
Դատախազությունն ուսումնասիրում է օպերատորին և քաղաքացիներից մեկի գլխին հարվածելու տեսանյութերը
Դատախազությունն ուսումնասիրում է այսօր ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ գնդի պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub-ի օպերատորին հարվածելու տեսանյութը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ուսումնասիրվում է նաև բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկի գլխին հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ տեսանյութը:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները բերման ենթարկելիս են եղել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, երբ Mediahub-ի լրագրողը նկատել է Սարգիս Հովհաննիսյանին ու փորձել զրուցել նրա հետ։ Վերջինս հեռախոսով խոսելիս է եղել, կոպիտ պատասխանել է լրագրողին, ապա ոտքով հարվածել նաև Mediahub-ի օպերատորին, ինչի մասին լրատվամիջոցի լրագրողը հետևորդներին պատմել է հենց ուղիղ եթերում: Երբ լրագրողն ասում է, որ Հովհաննիսյանն իրավունք չունի օպերատորին ոտքով հարվածելու, լրագրողի տեսախցիկին հարվածելու, Հովհաննիսյանը պատասխանում է, որ իրավունք ունի:
«Ասում եմ՝ խոսում եմ, գնացեք այն կողմ»,- պատասխանում է Հովհաննիսյանը:
Քաղաքացիներից մեկը նրան հորդորում է չբղավել: Այս ընթացքում լսվում է մեկի ձայնը, հավանաբար՝ օպերատորի, որն ասում է՝ «ինձ էշերն են քացի տալիս»:
«Ասա թող խելոք պահի, բերանը…»,- ասում է Հովհաննիսյանը, որից հետո ներկաներից մի կին փորձում է պարզել, թե ինչ էր ուզում ասել գնդապետը:
«Բերանը ի՞նչ»,- ասում է քաղաքացին:
«Ուզո՞ւմ ես իմանաս՝ ինչ»,- ագրեսիվ պատասխանում է բարձրաստիճան պաշտոնյան:
Տարածված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հարվածում քաղաքացիներից մեկի գլխին, որին բերման են ենթարկում:
Այս պահի դրությամբ, փաստորեն, երկու դեպքով էլ քրեական գործ հարուցված չէ:
Լուսանկարում՝ Սարգիս Հովհաննիսյանը
Մեկնաբանել