HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ընդդիմության ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունները

Մայիսի 2-ին Երևանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը։

Մասնավորապես՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նախ ագրեսիվ պահված  է դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել է նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։

Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման արդյունքում վատացել է «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը, որին առաջին օգնություն է ցուցաբերվել։ 

Հերացի փողոցում իրավապահները հարվածել են «AntiFake.am» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին և խոչընդոտել նրա աշխատանքը, իսկ նույն կայքի մեկ այլ լրագրող Իշխան Խոսրովյանին քաշքշել են Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հերթական անգամ արձանագրում ենք, որ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացման պայմաններում ավելանում են նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Սա հաճախ նաև իրավապահ մարմինների ծառայողների անբավարար պրոֆեսիոնալիզմի և մարդկանց՝ այդ թվում նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն չդրսևորելու հետևանք է։

Խստորեն դատապարտելով զանգվածային ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների նկատմամբ հարձակումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ կառավարությունից պահանջում ենք.

  • ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին,
  • համապատասխան ցուցումներ տալ և՛ ՊՊԾ-ին, և՛ Ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter