել նաև Mediahub-ի օպերատորին։ Երբ լրագրողն ասել է, որ Հովհաննիսյանն իրավունք չունի օպերատորին ոտքով հարվածելու, լրագրողի տեսախցիկին հարվածելու, Հովհաննիսյանը պատասխանում է, որ իրավունք ունի:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ոստիկանությունը քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացակարգային խախտումներ է թույլ տվել։
«Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրված որոշ դեպքերում ակնհայտ է նաև ակցիայի մասնակիցների կողմից տվյալ տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովմամբ զբաղվող ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը»,- հայտնել է ՄԻՊ-ը։
«Հայաստան» դաշինքն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ այսօր ԵՊՀ ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին․ «Մի շարք կուրսեր դասադուլ են հայտարարել»։
Չնայած դրան՝ Երևանի պետական համալսարանը հայտարարել է, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։
«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»։
Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների և ոստիկանների մասնակցությամբ տեղի է ունեցել հրմշտոց, որի ժամանակ «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է: Նախ՝ ոստիկաններն, ապա՝ բժիշկները նրան օգնություն են ցույց տվել:
Լրագրողական կազմակերպությունները դատապարտող հայտարարություն են տարածել անհնազանդության ակցիաների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի վերաբերյալ։
Նրանք Կառավարությունից պահանջել են՝
- ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին,
- համապատասխան ցուցումներ տալ և՛ ՊՊԾ-ին, և՛ Ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ։
Բողոքի ակցիաներից հետո Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմադիրների երկրորդ հանրահավաքը։ Հանրահավաքից հետո նրանք քայլերթ են իրականացրել, որին միացել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քայլերթից հետո ընդդիմադիրները կրկին հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ տեղադրված էկրանին ցուցադրվել են կադրեր ոստիկանության բիրտ գործողություններից։
«Ամո՛թ, ամո՛թ»,- վանկարկում էին ակցիայի մասնակիցները։
Հանրահավաքին ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով առաջիկա անելիքներից։
Նա նշել է, որ վաղը առավոտվանից՝ ժամը 8։15-ից, կրկին սկսում են անհնազանդության բողոքի ակցիաները։
«Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցներին, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,- ասել է Սաղաթելյանը։
Ըստ պատգամավորի՝ վաղը փակելու են նաև մարզային ճանապարհները։
«Այսօր բավարարվել էինք միայն մայրաքաղաքով, վաղը պետք է փակենք նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»,- հայտնել է Սաղաթելյանն՝ առաջարկելով համախոհներին Երևանում մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ։
Նա կոչ է արել վաղը նույնպես շարունակել դասադուլ և գործադուլ իրականացնել։
Խոսելով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղը նախատեսվող հանդիպման մասին՝ Սաղաթելյանը նշել է, որ Ռուբինյանը ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունի։
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ կապված դեպքին։
«Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար»,- ասել է նա։
Մեկնաբանել