HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Տեսալողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագծով ՀՌՀ-ն կարող է վերածվել գրաքննող մարմնի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Տեսալսողական մեդիայի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ նախագծով առաջարկվող կարգավորումներով աշխատել հնարավոր չէ, «դա ընդամենը գործիք է, որպեսզի խփես նրանց, ովքեր քեզ խանգարում են»:

Ազգային ժողովն այս օրենքն ընդունել էր 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն, ինչպես նախագծի հակիրճ նկարագրության մեջ է նշված, «կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց»: Նախագծի վրա, ըստ e-draft-ում հրապարակված տեղեկության, աշխատել է աշխատանքային խումբը, որում ընդգրկվել են ԲՏԱ եւ արդարադատության նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի, «Հայաստանի օպերատորների միություն» եւ «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների, «Հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Սակայն «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ի (միավորում է 19 վերգետնյա հեռարձակող) նախագահ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության արդեն նախկին տնօրեն (թողել է պաշտոնն այս տարվա մարտին) Դավիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս նախագծի մշակմանը մասնակցելու հրավերը բանավոր կերպով մերժել են։ Իսկ ասոցիացիան այժմ չի գործում։ Ասոցիացիայում «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացնող իրավաբան Սիմոն Ֆարմանյանը նշեց, որ ընդամենը մեկ անգամ է ներկա եղել խմբի աշխատանքներին՝ այս տարվա գարնանը, եւ քանի որ ասոցիացիայի գործունեությունը կասեցվել է, այլեւս չի մասնակցել։ Իսկ իրենց գրավոր առաջարկները նախագծում տեղ չեն գտել։

Նախագծով հեղինակները փորձել են 3 հիմնական խնդիր լուծել. առաջին՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի եւ հարակից օրենսդրության տեխնիկական հստակեցում կատարել, որը, Բորիս Նավասարդյանի կարծիքով, լեգիտիմ խնդիր է: Երկրորդն, ըստ նրա, արդեն ակնարկ է, որ աստիճանաբար տեսալսողական մեդիա հասկացությունը ներառելու է նաեւ այլ հարթակներ, ոչ միայն վերգետնյա հեռարձակումը (ինտերնետային, կաբելային-հեղ.): «Այստեղ տեսնում ենք, որ արդեն այդ ուղղությամբ գնում են: Դա նույնպես լեգիտիմ խնդիր է, վաղ թե ուշ պետք է լիներ: Դա չի նշանակում, որ նույն կարգավորումները պետք է լինեն, բայց որ այդ օրենսդրությունը պիտի տարածվի նաեւ այլ հարթակների վրա, բնական երեւույթ է»,- ասում է մամուլի ակումբի նախագահը:

Երրորդ խնդիրը մեդիայի խմբագրական գործունեությանն է առնչվում։ Նախագծում ամբողջությամբ նոր խմբագրությամբ շարադրվել է օրենքի 7-րդ հոդվածը` «Տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումը», որը սահմանում է տեսալսողական հաղորդումներում հավաստի, ստուգված, անաչառ տեղեկատվության ապահովման գործընթացում հեռարձակողներին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝

Հեռարձակողներն ապահովում են.

1) փաստերի և կարծիքների միջև հստակ տարբերությունը,

2) հավաստի՝ ստուգված, անկողմնակալ և բարեխիղճ, փաստի կամ իրադարձության մասին տեղեկացումը,

3) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում, սեղմ ժամկետում միևնույն հաղորդման կամ այլ թողարկման ժամանակ այդ մասին իրազեկումը,

4) իրազեկումը՝ գաղտնի կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների կողմից տրամադրված տեղեկության վերաբերյալ։

Կամ՝

Տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) հանրային հնչեղություն ունեցող քննարկումների ժամանակ պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, կշռադատվածությունը և հակառակ տեսակետների ներկայացումը.

2) հիմնական հակառակ տեսակետները, որպես կանոն, պետք է ներկայացվեն միևնույն հաղորդման շրջանակում, բացառության կարգով՝ նաև հետագա հաղորդումներում:

3) Եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են մասնակցել կամ հայտնել իրենց տեսակետը, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ:

Կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում Հեռարձակողին անկողմնակալության ապահովման պարտականությունից...

«Սա հերթական փորձն է, որպեսզի կարգավորող մարմինը` ՀՌՀ-ն իր վրա վերցնի գործառույթներ, որոնք չեն բխում իր էությունից: Այսինքն՝ փորձում է այնպիսի սահմանումներ եւ կարգավորումներ մտցնել, որոնք խառնվում են խմբագրական քաղաքականության, էթիկական նորմերի հետ։ Համարյա նույնությամբ այս օրինագիծ են տեղափոխվել այն դրույթները, որոնք եղել են 2020 թվականին նույն օրենքի այն տարբերակում, որը նույնիսկ առաջին ընթերցում է անցել: Դրանից հետո, ոչ առանց մեր միջամտության, այդ դրույթները հանվել են, հիմա վերադարձվում են, որն այս նախագծի առնչությամբ հիմնական մտահոգությունն է եւ, բնականաբար, մեր կողմից լինելու է շատ կոշտ դիմադրություն»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Նա տարակուսում է, թե ինչու պետք է տեղեկությունը ստուգելու պրիմիտիվ սկզբունքը սահմանվի այս օրենքով. «Ինչպե՞ս եք դուք ստուգելու` տեղեկությունը ստուգված է, թե ոչ, կամ` կարծիքը տարանջատել փաստից, դա օրենքով կարգավորման հա՞րց է, դա պարզ էթիկական սկզբունք է: Օրենքում կա դրույթ, որ բոլորը պետք է ինքնակարգավորման մեխանիզմներ կիրառեն, այսինքն՝ դրանով պիտի այդ հարցերը լուծվեն: Եթե մինչեւ հիմա չեն լուծվել կամ լավ չեն լուծվել, դա չի նշանակում, որ պիտի հրաժարվես եւ կացինը վերցնես տաս ՀՌՀ-ին, որ նա գնա բոլորի հետեւից, մանավանդ, որ չի կարող»:

Այս տարվա ապրիլի 19-ին Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն համագործակցության հուշագիր ստորագրեցին մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։ Ստորագրմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ 10 հասարակական կազմակերպություն ներկայացնող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստեցին, որ նախ կմշակվի ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ, որից կբխեն հետագա օրենսդրական բարեփոխումները։ Սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը լրագրողական կազմակերպությունների հետ չի քննարկվել։

«Ենթադրում եմ, որ այս գործընթացը վաղուց է սկսվել, ավելի շուտ, քան հուշագրի մասին գաղափարն առաջացավ, բնականաբար չէին կանգնեցնելու: Ես տեղյակ էի, որ այս գործընթացը գնում էր, պարզապես չէի ենթադրում, որ դա այսպիսի արդյունք կտա»,- ասում է Բորիս Նավասարդյանը, որի ղեկավարած ԵՄԱ-ն նույնպես հուշագիրը ստորագրողների թվում է: Նա ակնկալում էր, որ գոնե մինչեւ e-draft-ում հրապարակումը իրենց հետ կխոսեին այդ թեմայով:

Լրագրողական կազմակերպությունները պատրաստվում են հայտարարություն անել օրենքի նախագծի վերաբերյալ, հուշագրի թեմայով կլինեն հանդիպումներ եւ, Նավասարդյանի խոսքով, եթե պահպանվի իշխանությունների` կառուցողական գործելու տրամադրվածությունը, կարող են լուծումներ գտնվել:

Նախագծի մշակման աշխատանքներին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից մասնակցել է Իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը։ Նա նախագիծը համարում է հապճեպ մշակված։ Գարնանը մեկնարկած աշխատանքները շատ կարճ են տեւել՝ ընդամենը երկու հանդիպում է կայացել, եւ չեն էլ հասցրել օրենքն ամբողջությամբ քննարկել։ ՀՌՀ-ն հատուկ գրություն է ուղարկել ԲՏԱ նախարարություն, որ իրենք հայեցակարգային մոտեցում ունեն եւ նորմալ չեն գնահատում այս տարբերակով այդ գործընթացին ընթացք տալը։

«Ամբողջ խնդիրը քննարկումների եւ ժամանակի սղության մեջ է։ Մենք համարում ենք, որ պետք է հայեցակարգ մշակվի՝ էս օրենքի փոփոխությունն ի՞նչ նպատակի պետք է ծառայի, եւ ինչի՞ համար ենք այն նախաձեռնում, այս կոնցեպտն ինչո՞վ չի բավարարում։ Սա ամբողջական օրենքի փոփոխություն է, իսկ դա պետք է լինի հայեցակարգային։ Հայեցակարգի հիման վրա որոշվի, թե օրենքի որ հոդվածներն են փոխվելու եւ ունենանք բավարար ժամանակ օրենքն ամբողջական քննարկելու։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե եղել է դա։ Սա շատ խորը փոփոխություն է եւ առանց հայեցակարգի, առանց որոշելու, թե ուր ենք գնում, ինչ նպատակով, առանց նորմալ քննարկման, տեղին չէ»,- ասում է Դավիթ Մարգարյանը։

Նախագծում ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրված նաեւ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է կարևոր իրադարձությունների մասին տեղեկատվության հեռարձակմանը ներկայացվող պահանջները: Իսկ կարեւոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը, այսինքն՝ ՀՌՀ-ն։ Փաստացի՝ կարգավորողին նոր լիազորություններ են տրվել՝ այն պետք է վերահսկի հեռարձակողների կողմից փաստերի ստուգումը, անաչառության, բազմակողմանիության, ապահովումը, սահմանի կարեւոր իրադարձությունների շրջանակը եւ այլն։

«Դա աբսուրդ է։ Բացի նրանից, որ դա կարգավորող մարմինը վերածում է գրաքննող մարմնի, դա ինչ-որ առումով հակասում է Սահմանադրությանը, որտեղ գրված է, որ կարգավորող մարմինը խոսքի եւ մամուլի ազատության համար է: Թեեւ մենք այն ժամանակ էլ` 2001-ին կռիվ էինք տալիս, որ նման ձեւակերպում չլիներ, որովհետեւ կարգավորող մարմինը նաեւ պատժամիջոցներ կիրառող է, օրենքի դրույթների խախտումների համար պատասխանատվությունն է ապահովում, ի՞նչ գործ ունի խոսքի ազատության հետ: Դա դեմագոգիա էր, բայց Սահմանադրությունում մնացել է: Ինչպե՞ս է հիմա այդ մարմինը դառնում այդպիսի կոշտ միջամտության գործիք լրատվամիջոցի գործունեության մեջ»,- հարցնում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը եւ հավելում, որ ՀՌՀ-ն չի կարող դա անել` ոչ իր լիազորությունները, ոչ կոմպետենտությունը, ոչ մասնագիտական հնարավորությունները թույլ չեն տալիս այդպիսի միջամտություն իրականացնել։

Ներողություն խնդրելով անձնավորման համար՝ նա ասում է, որ ՀՌՀ անդամների թեկնածուների (որոնց մեջ հարգված մարդիկ կան-Բ.Ն.)՝ խորհրդարանում ունեցած ելույթներից ակնհայտ է, որ մեդիա ոլորտն իրենց համար խորթ է, իրենք դրան վերաբերվում են ոչ թե որպես ոլորտի մասնագետ, այլ ուրիշ բանով զբաղվող մարդ, որը նաեւ կարծիք ունի մեդիաոլորտի վերաբերյալ: «Ու այդ մարդկանցից մենք ակնկալում ենք, որ իրենք անհրաժեշտ սահմանումնե՞րը տան: Չի կարող նման բան լինել»,- ասում է Նավասարդյանը:    

Կարգավորող մարմնին այս լիազորությունների վերապահման մեջ նա մեծ ռիսկ է տեսնում, որ ում ուզենան՝ պատժեն, ում չուզենան` ոչ. «Այսինքն` թիրախային կգնանք սրա հետեւից, կգտնենք օրենքի խախտման հիմքեր եւ կպատժենք: Բայց ամբողջությամբ դաշտն այդ սկզբունքներով կարգավորելն անհնարին բան է պետական կառույցի համար»:

Վերջերս ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, թե. «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՛ իրենց ընտրած ճանապարհն է»: Պրն Նավասարդյանին հարցրինք՝ արդյոք նախագծի՝ խմբագրական գործունեությանը միջամտող դրույթներով հիմքեր են ստեղծվում հեռարձակողներին լիցենզիայից զրկելու համար։

«Արդեն առնվազն երկու տարուց ավելի ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է քաղաքականություն, որպեսզի դաշտը, սկսած հեռարձակողներից, հետո կանցնեն մյուսներին, փոխվի, այսինքն՝ ազդեցության, վերահսկողության խողովակների վերաբաշխում տեղի ունենա: Որովհետեւ միշտ ասում են, որ ընդդիմադիր մամուլն ավելի շատ է, քան անկախը: Եվ մենք այդ գործընթացը տեսնում ենք: Տարբեր ուղղությամբ է դա գնում: Որոշ ուղղություններ միգուցե կարելի է դրական համարել` որոշակի փուլում: Օրինակ` վերջերս հրապարակված աուդիտը սեյլսհաուսների եւ չափող ընկերությունների գործունեության վերաբերյալ: Այդ կարգի աուդիտ ընդհանրապես ամեն տարի պիտի լիներ: Հիմա հարցն այն է` այդ աուդիտն արվել է, որպեսզի շուկան առողջացվի՞, թե որպեսզի ֆինանսական հոսքերի համապատասխան վերաբաշխումներ լինեն գովազդատուներից: Ես, բնականաբար, տեսնում եմ սպառնալիք, որ երկրորդն է: Այսինքն`քայլը ճիշտ է արվել, բայց հետեւանքները չգիտենք, թե ինչպիսին կլինեն»,- պատասխանում է նա:

Նա հիշեցնում է ժամանակին Հանրային հեռուստատեսությանը գովազդ տարածելու հնարավորություն տալը: Նույն քաղաքականության մեջ է տեղավորում եւ մյուս օրենքները, որոնք քննադատության են արժանացել` զրպարտության եւ վիրավորանքի փոխհատուցման շեմի բարձրացումը 3 անգամ, ծանր վիրավորանքի քրեականացումը, որը կարծես թե վերանալու է, լրագրողներին հավատարմագրումից զրկելու հնարավորությունը:

Նավասարդյանը կասկած չունի, որ կա քաղաքական որոշում` փոխել վիճակը մեդիա ոլորտում. «Քանի որ պայմանականորեն նախկին իշխանությունները հսկայական ռեսուրսներ ունեին մեդիաոլորտում եւ շարունակում են դրանք պահպանել, ինչ-որ ձեւով պետք է դեմներն առնել: Տարբեր խմբերի եւ անձանց հնարավորություն է տրվել հանդես գալ նախաձեռնություններով, եւ նրանք իրենց պատկերացումների համաձայն այդ նախաձեռնություններն արել են, ինչպես, օրինակ, չնույնականացվող աղբյուրների թեման, որով մի խումբն է զբաղվել, մյուս խումբը զբաղվել է ծանր վիրավորանքի քրեականացմամբ, մյուսը` վիրավորանքի փոխհատուցման շեմի բարձրացմամբ, մի խումբն էլ սրանով է զբաղվել: Թե այս խմբերի զբաղմունքի վերջնական տեսքն ինչ է լինելու, դա, կարծում եմ, քաղաքական որոշում չէ կամ հուսով եմ, որ դեռ որոշում չէ: Որովհետեւ, օրինակ, չնույնականացվող աղբյուրների թեմայի պարագայում հաջողվեց կանխել անընդունելի մոտեցումը: Հավատարմագրման դեպքում չի ստացվել, թեեւ դեռ վաղ է ձեռք քաշել, դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել: Թե այս նախագծի դեպքում որքան կոշտ պայքար կգնա, կտեսնենք»:

ՀՌՀ լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը դեմ չէ կարգավորող մարմնին նման լիազորություններ վերապահելուն, սակայն ասում է,որ նախ սահմանումներ, չափորոշիչներ պետք է լինեն, որ կարողանան վերահսկել։ Կարեւոր իրադարձությունների շրջանակը սահմանելու առաջարկն էլ ՀՌՀ-ն է արել՝ ելնելով եվրոպական դիրեկտիվներից։ Որպես օրինակ նշում է օլիմպիական խաղերի, սպորտային իրադարձությունների ցուցադրումը։

Քանի որ իշխանությունները մեդիայի վերաբերյալ ամբողջական տեսլական չունեն, այդ պատճառով լրագրողական կազմակերպություններն ուզում են, որ լինի հրապարակայնորեն ներկայացված քաղաքականություն` հայտարարվեն մոտեցումները, սկզբունքները եւ չլինի շեղում այս կամ այն կողմ, «ինչ-որ մեկի ֆանտազիան իրականացնելու ձեւով»:

«Մենք տեսնում ենք, որ մեր այսօրվա կյանքում ներքին քաղաքական շահերը գերիշխող են, ցանկացած այլ հարց` լինի Արցախի, երկրի զարգացման, երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման, թե մեդիայի ոլորտի, բոլորն ածանցյալ են, ցավոք: Գուցե մի քիչ խիստ է, բայց այդպես է, եւ՝ բոլոր քաղաքական խաղացողների համար, ոչ միայն իշխանության»,- եզրափակում է Բորիս Նավասարդյանը:

Այդուհանդերձ, նա նախագիծը հեղինակների հետ քննարկման կողմնակից է, կարծում է՝ անգամ խմբագրական քաղաքականության միջամտության վերաբերյալ դրույթներում կարելի է գտնել ռացիոնալ հատիկներ, եթե նրանց փաստարկները համոզիչ լինեն: Ասում է. «2020-ին նրանք չկարողացան համոզել եւ ամբողջությամբ կամավոր հանեցին: Հիմա որոշ բաներ գուցե հնարավոր լինի թողնել, որոնք անմիջական միջամտություն չեն, այլ ուղղակի ստանդարտներ են մշակում, որոնք կարելի է նաեւ օրենքի ուժով ապահովել»:

Մեկնաբանություն խնդրելու նպատակով մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ, որն ԱԺ անունից ստորագրել է ԶԼՄ դաշտի զարգացման հուշագիրը։ Սակայն ո’չ երեկ երեկոյան, ո’չ այսօր առավոտյան նա մեր զանգերին չպատասխանեց։

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter