HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին»․ բողոքի ակցիաների 7-րդ օրը

Արդեն մեկ շաբաթ է՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաներ և քայլերթեր են իրականացնում։ Մայիսի 1-ին ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք էր կազմակերպել, որին միացել էին նախորդող օրերին Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից քայլերթերով Երևան եկողները։ «Հետք»-ն առանձնացրել է ընդդիմության բողոքի ակցիաների 7-րդ օրվա կարևոր իրադարձությունները։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում նշել է, որ այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկում է իրական համապետական շաբաթօրյակը․ «Պիտի մեր երկիրը մաքրենք քաղաքական աղբից։ Ֆրանսիայի հրապարակը հիմա ավելի լավ է պաշտպանվում, քան մեր երկրի սահմանները»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ հանրահավաքին մասնակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հոգևորականները ներկա են լինելու հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

Արթուր Վանեցյանն էլ հանրահավաքի ժամանակ հայտնել է, թե ինչու է հենց ապրիլի 17-ին նստացույց սկսել Ազատության հրապարակում։

«Երբ երկրի վարչապետի աթոռը բախտի բերմամբ, թե պատահմամբ զբաղեցրածն անձն ԱԺ-ում ասաց, որ Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցենք, իսկ ամենակարևորը, երբ ասաց՝ ունենալու էինք նույն վիճակը՝ բացառությամբ զոհերի, ես հասկացա, որ մենք այլևս իրավունք չունենք նստել տանը, պետք է դուրս գանք և վերջ տանք այս ամենին։ Մեր պայքարը հանունի մասին է, հանունի համար է։ Պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև մենք հասնենք մեր նպատակին»,- ասել է նա։

Իսկ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խոսել է ընդդիմության առաջիկա անելիքների մասին․

«Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Պայմանավորվում ենք՝ առաջիկա օրերին պետք է ցույց տանք, որ այս մարդը չունի նաև իշխանություն»։

Սաղաթելյանը, դիմելով ուժային կառույցներին, հորդորել է նրանց գործել միայն իրենց լիազորությունների և օրենքի սահմաններում։

«Մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական և գնալու ենք մինչև վերջ։ Կապիտուլյանտին ենթարկել կապիտուլյացիայի»,- ասել է նա։

ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ ընդդիմությունը որոշել է Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրել և այնտեղ էլ գիշերել։

«Այս պահից սկսած այս հարապարակը ժողովրդին է, այս պահից իշխանությունը ժողովուրդն է։ Այս հրապարակում կտեղադրենք վրաններ, որպեսզի գիշերն անցկացնենք։ Առովոտ 8։30-ից սկսում ենք անհնազանդության մասշտաբային բողոքի ակցիաներ։ Վաղը Հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։ Վաղը հատկապես Կենտրոնում որևէ մեքենայի շարժ չպետք է լինի»,- նշել է Սաղաթելյանը՝ կոչ անելով վաղվանից դասադուլ և գործադուլ սկսել։

Ելույթով է հանդես եկել նաև Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր բանակցային խելացի քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ։ Նրանք միտումնավոր կամ անգրագիտությամբ, կապ չունի իմ համար, իմ հայրենիքի ճակատագրի հետ են խաղացել, Հայաստանի և Արցախի։ Պատերազի ժամանակ նրանք ասում են, որ հնարավոր չէր պայքարել։ Իհարկե, ձեր անկազմակերպվածության, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու պայմաններում, երկիրը չհամախմբելու պայմաններում, սև ու սպիտակի բաժանելու պայմաններում անհնարին էր։ Այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի պայմաններում, իհարկե, անհնարին էր։

Իսկ դուք գնացեք, հարցրեք իմ ծառայակից ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ այսօրվա գաղափարակից ընկերներին՝ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվենք, գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում մենք կանգեցնեինք նրանց։ Հնարավոր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատը մատին չենք խփել»,- ասել է պատգամավորը։

Նա դիմել է մտավորականներին, երիտասարդներին, ուսանողներին և համախմբվելու կոչ արել։

«Այսօրվա իշխանությունները մեզ տանում են դեպի նա՝ ասելով, որ մեր հարևաններն ուժեղ են, և այդ ուժին դիմակայելու համար պետք է գնանք և ենթարկվենք դրան, այդպես չէ, թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել, պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»- ասել է Օհանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ, խոսելով Փաշինյանին հեռացնելուց հետո իրենց անելիքների մասին, հայտնել է, որ զինված ուժերը վերականգնելու համար պետք է Գլխավոր շտաբի պետ նշանակել։ 

«Մեր երկրում 3 ամիս ա ԶՈՒ Գլխավոր շտաբը գլխատված ա․․․Մեր կոչով, մեր խնդրանքով մեր այն ընկերներին, որոնք տարբեր պատճառներով հեռացել են ԶՈՒ-ից, պետք է վերադարձնենք ԶՈՒ։ Ես ինքս կողմ եմ, որ ունենանք մարտունակ պահեստազոր, բայց մեր շեշտը պետք է լինի կանոնավոր զորքերի վրա։ Միայն կանոնավոր զորքերի վերախմբավորորմը, արդիականացումը, ուժեղացումը մեզ կարող է կայուն երաշխիք ստեղծել առ այն, որ այս տարածաշրջանում պատերազմ չի լինելու»,- հայտարարել է պատգամավորը։

Իշխան Սաղաթելյանն էլ, ամփոփելով ելույթները, նշել է, որ հանրահավաքին ներկա են նաև Արցախի խորհրդարանի մի քանի խմբակցության պատգամավորներ՝ իրենց խմբակցության ղեկավարներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter