HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ում շարունակվում են անհարգելի բացակայած ընդդիմադիրներին մանդատից զրկելու վերաբերյալ քննարկումները

Անհարգելի բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկումներ են ընթանում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Խմբակցությունում նման քննարկում կա, ասեմ, որ դրանք ծնվել են հանրային պահանջից: Բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել: Խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկումները շարունակվում են, բայց որոշում դեռ չկա: Քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավոր Ծովինար Վարդանյան էլ իր խոսքում նշեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը չի նախագահում հանձնաժողովի նիստերին, ապա հավելեց՝ մինչ այդ էլ Հակոբյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքին չտիրապետելու դեպքերի են ականատես եղել: Նրա խոսքով՝ հանձնաժողովում քննարկել են նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը, սակայն քննակումները հանձնաժողովից դուրս չեն եկել, և այդ հարցը խմբակցությունում դեռ չի քննարկվել: Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները նախագահում են 3 մշտական հանձնաժողովներում, ընդդիմությանն է նաև ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնը:

Նշենք, որ նստաշրջանի ավարտից հետո ԱԺ նախագահը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կարղ է անհարգելի բացակայած պատգամավորների հարցով ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, և հարցը նիստում հավանության արժանանալու դեպքում դիմել Սահմանադրական դատարան:

Հարցին, թե որքանո՞վ են իրական մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց իշխանությունը գլխավոր դատախազի նոր թեկնածու է փնտրում, և հավանական է, որ առաջադրի կամ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին, կամ էլ՝ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հստակ չպատասխանեց: Նրա խոսքով՝ վերջնական որոշում լինելու դեպքում հանրությունը կտեղեկանա:

Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերին, նա գլխավոր դատախազ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերին: Հավելենք, որ Սահմանադրությունը չի արգելում նույն անձին կրկին առաջադրելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter